Просмотр содержимого документа
«Շարադրության առանձնահատկությունները»
Ստեղծագործական շարադրությունները կարևոր դեր են խաղում աշակերտների գրավոր ու բանավոր խոսքի զարգացման, նրանց գեղագիտական ճաշակի բարձրացման, խոսքի մշակույթի կատարելագործման գործում:
Ցավոք, պետք է նշել, որ այսօր հանրակրթական դպրոցների միջին և բարձր դասարանների շատ աշակերտներ դժվարանում են ստեղծագործական շարադրություններ գրել, իրենց մտքերն ու դատողությունները պարզ, հստակ ու մատչելի արտահայտել, զգացածի ու տեսածի մասին գրագետ շարադրել կամ պատմել:
Ստեղծագործական շարադրություններն ըստ բնույթի հիմնականում լինում են երեք տեսակ` պատմողական, նկարագրական և դատողական: Դրանց սահմանները հստակ գծել, որոշել հնարավոր չէ: Այդպիսսի շարադրությունները կոչվում են համակցված:
Նախքան շարադրությունը ուսուցիչը պետք է նմանօրինակ շարադրություններ կարդա, ցույց տա նրբություններն ու պահանջները: Այդ բանին մեծապես կարող են օբնել նաև տրված սկիզբով կամ վերջով գրվող շարադրություններ: Օրինակ` ուսուցիչը կարող է տալ շարադրության սկիզբ և պահանջել, որ աշակերտներից յուրաքանչյուրը յուրովի շարունակի այդ միտքը: Շարադրության մի տեսակն ստեղծվում է տրված բառերով ու բառակապակցություններով: Ուսուցիչը նախապես թելադրում է տվյալ շարադրության նյութին առնչվող 12-15 բառ ու բառակապակցություն և պահանջում գրել շարադրություն:
Յուրաքանչյուր շարադրություն պետք է կուռ ու ամբողջական լինի: Աշակերտը գրածի նկատմամբ պետք է հանդես բերի քննադատական վերաբերմունք, ինքն իրեն ստուգելու և անաչառ գնահատելու կարողություն: Նկարագրվող երևույթների մեջ փոխադարձ և ներքին տրամաբանական կապ պիտի լինի: Դրա համար ուսուցիչը պետք է պահանջի, որ յուրաքանչյուր աշակերտ կարդա, խմբագրի, ուղղի իր սխալները, բարեփոխի մտքերի ձևակերպումները:
Շատ կարևոր է ստեղծագործական շարադրությունների ստուգումն ու վերլուծությունը դասարանում: Ուսուցիչը պետք է ոչ միայն ուղղագրական ու կետադրական սխալները ցույց տա, այլև ոճական ու մտքի սխալները և անհրաժեշտության դեպքում ուղղի, շտկի և գրի իր տարբերակը: Ցանկալի է, որ ուսուցիչը համեմատություն անցկացնի տարբեր ախակերտների գրած շարադրությունների միջև, նշի դրանց ուժեղ և թույլ կողմերը, հաջողված ու թերի մասերը, դասարանում բարձրաձայն կարդա լավագույն շարադրությունները կամ դրանց առանձին հատվածներ: