ՄԱՆԿԱՎԱՐԺԱՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ
«Հանրակրթության մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 17.1 հոդվածի 1-ին կետի համաձայն՝ ՀՀ-ում համընդհանուր ներառական կրթության քաղաքականության իրականացման համատեքստում, կիրառվում է երեխայի կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների (այսուհետ՝ ծառայություններ) երեք մակարդակում.
դպրոցական մակարդակ՝ դպրոցական մակարդակում ծառայությունները տրամադրվում են հանրակրթական ուսումնական հաստատության մանկավարժահոգեբանական աջակցության ծառայության կողմից՝ մանկավարժահոգեբանական աջակցության ծառայության խմբի միջոցով,
տարածքային մակարդակ՝ Տարածքային մակարդակում ծառայությունները տրամադրվում են մանկավարժահոգեբանական աջակցության տարածքային կենտրոնի (այսուհետ՝ Տարածքային կենտրոն) կողմից,
հանրապետական մակարդակ՝ Հանրապետական մակարդակում ծառայությունները տրամադրվում են հանրապետական մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի (այսուհետ` Հանրապետական կենտրոն) կողմից։
Կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների մասն է կազմում կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատումը (այսուհետ Գնահատում), որն իրականացվում է` երեխայի կրթության առանձնահատուկ պայմաններ սահմանելու և համապատասխան ծրագրային, մեթոդական և այլ միջավայրային անհրաժեշտ հարմարեցումներ իրականացնելու նպատակով, ինչպես նաև մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների մակարդակը, ծավալները և տևողությունը որոշելու համար: Ըստ կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրման կարգի՝ երեխայի Գնահատման գործընթացը իրականացվում է երկու փուլով.
Դպրոցական մակարդակի Գնահատում, որն իրականացվում է հաստատության մանկավարժահոգեբանական աջակցության խմբի կողմից՝ բացահայտելու կրթության գործընթացում երեխայի արդյունավետ մասնակցության սահմանափակումները, դրանք առաջացնող միջավայրային խոչընդոտող գործոնները և դրանց հաղթահարման խթանիչ գործոնները:
Տարածքային մակարդակի Գնահատում, որն իրականացվում է Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի կողմից, որոշելու երեխայի մոտ այս կամ այն ֆունկցիայի խանգարման աստիճանը և դրանով (կամ դրանցով) պայմանավորված կրթության առանձնահատուկ պայմանների կարիքը:
Դպրոցի դերը և գործառույթները կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման և աջակցության գործընթացում
Կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի բացահայտում դպրոցական մակարդակում:
Ըստ կարիքի հավելյալ աջակցության տրամադրում:
Ըստ անհրաժեշտության` ուղղորդում տարածքային կամ հանրապետական մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն:
Համագործակցում վերը նշված կենտրոնների հետ:
Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի դերը և գործառույթները գնահատման և աջակցության գործընթացում
Կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատում տարածքային մակադակում:
Կրթության կազմակերպման աջակցության ծառայությունների մատուցում:
Խորհրդատվական փոխայցեր ուսումնական հաստատություններ:
Վերապատրաստումների կազմակերպում և անցկացում:
Օրենքով սահմանված այլ գործառույթներ:
Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն դերն ու գործառույթները
Սահմանում է մանկավարժահոգեբանական աջակցության և կրթության առանձնահատուկ պայմանների կարիքների գնահատման միասնական մոտեցումը
Մշակում է մանկավարժահոգեբանական ծառայությունների ոլորտը կարգավորող իրավական ակտերը:
Համակարգում է տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների աշխատանքները:
Մշակում է գիտամեթոդական և ուսումնամեթոդական նյութեր և ուղեցույցներ կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի ունեցող երեխաների հետ աշխատող մանկավարժահոգեբանական մասնագետների համար:
Կազմակերպում և իրականացնում է վերապատրաստումներ, տրամադրում մասնագիտական խորհրդատվություն:
Ստեղծում է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների տվյալների բազա, իրականցնում տվյալների վերլուծություն և տալիս առաջարկություններ՝ քաղաքականության մշակման և իրականացման վերաբերյալ:
Կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատում
Դպրոցական մակարդակ
Եթե կրթության ցանկացած փուլում սովորողի մոտ նկատվում են կայուն դժվարություններ, որոնք խանգարում են նրան իր կարողությունների չափով մասնակցություն ունենալ ուսուցման և ուսումնառության գործընթացում, ապա ուսուցիչը, համաձայնեցնելով սովորողի ծնողի հետ, գրավոր դիմում է դպրոցի տնօրենին՝ իրականացնելու սովորողի դպրոցական մակարդակի Գնահատում: Դիմումը ստանալու օրվանից 3-օրյա ժամկետում հաստատության տնօրենը հրաման է տալիս դպրոցի մանկավարժահոգեբանական աջակցության խմբին իրականացնել սովորողի դպրոցական մակարդակի Գնահատում: Դպրոցական մակարդակի Գնահատումը սկսվում է դիտարկումով, որը տեղի է ունենում սովորողի բնականոն միջավայրում՝ դասապրոցեսի ընթացքում, դասամիջոցին, արտադասարանական կամ արտադպրոցական միջոցառումների ժամանակ: Ուսուցիչը՝ որպես դիտարկում իրականացնող գլխավոր անձ՝ համագործակցելով դպրոցի մանկավարժահոգեբանական աջակցության խմբի, դասավանդող այլ ուսուցիչների և սովորողի ծնողների հետ, որոշակի ժամանակահատվածում, դիտարկման միջոցով, հավաքագրում է համապատասխան տեղեկատվություն սովորողի կարողությունների, հետաքրքրությունների, անձնային որակների, կարիքների ու դժվարությունների, հասակակիցների հետ փոխհարաբերությունների և այլնի մասին: Սովորողի հնարավորությունների, կարիքների և զարգացման առկա մակարդակի դիտարկումը շատ կարևոր է նրա հետագա ուսումնառությունը պլանավորելու և կազմակերպելու համար: Գնահատման այս փուլը, որը ներառում է սովորողի ուսուցիչների և այլ մանկավարժահոգեբանական աշխատողների դիտարկման արդյունքների ուսումնասիրությունն ու վերլուծությունը, տևում է 10-15 օր՝ ծնողի գրավոր դիմումի ընդունման օրվանից հաշված1: Դիտարկման արդյունքների հիման վրա լրացվում է «Երեխայի գործունեության գնահատման գործիք»-ը, իսկ արդյունքները արձանագրվում են «Դպրոցական մակարդակի գնահատման արդյունքների գրանցման թերթիկ» ձևաթղթում: Եթե սովորողի Դպրոցական մակարդակի Գնահատման արդյունքների վերլուծությունը չի վկայում սովորողի մոտ որևէ ֆունկցիայի խանգարման հավանականություն, ապա մանկավարժահոգեբանական աջակցության խումբը մշակում է «Կանխարգելիչ միջամտությունների պլան»՝ ծառայությունների տրամադրման և միջավայրային հարմարեցումների վերաբերյալ (դասավանդման մեթոդներ, տեղի և դասասենյակի վերադասավորումներ, ժամանակի կազմակերպում և այլն):
Դիտարկում
Երեխայի զարգացումը անընդհատ, շարունակական գործընթաց է, իսկ միջավայրը՝ նրա զարգացման կարևոր բաղկացուցիչներից մեկը: Միջավայրը բավարարում է երեխայի հետաքրքրությունները, ապահովում է նրա անվտանգ գործունեությունը, առողջ կենսագործունեությունը: Քանի որ երեխան` իր զարգացման ընթացքով և իրեն շրջապատող միջավայրով մի ամբողջություն է, ապա դպրոցական ուսումնական հաստատությունը ևս, ինչպես նրա ընտանիքը և բակը, հանդիսանում է նրա զարգացումը խթանող միջավայր` փոխելով միայն երեխայի գործունեության կազմակերպման ձևերը: Երեխայի ուսումնառությունը ճիշտ պլանավորելու և կազմակերպելու համար, ինչպես նաև ուսումնական գործընթացին խոչընդոտող որևէ խնդրի դեպքում, շատ կարևոր է իմանալ երեխայի հնարավորությունների, կարիքների և զարգացման առկա մակարդակը, որի համար անհրաժեշտ է իրականացնել երեխայի զարգացման և միջավայրի փոխներգործության գնահատում: Ընդ որում, երեխայի ուժեղ կողմերը, հմտությունները, կարողություններն ու ունակությունները բացահայտելու, գնահատելու և լրացուցիչ աջակցությունների տեսակները պարզելու, ինչպես նաև երեխայի ուսումնառությունը պլանավորելու նպատակով անհրաժեշտ է իրականացնել օբյեկտիվ դիտարկում՝ բացառելով ուսուցչի դրական կամ բացասական վերաբերմունքը երեխայի նկատմամբ:
Գնահատումը նախկինում եվ հիմա
Երեխայի նախնական գնահատումը նախկինում իրականացվում էր բժշկական մոտեցման հիման վրա` կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման հիմքում դնելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության /ԱՀԿ/ Հիվանդությունների Հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների միջազգային վիճակագրական դասակարգումը /ՀՄԴ-10-րդ վերանայում/ և հիմնական շեշտը դրվում էր երեխայի սահմանափակումների և անկարողությունների վրա: Իրավիճակն այսօր բոլորովին այլ է: Այժմ գնահատման թիրախ է հանդիսանում երեխայի ֆունկցիոնալ սահմանափակումների և միջավայրային գործոնների փոխազդեցությունը, որի հետևանքով սովորողն ունենում է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք: Ավելին, այսօր գնահատումը բացահայտում ոչ միայն կարիքը, այլև սովորողի ուսումնառության ներուժը` կենտրոնանալով երեխայի կարողությունների, ուժեղ կողմերի վրա: Կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման այսօր հիմնվում է ԱՀԿ-ի Ֆունկցիոնալության, Առողջության և Հաշմանդամության միջազգային դասակարգման վրա /ՖՄԴ-ԵԵ/, որով և սահմանվում է երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքը և երեխայի կարողությունների ու միջավայրային գործոնների հաշվառմամբ պլանավորվում է նրա կրթությունը:
Այսպիսով, Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների գնահատման նպատակն է բացահայտել երեխայի մասնակցությունը և ակտիվությունը գործունեության բոլոր բնագավառներում, նրա ուժեղ և թույլ կողմերը, կրթության կազմակերպման համար անհրաժեշտ խթանող միջավայրը:
Մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրումը դպրոցական մակարդակում
Մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ ասելով հասկանում ենք ուսումնամեթոդական, հոգեբանական և մանկավարժական աջակցություն, որը ցուցաբերվում է երեխային, նրա ծնողին և մանկավարժական աշխատողին: Այսօր շատ է խոսվում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների իրավունքների, լիարժեք ուսուցման, պահանջմունքների և հարմարեցումների մասին: Մեր բոլոր ջանքերը պետք է ուղղված լինեն նրան, որպեսզի կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխան օգտվի իր իրավունքներից` օգտագործելով իր բոլոր հնարավորությունները: Ինչպես իր հասակակիցները՝ նա ևս պետք է մասնակցի սոցիալական կյանքի բոլոր տեսակներին ու ձևերին, ստանա համապատասխան ուսուցում: Շատ կարևոր է, որ երեխայի ծնողների, ընկերների, մանկավարժների և այլ մասնագետների հետ համատեղ աշխատանքի արդյունքում երեխային, տրամադրենք այնպիսի աջակցություն, որը կբարձրացնի նրա ակտիվությունն ու մասնակցությունը:
Ինչ է իրենից ներկայացնում աջակցությունը
Առօրյա կյանքում, ուսման և գործունեության այլ բնագավառներում երեխայի ակտիվությունն ու մասնակցությունը բարձրացնելու համար աջակցությունը պետք է ուղված լինի.
Երեխայի ուսուցման, դաստիարակության, սոցիալական ադապտացիայի օպտիմալ պայմանների և հարմարեցումների ստեղծմանը:
Միասնական կրթական միջավայրի ապահովմանը:
Երեխաների պոտենցիալ հնարավորությունների զարգացմանը միասնական գործունեության ընթացքում:
Երեխայի կյանքի կարևորագույն փորձի, իմացական, խոսքի, շարժողական ոլորտների, սոցիալական հմտությունների ձևավորմանն ու զարգացմանը:
Ուսումնական գործունեության ընթացքում զարգացնող աշխատանքների արդյունավետության ապահովմանը:
Բացասական դրսևորումների /հուզական, վարքային/ հաղթահարմանը:
Դրական գործունեությամբ զբաղվելու դրդապատճառների բարձրացմանը:
Երեխաների նյարդային և հոգեկան վիճակների պահպանմանն ու ամրապնդմանը:
Երեխաների սոցիալական և մասնագիտական ուղղորդմանը:
Երեխայի դաստիարակության և զարգացման գործում ընտանիքի դերի կարևորմանը:
Համապատասխան գրականության, անհատական, ուսումնական, տեխնիկական միջոցների, դիդակտիկ նյութերի ստեղծմանը:
Կրթական կարիքին համապատասխան անհատական ծրագրերի ապահովմանը:
Աջակցություն տրամադրվում է՝
Կրթության մեջ դժվարություն ունեցող երեխային, անհրաժեշտության դեպքում պետք է տրամադրվի նաև աջակցման այնպիսի ծառայություններ, ինչպիսիք են հոգեբանական, լոգոպեդական, հատուկ մանկավարժական վերականգնողական ծառայությունները: Ելնելով երեխայի զարգացման առանձնահատկություններից` կարող է տրամադրվել համապատասխան հարմարեցումներ, ինչպես միջավայրային, այնպես էլ` մեթոդական: Ցանկացած դժվարություն, որի առաջ կանգնում է երեխան, հնարավոր է հաղթահարել միայն այն դեպքում, երբ համագործակցում են բոլոր այն անձինք, ովքեր այս կամ այն կերպ կապ ունեն երեխայի հետ, հատկապես կարևորվում է ծնողի դերը:
Ծնող
Ընտանիքին աջակցելու լավագույն տարբերակներից են ծնողական ակումբները:
Ծնողական ակումբը, որն իրենից ներկայացնում է տարբեր ծնողների միավորում, իր առջև դնում է հետևյալ նպատակները.
ընտանիքում բարենպաստ միջավայրի ձևավորում երեխայի ունեցած առավելագույն անհատական, ստեղծագործական և սոցիալական հնարավորությունների բացահայտման համար,
ծնողների և հաստատություններ միջև գործնական փոխհարաբերությունների ձևավորում,
ծնողների անհատական և սոցիալական զարգացում, սոցիալական ակտիվության և վարքագծի կառուցողականության հմտությունների ձևավորում,
ծնողական ակումբում կիրառվում են աշխատանքների տարբեր ձևեր.
երեխայի զարգացման հարցերի վերաբերյալ անհատական խորհրդատվություն
տարբեր արտակումբային միջոցառումների կազմակերպում /թատրոններ, թանգարաններ, ցուցահանդեսներ, արշավներ և այլն/
զարգացնող, ուսուցանող սեմինարներ, միջոցառումներ
հոգեբանական թրեյնինգներ, հասարակական ակցիաներ
մասնակցություն մամլո-ակումբներին և կլոր սեղաններին` ընտանիքում երեխաների դաստիարակության փորձի վերաբերյալ հրատարակություններ, հանդիպումներ իշխանության ներկայացուցիչների հետ,
պարապմունքներ «երեխա-ծնող-մասնագետ» համակարգում, երեխայի զարգացման առաջընթացի մասին փորձաքննության մասնակցություն:
Ծնողները պետք է հանգստացնեն երեխային, թեթևացնեն նրա անհանգստությունները, ընտանիքում ստեղծեն լավատեսության մթնոլորտ: Այդ հարցում ընտանիքներին պետք է աջակցեն սոցիալական մանկավարժները:
Ընտանիքներն ընտրում են ներառական կրթություն իրականացնող ուսումնական հաստատություններ, որպեսզի իրենց երեխաները կարողանան ազատ շփվել և հաղորդակցվել հասակակիցների հետ, ինչպես նաև ծնողներն իրենք շփվեն այլ ծնողների և ուսուցիչների հետ: Դպրոցի ուսուցիչները պետք է ստեղծեն համագործակցության արդյունավետ մեխանիզմներ ընտանիքի և դպրոցի միջև: Այդ ամենի համար առաջին հերթին անհրաժեշտ է ստեղծել հուզական կոնտակտ, վստահություն, ցուցաբերել հարգանք, աջակցել ծնողներին, ընդունել և հաշվի առնել ծնողների կարծիքը:
Ուսուցիչ
Դպրոցներում, որտեղ իրականացվում է ներառական կրթություն, հիմնական աշխատանքը իրականացվում է դասարանում` ուսուցչի և սովորողի շփման ժամանակ: Սակայն ուսուցիչը այս դեպքում հայտնվում է դժվար իրավիճակում, երբ իր ունեցած գիտելիքները, հմտությունները և փորձը չեն բավարարում ամբողջովին բացահայտել երեխայի առանձնահատկությունները: Այդ իսկ պատճառով, ինչպես կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխային ժամանակ է անհրաժեշտ դպրոցին և դասարանին հարմարվելու համար, այնպես էլ ուսուցչին անհրաժեշտ է ձեռք բերել լրացուցիչ գիտելիքներ և հմտություններ: Ուսուցիչն, ով աշխատում է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողի հետ, առաջին հերթին աջակցությունը կարող է ստանալ դպրոցի լոգոպեդի, հոգեբանի, հատուկ մանկավարժի, ուսուցչի օգնականի, ղեկավար անձնակազմի կողմից: Բացի դրանից ուսուցիչը պետք է իմանա բոլոր այն սոցիալական օղակների /կառույցների/ մասին, որոնք կարող են աջակցել իրեն այս կամ այն խնդրի ժամանակ: Սովորաբար նման ծառայություններ մատուցող կառույցները ավելի իրազեկված են, քան այդ տեղեկատվությունը ստացողները: Այդ իսկ պատճառով ուսուցիչները, որոնք ճիշտ ներառում իրականացնելու համար աջակցության կարիք ունեն, պետք է ժամանակավորապես դառնան «սովորող», ինչն էլ իրենցից հոգեբանական ճկունություն, պատրաստակամություն և ստեղծագործական միտք է պահանջում:
Ուսուցչի օգնական
Ուսուցչի օգնականի ինստիտուտը հանրակրթական դպրոցներում ներդրվում է համընդհանուր ներառական կրթության անցման համատեքստում, որի հիմնական նպատակը բոլոր սովորողների համար որակյալ կրթության ապահովմանը աջակցող մանկավարժական դիսցիպլինար (առարկայական) որոշակի խնդիրների շուրջ համապատասխան ծառայությունների տրամադրումն է: Խնդիրների շրջանակը բացառապես ուղղված է սովորողի կամ սովորողների խմբի կողմից ուսումնական նյութի առավել համակողմանի յուրացման դժվարությունների բացահայտմանը, հոգեբանական խոչնդոտների հաղթահարմանը և առանձին դեպքերում նաև մանկավարժամեթոդական հնարների կիրառման միջոցով առարկայական ուսումնական նյութի յուրացմանը:
Սակայն ուսուցչի օգնականի գործառույթների հետագա հստակեցումը, այդ պաշտոնի գործառույթների շրջանակը սահմանվեց բացառապես սովորողներին ուսումնական նյութի յուրացման խնդիրների լուծման մեթոդամանկավարժական ու առարկայական բովանդակության խնդիրների հաղթահարման աջակցության մանկավարժական ծառայությունների շուրջ: Դա նաև հիմք դարձավ սույն պաշտոնում աշխատողների դեպքում համապատասխան առարկայական ուղղվածության ուսուցչի որակավորումն ունեցող մանկավարական աշխատողներին ուսուցչի օգնականի պաշտոնում նշանակելու դրույթի ամրագրումը: Բացի այդ, քանի որ սովորողի ԱՈՒՊ-ը դարձավ բացառապես կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողին դասավանդող ուսուցչի կողմից լրացման ենթակա փաստաթուղթ, ուստի դրա վարման վերահսկողության պարտականությունը դրվեց ուսուցչի օգնականի վրա: Միաժամանակ, հստակեցվեցին նաև ԱՈՒՊ-ի վարման հետ կապված թիմային համագործակցության ու փաստաթղթավորման գործընթացներում առկա ոչ հստակ պարտականություններն ու պատասխանատուները:
Ուսումնական հաստատություններում առկա մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ մատուցող խմբի մասնագետներ
Մանկավարժահոգեբանական աջակցության խումբը աշխատում է ցանկացած սովորողի հետ, ում մոտ կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատմամբ /դպրոցական կամ տարածքային մակարդակի գնահատում/ պարզվել է այս կամ այն ֆունկցիայի որևէ աստիճանի խանգարում, որը դժվարեցնում է սովորողի ուսումնառության գործընթացը:
Մանկավարժահոգեբանական աջակցության խմբի անդամները՝
խորհրդատվություն են տրամադրում ուսուցիչներին և ուսուցչի օգնականներին կրթության համար անհրաժեշտ առանձնահատուկ պայմանների և ծրագրային հարմարեցումների, հատուկ մանկավարժական ռազմավարությունների և մեթոդների, նյութերի և ռեսուրսների ընտրության վերաբերյալ,
տեղեկություններ է տրամադրում ուսուցիչներին և սովորողի ծնողին սովորողի ուժեղ կողմերի և դժվարությունների մասին,
հանդիսանում է ԱՈւՊ-ի և ՄԱԾԱՊ-ի մշակման ինչպես նաև գնհատման խմբի անդամ:
Ինչպես աջակցել երեխային
Աջակցության տրամադրման գործընթացում ծառայությունների ամենամեծ մասը տրամադրվում է երեխային՝ ապահովելով իր կարողություններին համապատասխան կրթություն:
Ցանկացած աջակցություն ոչ թե պետք է անջատի, մեկուսացնի կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողին իր հասակակիցներից ու համադասարանցիներից, այլ պետք է օգնի նրան հնարավորության սահմաններում կրթություն ստանալ դասարանում բոլորի հետ միասին: Աջակցությունը պետք է լինի ճիշտ՝ այնքան, որքան անհրաժեշտ է սովորողին առաջադիմելու համար:
Աջակցող սարքեր, հարմարեցում և հավելյալ ծառայություններ
Աջակցող սարքերը, հարմարեցումը և հավելյալ ծառայությունները բոլոր այն միջոցներն են, որոնք կիրառվում են կրթական միջավայրում և թույլ են տալիս կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողին հնարավորության սահմաններում կրթություն ստանալ իր հասակակիցների հետ:
Աջակցող սաքերը կարող են լինել.
Հաղորդակցման սարքեր
Տեսողական/լսողական սարքեր - երբ սովորողը պետք է մանր տեքստ կարդա, խոշորացույցի կիրառումը կարող է օգտակար լինել: Եթե նյութն էլեկտրոնային տարբերակով է, կարելի է մեծացնել տառաչափը: Լսողական սարքերն անկասկած անփոխարինելի են լսողության խնդիրներ ունեցող երեխաների համար:
Հարմարավետ նստելու և դիրքը պահպանելու սարքեր
Շարժունակությունն ապահովելու սարքեր
Բռնելու և մանր մոտորիկայի համար նախատեսված պարզ սարքեր կամ գրելու փոխարեն ստեղնաշարի կիրառումը:
Աջակցման բաղադրիչներ
Հարմարեցում չի նշանակում միայն բովանդակային փոփոխություն կամ բովանդակության նվազեցում, այն ենթադրում է դասավանդման տարբեր մեթոդներ, ինֆորմացիան ներկայացնելու տարբեր ձևաչափեր, սովորողի պատասխանի տարբեր ձևեր, ժամանակի և միջավայրի հարմարեցումներ:
Ստորև նշված են աջակցության այն բոլոր բաղադրիչները, որոնց վրա ուշադրություն պետք է դարձնել երեխայի աջակցությունը կազմակերպելիս.
Քանակ – փոփոխել առաջադրանքների քանակը, որոնք սովորողը պետք է կատարի:
Ժամանակ – փոփոխել /սովորաբար ավելացնել/ ժամանակը, որն անհրաժեշտ է առաջադրանքը կատարելու համար: Սովորողը, ով դանդաղ է մտածում, առաջադրանքը կատարելու համար ավելի երկար ժամանակ է ծախսում:
Աջակցության չափ – ավելացրել աջակցությունը, երբ սովորողը դրա կարիքն ունի: Ուսուցիչը կարող է հանձնարարել զույգերով աշխատանք, որի ժամանակ մի սովորողն աջակցում է մյուսին առաջադրանքը կատարելու/ավարտին հասցնելու համար: Հասակակիցների աջակցությունը անհրաժեշտ է կիրառել դասարանում: Աջակցության այս ձևը օգտակար է և′ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների, և′ նրանց հասակակիցների համար:
Ներդրում – Կրթական նյութը պետք է մատուցվի այնպես, որ բովանդակությունը հասանելի և մատչելի լինի բոլոր երեխաներին: Կարելի է փոփոխել ուսումնական նյութը ներկայացնելու և սովորեցնելու ձևերը: Ուսուցիչը պետք է օգտագործի տեսողական նյութեր, օրինակ.՝ իմացական քարտեզներ, գրաֆիկական սխեմաներ: Լավ կլինի, որ ուսուցիչը պատրաստի կոնկրետ, հստակ օրինակներ և գործնական առաջադրանքներ, որոնք մատչելի են սովորողի համար:
Դժվարության մակարդակ – փոփոխել ուսուցանվող նյութը սովորողի կարողությունների և գիտելիքի մակարդակին համապատասխան, օրինակ.` պարզեցնել առաջադրանքի պահանջները, հարմարեցնել որոշ կանոններ և այլն:
Արդյունք – ուսուցիչը կարող է թույլ տալ սովորողին պատախանել իրեն հարմար տարբերակով, օրինակ.` գրավոր պատասխանի փոխարեն տալ բանավոր պատասխան, կամ ցույց տալ նախագծերի, ծրագրերի, ձեռքի աշխատանքի միջոցով:
Մասնակցություն – փոփոխեք սովորողի ակտիվ մասնակցության չափն ու ձևը տրված առաջադրանքին, օրինակ.` աշխարհագրության դասին թույլ տվեք սովորողին պահել գլոբուսը, որի վրա մյուս սովորողն ինչ-որ բան է ցույց տալիս:
Նպատակներ – ուսուցիչը կարող է կիրառել նույն նյութը բոլոր սովորողների հետ, սակայն կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողի համար ահնրաժեշտ կլինի փոփոխել նպատակը կամ սպասվող վերջնարդյունքը, օրինակ.` հայրենագիտության դասին մի սովորողը պետք է նշի միայն մարզերը, իսկ մյուսը՝ մարզերն ու համապատասխան մարզկենտրոնները:
Ուսումնական նյութեր – այլ նյութեր և դասավանդման ոճ կիրառել կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողի անհատական ուսուցման պլանի մեջ ամրագրված նպատակներին հասնելու համար:
Ինչպես է ուսուցիչը ներկայացնում նյութը.
Տեսողության խնդիր ունեցող սովորողի համար լավ կլինի նյութը ներկայացնել մեծ տառատեսակով կամ ձայնային սարքերի օգնությամբ:
Լսողության խնդիր ունեցող սովորողը, ով կարողանում է կարդալ շուրթերով, պետք է տեսնի ուսուցչի դեմքը, երբ վերջինս խոսում է:
Այն սովորողին, ով չի կարող հետևել հրահանգին, անհրաժեշտ կլինի, որ ուսուցիչը ցույց տա յուրաքանչյուր քայլը կամ յուրաքանչյուր քայլը կատարելիս հուշի:
Մոդելավորումը մոտեցում է, որի ժամանակ ուսուցիչը բարձրաձայն նկարագրում է բոլոր իրականացվող քայլերը, առաջադրանքը կատարելու համար:
Այն երեխաների համար, որոնք կենտրոնանլու խնդիր ունեն, ուսուցիչը կարող է տնային աշխատանքը նշել գրատախտակին և հետևել, որ սովորողը նշի առաջադրանքը տետրի լուսանցքում:
Անսխալ ուսուցում – ուսուցիչը այնպես է կառուցում դասը և հարմարեցնում միջավայրը, որ նվազեցնի սովորողի սխալվելու հնարավորությունը:
Ուսուցման ժամանակ կարելի է կիրառել ֆիզիկական /ձեռքից բռնել և միասին անել/, վերբալ /ուղղորդող կամ հուշող հարց տալ/ և տեսողական /ժեստ, նկար/ հուշումներ:
Ասոցիացիաները, հանգավորվող բառերը և ակրոստիկոսները հիշողությունը զարգացնելու, նոր տեղեկություն սովորելու և մտապահելու տարբերակներ են:
Միջավայր – ուսումանական միջավայրը շատ կարևոր է և դրա հարմարեցումը նույնպես մեծ ազդեցություն է ունենում սովորողի ուսումնառության վրա: Միջավայրի հարմարեցումը ներառում է սովորողի նստելու տեղը, դասարանում կահույքի դասավորվածությունը և, իհարկե, ձայնային, լուսային միջավայրն ու ազդակները: Օրինակ.՝ լսողության խանգարում ունեցող սովորողը, ով կարդում է շուրթերով, պետք է նստի այնտեղ, որտեղից նա հստակ տեսնում է ուսուցչի դեմքը: Կամ անվասայլակ/քայլակ օգտագործող սովորողի համար դասարանի կահույքը պետք է լինի ճիշտ դասավորված` ապահովելով աշակերտական նստարանների միջև լայն միջանցքներ, ինչն էլ հնարավորություն կտա սովորողին ինքնուրույն տեղաշարժվել: Սայլակով տեղաշարժվող սովորողի համար նյութերը պետք է հասանելի լինեն: Հաճախ շեղվող սովորողի համար պետք է ստեղծել ավելորդ գրգռիչներից զերծ աշխատանքային վայր: Ուշադրության պակաս և գերակտիվության համախտանիշ ունեցող սովորողի համար անհրաժեշտ է լուռ աշխատանքային անկյուն, որը զերծ է ավելորդ ազդակներից: Առաջադրանքը մասերի բաժանելն ու դրանք կատարելու համար շատ ժամանակ տրամադրելը նույնպես հարմարեցում է:
Այն բոլոր աջակցությունները, որոնց մասին խոսվեց, կարելի է խմբավորել և ներկայացնել հետևյալ գծապատկերով.
Բնագավառ | Սահմանում | Օրինակներ |
Ուսուցման ծրագրում | Փոփոխել հանրակրթական ծրագրի ներկայացման ֆորմատը և կամ սովորողի պատասխանելու ձևը: | խոսող գրքեր, գծապատկերներ, կազմակերպիչներ, տեսա և ձայնագրություններ /ուսուցիչը նյութը ներկայացնելիս, իսկ սովորողը պատասխանելիս/ |
Հասանելիություն | Համայնքի, դպրոցի շենքի և դասարանի հարմարեցումներ, որոնք կապահովեն ֆիզիկական և կոգնետիվ հասանելիությունը: | թեքահարթակներ, լայն դռներ, լայն և ազատ իջանցքներ /դասարանում, նստարանների միջև |
Դասարան/միջավայր | Դասարանի միջավայրի և ուսուցման վրա ազդող գործոնների փոփոխություն և հարմարեցում: | նստարանների դասավորություն, սովորողի նստելու տեղը, լուսավորություն, տարբեր նստատեղեր |
Կրթական և աջակցող տեխնոլոգիա | Տեխնոլոգիա, որը նվազեցնում է սովորողի սահմանափակման ազդեցությունն իր ունակությունների վրա: | հաշվիչ, հաղորդակցման սարք, համակարգիչ |
Գնահատում և առաջադրանքների հարմարեցում | Ժամանակի և առաջադրանքների պահանջների փոփոխություններ, բայց ոչ բովանդակության, ինչն օգնում է սովորողի մասնակցությանը գնահատման և ուսումնական առաջադրանքներին: | հավելյալ ժամանակ, բանավոր պատասխան |
Ուսուցչի, մասնագետի կամ հասակակցի աջակցություն | Այլ անձից աջակցություն, որը նպաստում է սովորողի մասնակցությանը կրթական գործունեության մեջ: | աջակցող, հատուկ մանկավարժ, մասնագետներ, համադասարանցի |
Անհատական ուսուցման պլանին (ԱՈՒՊ) կից փաստաթուղթ`
Մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների
անհատական պլան (ՄԱԾԱՊ)
ՄԱԾԱՊ-ի կազմված է հետևյալ բաժիններից`
Երեխայի անձնական տվյալներ,
Ֆունկցիաների կատարողականության մակարդակը` ըստ կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման,
Երեխայի ֆունկցիոնալության նկարագիր,
Տարեկան նպատակներն ըստ զարգացման բնագավառների և արդյունքներն ըստ թիրախային հմտությունների,
Կարճաժամկետ նպատակադրումներ՝ խնդիրներ,
Միջավայրաին գործոններ, որոնք կարող են ազդեցություն ունենալ երեխայի կատարողականի վրա,
Մանկավարժահոգեբանական աջակցության պլանի գնահատում,
Կիսամյակային գնահատման արդյունքերի ամփոփ հաշվետվություն,
Տարեվերջյան արդյունքների գնահատման ամփոփ հաշվետվություն,
Անցումային պլան. առաջարկություններ հաջորդ տարվա համար,
ՄԱԾԱՊ-ը մշակող խմբի տորագրություններ և ծնողի համաձայնություն,
Մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների անհատական պլանի (այսուհետ` ՄԱԾԱՊ-ի) մշակումը համագործակցային գործընթաց է, որն իրականացվում է մանկավարժահոգեբանական աջակցության խմբի կողմից (հատուկ մանկավարժ, ուսուցչի օգնական, հոգեբան, սոցիալական մանկավարժ, սուրդոմանկավարժ, տիֆլոմանկավարժ, լոգոպեդ, այլ մասնագետներ): Այս գործընթացի մեջ ընդգրկվում են նաև երեխան և ծնողը:
ՄԱԾԱՊ-ը մշակվում է այն երեխայի համար, ով ներկայացվել է Տարածքային մակարդակի գնահատման, որի արդյունքում պարզ է դարձել, որ ունի կրթության առանձնահատուկ պայմանների կարիք և առանց անհրաժեշտ հարմարեցումների, առանց մանկավարժահոգեբանական աջակցության չի կարող հասնել կրթության իր նպատակներին: Այն համարվում է ԱՈւՊ-ին կից փաստաթուղթ և մշակվում է նույն սկզբունքներով:
1 Գնահատման համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը ներկայացված են ԿԳ նախարարության կայքում՝
http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=113152
ՀՀ ԿԳՆ նախարարի 13 ապրիլի 2017թ-ի հրաման N 370-Ն «Կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրման կարգը հաստատելու մասին»