Րաֆֆի
1835-1888
Կենսագրություն
Րաֆֆին ծնվել է հարուստ ազնվականի ընտանիքում Պարսկաստանի Սալմաստ գավառի Փայաջուկ գյուղում։ Նախնական կրթություն ստացել է տեղի ծխական ուսումնարանում։ Հայրը՝ Մելիք Միրզան, հայտնի առևտրական էր և 13 զավակների հայր էր, ուներ նաև կալվածքներ: Մելիքությունը նրանց ժառանգական իրավունքն էր, և նրանց վեհապահված էր գյուղերի կառավարումը:
Րաֆֆու ծնողները
Մելիք
Ջեյրանուհի խանումը
Միրզան
Րաֆֆու հայրական տունը Փայաջուկում
1847 թ-ին մեկնել է Թիֆլիս, ուսանել Կարապետ Բելախյանցի դպրոցում։ 1852 թվականին ընդունվել է ռուսական պետական գիմնազիայի չորրորդ դասարանը։ Այնտեղ, չորս տարվա ուսումնառության ընթացքում, կազմավորվել են նրա գրական նախասիրությունները՝ Շիլլերի, Հյուգոյի, ռուսական ժամանակակից գրականության գեղարվեստական փորձի վրա։ 1856 թվականին, գիմնազիայի դասընթացը չավարտած, վերադարձել է Փայաջուկ՝ տնօրինելու գերդաստանի կառավարման գործը։ Սակայն ազգային-հայրենասիրական ռոմանտիկ գաղափարներով տոգորված Րաֆֆին այլ ասպարեզի համար էր նախակոչված։
Գյոթե Շիլլեր
Վիկտոր Հյուգո
Իր ծրագրերի իրականացման համար կարևոր նշանակություն տալով «կյանքի ուսումնասիրությանը», 1857–1858 թվականներին Րաֆֆին ճանապարհորդել է Պարսկաստանի և Թուրքիայի հայկական գավառներում, գրառել ժողովրդի նիստուկացի, բնաշխարհագրական տեղայնության, պատմական հիշատակների վերաբերյալ իր հարուստ տպավորությունները։ 1879 թվականին Րաֆֆին մշտական բնակություն է հաստատում Թիֆլիսում և զբաղվում միայն գրական աշխատանքով։
Կյանքի վերջին տարիներին աշխատակցում է Աբգար Հովհաննիսյանի «Արձագանք» թերթին։ Այդ տարիներին նրա կյանքում կարևոր դեր է կատարում «Մշակ» լրագիրը, որը սկսում է հրատարակվել 1872 թ. Գրիգոր Արծրունու խմբագրությամբ։ Խմբագրի հրավերով Րաֆֆին դառնում է թերթի մշտական աշխատակիցը։ 1888 թ. ապրիլի 25-ին Րաֆֆին վախճանվում է։ Նրա աճյունն ամփոփված է Թիֆլիսում՝ Խոջիվանքի հայկական գերեզմանոցում։
Գրական կյանք
1860-ականներ
1860-ականների վերջերին քայքայվել էր Մելիք-Հակոբյանների տնտեսությունը, և գերդաստանը հասել սնանկության եզրին։ 70-ականների սկզբին Րաֆֆին հաճախ է եղել Թիֆլիսում, կապ հաստատել ազգային մտավորականության հետ՝ ձգտելով մտնել գրական-հասարակական գործունեության ասպարեզ։ Ընդունելով Գ. Արծրունու հրավերը՝ Րաֆֆին դարձել է «Մշակ»–ի գլխ. աշխատակիցը և թերթի էջերում տպագրել իր գեղարվեստական պատկերները («Գեղեցիկ Վարդիկը», 1872, «Անբախտ Հռիփսիմեն», 1872, «Սով», 1872, «Մի օրավար հող», 1873, «Բիբի Շարաբանի», 1876 և այլն), հրապարակախոսական հոդվածներն ու ուղեգրությունները, որոնց նյութը պարսկահայ իրականությունն է՝ սոցիալական ու ազգային թշվառության ողբերգական հետևանքներով։
Ագուլիսի հայկական դպրոց
Գրիգոր Արծրունի
Թավրիզի Արամյան դպրոց
1870-ականներ
70-ականներին Րաֆֆու աշխարհայացքը որոշակի առաջընթաց է կատարել լուսավորական ռոմանտիզմից դեպի պոզիտիվ սոցիոլոգիան։ Հետևելով ժամանակի սոցիալական ուսմունքներին՝ նա եկել է այն համոզման, որ հասարակության զարգացումը ենթարկվում է որոշակի օրենքների, և դրանք պարտադիր են բոլոր ազգերի ու ժողովուրդների համար։ Նման հայացքը մի կողմից վերանայումներ էր գծում հայ ժողովրդի ազգային ու սոցիալական զարգացման վերաբերյալ նրա ըմբռնումների մեջ, մյուս կողմից ընդլայնում էր նրա գեղարվեստական ու հրապարակախոսական հարցասիրությունների ընդգրկումն ու բովանդակությունը։
Րաֆֆու ստեղծագործական տաղանդի վերելք
Հայ ազգային-ազատագրական շարժման վերելքը, կապված 1877-78 թթ-ի ռուս-թուրքական պատերազմի իրադարձությունների հետ, ամբողջ խորությամբ բացահայտեցին Րաֆֆու ստեղծագործական տաղանդի հնարավորությունները։ Մի շարք հրապարակախոսական հոդվածներում, «Ճանապարհորդություն Թիֆլիսից մինչև Ագուլիս» (1878) ուղեգրության մեջ, «Ջալալեդդին» (1878) վիպակում, վերլուծելով ազատագրական շարժման իրական հանգամանքները և միանգամայն ապարդյուն համարելով Հայկական հարցի լուծման եվրոպական դիվանագիտության ուղին, Րաֆֆին առաջադրում է ազգային-ազատագրական պայքարի գաղափարը՝ արևմտահայ ժողովրդի գլխավոր խնդիրը համարելով այդ գաղափարի «անդադար և անընդհատ նախապատրաստությունը»։
Այս ծրագրի գեղարվեստական արտահայտությունը հանդիսացան «Խենթը» (1881) և «Կայծեր» (հ. 1-2, 1883-87) վեպերը։ «Կայծեր»–ը XIX դ. հայ ազատագրական շարժումների գեղարվեստական հանրագիտարանն է, նորագույն շրջանի հայոց պատմության ասք-էպոսը։ Իր ընդգրկումներով, պատմա-փիլիսոփայական հագեցվածությամբ և գեղարվեստական հյուսվածքով նա զարգացման նոր աստիճանի բարձրացրեց հայ ազգային վեպը։ «Դավիթ Բեկ» (1882) վեպն արտացոլում է XVIII դ. սկզբի ազատագրական շարժման իրադարձությունները և հայոց պետականության ստեղծումը Սյունիքում։ «Խամսայի մելիքություններ» (1882) ժամանակագրությունը ներկայացնում է Արցախ–Ղարաբաղի մելիքների մաքառումը անկախության համար։ «Սամվել» (1886) վեպի նյութը վերաբերում է IV դ. կեսի սոցիալ–քաղաքական բարդ իրադարձություններին, երբ Պարսկաստանի և Բյուզանդիայի աքցանի մեջ առնված հայոց թագավորությունը ձգտում էր հաստատել ժողովրդի էթնիկական ինքնությունն ու պետական անկախությունը։
Սամվել (վեպ)
Րաֆֆին «Սամվելը» գրել է 1880-ական թթ., ավարտել 1886 թ.։ Առաջին անգամ հրատարակվել է Թիֆլիսի «Մշակ» ամսագրում։ «Սամվելը» համարվում է հայկական գրականության լավագույն կոթողներից մեկը։
Նկարագրելով Հայաստանի ծանր վիճակը 4-րդ դարում, Րաֆֆին ձգտում էր նկարագրել Հայաստանը 19-րդ դարում, երբ այն գտնվում էր Թուրքիայի և Ռուսաստանի տիրապետության տակ։ Ցարական իշխանությունը այրում էր հայկական գրքերը, փակում եկեղեցիները և ոչնչացնում լեզուն։ Րաֆֆին չէր կարող լուռ նայել այդ ամենին։ «Գրելով այս վեպը ես նպատակ եմ ունեցել այդպիսի նկարագիր մեր պատմական անցյալից»-գրել է Րաֆֆին։
Վեպը ներառված է հայկական ուսումնական ծրագրի մեջ։ Դրա հիմնական գաղափարներից են հայրենասիրությունը և ազատագրական պայքարի կոչը։ Բոլոր հերոսները հայրենասիրություն են խորհրդանշում, նույնիսկ կանայք, ովքեր (Աշխենը, Համազասպուհին, թագուհի` Փառանձեմը) պատրաստ են իրենց արյունը թափել հանուն հայրենիքի։
Վեպի համար նյութ է ծառայել Փավստոս Բուզանդի և Մովսես Խորենացու «Հայոց պատմությունները»։ Վեպը բաղկացած է Հառաջաբանից, երեք գլուխներից և փակագծերի մեջ հավելվածից։
Կերպարները
Սամվել Մամիկոնյան, Մուշեղ Դ Մամիկոնյան, Վահան Մամիկոնյան, Մերուժան Արծրունի, Փառանձեմ Սյունի, Շապուհ III, Սահակ Ա Պարթև և Մեսրոպ Մաշտոց
Րաֆֆու խոհերը
1.Կան մեռելներ, որոնց հարկավոր է սպանել։
2. Հայ ժողովուրդն այն բազմագլխյան առասպելական վիշապն է, որ կոչվում է հիդրա, որի յուրաքանչյուր ջախջախված և կտրված գլխի տեղ բուսնում է նորը և ավելի զորավորը։
3. Ստրկությունը սկսվել է և շարունակվել տափակ երկրների վրա և ավելի տաք կլիմայի մեջ։ Տափակ երկիրը տալիս է մարդուն տափակ բնավորություն, զարգացնում է նրա մեջ թեքվելու ընդունակություն։ Բայց լեռնային երկրի բնակիչը նույնպես ուղղաձիգ, նույնպես բարձրադիտակ է, որպես իր շրջապատող սեպաձև ժայռերը։
Մեծերը Րաֆֆու մասին
Մի Րաֆֆի, մի Արծրունի, մի Նալբանդյան, մի Դուրյան... նույնպես ասպետներ են, գուցե ավելի մեծ, քան նրանք, որ կռվի դաշտում են զոհաբերում իրենց կյանքը։
Վահան Տերյան
Անմա՛հ հոգի, որ հայ բազմադարյան տառապանքով ու նրա լավ ապագայի կարոտով լցված՝ քո տաղանդի կախարդական ուժով դուրս կանչեցիր անցյալի մութից ու ապագայի անհայտությունից հրապուրիչ պատկերներ ու հերոսական դեմքեր ու նրանցով վառեցիր, ոգևորեցիր վհատներին, որ տկարներիս համարձակություն ներշնչեցիր ու ղրկեցիր հզորների դեմ՝ նահատակության արյունով լվանալու և սրբելու տկարության արտասուքը, որ անհանգստություն տվիր հայ ժողովրդի հոգուն և ուղղեցիր նրան դեպի ազատագրության ճանապարհը։
Հովհաննես Թումանյան