Մայրենիի ուսուցումը
ՀՀ Կոտայքի մարզի Արամուսի Վլ. Առաքելյանի անվան միջն. դպրոց
դասվար.`Գայանե Հարությունյան
Բոլորիս հայտնի է, որ տարրական դասարաններում գործադրվում է մայրենիի ուսուցման միացյալ մեթոդը, այսինքն` ընթերցանության և դրա հիման վրա ուսուցանվող լեզվական գիտելիքների համադրմամբ: Այսինքն` լեզվական գիտելիքները մատուցվում են ոչ որպես քերականական նյութ (կանոներով, սահմանումներով), այլ գործնական ճանապարհով` գեղարվեստական ստեղծագործության համատեքստում ապահովելով կիրառական արժեքը (գործնականում):
Աշխատանքը ճիշտ կազմակերպելու համար պետք է հստակ նշել դասի նպատակը, օգտագործել նոր տեխնոլոգիաներ, դրական դրդապատճառներ (մոտիվացիա-ձգտում) ստեղծելու հնարավորություններ, ստեղծել մտածողության զարգացման ձևեր: Սակայն հաճախ ուսուցիչները նախընտրում են մեթոդների, հնարների բազմազանությունը, քան դրանց գործադրման նպատակը կամ ակնկալվող արդյունքը: Հայտնի է, որ դպրոցի կրթական խնդիրը սովորողներին գիտությունների հիմունքներով, գիտելիքներով ու հմտություններով զինելն է: Դպրոցի առաջին աստիճանը` տարրական դպրոցը, նախանշում է հաջորդ աստիճանները: Հենց այստեղ են դրվում և′ կրթական բովանդակության յուրացման, և′ անձի հետագա ձևավորման հիմքերը: Այս առումով առաջին պլան են մղվում դասագրքի զարգացնող-դաստիարակող գործառույթը և տեղեկատվական գործառույթը:
Դասագրքի տեղեկատվական գործառույթը պետք է ուղղված լինի ոչ միայն և ոչ այնքան գիտելիքների, կարողությունների, հմտությունների խնդրի լուծմանը, որքան` էլ ավելի կարևոր կրտսեր դպրոցականի իմացական, կամային, հուզական ոլորտների զարգացմանը: Ընդ որում գիտելիքների և հմտությունների յուրացումը և ընդհանուր զարգացումը պետք է դիտարկել որպես մեկ օրգանական միասնություն: Մայրենիի բոլոր դասագրքերում առանցքային խնդիր է համարվում աշակերտների կարդալու, կարդացածն ընկալելու, իմաստավորելու և կապակցված խոսք կառուցելու կարողությունը: Սրանք ուղղված են նպաստելու աշակերտի վառ երևակայության, մտքի ճկունության, ստեղծագործական կարողությունների զարգացմանը:
Մեր աշխատանքը
Չպետք է մոռանալ, որ երեխան դաստիարակվում, զարգանում է ոչ թե այն պայմանով, թե որքան գիտելիք կամ որքան բարեկրթական իմացություն ունի (ընկերասիրություն, հայրենասիրություն, մեծերի նկատմամբ հարգանք և այլնի մասին), այլ այն պայմանով, թե որքան գիտելիք կարող է ձեռք բերել նա ինքնուրույն կերպով կամ գործնականում որքանով է կիրառում իր բարեկրթական իմացությունները: Ամեն ինչ նպատակաուղղված է երեխայի ստեղծագործական երևակայության ու մտածողության, կարդալու կարողությունների, խոսքի զարգացման, ինքնուրույն, ինքնավստահ, հոգեպես ու մարմնապես առողջ անձի ձևավորմանը:
Լեզվական տարրական գիտելիքների ուսուցումն ունի զուտ գործնական ուղղվածություն, և ծրագրով նախատեսված ամբողջ լեզվական նյութը տրվում է շղթայով, հետաքրքրաշարժ ձևերով, բազմաբնույթ լեզվատրամաբանական առաջադրանքներով սկզբունքի կիրառմամբ: Տարաբնույթ և բազմաբովանդակ լեզվատրամաբանական առաջադրանքները հնարավորություն են տալիս շերտավորված ուսուցում կազմակերպելու համար:
Դասագրքի հեղինակները կարևովորում են տեսական գիտելիքների գիտակցական յուրացումը, որը հնարավորություն է ընձեռում տեսնելու կապերը, ընդհանրացումներ անելու, զարգացնելու վերացական մտածողությունը: Գրականագիտական գիտելիքների ուսուցումը ևս իրականացվում է գործնական եղանակով` դասանյութերին հաջորդող հարցերին պատասխանելու և առաջադրանքների կատարման միջոցով:
Այս հարցերը նպաստում են.
ա/ սովորել գեղարվեստական ստեղծագործությունում բառի պատկերավորությունը, արտահայտչականությունը,
բ/ չափածո ստեղծագործությունում սովորել բանաստեղծական խոսքի երաժշտականությունը, դիտարկեն տողերն ու հանգերը,
գ/ սովորել, թե ինչ է տեքստը, որոնք են դրա կառուցվածքային-իմաստային մասերը, ինչ է ներկայացնում տեքստի վերնագիրը, որն է պատմողական և նկարագրական տեքստը:
Մանկավարժական ժամանակակից մեթոդներով դասը վարելու հնարավորությունները հնարավոր են դարձնում ոչ միայն իրականացնելու դասի հիմնական նպատակները` կարդալու, պատմելու, խոսելու ուսուցում, լեզվական, ճանաչողական գիտելիքների ձեռքբերում, միջառարկայական, ներառարկայական կապերի ապահովում, երեխաների բազմակողմանի զարգացում, արժեհամակարգի ձևավորում, համակողմանի դաստիարակում, այլ նաև զարգացնելու մտավոր, կամային, հուզական, գեղագիտական գործունեություն և ամենակարևորը ստանալ բովանդակության նկատմամբ հետաքրքրություն և քննադատական մոտեցում:
Հիշենք, որ երեխան զարգանում է ոչ թե այն հատկանիշով թե որքան գիտելիք ունի, այլ այն հատկանիշով, թե որքան գիտելիք կարող է ձեռք բերել ինքնուրույն կերպով:
Օրինակ` խնձորի մասին ինչ կասի մրջյունը:
Քննարկումները` դասարանով, փոքր խմբերով կամ ընկերոջ հետ:
Դասագիրքը ոչ թե պատրաստի գիտելիքների հանրագումար պետք է հաղորդի, այլ օգնի աշակերտին ճանաչելու իր չիմացածը: Դասագիրքը աշակերտին պետք է մղի իր գիտելիքների ստուգման և գնահատման գործունեությանը:
Կրտսեր դպրոցի ուսուցիչներից շատերը թեև այժմ աշխատում են ավանդական մեթոդներով, սակայն զգալիորեն փոխել են իրենց աշխատաոճը: Հստակ որոշում են դասի նպատակը և կոնկրետ դասի տեղը դասերի համակարգում: Օգտագործում են աշխատանքի բազմազան ձևեր, նոր տեխնոլոգիաներ, դրական դրդապատճառներ (մոտիվացիա), ստեղծագործական մտածողության զարգացման ձևեր:
ա/ Երեխայի անձի ձևավորում
բ/ Ինտելեկտի, ընդհանուր կուլտուրայի, ուսումնական գործունեության ձևավորում:
գ/ Յուրաքանչյուր աշակերտի անհատական հնարավորությունների բացահայտում և այդ հիմքով շերտավորված ուսուցման կազմակերպում` կապված գրքով աշխատելու կարողությունների և հմտությունների հետ:
Գրքի հետ աշխատելու կարողությունների և հմտությունների ձևավորումը նպաստում է`
● կարդալու կարողության զարգացմանը
● գեղարվեստական ստեղծագործության հուզական- գեղագիտական ընկալմանը
● խոսքի զարգացմանը
● ընթերցողական կարողությունների ձևավորմանը
● ստեղծագործական գործունեության զարգացմանը
● արժեքային համակարգի ձևավորմանը:
Բոլոր դասարաններում մեծ ուշադրություն է դարձվում հաղորդակցման կարողությունների զարգացմանը` դրանց հիմնական բաղադրիչներով` լսել, խոսել, կարդալ, գրել:
Երեխաների զարգացման հոգեֆիզիոլոգիական տարբերությունները թելադրում են ուսուցման շերտավորման անհրաժեշտություն: Ուսուցման շերտավորման սկզբունքը միայն կարող է նպաստավոր պայմաններ ստեղծել երեխայի անձի կայացման, նրա անհատական առանձնահատկությունների բացահայտման հարցում:
Ըստ դպրոցականի ուսումնառության չափորոշիչների`
3-րդ մակարդակում այն երեխաներն են, ովքեր առանց դժվարության ընկալում են ուսումնասիրվող նյութը, առանձնացնում են գլխավորը, էականը, օրինաչափը, մասնավորում տեսնում են ընդհանուրը, ինքնուրույնաբար կարողանում են բացահայտումներ կատարել, ստացած գիտելիքները գործադրել նոր իրավիճակներում, կարճ ժամանակում հասնել գիտելիքների բարձր մակարդակի:
2-րդ մակարդակում նյութը յուրացնում են մարզողական աշխատանքներից հետո, էականը, օրինաչափը անմիջապես չեն կարող առանձնացնել, որոշակի վարժողական աշխատանքից հետո նոր տեսնում են մասնավորի մեջ ընդհանուրը: Գիտելիքների յուրացման համար ավելի շատ ժամանակ է պահանջվում:
1-ին մակարդակում նյութը յուրացնում են բազմակի վարժություններ կատարելուց հետո, դժվարանում են էականի առանձնացման մեջ, անգամ ամբողջ դասարանի հետ ընդհանուր վարժողական աշխատանք կատարելուց հետո, հիմնականում կատարում են վերարտադրողական առաջադրանքներ, գիտելիքները յուրացնում են շատ երկար ժամանակահատվածի մեջ:
Խմբերի բաժանելը պայմանական պետք է լինի, քանի որ պետք է հաշվի առնել նաև կարողությունների դինամիկան (փոփոխել անդամներին ըստ զարգացման): Մասնակիցները ենթակա են մշտական փոփոխման: Նպատակահարմար է խմբին տալ անուններ, որոնք ուղղակիորեն չեն կապվում շերտավորման հետ: Օրինակ` , , , , :
Շերտավորված աշխատանքի 1-ին տարբերակը հետևյալն է:
Դիտարկենք Հ. Թումանյանի բանաստեղծությունը իր դասագրքային մշակմամբ.
1-ին մակարդակ Նկարագրիր տերևաթափը:
2-րդ մակարդակ Ինչ ես կարծում` տերևներն ինչու են տխուր երգեր երգում:
3-րդ մակարդակ Հորինիր երկխոսություն գարնան և աշնան տերևների միջև:
Այնուհետև յուրաքանչյուր առաջադրանքի կոնկրետացում տարբեր մակարդակների աշակերտների համար:
3-րդ մակարդակ Հետևել հեղինակի տրամադրությանը, յութաքանչյուր քառատողում որոշել դրա արտահայտման միջոցները:
2-րդ մակարդակ Գտնել հեղինակի տխուր տրամադրության պատճառները և հիմնավորել:
1-ին մակարդակ Կազմակերպվում է աշխատանք բանաստեղծի տրամադրությունը որոշելու համար:
3-րդ մակարդակ Նկարել 1-ին քառատողի բովանդակությունը և որոշել համապատասխանությունը գրքի նկարազարդմանը
2-րդ մակարդակ Նկարել երկտողը
1-ին մակարդակ Նկարել տերևաթափը` բանավոր ընթերցանությունից ստացած տպավորության հիման վրա:
Շերտավորումը կարող է իրականացվել կարդալու տեխնիկա զարգացնելու նպատակով, օրինակ`
1-ին մակարդակ Կարդա 1-ին պարբերությունը` ուշադրություն դարձնելով ուղղագրությանը և արտահայտիչ ընթերցանությանը:
2-րդ մակարդակ Արտահայտիչ ընթերցել իրեն դուր եկած հատվածը:
3-րդ մակարդակ Արտահայտիչ ընթերցել ամբողջ տեքստը:
Կամ`
1-ին մակարդակ Կարդա 1-ին հատվածը և պատմիր մոտ բառերով:
2-րդ մակարդակ Կարդա և մանարամասն պատմիր ամբողջ տեքստը:
3-րդ մակարդակ Կարդա ամբողջ տեքստը և հմուտ պատմիր:
Ստեղծագործական բնույթի շերտավորված առաջադրանքներ:
1-ին մակարդակ Որոշիր տառերի ճիշտ հերթականությունը բառում: Վերականգնիր բառը:
2-րդ մակարդակ Հորինիր պատմություն թեմայով` տրված հենակետային բառերի օգտագործմամբ:
3-րդ մակարդակ Հորինիր մի քառատող ձմռան մասին:
Աշխատանք տեքստի շուրջ ընթերցումից հետո:
Այս փուլի նպատակն է զարգացնել տեքստի բովանդակության ընկալումը վերլուծական մակարդակով (գլխավոր գաղափարի, իմաստի ընկալումը): Առաջադրել խնդրահարույց հարց, որի միջոցով վեր են հանվում հեղինակի մտադրությունները, ենթատեքստում թաքնված մտքերը, օրինակ՝ Մայրենի 3 (Մխիթար Հերացին և տակառագործը)
Հարց- Օտարականը ինչու՞ ներողություն խնդրեց և հեռացավ:
Այս բոլոր աշխատանքները հանգեցնում են ուսուցման գործնականացմանը:
Այս տեխնոլոգիան պետք է կիրառել սկսած գրաճանաչության փուլից, երբ սկսվում է տեքստի ընթերցում: