Գրական երկի կերպարների վերլուծությունն ավագ դպրոցում
«Անուշ» պոեմի կերպարների ուսուցման դաս
Դասարանը՝ 11-րդ
Առարկան՝ Հայ գրականություն
Թեման՝ Հովհ. Թումանյան «Անուշ» պոեմը. Կերպարները (կարելի է տրամադրել 2
դասաժամ)
Նպատակները
1. Ակադեմիական աշակերտները կիմանան՝
ա) գրական կերպարի վերլուծության սկզբունքները.
բ) գրական երկից քաղված փաստերի օգնությամբ հերոսին բնութագրելու
առանձնահատկությունները.
աշակերտները կկարողանան՝
ա) գրական երկից գտնել տվյալ հերոսի արտաքինն ու բնավորությունը
ներկայացնող հատվածները.
բ) ընկալել հերոսի ապրումները, հասկանալ նրան.
գ) բանավոր և գրավոր խոսքով ներկայացնել և բնութագրել տվյալ հերոսին.
2. Սոցիալական
ա) ըմբռնել մարդու հոգեբանությունը, վարժվել ապրումակցման.
բ) վարժվել համագործակցության և հաղորդակցման.
գ) դրսևորել հանդուրժողականություն և փոխըմբռնում դասընկերների հակադիր
կարծիքների դեպքում
Ուսումնական նյութեր՝ Հովհաննես Թումանյանի «Անուշ» պոեմի տպագիր
օրինակներ, Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերայի սկավառակը, «Անուշ»
կինոնկար-օպերայի ժապավենը, պոեմի նկարազարդումներ, մեծ թղթեր, գունավոր
ներկեր (մարկերներ):
Կիրառվող մեթոդներ՝ մտագրոհ, խմբային հետազոտություն, տեքստային
աշխատանք, ինքնուրույն ստեղծագործական աշխատանք
Դասի ընթացքը. կիրառվում է ԽԻԿ համակարգը
Խթանում. երկու քայլից է. (կարելի է կիրառել կամ մեկը կամ մյուսը)
ա) կիրառվում է մտագրոհ. գրատախտակին գծված շրջանակի մեջ գրվում է
կերպար բառը: Շուրջը գրանցվում են սովորողների բոլոր ասածներն անխտիր:
բ) Ուսուցիչն ասում է, որ հիմա լսելու են Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերայի
նախերգանքը: Առաջարկում է լսել և հետևել պոեմի (տպագիր) նախերգանքին:
Ավարտից հետո հարց է ուղղում. «Ո՞ւմ էր ներկայացնում հեղինակն այս
Նախերգանքում և ինչո՞ւ»: Մի քանի կարծիքներ լսելուց հետո անցնում են ԽԻԿ
համակարգի հաջորդ փուլին:
Իմաստավորում: (ուշադրություն. այս փուլի անցկացման համար կարելի է նախօրոք
աշակերտներին հանձնարարություններ տալ. պոեմից գտնել Անուշին, Սարոյին,
Մոսիին, Անուշի և Սարոյի մայրերին, հեղինակին, գյուղացիներին ներկայացնող
հատվածները):
Այս փուլում կիրառվում է խմբային հետազոտության մեթոդը: Դասարանը
բաժանվում է վեց խմբի. կարելի է կիրառել պոեմի «Նախերգանքի»: վեց
քառատողերը, որոնց ամեն մի տողը գրված կլինի առանձին թերթիկների վրա,
սովորողները պիտի գտնեն իրար և կազմեն տվյալ տունը: Այսպես ձևավորվում է
վեց խումբ: Խմբերի բաժանման ընթացքում հնչում է «Անուշ» օպերայից խմբերգ
(«Ամպի տակից» կամ «Համբարձում յայլա»):
Ուսուցիչը նախօրոք մեծ պաստառի վրա պիտի գծած ունենա (կարելի է
աշխատեցնել գծագրական կամ նկարչական շնորհք ունեցող աշակերտի) կերպարի
բնութագրման քայլերը՝
ա) հերոսի արտաքին նկարագիրն ըստ պոեմի. բերվում են համապատասխան
օրինակներ, որտեղ նկարագրվում է հերոսը: Եթե պոեմում բացակայում են տվյալ
հերոսի արտաքին նկարագրությունները պիտի առաջնորդվել երևակայությամբ.
հերոսի արտաքինն իմ պատկերացմամբ:
բ) հերոսի բնավորությունն ըստ պոեմի. հիմնականում շեշտադրվում են սիրելու,
ներելու, վրեժխնդիր լինելու, սիրո համար պայքարելու, ադաթի գերին լինելու,
սովորույթները մարդուց վեր դասելու, մեծահոգության, փոքրոգության
դրսևորումների մասին:
Ուսուցիչն առաջարկում է ուշադիր դիտել տրվող գծապատկերը, ապա ամեն խմբի
բաժանում է առաջադրանքները, որոնք գրանցված են թերթիկների վրա: Ուսուցիչը
զգուշացնում է նաև, որ խմբի կարծիքը կարող է ներկայացվել նաև գծապատկերի,
նկարազարդման կամ համապատասխան մեղեդու զուգորդությամբ, օրինակ՝
Անուշին կամ Սարոյին ներկայացնելիս կարելի է օպերայից համապատասխան
մեներգերը միացնել կամ երգել, եթե դասարանում կան լավ երգողներ:
1-ին առաջադրանք (1-ին խումբ). բնութագրել Անուշին:
2-րդ առաջադրանք (2-րդ խումբ). բնութագրել Սարոյին:
3-րդ առաջադրանք (3-րդ ժումբ). բնութագրել Մոսիին (կարելի է նաև Անուշի հորը):
4-րդ առաջադրանք (4-րդ խումբ). բնութագրել Անուշի և Սարոյի մայրերին:
5-րդ առաջադրանք (5-րդ խումբ). բնութագրել հեղինակին:
6-րդ առաջադրանք (6-րդ խումբ). բնութագրել գյուղի (ժողովրդի
ներկայացուցիչներին. ծերունին, որ պատմում է Անուշին և Սարոյին տեսնելու
մասին, հարսանիքի տեսարաններում ներկայացվող անանուն մարդիկ):
Այս աշխատանքի համար տրվում է 15 րոպե, ուսուցիչն անցնում է խմբից խումբ,
հետևում աշխատանքի ընթացքին:
(Հուշում. 1. որպեսզի աշխատանքը լավ ստացվի, սովորողները անխտիր
տանը պիտի աշխատած լինեն, ունենան ամեն հերոսին բնութագրող հատվածներ,
եթե դրանք դուրս գրած էլ չլինեն, գոնե աշխատանքային տետրերում պիտի
նշումներ ունենան.
2. այս փուլում դեռ չի կարելի օգտվել գրականության դասագրքերից. դա
կխանգարի սովորողների ինքնուրույնությանը. դասագիրքից կարդալը
հանձնարարվելու է որպես տնային աշխատանք կամ հաջորդ դասի թեմա):
Ժամանակը սպառվելուց հետո ամեն խումբ 5 րոպեի ընթացքում ներկայացնում է
իր կատարած աշխատանքը: Մյուս խմբերը լսում և հարցեր են ուղղում ընկերներին:
Կշռադատման փուլ. ինքնուրույն ստեղծագործական աշխատանք. սա տրվում է
սովորողների ստեղծագործական կարողությունների և խոսքի զարգացման համար:
Աշխատանքները ներկայացվում են գրատախտակին կամ մեծ պաստառի վրա
գրված.
ա) գրել նամակ կա՛մ Անուշին, կա՛մ Սարոյին, կա՛մ Մոսիին.
բ) գրել նամակ Հովհ. Թումանյանին.
գ) մշակել հարցազրույց Հովհ. Թումանյանի հետ.
դ) գրել կարծիք պոեմի սիրած հերոսի մասին.
ե) շարադրանք «Եթե Անուշն ապրեր մեր օրերում» վերնագրով:
Կշռադատման փուլի առաջադրանքները կարող են տրվել որպես տնային
աշխատանք, բայց ժամանակ պիտի հատկացվի դրանք բացատրելուն և
ներկայացնելուն: Իսկ եթե այս թեմային տրամադրվելու է երկու դասաժամ, ապա
ստեղծագործական աշխատանքի ուրվագիծն են անում դասարանում, իսկ տանը
շարադրելու են ավելի ընդարձակ ձևով:
Տանը նաև պիտի կարդան գրականության դասագրքի վերլուծությունները և
համեմատեն իրենց խմբային աշխատանքի արդյունքի հետ, հայտնեն կարծիք կամ
համաձայնություն (անհամաձայնություն) դասագրքի հեղինակի դատողություն-
ներին. սա արդեն հաջորդ դասի թեման կլինի:
Ամփոփում. պատասխանել հետևյալ հարցին. Ի՞նչ է սովորեցնում գրական կերպարի
վերլուծությունը:
Դասն ավարտել «Անուշ» օպերայի նախերգանքի հնչյուններով:
Բազմած լուսնի նուրբ շողերին
Հովի թևին՝ թըռչելով՝ Փերիները սարի գըլխին
Հավաքվեցին գիշերով:
— Եկե՜ք, քույրե՜ր, սեգ սարերի
Չըքնաղագեղ ոգիներ, Եկե՜ք, ջահել սիրահարի
Սերը ողբանք վաղամեռ:
Օխտն աղբյուրից ջուր է առել
Կույս սափորով, լուռ ու մունջ
Օխտը ծաղկից ծաղիկ քաղել, Կապել սիրո ծաղկեփունջ:
Ջուրն ու ծաղիկ աստղունք դըրել,
Խընդիրք արել աստղերին, Բարի ժըպտան իր սերին...
Փափագ սըրտով խընդիրք արել՝
— Վուշ-վո՜ւշ, Անո՜ւշ, վուշ-վո՜ւշ, քուրի՜կ,
Վո՜ւշ քու սերին, քու յարին...
Վուշ-վո՜ւշ, Սարո՜, վուշ-վո՜ւշ, իգի՜թ,
Վո՜ւշ քու սիրած սարերին...
Բազմած լուսնի նուրբ շողերին,
Հովի թևին՝ թըռչելով՝
Փերիները սարի գըլխին
Հավաքվեցին գիշերով:
— Եկե՜ք, քույրե՜ր, սեգ սարերի
Չըքնաղագեղ ոգիներ,
Եկե՜ք, ջահել սիրահարի
Սերը ողբանք վաղամեռ:
Օխտն աղբյուրից ջուր է առել
Կույս սափորով, լուռ ու մունջ,
Օխտը ծաղկից ծաղիկ քաղել,
Կապել սիրո ծաղկեփունջ:
Ջուրն ու ծաղիկ աստղունք դըրել,
Խընդիրք արել աստղերին,
Փափագ սըրտով խընդիրք արել՝
Բարի ժըպտան իր սերին...
Ափսո՜ս, Անո՜ւշ, սարի ծաղիկ,
Ափսո՜ս իգիթ քու յարին.
Ափսո՜ս բոյիդ թելիկ-մելիկ,
Ափսո՜ս էդ ծով աչքերին...:
Ու նըրանց հետ՝ ցող-արցունքով
Լըցված սըրտերն ու աչեր՝
Սարի ծաղկունք տըխուր սյուքով
Հառաչեցին էն գիշեր:
— Վուշ-վո՜ւշ, Անո՜ւշ, վուշ-վո՜ւշ, քուրի՜կ,
Վո՜ւշ քու սերին, քու յարին...
Վուշ-վո՜ւշ, Սարո՜, վուշ-վո՜ւշ, իգի՜թ,
Վո՜ւշ քու սիրած սարերին...
— Եկե՜ք, քույրե՜ր, սեգ սարերի
Չըքնաղագեղ ոգիներ...
Ու փերիներն էսպես տըխուր
Երգում էին ողջ գիշեր:
Կանչում էին հըրաշալի
Հընչյուններով դյութական,
Ու հենց շողաց ցոլքն արևի՝
Անտես, անհետ չըքացան:
Խոր սուզվեցին ակն աղբյուրի,
Մըտան կաղնին հաստաբուն,
Ու լեռնային վըտակների
Ալիքները պաղպաջուն: