Просмотр содержимого документа
«Փավստոս Բուզանդի կյանքը»
Որոշ ուսումնասիրողներ, Փավստոս Բուզանդին նույնացնելով Հայոց կաթողիկոս Ներսես Ա Մեծի խորհրդական հույն եպիսկոպոս Փավստոսին, կարծում են, որ նա իր «Պատմություն Հայոց» երկը գրել է 4-րդ դարի վերջին հունարեն, իսկ 5-րդ դարում այն թարգմանվել է հայերեն։ Այլ հայագետներ Փավստոս Բուզանդին համարում են հայ, իսկ նրա երկը՝ գրված հայերեն 5-րդ դարի երկրորդ կեսին, որի հեղինակն իբր իր գիրքը վերագրել է նկարագրված դեպքերի ժամանակակից հույն հոգևորական Փավստոսին։
Ղազար Փարպեցին, Փավստոս Բուզանդին դիտելով որպես հայոց պատմության երկրորդ գրքի (317-387 թթ. ժամանակաշրջանի պատմության) հեղինակ, նրա երկում հանդիպող թերությունները վերագրում է հետագա «թերուս» մարդկանց (ըստ Փարպեցու՝ Հայոց պատմության առաջին գրքի (290-330 թթ. ժամանակաշրջանի պատմության) հեղինակն է Ագաթանգեղոսը)։
Մինչև 19-րդ դարի վերջին քառորդը Փավստոս Բուզանդի «Պատմություն Հայոցը» համարվել է նվազ վստահելի աղբյուր։ Վիճակը փոխվել է, երբ ֆրանսիացի հայագետ Անտուան Ժան Սեն–Մարտենը Փավստոս Բուզանդի երկը գնահատել է որպես կարևոր աղբյուր և լրջորեն ձեռնամուխ եղել դրա ուսումնասիրմանը։ Պատմիչի Բուզանդ մականունը հիմնականում մեկնաբանվել է «բյուզանդացի» կամ Բյուզանդիայում կրթություն ստացած մարդու իմաստով։
Բուզանդի անձի հարց[խմբագրել | խմբագրել կոդը]
Մատենագրական ոչ մի տեղեկություն նրա անձնավորության մասին պահպանված չէ, բացի երեք անորոշ և մութ ակնարկներից։ Բուզանդի երկում «զմերոյ տոհմի ազգի իշխանն Սահառունեաց» արտահայտությունից կարելի է եզրակացնել, որ ինքը Սահառունյաց տոհմից է։
Գրքի առաջին մասը (երրորդ դպրություն) ավարտվում է մի հիշատակագրությամբ. «Կատարեցաւ երրորդ դարք քսան և մի պատմութեանց դպրութիւնք ժամանակագիր կանոնք Փաւստեայ Բիւզանդեայ մեծի պատմագրի, որ էր ժամանակագիր Յունաց»։ Այնուհետև՝ վերջին մասի (վեցերորդ դպրության) ցանկն ավարտվում է այսպիսի տողերով. «Ստորոտ ամենայն պատմութեանց յաղագս իմ տեղեկութեան, որք մի անգամ զմատեանս ընթեռնոյք, տունք տասն՝ համարական թուօք»։ Սակայն բանասերներն իրավամբ ընդունում են, որ առաջին արտահայտությունն աղճատված է. «զմերոյ տոհմի ազգի» բառերի փոխարեն պետք է լինի ինչ-որ նմանահունչ անուն։ Երկրորդը հետագա որևէ գրչի հիշատակագրություն է։ Իսկ երրորդի մեջ եղած խոստումը, ըստ որի հեղինակը տասը տան կամ գլուխների մեջ պետք է իր կենսագրությունը շարադրեր, մնացել է անկատար, կամ չի հասել մեզ։ Այն չի եղել նաև Փավստոսի «Պատմության»՝ Ղազար Փարպեցուն ծանոթ օրինակում։
Մատենագրության մեջ կամ ժողովրդական ավանդություններում ուրիշ ոչ մի խոսք կամ զրույց չի պահպանվել Բուզանդի մասին, և հենց 5-րդ դարից նրա շուրջն ստեղծվել է առեղծված և խորհրդավորություն։
Այդ լռությունը առաջինը փորձել է բացատրել Ղազար Փարպեցին։ Ոմանք, նրա երկի մեջ որոշ տեղերում տեսնելով անհարմար և անպատշաճ բաներ, գրում է Փարպեցին, հարմար գտան լռել, որովհետև նա Բյուզանդիայում էր ուսել կամ բյուզանդացի ուսյալ էր, «ոմանք նրա շարադրածի մեջ տեղ-տեղ անհարմար բաներ նկատեցին և Ագաթանգեղոս կոչված առաջին գրքի նման ճշմարիտ չհամարեցին, բայց վախենալով հարկադրվեցին այդպիսի անպատշաճ շարադրանքը չվերագրել Բյուզանդիայում ուսած մարդու»։ Ղազար Փարպեցին չի ուզում հավատալ, որ Բյուզանդիայում կրթված անձնավորությունը կարող էր այդքան «անպատշաճ» բաներ գրել. «Ուստի այն գործն իմ տկարամտությանն անհավատալի երևալով,- եզրակացնում է Փարպեցին,- ասում եմ, միգուցե մի ուրիշ հանդուգն և տգետ մարդ լրբաբար գրեց խելքին փչածը, և կամ մեկը, հարմարը չկարողանալով գրել, այլակերպելով վնասեց և Փավստոսի անունով իր սխալները կամեցավ ծածկել»։
Պատմության հեղինակն ամենայն հավանականությամբ պատսպարվել է Փավստոս Բուզանդ անվան տակ, բայց ոչ թե սխալները ծածկելու («սխալանս համարեցաւ ծածկել»), այլ իր պատմությունն ավելի ազդեցիկ և հավաստի դարձնելու համար։