Просмотр содержимого документа
«Փավստոս Բուզանդ »
Փավստոս Բուզանդի «Պատմություն Հայոց» երկը[1] ժամանակագրական առումով Ագաթանգեղոսի պատմության շարունակությունն է։ Աշխատությունը գրվել է հինգերորդ դարի երկրորդ կեսին, հավանաբար 60- ական թվականներին։ Բայց գրքից երևում է, որ գրողը սնվել ու դաստիարակվել է հայ հերոսական անցյալի հիշատակներով և ազատասիրական գաղափարներով։ Փավստոս Բուզանդը ջերմ հայրենասեր է, հայ ոգու և ձգտումների արտահայտիչ։
Պատմությունը գրելիս Բուզանդը չի ղեկավարվում պատմագրության խիստ չափանիշներով, չի ձգտում սահմանել ճիշտ ժամանակագրություն։ Պատմիչը դեպքերը շարադրում է իր լսած բանավոր պատմությունների հիման վրա։
Փավստոս Բուզանդի երկն ընդգրկում է պատմական կարճատև ժամանակաշրջան՝ Խոսրով Գ Կոտակից մինչև Հայաստանի առաջին բաժանումը (387) Արևելահռոմեական Կայսրության (Բյուզանդիայի) և Պարսկաստանի միջև։ Այն բաղկացած է առաջաբանից և չորս դպրություններից, որոնք բաժանվում են առանձին վերնագրված գլուխների։
Փավստոս Բուզանդը իր երկը շարադրելիս, օգտվել է Աստվածաշնչից, վարքաբանական–վկայաբանական գրքերից, հայկական նախորդ պատմագիտական գրականությունից, ավանդազրույցներից։ Պատմագիտական և բանասիրական մեծ արժեք է ներկայացնում երկում զետեղված «Պարսից պատերազմը» ժողովրդական ավանդավեպը, որի առանցքը Սասանյան Պարսկաստանի դեմ հայ ժողովրդի մղած հերոսական պայքարի պատմությունն է։ Այն ներթափանցած է քրիստոնեական գաղափարախոսությամբ. երկի մեկ երրորդը կազմում են զանազան տեսիլներ, սրբերի վարքագրություններ, հրաշքներ, քարոզներ, խրատներ, վարդապետություններ, աղոթքներ։
«Հայոց պատմությունը» պարունակում է արժեքավոր տեղեկություններ Հայաստանի 4-րդ դարի քաղաքական պատմության, ներքին կյանքի, հասարակական-քաղաքական կառուցվածքի, դասակարգային ու ներդասային պայքարի, նրանց փոխհարաբերությունների, եկեղեցակրոնական հարցերի, ժողովրդի կենցաղի, հավատալիքների պարսկա-բյուզանդական հակամարտության մեջ Հայաստանի դերի մասին։ Գրքում հեղինակը լայն տեղ է հատկացնում Հայաստանի և հարևան հզոր տերությունների փոխհարաբերությունների, Պարսկաստանի դեմ հայ Արշակունի թագավորների և Մամիկոնյան սպարապետների մղած պատերազմների պատկերացմանը՝ ցույց տալով միասնական ուժեղ պետականության ստեղծման և արտաքին թշնամիներին դիմադարձ կանգնելու նրանց գործադրած ճիգերը։ Առանձնապես հանգամանորեն են ներկայացնում Արշակ Երկրորդի և Պապ թագավորի գահակալության տարիներին տեղի ունեցած դեպքերը։
Չնայած պատմական դեպքերի և դեմքերի որոշակի վիպականացմանը, ստույգ ժամանակագրության բացակայությանը, առկա անճշտություններին, կրոնական և քաղաքական գործիչների գեղարվեստական կերպավորմանը, Հայոց թագավորների՝ հատկապես Տիրանի (338-350 թվականներ), նրա որդու՝ Արշակ Բ-ի (350-368 թվականներ) և թոռան՝ Պապի (369-374 թվականներ), ինչպես նաև Պապի սյունեցի մոր՝ Փառանձեմ թագուհու (Անդովկ Սյունի մեծ իշխանի դստեր) բացասական գույներով ներկայացմանը` ճոխ և պատկերավոր լեզվով շարադրված «Պատմություն Հայոցը» հայկական մատենագրության արժեքավոր երկերից է։