Ինչ որ նկարում եմ ՝ Հայաստան է դուրս գալիս...
Առանց հայրենիքի, առանց հայրենիքի հանդեպ սիրո մարդը չի կարող գտնել ինքն իրեն, նա չի կարող գտնել իր հոգին:
Սարյանը՝ հայրենիքի մասին
Ինչ որ նկարում եմ ՝ Հայաստան է դուրս գալիս
«Կուզեի, որ Հայաստանը չտեսած մարդիկ սիրեին այդ երկիրը՝ ծանոթանալով իմ կտավներին:Ես շատ բնանկարներ ունեմ:Արևկող լեռնապարեր, ծաղկուն հովիտներ:Իմ սիրելի Արարատը, որ պատկերել եմ հաճախ կանաչի մեջ թաղված տներ, և ամենուր՝ անպայման մարդիկ»:
Մ. Սարյան, Արարատը գարնանը (1945) /Հայաստանն արվեստում
Դիտելով Սարյանի պատկերած արևը, որքան էլ այն կիզիչ լինի, ուզում ես, որ նա միշտ երևա քո գլխավերևում:Դիտելով նրա խիստ, բայց պլաստիկ լեռները, ուզում ես միշտ վայելել նրանց հմայքը, ուզում ես անվերջ շրջագայել այդ արևազօծ լեռներով ու հարթավայրերով:Ուզում ես շփվել, հպվել այն ամենին, ինչ այդքան գեղեցիկ պատկերվել են անվերջ ապրելու ցանկություն ներշնչող սարյանական կտավներում:
Նրա կտավներից ճառագող արևաշող գույները ամբողջացրել են հայրենի երկրի կերպարը, շեշտել բնության և կյանքի հավերժության գաղափարը:Օդի, լույսի, գույնի կախարդիչ ներդաշնակությամբ կերտած Հայաստանի հավաքական կերպարը հոգեհարազատ է մեզ:Մյուս կողմից էլ ՝ օտարները Սարյանի նկարներով ճանաչեցին մեր երկրի ինքնատիպ գեղեցկությունը:
Մ. Սարյան , Հայաստան (1923) / Հայաստանն արվեստում
Ես համոզված եմ, որ առանց հողի արվեստագետ չի եղել: Հողի սիրտը գտնվում է մարդու սրտի մեջ: Ամեն ինչ սրտից է բխում, ամեն ինչ սրտով է սկսվում: Իմ խորհուրդ խորինը եղել է իմ սերը դեպի մայր հողն ու ժողովուրդը: Այդ սերը ես արտահայտել եմ արվեստով, որն իմ հոգին է: Ուրիշ հավատ ու սեր ես չեմ ունեցել: Սիրել եմ, անկեղծ եմ սիրել, ինձ եմ տեսել իմ նկարների մեջ: Իմ տան դուռը միշտ բաց է եղել ու միշտ բաց կլինի, ես էլ եմ միշտ բաց եղել իմ նկարների պես: / Մարտիրոս Սարյան /
Ստեղծագործական ուղղվածության փոփոխությունը հանգեցնում է նաև աշխատանքի մեթոդի փոփոխության, ոճի նորոգման:
Նկարիչը ուղևորություններ է կատարում Հայաստանի տարբեր շրջաններ, ստեղծում իր աշխատանքները բնության գրկում: Նա դիտում է բնությունը, ձգտում է, կարծես, որսալ արևի ներգործությամբ հարափոփոխ գույների բազմազանությունը: Բնության և ժողովրդի կյանքի իրական, առարկայական պատկերման ցանկությունը նկարչին բերում է յուղաներկով արագ, էտյուդային գրելաոճի:
«Արագածը և Արայի լեռը»
«Այգիներ և Արագածը»
Ինքը՝ Մարտիրոս Սարյանը՝ գույնի մեծ վարպետը, առաջինն էր, որ հայկական բնաշխարհը վերապատմեց իր կտավներում` տալով նրա հավաքական-ամբողջական կերպարն ու փորձելով բացահայտել նրա անսպառ հմայքի առեղծվածը: Ինքնատիպ գեղանկարչական լեզվով նա ազգային արվեստը բարձրացրել է միջազգային մակարդակի:
Մարտիրոս Սարյան, Հայկական կոլխոզային բնանկար (1947)
Քաջատեղյակ լինելով հայ ժողովրդի պատմական ճակատագրին՝ Սարյանն ավելի խոր զգաց նրա անցյալի տառապանքները, ավելի ջերմորեն կապվեց իր ժողովրդի հետ, ուսումնասիրեց ու խորապես ճանաչեց հայրենի բնությունը: Լեռների ու ձորերի, հարթավայրերի ու հովիտների, արևի լույսով ողողված գույների մեջ իր վառ երևակայությամբ ընկալեց իրական երանգներն այն բնաշխարհի, որն այնքան սիրել է նա իր ամբողջ կյանքում:
Մարտիրոս Սարյան, Կեսօրյա անդորր (1924)
Ամբողջ կյանքի ընթացքում Սարյանը նկարել է հայրենի բնաշխարհի ծաղիկներն ու մրգերը, որոնք բնության հետ նկարչի հատուկ զրույցի անմիջական արտահայտություններն են: Դրանցից յուրաքանչյուրն անսահմանորեն ջերմ է և հուզառատ ու դիտողին համակում է արդարացի հպարտությամբ. Ահա ինչպիսի գեղեցիկ երկրի որդի է նա:
«Կուզեի, որ Հայաստան չտեսած մարդիկ սիրեին այդ երկիրը` ծանոթանալով իմ կտավներին: Ես շատ բնանկարներ ունեմ: Արևկող լեռնապարեր, ծաղկուն հովիտներ: Իմ սիրելի Արարատը, որ պատկերել եմ հաճախ, կանաչի մեջ թաղված տներ, և ամենուր` անպայման մարդիկ, կյանքը վերափոխող մարդիկ»: Մարտիրոս Սարյան