Просмотр содержимого документа
«Մարդը բնության ամենակատարյալ էակն է»
Մարդը բնության ամենակատարյալ էակն է, միակը, ով ստեղծված է Աստծո պատկերով: Հավանաբար, հենց սա է պատճառը, որ ժամանակակից գիտությունն այս կամ ոլորտում ստանում է բոլոր հարցերի պատասխանները, սակայն շարունակում է ուսումնասիրել միակ ամբողջությամբ չբացահայտվածին՝ մարդուն: Անգամ աթեիստը, որ ժխտում է Աստծո գոյությունը, միևնույն է, ցանկանում է հասկանալ` ո՞վ կամ ի՞նչ է մարդը, որովհետև իր էվոլուցիոն զարգացման հետ մեկտեղ փորձում է հասկանալ, թե ի՞նչ մտահորիզոն ունի ինքը և մինչև ո՞ւր կարող է հասնել: Մարդու՝ միակ բանական էակի բացահայտումն ամեն դարաշրջանում իր շահն է հետապնդել՝առևտուր, իշխանություն, գիտության զարգացում և այլն: Արդյունքում ի հայտ է եկել նաև ոչ վերբալ հաղորդակցությունը, որպեսզի հասկանան ցանկացած ժեստի նշանակություն, իսկ այսօր առանձնացվում են ժպիտի, լացի, հուզմունքի տեսակներ: Անկախ այս ամենից, մադկային ուղեղն առ այսօր համարվում է ամենաառեղծվածային օբյեկտը: Ժամանակակից գիտությունը ստեղծել է մարդանման ռոբոտներ…..ինչո՞ւ: Ստեղծված են ռոբոտներ, որոնք անում են այն, ինչ ինքը՝ մարդը, սակայն, միևնույն է, մարդը տարբերվում է նրանով, ինչով ինքը զանազանվում է նաև կենդանական աշխարհից, այն է՝ բանականությունը: Այսօր ժամանակակից գիտությունը փորձում է ուսումնասիրել՝ մարդու կարողությունները մինչև ո՞ւր կարող են հասնել, օրինակ՝ ինչպես անձն իրեն կդրսևորի այլ մոլորակի վրա՝ Մարսի, Լուսնի և այլն: Այսօր կատարվում են բազմաթիվ փորձեր, որպեսզի գտնեն մարդու երևակայության և մտածողության անսահմանության սկիզբը: Այս ուսումնասիրությունների վրա կործանվում են կյանքեր, ծախսվում են միլիարդավոր դոլարներ, պատճառը մեկն է՝ ով իշխում է բանականությանը, իշխում է աշխարհը, ասածս ապացուցում է Աբելի և Կայենի հակամարտությունը: Այո, մարդուն ուսումնասիրելն ունի նաև դրական ազդակներ, քանի որ բարելավում է կրթական միջավայրը, սոցիումի միջև հաղորդակցության մակարդակը զարգանում է, լավանում, բժշկությունը նոր բարձունքների է հասնում, դատաիրավական համակարգում բացահայտումներն ավելի հեշտ են լինում, անձի կրթական ու դաստիրակչական փուլերն ավելի կատարելագործվում են, մարդիկ ավելի երջանիկ են դառնում՝ սիրում են հասկացված լինել, բայց, միևնույն է, հիմքը առևտուրն է: Մարդուն տարբեր կողմերից ուսումնասիրում են, որովհետև որքան լավ ես ճանաչում ու հասկանում մարդուն, անքան հեշտ ես կառավարում: Մարդու մասին մեկ բան ավել իմանալով՝ դու նրա համեմատ ավելի բարձր ես լինում, իմանալով նրա պահանջմունքները ստեղծում ու վաճառում ես այն, ինչ իրեն պետք է, ստանում նրանից այն, ինչ ցանկանում ես տեսնել՝ կառավարումն ավելի հեշտ է դառում: Պատահական չէ, որ այսօր կան ազգեր ու պետություններ, իսկ պատերազմներ սկսելուց առաջ ռազմական գերհզոր առաջնորդները նախ տվյալ ազգի էնթոսն, արժեհամակարգն, պահանջներն ես ուսումնասիրում: Գիտության կողմից մարդուն ուսումնասիրելը կարող է միառժամանակ երկու տիրոջ ծառայել՝ բարուն ու չարին. գիտության և բժշկության կողմից մարդուն ուսումնասիրելը կարող է կյանքեր փրկել, բայց մարդուն ուսումնասիրելը բերում է նաև մարդկության տոտալ կառավարման: Ինչևէ ժամանակակից գիտությունը «քայլում է» մարդու հետևից, բայց դեռևս անսահման այդ տարածքը հաղթահարված չէ: Մարդուն ուսումնասիրելու ցանկությունն այնքան ագահ ու անհագ է, որ նույնիսկ ուսումնասիրում են սաղմը, փորձում հասկանալ երեխայի ձևավորումը դեռևս մոր արգանդում, փորձում է հասկանալ՝ 9 ամիսների ընթացքում ինչ փոփոխության է ենթարկվում ֆիզիկական և գիտակցական մակարդակը: Մարդու գիտակցական աշխարհը, թեկուզև տեղեկատվական տեխնոլոգիաների դարում, երբ թվում է՝ ամեն ինչ պարզ է, միևնույն է, մնում է չուսումնասիրված կենտրոն: