Համայն երկրագնդի վրա չկա երևի մի այլ երկիր,որն այնքան լիքը լինի հրաշքներով,ինչքան հայերի երկիրը….
Այն հայ աշակերտն եմ ես, որին այսօր՝ հազարավոր տարիներ ճամփորդելուց հետո հասել են Մեսրոպ Մաշտոցի ստեղծած տառերը, և որի հայ մնալուց է կախված Հայաստանի ու հայ ժողովրդի լինել-չլինելը….
Ոչ ոք չգիտեր՝ վաղն ինչ կբերեր,
ԵՎ ապագայի երաշխիք չկար…
ԵՎ կործանումի սուր հոտ էր գալիս
Ոչ միայն հացից, ջրից ու քամուց անգամ:
Պետք էր,շատ էր պետք ինչ-որ բան անել,
Սակայն ինչ անել և ինչպես, ինչպես…
Հայ ազգի սեփական գիրն ստեղծվեց այն ժամանակ, երբ վաղն այլևս չէր երևում կամ գուցե թե չպետք է լիներ,և գիրը պիտի դառնար զորավոր միջոց՝ մեզ պահապան զենք, փրկության վահան:
Հեթանոսական խավարում,ազգային անկախության վերջնական կորստի մթության մեջ, վաղվա և ապագայի անորոշության ու անհայտության մռայլ կեսգիշերին նա մրմնջաց. Եղիցի լույս՝ ԵՎ եղև լույս:
Դա զենք էր արդյոք,
Թե լույս էր, մի լույս,
Որ օտար հողմից երբեք չհանգավ
Որտեղից եկավ, Ինչ ակից բխեց:
ԵՎ ինչպես եկավ, Հոսեց ինչ հունով:
Որդիս, գիտե՞ս ինչից է, որ
Այս էլ դարեր հազարավոր
Հայոց ազգի ծունկը ծալվեց,
Հույսի վերջին խունկը հալվեց,
Ծունկը ծալվեց,
Մեջքը փլվեց,
Մեջքը փլվեց,
Հողը խլվեց,
Ցրվեց ազգը, բայց չձուլվեց
Ոչ մեկի մեջ այն ազգերի,
Որոնց դարեր մնաց գերի,
Ինչպես իր լեռ
Մասիսն է դեռ...
_ Ցրվեց դարեր, դարեր հալվեց,
Դարեր հալվեց,
Բայց չձուլվեց,
Երբ յոթ ազգերն իսլամազուն
Մեր ազգն իրենց ճանկերն առել`
Հայոց կրոնն ու հայ լեզուն
Ձուլող դժոխք էին դառել:
Բայց ով պահեց հայ ազգը մեծ,-
Հայը…սակայն ինչ հրաշքով,
Աստվածային, թե հայ ձեռքով:
Ով ստեղծեց գրերն հայոց՝
Մեզ հայ պահող թրերն հայոց:
Փառք հայ գրերն ստեղծողին,
Հայ ազգն հավերժ հայ պահողին:
Այսպես էլ ծնվեց մեկը Նրանցից,
Ծնվեց Նա՝
Այր մի՝ ՄԱՇՏՈՑ անունով:
ԵՎ նա չծնվեց, որ ավելացնի
Հարց տվողների քանակն անպակաս:
Նա եկավ աշխարհ ՝ պատասխանելու,
ԵՎ պատասխանը գտավ իսկապես:
Այբուբենն այնքան խիստ անհրաժեշտ էր տառապած հային
Եվ մեր հայ մեծը նորից աղոթքին ապավինելով.
Հարություն տվեց հայոց տառերին:
Տվեց բոլորիս մեր այբուբենը՝ լուսե բանալին,
Եվ պարգևեց մեզ մեր հասունության վկայագիրը:
Այդ փաստը սիրով թղթին է հանձնում
Մեր համեստ Կորյուն Մատենագիրը:
Մեսրոպ Մաշտոցը ծնվել է 362 թվականին, Տարոն գավառի Հացեկաց գյուղում: Մաշտոցը եղել է կիսաազնվական Վարդանի որդին: Մեսրոպն
իր նախնական կրթությունը ստացավ իր նահանգում՝ Սուրբ Կարապետի հռչակավոր վանքում:
Մեսրոպը տիրապետում էր երեք լեզուների՝ հունարեն, պարսկերեն և ասորերեն:Նա Խոսրով թագավորի պալատում զինվորական ծառայության էր և կարգված արքունի մատենագիր դպիր:
Մաշտոցը շուտով թողնելով պալատական միջավայրը՝ ընդունում է հոգևոր կոչում և Հայաստանի տարբեր վայրերում սկսում է կրոնաբարոյական բովանդակությամբ քարոզներ կարդալ:
Իր ժողովրդի պատմության ձայնին ունկնդիր՝ սուրբ Մաշտոցն առաջինը հասկացավ՝ հոգևոր ձուլումն առավել սոսկալի է, քան մարմնավորը…Հոգևոր բռնության դեմ հոգևոր զենք է հարկավոր: ԵՎ քարոզում է նա, հանապազ քարոզում:
Ա՜խ, ի՛մ ժողովուրդ,
Ես դեռ չկայի՜,
Որ քեզ պես ես էլ քեզ հետ տոկայի՝
Ծալվելու պատրաստ մեջքըդ գրկելով:
Սակայն դու, որ քո պատմագրքերով
Մի ձիգ ցուցակ ես ու լեցուն ցանկ ես
Նահատակների՛, զոհի՛, հսկայի՛,
Դու չես զգացել երբևէ կարիք
Նաև քաջերի, անբեկ աջերի,
Որ կրծքիդ վրա դարձել են զրահ,
Որ սուրբ են պահել պատիվդ ազգային
Իրենց պարզ կյանքով-մահով հսկայի:
Եվ այդ պահին էր, որ աշխարհ եկավ
Նա՝ Այր մի Մաշտոց անունով:
Ո՛վ մեծագործ Մեսրոպ Մաշտոց
Մեր առաջին բացված դպրոց:
Մեր առաջին լեզվի տաճար,
Լուսապայծառ հայոց հանճար:
Ամէն գիրըդ անձէթ ճրագ,
Մեզ հայ պահող անմար կրակ:
Դու մեր մեծ պապ Հացիկ գիւղից,
Մշո դաշտի քաղցրիկ հողից:
Շրթունքներով մեր մանկական
Քեզ հազար փառք հավերժական:
Մեսրոպ Մաշտոց աղոթեց
Աստված մեզ տառեր տվեց,
// Տառեր,որ կարդանք, գրենք
Հայոց լեզուն սովորենք
Մեսրոպ Մաշտոց աշխատեց,
Այբուբենը հորինեց,
//36 գոհարներ հայոց լեզվին նվիրեց:
Մեսրոպ Մաշտոց աղոթեց,
Սուրբ տեսիլքը հայտնվեց,
//Գրի առավ լույս տառեր
Երկաթագիր աստղիկներ:
Մեսրոպ Մաշտոց թարգմանեց
Սուրբ գիրքը հայոց լեզվով,
//Որ մենք կարդանք հայ գրով
Աստծո խոսքը հավատով:
Ժողովրդի նիրհած ոգին պիտի արթնանար լոկ սեփական գիր ու գրականություն ունենալով: Ի՞նչը պիտի կարողանար փրկել ու պահպաներ ազգն ու ժողովուրդը իսպառ բնաջինջ լինելուց: Ի՞նչը: Եվ ամենակարող Տերը ցույց տվեց ուղին:
Խավարի ու անեծքների մեջ չէին մարում կենդանության կրակները, որոնք ամեն ժամանակ, ամեն տեղ միևնույն կերպարանքն ունեին՝ մեսրոպյան գիր: Սուրբ հոգու հորդորանքով զորացած՝ գալով հայոց սուրբ կաթողիկոս Սահակ Պարթևի մոտ՝ Մաշտոցը նրան զեկուցեց իր բազմաժամանակյա մտածության խնդիրը:
Խավարի մեջ թաղված մի հնամյա հայրենիք սիրեցյալ զավակներին աշխարհ էր ճանապարհում՝ լույս որոնելու: Եղան Միջագետքում, Ալեքսանդրիայում, Սամոսատում և գիշեր-ցերեկ տքնելուց հետո, Փրկչի առաջնորդությամբ դասավորելով նշանագիր տառերը՝ երկնեց հայոց այբուբենը:
Տարակուսում էր մեծ վարդապետը
Աջից ձախ գրել, թե՝ հակառակը:
Եվ որոծումը հստակ կայացվեց
Տառերն ունեցան գեղեցիկ և ճիշտ դասավորություն:
Կատարյալ տառեր՝ հստակ գրությամբ,
Կենսունակ այնքան, որ արդեն ահա քանի-քանի դար
Լուսավորում է մեր ուղին արդար:
Կորյունի ասած այդ սքանչելի սուրբ այբուբենով
Այդ ժամանակի կատարյալ գրով,
Մեր մատյանները շուտով գրվեցին,
Եվ տառերն հայոց միշ եղբայրաբար
Մեջք մեջքի տված՝ իրար օգնեցին:
ԵՎ տեսնում է ոչ երազ քնի մեջ, ոչ տեսիլք արթնության մեջ,այլ սրտի գործարանում նրա հոգու աչքերին երևում է աջ ձեռքի թաթը քարի վրա գրելիս, այնպես, որ քարը գծերի հետքը պահում էր, ինչպես ձյունի վրա:
Թևածում է արարչածին
Սուրբ Մաշտոցի անմար ոգին.
Նրա աջով արդարահաճ
Ուղի հարթվեց հայի առաջ:
Նրա սուրբ գործը հային պահեց
ՈՒ հավերժի ճամփորդ դարձրեց:
Որչափ մեծ եղավ ժողովրդի ուրախությունը, երբ լսվեց, թե Մեսրոպը հայերեն գրերը ձեռքը վերադառնում է Հայաստան՝ Վաղարշապատ՝ թագավորական ու հայրապետական աթոռը:
405թվական,Վաղարշապատ,որտեղ իջավ հայ ժողովրդի միածին որդին՝ Մաշտոցը և առաջին անգամ այս հողի վրա հայերեն տառերով պիտի գրվեր ՀԱՅԱՍՏԱՆ: Աշխարհի վրա լույսը վարարել, եկել լցվել է երկիրը հայոց: Գալիս էր Մաշտոցը, բերում էր լույսը հայոց:
Հեռվում երևացին ձիավորներ:Նրանց շարքում երևաց Մեսրոպ մարգարեն: Զիլ հնչեցին գալարափողերն ու շեփորները: Այսպիսի հաղթանակով դեռ տուն չի դարձել ոչ մի զորավար: Մաշտոցը նորագյուտ տառերը դասավորում է՝ օգտվելով հունական այբուբենի հերթականությունից, որոշում է նրանց թվային արժեքը, տառերին տալիս է անուններ:
Այբ, բեն, գիմ, դա, եչ, զա, է, ըթ, թո, ժե ինի լյուն խե ծա կեն հո ձա ղատ ճե մեն հի նյու շա վո չա պե ջե ռա սե վեվ տյուն րե ցւ վյուն փյուր քե
Սահակ կաթողիկոսը տարածեց իր ձեռքերը և երկինք բարձրացնելով իր աչքերը՝ օրհնեց թե՛ առաքողին, թե՛ առաքյալին. իրեն հետևեց ժողովուրդը ,և ամեն ոք օրհնություն տվեց
Լուսոյն աշխարհի, որ լուսավորեաց զմեզ ի ձեռն մեծին Մեսրովբայ
Երախտապարտ ենք Մեսրոպ Մաշտց,
Տառերի համր քո ստեղծած:
Դրանով փրկվեց ազգը հայոց,
Եվ այդ տեռերով հայը մնաց:
Ով է հայոց ամենամեծ ուսուցիչը,
Զորավարը, դերասանը և գրիչը:
Ես կարծում եմ՝ հայ մեծագույն երևույթը
Այդ մեծերին ծնոր- սնող ժողովուրդն է:
Ով ցանկանում է, որ հավերժ ապրի
Մայրենի լեզուն պետք է սովորի:
Իսկ ով չի կարող, վաղը կամ հիմա
Իր ժողովրդին պատասխան կտա:
Հայերեն երգենք բոլոր աշխարհում,
Որ ապրի համվերժ և ըլլա անհուն,
Միշտ հայերենով ազգը բարձրանա,
Տարածվի հպարտ, հայ երգ հմայուն:
Հայ երգ, հայ երգ
Ապրիր դարերդար,
Հայ երգ, հայ երգ,
Քեզ ենք սիրահար:
Նոր սերունդն ենք մենք, հպարտ ու խիզախ,
Աշխարհի բոլոր կողմերն ենք հաճախ,
Միշտ հայերենով երգենք, ուրախանանք,
Գաղութե գաղութ իրար կմիանանք:
Հայ երգ, հայ երգ,
Ապրիր դարերդար,
Հայ երգ, հայ երգ,
Գրերի գյուտը ժողովրդին ոչ մի բարիք չէր տա, եթե Մեսրոպ Մաշտոցը, Սահակ Պարթևը և Վռամշապուհ արքան հետևողականորեն չշարունակեին իրենց հոյակապ գործունեությունը: Պայծառացան եկեղեցիները: Լուսավորվեց Հայոց աշխարհը:
Անհամեմատ ուժեղ և գիշատիչ թշնամիներին կեր չդառնալու , նրանց դիմադրելու մի զենք էր մնում.
Ճանաչել զիմաստություն և զխրատ իմանալ զբանս հանճարոյ
Հենց դա թր առաջին նախադասությունը, որ Մաշտոցն իր աշակերտների հետ թարգմանեց Աստվածաշնչից: Մաշտոցն իր աշակերտների հետ հայերեն է թարգմանում Աստվածաշունչը և բազմաթիվ կարևոր գրքեր:
Սրով եկան մեզ վրա,
Մենք գիրք ու գիր խնկեցինք,
Կյանքի,կայքի փոխարեն
Մագաղաթներ փրկեցինք:
ՈՒ մնացինք կանգուն ու կուռ,
Ամրոց-տառը պարզեցինք,
Հողը քիչ էր, քարերը՝ շատ,
Խաչքարը մեր կերտեցինք:
Այսպես ապրեցինք,այսօրվան հասանք,
Այսպես շիթվելով՝ դարձանք գոռ հոսանք:
Մենք՝ հինը հնից, նորից նորացանք,
ԵՎայս ամենը նրա շնորհիվ.
Այր մի՝ Մաշտոց անունով:
Մաշտոցը մինչև վերջին րոպեն չթերացավ իր ջլատված ուժերը նվիրել Ազգին ու ժողովրդին:Տեսավ,թե մոտ էր նաև իր վախճանը, ուստի կտրեց իր աչքերից քունը և գիշեր-ցերեկ պասով, աղոթքներով ու հոգևոր երգերով էր պարապում:
Եվ Մաշտոցն աշակերտների հետ շրջագայում է Հայաստանի տարբեր վայրերում, հավաքագրում աշակերտներ, ստեղծում դպրոցներ, հիմնադրում վանքեր, որոնք դառնում են գիտության կենտրոններ: Նրա շնորհիվ առաջին դպրոցը բացվեց նաև Արցախում՝ Ամարասում:
Ա-ից մինչև Ֆ-ն բանակ է մի ողջ:
ԵՎ շռայլորեն նրանք ամենուր
Ծաղկունք են շաղում,
Բուրաստան դարձնում
Երկիրն Հայաստան:
Ով դու միակ արքադ հայոց
Մի այնպիսի զորք ծնեցիր,
Որ ոչ մի պահ չի տրոհվում,
Ոչ մի զինվորդ չի զոհվում:
Ամեն տառդ հայ ազգապահ մի զինվոր է անմեռական
Ամեն բառդ՝ հայոց մի գունդ, այբուբենդ՝ բանակն հայկյան:
Դու հնաբառ, Մեսրոպատառ,
Աղբյուրի պես Ջինջ ու կայտառ:
Դու մոր նման Միշտ տուն կանչող,
Մայր հողի պես Միշտ կանաչող:
Դու այնպես կուռ, Այնպես անբիծ
Եվ ինչ լավ է, Հասել ես ինձ:
Թե կորչեիր Հանկարծ անհետ,
Ինչպե՞ս խոսեր Մայրս ինձ հետ:
Ալևոր ծերունին պառկած է իր մահճի մեջ, իր սիրելիները իր շուրջն են պատել՝ նրա ձեռքի տակ սնված ու ուսած անձեր:
439թ. փետրվարի 17: Զգում էին, որ հայ աշխարհից վերանում է մի սուրբ, մի նվիրական բան: ԵՎ մինչդեռ կաթողիկոսարանի սենյակում դրված էր այդ վերացողի անշունչ մարմինը, նրանից քիչ հեռու տաք վիճաբանություն էր տեղի ունենում: Հավաքվել էին մարդիկ, մտածում էին, թե Հայաստանի մեջ ուր պիտի որոնել այն մի ափ հողը, որ այդ մարմինը իր ծոցում ամփոփելու պատիվն ունենա:
Երկար խորհելուց հետու որոշվեց սիրելի ՈՒսուցչի մարմինն ամփոփել Օշականում: Սրբատեղի ՝ Օշական տանող ծանոթ ճամփով քայլող ամեն հայ իր հոգում զգում է քո հավերժական ներկայությունը, սիրելի՛ Մաշտոց:
Իմ սրտի բոլոր լույսերը վառաշ
Աշխարհի առաջ քեզանով հպարտ,
Ընդունիր սերս, հմայքս խորին
Դու՝ Մեսրոպ Մաշտոց՝ հանճար մեծագործ:
Այդքան սիրված ու հարգված հանգուցյալը հռչակված իշխանավոր չէր,մեծանուն մի տոհմից չէր վարում իր ծագումը, պատերազմի հերոս չէր կամ հարուստ մի կալվածատեր, աշխարհ կառավարող, հրամանատար չէր եղել, ոչ իսկ այս աշխարհի հզորներից մեկն էր:
Մոտ 80 տարեկան մի ծերունի վարդապետ,վարդապետ և ոչ իսկ եպիսկոպոս, հասարակ գյուղացու որդի.ահա ով էր Նա: Բայց այդ ծերունին մի հատ անուն ուներ. Նա առաջին հայ ուսուցիչն էր:Գրքի հերոսը առաջին անգամ հայ հողի վրա ստանում էր այն պատիվներն ու մեծարանքները, որ մինչ այդ սովոր էին մատուցանելու սրի հերոսին:
Մաշտոցը դարձավ մեր առաջին ուսուցիչն ու մեր առաջին դպրոցի առաջին տեսուչը, որը դարձավ ինչ –որ նոր Սկիզբ, միաժամանակ լինելով և է մի Շարունակություն, որ չի կարող վախճան ունենալ, քանի դեռ հնչում է մեր ազգային մեծագույն երգը՝-ը:
Ուր որ լինեն հողմացրիվ
Ուր որ գաղթեն, Մեծ Մաշտոց,
Քո տառերը ամենազոր
Ազատություն կբուրեն:
Խունկ են բուրում քո տառերը, սուրբ Մաշտոց
Որդան կարմիր ու մագաղաթ են բուրում,
Վանք ու խաչքար են բուրում,
Խաչ ու Նարեկ, աղոթք ու ողբ,
Ավետարան ու շարական են բուրում,
Վարդ ու սոխակ, Սայաթ-Նովա,
Ու Կոմիտաս են բուրում:
Ապրեց հայ ժողովուրդը ,և նրան ապրեցնողը նախևառաջ իր այբուբենն է: Անցավ հարյուրամյակների դժխեմ քառուղիներով՝ միշտ կրծքին սեղմած հայատառ մատյանները, իսկ սրտում՝ սուրբ ուսուցչի՝ Մեսրոպ Մաշտոցի լուսապսակ անունը:
Մաշտոցը, հենց Մաշտոցը դարձավ մեր ջարդուփշուր ինքնության առաջին և ամենահմուտ դարբինը:
Այսքանից հետո ինչ կոչես նրան
Մեր կեռմանաշատ երթուղու վրա.
Մի նշանացից, մի սյուն կամ թե ձող,
Ինչ որ տառերի ինչ որ ստեղծող:
Ու եթե պիտի գիր ու տառ հիշվի
Ապա նա ինքն է այն մեծատառը,
Որով հասարակ ու պարզուկ բառը
Աճում է, հասնում խորհրդանիշի:
Եվ… մարդը ձգվում ու դառնում է Մարդ
Անցողիկ մարտը՝ հավերժական Մարտ,
Խեղճ տքնությունը՝ հավերժ Տքնություն,
Ինքնությունն անուժ՝ զորեղ ինքնություն,
Պաշտողը՝ պաշտող
Իսկ հայը՝ Մաշտոց: