Просмотр содержимого документа
«Հետաքրքրաշարժ և տրամաբանական մտածողությունը մաթեմատիկայի դասաժամերին»
Հետաքրքրաշարժ և տրամաբանական մտածողությունը մաթեմատիկայի դասաժամերին
Ժամանակակից կրթական հայեցակարգերում ավելի է կարևորվում սովորողների բարձրակարգ մտածողության զարգացման խնդիրը: Աշխարհում տեղի ունեցող արագընթաց զարգացումները իրենց անմիջական ներգործությունն են ունենում կրթական համակարգերի վրա՝ առաջադրելով տեղեկատվական հասարակության նոր պայմաններ և ապրող մարդու ձևավորման նոր պահանջ: Եվ դա էլ իր հերթին առաջ է բերում կրթության մեջ հետաքրքրաշարժ մաթեմատիկայի զարգացմանը:
Հանրահայտ է, որ հանրակրթության առանցքային նպատակներից մեկը աշակերտին մտածել սովորեցնելն է: Առանձնացվում են այդ նպատակին հասնելու երկու հիմնական ուղիներ. մտածողության մասին գիտության՝ տրամաբանության տարրերի իմացությունը և մաթեմատիկայի ուսումնասիրությունը, ինչը բոլոր ժամանակներում դիտվել է որպես սովորողների տրամաբանական մտածողության զարգացման լավագույն միջոց: Սակայն այստեղ առաջանում են հետևյալ հարցադրումները. արդյո՞ք պետք է տրամաբանության հիմունքները ներառվեն հանրակրթական ծրագրերում, թե՞ միայն մաթեմատիկայի ուսուցումը բավարար է մտածողության ձևավորման խնդրի լուծման համար: Իսկ միգուցե պետք է համադրե՞լ այս մոտեցումները և տրամաբանության տարրերը ներառել մաթեմատիկայի դասընթացու՞մ: Տարբեր ժամանակներում տարբեր շեշտադրումներ են կատարվել ու տարբեր մոտեցումներ են ցուցաբերվել այդ հարցերի լուծման նկատմամբ:
Առաջին հերթին պետք է նշել Ա.Ա.Ստոլյարին, ով գտնում էր, որ մտածողության ցածր կուլտուրայի և տրամաբանական թերկրթվածության իրավիճակը շատ նմանություն ունի լեզվական գրագիտության վիճակի հետ. ինչպես որ ճիշտ գրելու և խոսելու համար անհրաժեշտ է գիտենալ և պահպանել լեզվի քերականական կանոնները, այնպես էլ ճիշտ մտածելու համար անհրաժեշտ է իմանալ և պահպանել տրամաբանության կանոնները (իզուր չեն ասում, որ տրամաբանությունը մտածողության քերականությունն է):
20-րդ դարի վերջին տասնամյակում, ինչպես ՀՀ-ում, այնպես էլ արտերկրում, նոր մոտեցումներ ձևավորվեցին սովորողների տրամաբանական մտածողության զարգացման խնդրի վերաբերյալ:
Խնդիրը և նրա լուծումը մարդու նպատակների իրականացման կարևոր փուլերից են: Յուրաքանչյուր մարդ, իր կենսագործունեության ընթացքում առնչվելով կենցաղային, մասնագիտական, ինտելեկտուալ ամենատարբեր խնդիրների, պետք է լուծի դրանք, ըմբռնի դրանց էությունը, պատկերացնի առկա միջոցները և մտքի լարման միջոցով հանգի որոշակի պատասխանի: Նման գործընթացը մաթեմատիկական գործունեության բնորոշ առանձնահատկություններից մեկն է: Ավելին, մաթեմատիկան սովորեցնում է լուծել խնդիրը: Մաթեմատիկական խնդիրը աչքի է ընկնում իր հստակությամբ, իսկ նրա լուծումը՝ հուսալիությամբ: Մաթեմատիկան կոչված է նաև մոդելավորել կյանքում և գիտության այլ բնագավառներում առաջացած զանազան խնդիրներ, այսինքն՝ մաթեմատիկայի լեզվով գրել կիրառական խնդիրը և, բնականաբար, նրա լուծումը ստանալ մաթեմատիկական մեթոդներով: Սա էլ մաթեմատիկայի օգնությունն է այլ բնագավառներում ծագած խնդիրները լուծելիս: Մ.Ս.Յակիրը, որպես մաթեմատիկական խնդրի գեղեցկության բնութագրման հայտանիշներ, առաջարկում է անկանխատեսելիությունը, անսպասելիությունը, պարզությունը, հեղափոխական քայլի առկայությունը, լավատեսությունը, աշխատանքը:
Առարկայական չափորոշչում տարրական դպրոցն ավարտողի համար տրամաբանությանը վերաբերող գիտելիքներին ու կարողություններին ներկայացվող պահանջներից առանձնացնենք հետևյալը.
Մաթեմատիկա առարկան հնարավորություն է տալիս ձևավորել և զարգացնել տրամաբանական, լեզվական և ալգորիթմական մտածողություն, կռահելու կարողություն, սովորեցնել ձեռք բերած գիտելիքները և կարողությունները կիրառել տարբեր գործնական խնդիրներ լուծելիս, ձևավորել և զարգացնել սովորողի ուշադրությունը, համբերությունը, հնարամտությունը, դիտողականությունը, նպատակասլացությունը, ինքնուրույնությունը, սերմանել վստահություն սեփական ուժերի նկատմամբ: