ԹԱՆԳԱՐԱՆ ԲԱՑ ԵՐԿՆՔԻ ՏԱԿ
Սևանա լիճը քաղցրահամ , բարձրադիր , նավարկելի լիճ է : Հայկական լեռնաշխարհի բնության զարդերից է :
Լիճը տարբեր ժամանակներում կոչվել է տարբեր անուններով : Հայերի անվանադիր Հայկ Նահապետի ծոռնորդի Գեղամ Նահապետի անունով կոչվել է Գեղամա կամ Գեղարքունյաց ծով , VII–IX դարերում՝ Դաշնավոր՝ ներդաշնակ , մեղմ , հանդարտ ծփանքների համար : Գտնվում է ծովի մակերևույթից մոտ 1900 մ բարձրության վրա :
Սևանին արտակարգ հմայք են տալիս շրջակա լեռները , որոնք կարծես մեծ շուրջպար են բռնել լճի շուրջը . արևմուտքում՝ Գեղամա , հարավ - արևմուտքում Վարդենիսի լեռնաշղթաներն են , հյուսիս - արևելքում ձգվում են Արեգունու , Սևանի և Արևելյան Սևանի լեռնաշղթաները :
Սևանը կազմված է Մեծ Սևանից ու Փոքր Սևանից , որոնք իրարից բաժանվում են Արտանիշի և Նորատուսի հրվանդաններով ու նրանց միացնող ստորջրյա թմբով : Նախքան լճի մակարդակի արհեստական իջեցումը նրա երկարությունը 75 կմ էր , միջին լայնությունը՝ 19 կմ ( առավելագույնը՝ 32 կմ ), միջին խորությունը՝ 41,3 մ , իսկ ամենախոր մասի՝ Փոքր Սևանի խորությունը՝ գրեթե 98,7 մ : Այդ պայմաններում լճի ընդհանուր ծավալը կազմում էր 58,5 մլրդ մ 3 , ջրի մակարդակի արհեստական իջեցումից հետո ` շուրջ 32,9 մլրդ մ 3 :
Սևանա լիճ են թափվում 28 գետ ու գետակ՝ Ձկնագետը , Գավառագետը , Արգիճին , Վարդենիսը , Կարճաղբյուրը , Մասրիկը և այլն : Սևանը սնվում է նաև ստորգետնյա աղբյուրներով ու մթնոլորտային տեղումներով : Լճից սկիզբ է առնում միայն Հրազդան գետը , որի ջրերով ոռոգում են Արարատյան դաշտի այգիներն ու բանջարանոցները :
Լճի վերին ջրաշերտի կենդանական աշխարհը հարուստ չէ (29 տեսակ ): Կան սաղմոնազգի և ծածանազգի բնաշխարհիկ ձկնատեսակներ :
Անհիշելի ժամանակներից լիճը հայտնի է իր հռչակավոր իշխանով , կան նաև կողակ , բեղլու և սիգ : Հատակային ջրաշերտի կենդանական աշխարհը հարուստ է ( մոտ 130 տեսակ ):
Սևանը հաճելի ու գրավիչ հանգստավայր է : Ամռան տապին լճի ափին զով է , օդը՝ մաքուր ու թափանցիկ , ջրերը՝ խաղաղ ու հանդարտ : Լրիվ ամպամած օրերը շատ քիչ են : Այստեղ կառուցվել են բազմաթիվ առողջարաններ , հանգստյան տներ : Սևանի ափին հաճելի է նաև ձմռանը :
Սակավաջուր մեր երկրի կյանքում մեծ է Սևանի նշանակությունը : 1930–60- ական թվականներին Հրազդան գետի վրա կառուցվել է Սևան – Հրազդան կասկադը՝ իր 6 ջրէկներով , և ջրի պաշարներն ու էներգետիկ ներուժն օգտագործելու հետևանքով լճի մակարդակն իջել էր :
Լճից ջրի բացթողման ընթացքում պարզվեց , որ նրա էկոլոգիական վիճակը վատթարանում է ավելի արագ , քան ենթադրվում էր : Լիճն արագ զրկվեց իր դարավոր պաշարների 40 %- ից , առավելագույն խորությունը հասավ մինչև 80 մ - ի , ջրի մակարդակն իջավ 13,5 մ - ով , որի հետևանքով միայն 1949–64 թթ - ին Փոքր Սևանի լճահատակը նվազեց 36,5 կմ 2 - ով , Մեծ Սևանինը՝ 116 կմ 2 - ով , նվազեց թթվածնի պարունակությունը ջրում , սկսեց հաճախ սառցակալել (1947 թ - ից՝ 17 անգամ ): Մինչև 2001 թ . լճի մակարդակն իջավ 19,25 մ - ով : Ֆիզիկաքիմիական և կենսաբանական փոփոխությունների հետևանքով լիճն սկսեց ծերանալ ու ճահճանալ , « ծաղկել » կապտականաչ ջրիմուռներով :
Այս փոփոխությունները բացասաբար անդրադարձան լճի կենդանական աշխարհի վրա:
Փոքր Սևանում գտնվող կղզին , որտեղ դեռևս IX դարում կառուցվել էր Սևանի վանքը , և որն ափից հեռու էր շուրջ 2 կմ - ով , աստիճանաբար վերածվեց թերակղզու : Այդ շարժընթացն ավարտվեց 1952 թ - ին : Ի դեպ , ջրերից ազատված տարածքում ` Լճաշեն գյուղի մոտ , հնագիտական պեղումների շնորհիվ հայտնաբերվեցին մեր թվականությունից հազարամյակներ առաջ ապրած մարդկանց բնակավայրեր , հնագիտական բազմատեսակ պեղածոներ , երկանիվ և քառանիվ սայլեր :
Այդ աղետը կանխելու համար որոշվեց էլեկտրաէներգիա ստանալու նպատակով լճից այլևս ջուր բաց չթողնել . ջուր էր բաց թողնվում միայն ոռոգման նպատակով :
Սևանա լճի պահպանության և պաշարների արդյունավետ օգտագործման համար բացառիկ նշանակություն ունեցավ Որոտան – Արփա – Սևան ջրատեխնիկական համալիրի կառուցումը : Լճի մակարդակը բնականին մոտ պահելու համար ջրատարը լիճ է տեղափոխում Որոտան , Արփա , Եղեգիս գետերի հոսքի մի մասը ( տարեկան 415 մլն մ 3 ): Այն բաղկացած է Արփա – Սևան ( կառուցվել է 1981 թ - ին , տեղափոխում է 250 մլն մ 3 ջուր ) և Որոտան – Արփա ( կառուցվել է 2004 թ - ին , տեղափոխում է տարեկան 165 մլն մ 3 ջուր ) թունելային ջրատար համակարգերից :
Որոտան – Արփա – Սևան ջրատարի շահագործումն ապահովել է ոչ միայն Սևանա լճի մակարդակի կայունացումը , այլև նրա աստիճանական բարձրացումը : Նախատեսված է առաջիկա 10–15 տարիների ընթացքում լճի մակարդակը բարձրացնել մինչև 6 մ - ով :
Սևանա լճի բնական էկոհամակարգի պահպանության նպատակով 1978 թ - ին ստեղծվել է « Սևան » ազգային պարկը : Սևանա լճի առողջացման և ամբողջ էկոհամակարգի պահպանման ու բարելավման գործը կառավարվում է պետական մակարդակով : 2001 թ - ի մայիսի 15- ին ընդունվել է « Սևանա լճի մասին » ՀՀ օրենքը : Սևանի պահպանությունը և լիճը բարվոք վիճակում գալիք սերունդներին փոխանցելը համազգային խնդիր է :
Բնության հազվագյուտ պարգև Սևանա լիճը ոգեշնչման աղբյուր է եղել արվեստագետների համար : Սևանը պատկերել են նկարիչներ Գ . Բաշինջաղյանը , Ս . Առաքելյանը , Փ . Թերլեմեզյանը և ուրիշներ : Նրա մասին բանաստեղծություններ են գրել հայ և այլազգի շատ բանաստեղծներ :
Գեղամա լեռներ
- Գեղամա լեռներ, գտնվում է Սևանի և Արարատյան գոգավորությունների միջև: Ձվաձև տարածվում է միջօրեականի ուղղությամբ, երկարությունը 70 կմ է, լայնությունը՝ 48 կմ, առավելագույն բարձրությունը՝ 3597 մ (Աժդահակ): Հիմքում կավճի ու պալեոգենի տարասեռ, մակերևույթում պլիոցենի ու անթրոպոգենի հրաբխային ապարներ են: Ունի անհամաչափ կառուցվածք: Արլ. լանջերը, մեղմաթեք իջնելով, աստիճանաբար ձուլվումեն մերձսևանյան լավային սարավանդներին: Արմ. զառիկող լանջերն իջնում են Հրազդանի հովիտը՝ առաջացնելով նախալեռն. գոտի՝ Հատիս, Գութանասար, Մենակասար և այլ հրաբուխներով: Ջրբաժան գոտին 2800-3000 մ բարձր. ալիքավոր սարավանդ է՝ հրաբխ. կոներով (Աժդահակ, Սևկատար) և ժայթքման մնացորդային գմբեթներով (Սպիտակասար, Գեղասար, Գնդասար): Հվ-արմ-ում անջատվում է Ողջաբերդի սեղանաձև լեռնաճյուղը: Հվ. բարձրադիր մասը մասնատված է գետահովիտներով ու կիրճերով: Պահպանվել են անթրոպոգենի թարմ հրաբխ. ձևերը: Լավային հոսքերը 15-20 կմ լեզվակներով տարածվում են Ազատի, Հրազդանի, Արգիճիի գետահովիտներում՝ առաջացնելով բազմանկյուն, սյունաձև առանձնացումներ: Լանջերին կան աղբյուրների ելքեր (Քառասունակն, Ակունք, Լիճք): Գութանասարի, Սպիտակասարի Գեղասարի, Հատիսի շրջակայքում կան վանակատի և պեռլիտի պաշարներ: Որոշ հրաբխ. կոների խառնարաններ վերածվել են լճակների: Անթրոպոգենի սառացապատումների հետքերը կառերի, տրոգների և մորենների ձևերով պահպանվել են գետահովիտների վերին մասերում: Կլիման բարեխառն և ցուրտ լեռնային է, ամռանը՝ կարճատև, զով, ձմեռը՝ ցուրտ (240-250 օր), տարեկան միջին ջերմաստիճանը նախալեռներում՝ 6-4 0 C, սարավանդներում՝ 2-0 0 C , գագաթին՝ -2 0 C, տարեկան տեղումները՝ 500-900 մմ, ձնածածկույթի հզորությունը՝ 30-100 սմ: Լանջերից սկիզբ են առնում Ազատ, Վեդի, Արգիճի, Գավառագետ, Բախտակ և այլ գետեր: Նշանավոր է Ակնա լիճը: Գ. լ-ի հվ-արմ. լանջերը ներառված են Խոսրովի անտառ արգելեցի մեջ: Հողաբուս. ծածակույթը ենթակա է վերընթաց գոտիականության: Մինչև 2800 մ լեռնատափաստաններ են , ավելի բարձր՝ մերձալպայն և ճահճացած մարգագետիններ: Արմ. լանջերին կան արլ. կաղնու և գիհու նոսրանտառներ: Կենդանիներից հանդիպում են ճագարամուկ, նապսատակ, գայլ, աղվես, արջ, սողուններից՝ մողեսներ, օձեր: Շատ են թռչունները: Անվանումը կապվում է Հայկ Նահապետի ծոռ Ամասիայի որդի Գեղամի անվան հետ:
- Չքնաղ տեսարան է բացվում Սևանա լճի հյուսիս –արևմտյան մասում, ուր հայելանման մակերեւույթից վեր է հառնում թերակղզին ` իր միջնադարյան վանքային համալիրով : Սեւանավանքը կառուցվել է 874 թ . Աշոտ Բագրատունու դուստր ` Մարիամ իշխանուհու պատվերով : Երկնքի կապույտի ու լճի զմրուխտ ֆոնի վրա գծագրվող Սբ . Առաքելոց եւ Սբ . Աստվածածին եկեղեցիներն անբացատրելի տպավորություն են թողնում դիտողների վրա :
ՍԵՎԱՆԸ ԳԻՇԵՐՈՎ
ՍԵՎԱՆԸ ՁՄՌԱՆԸ