Մակբայների ոճական կիրառությունը
Մակբայների, ինչպես նաև մյուս խոսքի մասերի ոճական կիրառություններ ասելով՝ նկատի ունենք նրանց քերականական կարգերի ու հատկանիշների, ձևաբանական զուգաձևությունների ու տարբերակների ոճական նրբերանգները, նրանց պատկերավորման, արտահայտչական հնարավորությունները: Վերջիններիս ոճական արժեքը խոսքի մեջ, առավել ևս գեղարվեստական երկերում ակնհայտ է:
Ոճական որոշակի երանգավորում ունի ամենից առաջ քերականական առանձին ձևերի բազմիմաստությունը: Քերականական մի շարք ձևեր հայերենում կարող են գործածվել ոչ միայն ուղակի, այլև փոխաբերական իմաստներով: Ոճաբանական գործառույթ կարող են ունենալ հատկապես ձևաբանական այն կարգերը, որոնք ավելի շատ կարող են դրսևորել փոխաբերական իմաստներ, ինչպես գեղարվեստական, այնպես էլ առօրյա - խոսակցական ոճերում: Հայերենի խոսքի մասերի համակարգում ավելի մեծ հնարավորություններ ունեն գոյականի, ածականի, թվականի, բայի քերականական կարգերը, իսկ մյուս խոսքի մասերի, այդ թվում նաև մակբայի ոճական կիրառությունները համեմատաբար ավելի սահմանափակ են:
Մակբայը և՛ իմացական կարգերով, և՛ ձևաբանական հատկանիշներով ունի սահմանափակ կիրառություն, ուստի և ոճական, արտահայտչական առումով ևս նշույթավոր չէ:
Հատկապես լայն կիրառություն ունեն ածանցներով կազմված մակբայները, որոնք կիրառության տարբեր ոլորտներում դրսևորում են ոճական համապատասխան նրբերանգներ:
Ժամանակակից հայերենում մակբայների կազմության մեջ չափազանց մեծ դեր է խաղում ածանցումը: Արդի հայերենի մակբայների մի զգալի մասն ածանցավոր է: Մի քանի ածանցներ մակբայների կազմության մեջ մեծ դեր են կատարում, որոնց նշանակությունն առավել ևս ընդգծվում է նրանով, որ նրանք այժմ էլ չափազանց կենսունակ են և շարունակում են մեծացնել արդի հայերենի մակբայների քանակը:
Մակբայ կազմող բոլոր ածանցներն իրենց այս դերով հավասարարժեք չեն ժամանակակից հայերենում: Այս տեսակետից Ս. Գ. Աբրահամյանն իր Չթեքվող խոսքի մասերը… աշխատության մեջ դրանք բաժանում է 2 խմբի՝
1. Ածանցներ, որոնք գերազանցապես մակբայների կազմության մեջ են հանդես գալիս՝ մակբայակերտ ածանցներ,
2. Ածանցներ, որոնցով այլ խոսքի մասերից բացի, կարող են կազմվել նաև մակբայներ:
Նախ խոսենք առաջին տեսակի՝ մակբայակերտ ածանցների մասին: Դրանք են՝ -(ա)բար, -(ա)պես, -որեն, որոնք ամենակենսունակ ածանցներն են: Ս. Գ. Աբրահամյանն ավելացնում է նաև -ովին վերջածանցը:
Գոյություն ունեն այլ ածանցներ ևս, որոնք մակբայներ են կազմում, բայց այնքան տարածված ու գործուն չեն, ինչքան –բար, -պես, -որեն ածանցները: Ըստ Մ. Ասատրյանի՝ դրանք են՝ -ովին//ովի, -պատիկ, -ուց, -անց, -ուստ, -ակի, -վարի, -գին:
Սրանցից –բար, -պես, -որեն, առավելապես՝ -ուստ, -ովի ածանցները հիմնականում գործածվում են գրական ոլորտում, օրինակ՝ հավերժաբար, դառնապես, հանկարծորեն, ներքուստ, հիմնովին, մտովի և այլն:
Վիշտը ճնշեց սիրտս քնքուշ Նա խորտակվեց դառնապես… ( Ավ. Իս. )
Ես ապրում եմ հավերժաբար Առանց վշտի ու տենչի… ( Ավ. Իս. )
Եվ հանկարծորեն՝ պարզ ու աննսեմ, Ես իսկ զգում եմ, տեսնում եմ ահա…( Ավ. Իս. ): Պետք է հաշվի առնել, որ մակբայակերտ ածանցների մի մասն էլ ունեն ժողովրդական ծագում և գործածվում են առօրյա-խոսակցական ոճերում, օրինակ՝ -վարի՝ տնավարի, մարդավարի, աղայավարի, հայավարի և այլն:
Հարևանս աղայավարի ապրում է:
Մարդաշատ վայրերում քեզ մարդավարի պահի՛ր:
-անց՝ կողքանց, երեսանց…
Երեսանց ցույց տուր այն, ինչ մտածում ես:
Կողքանց անցի՛ր այն ամենի կողքով, ինչը քեզ դուր չի գալիս:
-են՝ զրնգալեն, թռվռալեն…
Ձայնդ զրնգալեն լսվում է հեռվից:
Թռվռալեն վազի՛ր ու ջուր բեր պապիկիդ:
-ու՝ ամոթու, ինադու…
Երես չունի, ամոթու տանից դուրս չի գալիս:
Ինադու պատմեցի նրան ամեն ինչի մասին:
Խոսքն ավելի գեղեցիկ դարձնելու համար գործածում ենք նաև գրաբարյան ի, ց նախդիրներով կազմված մակբայները, օրինակ՝ սարն ի վեր, օրնիբուն, ցայսօր, ցմահ…
Ելնում եմ ես սարերն ի վեր…:
Օրնիբուն աշխատում է՝ առանց հանգստի:
Այդ դեպքից ցայսօր չենք հանդիպել:
Ցմահ կսիրեմ ու սրտումս կպահեմ առաջին սերս:
Ոճական յուրահատուկ որակ են ստեղծում տեղի մակբայների բարբառային կիրառությունները, որոնք, հանդես գալով որպես գրական նորմայի տարբերակ, ընդգրկում են հերոսի անհատականությունը, նրա սոցիալական ծագումը, զարգացման մակարդակը, իսկ սոցիալական գործոնի կարևորությունը ոճաբանության մեջ միանգամայն ակնհայտ է, քանի որ նրանում հասարակության, ժամանակի, սոցիալական միջավայրի յուրահատուկ դրսևորումներն անխուսափելի են:
Հաճախ ստեղծագործողները գրական ձևերի փոխարեն օգտագործել են զուգաձև բառեր՝ դրանց հարմարեցնելով ժողովրդական խոսելաձևին, ինչպես օրինակ Ե. Չարենցը դիմաց գրական ձևի փոխարեն օգտագործել է դեմը ձևը՝ իր ոճը հարմարեցնելով ժողովրդական խոսելաձևին.
Դեմը քաղաքն է տարածվել՝ հազարամյա մի թշնամի:
Ավ. Իսահակյանը այսօր գրական ձևի փոխարեն օգտագործել է էսօր ձևը.
Ջա՛ն, մարա՛լ ջան, ասա էսօր
Աղբերս ու՞րա,- չե՞ս տեսեր…:
Մակբայների ոճական արժեքն ավելի ակնհայտ է դառնում, երբ գործ են ածվում ժողովրդական ծագում ունեցող և խոսակցական ոճին բնորոշ կազմությամբ ածանցավոր մակբայներ, օրինակ՝ մանկուց, փոքրուց, ամոթու, տնավարի, գլգլալեն և այլն:
Մանկուց ապրած ծարավ- պապակ,- արեգակներս ու՞ր գընացին ( Ավ. Իսահակյան, հ.1, էջ 119)
Խոսքին ակնհայտ ժողովրդախոսակցական երանգ է հաղորդում էլի ընդհանրական մակբայի գործածությունը, որը տարբեր կիրառություններում կարող է արտահայտել ձևի, ժամանակի իմաստներ:
Էլի գարուն կգա, կբացվի վարդը :
Էլի հագնվել է նույն ոճով:
Ոճական առումով բավականին արդյունավետ են բարդություններով կամ բառակապակցություններով արտահայտված ձևի մակբայները, ինչպես՝ մեկ- մեկ, կտոր- կտոր և այլն:
Ա՜խ, իմ կյանքս, անուշ կյանքս,
Կտոր- կտոր փշրվեց… (Ավ. Իս., հ.1, էջ 29)
Աստղունք մեկ- մեկ ելան- բազման
Երկնի փիրուզ –աթոռքում… (Ավ. Իս., հ.1, էջ 95):
Հարկ է նշել, որ մակբայների, ինչպես մյուս չթեքվող խոսքի մասերի ոճական արժեքը, նրանց հուզական, արտահայտչական երանգավորումը բավականին սահմանափակ է, քան թեքվող խոսքի մասերինը, այդ իսկ պատճառով ոճաբանական ուսումնասիրություններում ավելի շատ անդրադառնում են նրանց քերականական առանձնահատկություններին, քան ոճական- արտահայտչական երանգավորումներին: