Հրաժեշտ Այբբենարանին
Բյուզանդիոնի և Տիզբոնի արանքում: Ճզմվում էր երկիրը մեր արնաքամ...
Մեր երկիրը, անհամաձայն, բայց գերի ծվարվում էր ճանկերի մեջ
Երկու դաժան գահերի:
Հայկ ու Տիգրան էլչ կային, էլ չկային հին գահին,
Որ հաղթեին սրահալած՝ սրով եկած ագահին:
Եվ դու եկար, Մեսրոպդ սուրբ, ժամանակին դու եկար,
Հոգեվարքն էր դարձել երկրիդ երկու գայլի խրախճանք,
Եվ մեզ փրկել կարող էր լոկ օ~, քեզ նման մի հանճար:
Որ դու ծնվերի… Հղացավ ազգս յոթ հազար տարի:
Քեզ ծնեց ազգս, որ ինքն առավել վարքով ազգանար,
Եվ խավար ցրող փարոս ունենար իր լեռ կատարին:
Քեզ ծնեց ազգս, որ անմահության առջևից գնար,
Քեզ ծնեց ազգս, որ նենգ սրի տեղ ունենար արև ու պայծառ քնար…
Քեզ ծնեց ազգս, որ զորք ունենար ,հուռթի տառազորք,
Որ այս աշխարհը լույսով գրավեր ու դառնար հավետ լույսի երազող:
Քեզ ծնեց ազգս, որ դու իր համար փրկիչ դառնայիր,
Որ տգիտության բեռն առնեիր վար՝ արև բառնայիր…
Քեզ ծնեց ազգս, որ շարունակեր հանճարներ ծնել…
Որ գրապարգև նվիրումը քո կոչվեր մայրենի,
Որ դու դառնայիր փառքի տաճարի գմբեթը պահող վեհասլաց սյուն…
Քեզ ծնեց ազգս, որ նա քեզանով զորավար ծներ ու ծներ բանակ…
Այո՛, մենք կայինք նրանից առաջ, հզոր թե տկար՝ մարմին էինք մենք,
Սակայն նա եկավ, որ Հոգի դառնա, շոշափվող Հոգի և անմեռ Հոգի:
Այո՛, մենք կայինք նրանից առաջ, քիչ թե շատ կար հաց և ունեինք ջուր,
Սակայն նա ծնվեց, որ Սնունդ դառնա:
ԲՈԼՈՐԸ- ԾՆՎԵՑ, ՈՐ ԾՆՎԵՆՔ ԵՎ ԱՆՄԱՀԱՑԱՎ, ՈՐ ԱՆՄԱՀԱՆԱՆՔ:
(Բոլորը ծնկի են գալիս դեմքով դեպի նկարը)
Ա) Մենք քո առջև և՛ ծնրադիր, և՛ խոնարհ, խոսքն ենք հղում շնորհակալ մեր հոգու:
Բ) Դու ամեն օր մեզ քեզանով բորբոքում և դառնում ես մեզ ափ հանող հույսի նավ:
Գ) Մենք ամեն ժամ զորությամբ քո անունի օծում ենք մեր հպարտությունը լույսով, և կոչում ենք անունը մեր էության՝ Սուրբ Մաշտոց:
Դ) Դու դարասանդուղք մեր ողնաշարն ես,
Ե) Դու մեր անսպառ կյանքի պաշարն ես,
Զ) Դու մեր դպրոցն ու դպրոցականն ես,
Է) Դու մեր բազմուղեղ տարածականն ես,
Ը) Դու քո տառերով կառուցված տաճար,
Թ) Դու մեր արյունը մաքրելու պատճառ…
Ժ) Դու կորցրածը գտնելու պատիվ,
Ի) Դու մեկ, սակայն մենք քեզանով անթիվ:
Լ) Դու ազգն ազգ պահող ահեղ հրաման,
Խ) Դու սրբության սուրբ մեռոնի աման …
Ծ) Դու մի անուն չես Մաշտոց անունով
Կ) Դու ամբողջ ազգ ես լցված անհունով…
Հ) Դու վկա արթուն, դու միշտ արթնացնող,
Ձ) Դու ամեն հայի պահապան ծնող:
Ղ) Դու մեր հավատի լուսեղեն շքերթ,
Ճ) Դու հա~ր ուսուցիչ, մենք հա՛ր աշակերտ:
Բոլորը- Դու հա~ր ուսուցիչ, մենք հա՛ր աշակերտ:
(Կանգնում են, մոտենում ծաղիկները դնում նկարի առջև, շարվում են անկյունաձև, էկրանին գնում է տեսանյութ Մաշտոցի ու տառերի մասին)
ԵՐԳ
Այո՛, նա ծնվեց, որ ծնվեն մեծեր՝ լուսատուներ, հսկաներ, աստղեր՝ Նարեկացի, Քուչակ, Դուրան, Աղայան, Թումանյան, Իսահակյան, Տերյան, Չարենց, Սևակ… Նրանցից յուրաքանչյուրը յուրովի է փայլեցրել մեսրոպյան այբուբենը:
Այո՛, նա ծնվեց, որ ծնվենք մենք: Եվ 2008 թ.-ին ծնվեցինք մենք, ու սկիզբ առավ մեր կյանքի հրաշք հեքիաթը:
(Էկրանին գնում է տեսանյութ՝ երեխաների նկարներով;)
Ծնունդ, ատամհատիկ, առաջին քայլ, առաջին բառ, մանկապարտեզ… Այսպես 6 տարի շարունակ գարուն, ամառ, աշուն, ձմեռ հաջորդեցին միմյանց;
Վերջապես եկավ դպրոց գնալու սեպտեմբերի 1-ը և մենք առած մի-մի ծաղկեփնջիկ, բռնած նոր-նոր պայուսակներ եկանք դպրոց:
Բարի արևն էր շողում երկնքում, կարծես բոլորը մեզ էին շնորհավորում ու ասում. :
ԵՐԳ
Բեմականացում.
Հեղինակ- Լուսինեն նստել մի մութ անկյունում, հոնքերը կիտել ու լաց է լինում: Մոտիկ է գալիս մեր ուսուցչուհին:
Ուսուցչուհի- Ինչու՞ ես լալիս այ Լուսի ջան դու
Լուսինե- Ի՞նչ անեմ հապա, որ լաց չլինեմ, չեմ կարողանում տառերը գրել: Գրիչը մեծ քրոջս ձեռքին գրում է միշտ վարժ ու կարգին, իսկ իմ ձեռքին խազմզում է սև ագռավի Ճանկերի պես:
Ուսուցչուհի- Մի՛ լար, մի՛ լար, փոքրի՛կ Լուսի, լաց լինելու հարկ չկա, դու շատ սիրիր տառերն հայոց, գրիր անվերջ, անդադար և կտեսնես թե ինչպես տառաճանաչ կդառնաս:
ԵՐԳ-
ԵՎ մենք կամաց-կամաց յուրացրինք մեսրոպյան այբուբենը՝ ամենաքաջ,ամենահաղթանակած, ամենա-ամենա հայոց գրերը:
Բոլորը - այբ, բեն, գիմ, դա, եչ, զա, է, ըթ, թո, ժե, ինի, լյուն, խե, ծա, կեն, հո, ձա, ղատ, ճե, մեն, հի, նու, շա, վո, չա, պե, ջե, ռա , սե, վեվ, տյուն, րե, ցո, ուն, փյուր, քե, և ,օ, ֆե:
Դուք՝ հայերեն տառեր, սիրուն այսօրվանից մերն եք հավետ, կյանքի բոլոր ճամփաներում միշտ էլ պիտի քայլենք ձեզ հետ: Ձեզնով գրենք, ձեզնով կարդանք Մեծ Մաշտոցի սուրբ պարտքը տանք:
Բեմականացում.
Հեղինակ- Մարոն՝ փոքրիկ ուսուցչուհին, մի առանձին սենյակում նստեցրել է իրար կողքի աշակերտներ մեկ-երկու: Արջուկն ահա գորշ ու բրդոտ նստած դասն է մրթմրթում, դուք փիսիկին տեսեք վախկոտ տեղը խելոք չի նստում:
Արջ- Փիսիկ մի քիչ խելոք մնա, ի՞նչ ես գժվել այ մռռան, չես թողնում, որ դասս կարդամ, վա~յ ինչ անեմ ես սրան:
Շուն- Թող դաս ունեմ սովորելու, ուշք ու միտքս մի տանի, իմ տեղը դու՞ ես դաս պատմելու, վա~յ էստեղ՞ էլ հանգիստ չես տալի:
Մարո- Ա-ն արևն է, պայծառ շողում,
Բ-ն բադիկն է ջրում լողում, դասդ գիտե՞ս, ա՛յ շնիկ, որ չես լսում ուսուցչիդ:
Փիսիկ- Ես, ես թուղթ ունեմ բժշկից:
Մարո- Ճիշտ չես ասում, հենց երեկ քեզ տեսել են մուկ որսալիս, դե էլ դասի չգաս այդպես, շատ իզուր ես դու լալիս: Շ-ն էլ…
Շուն- Շուն է շղթան վզին:
Մարո- /մատ է թափ տալիս և շարունակում/ Ո-ն՝ որսորդն է գնում որսի, Տ-ն էլ տուն է, որ չունի դուռ, Փ-ն էլ` փիղն է կնճիթը ծուռ, Մ-ն էլ…
Արջ- Մեղրն է անուշաբույր:
Մարո- Արջու՛կ, ի՞նչ ես անվերջ խոսում, շատախոսն ես անպիտան, Չ-ն՝ չամիչն է, Պ-ն՝ պնդուկն է պապն է լցրել մեր սնդուկը…
Թութակ- Չ-ն՝ չամիչն է, Պ-ն՝ պնդուկն է: Չ-ն՝ չամիչն է, Պ-ն՝ պնդուկն է: Չ-ն՝ չամիչն է, Պ-ն՝ պնդուկն է պապն է լցրել մեր սնդուկը:
Մարո- Այդպես չանես մյուս անգամ ու խոսքերս չկրկնես դու:
Թութակ- (Տզզում է ՃանՃը) Քը~շ, ա՛յ ՃանՃ, այ քեզ կրակ: Կատվիզ հազիվհազ պրծանք, հիմա էլ դու՞: Դե թող գնա, քը~շ Էս էլ նոր փորձանք: Թող ուշադիր դասս լսեմ, որ անգիրս լավ սերտեմ: / Ա-ն՝ արևն է, Բ-ն՝ բադիկն է, Ո-ն՝ որսորդն է…
Մարո- Հերթը հասավ քեզ, շնի՛կ սովորե՞լ ես դասդ այսօր:
Շուն- Ո՞նց սովորեմ ես գիրք չունեմ, ինչպես քուրքս ու գդակս, փիսոն գիրքս էլ տարավ հետ չի տալիս:
Մարո- Չեմ ընդունում ոչ մի պատճառ, սաստիկ դժգոհ եմ այսօր: (Շնիկը նեղացած դուրս է գալիս դասարանից)
Մարո- Իսկ դու փիսո՛, գտիր շանը, գտի՛ր, հաշտվե՛ք հենց այսօր:
(Փիսոն հանում է հեռախոսը զանգում է տեղեկատու, լսվում է տու~)
Փիսո- Բարի օր ձեզ տեղեկատու, ձեզ հետ խոսում է Ճոն կատուն, վարպետ եմ ես կար ու ձևի, դե երեևի հիշում եք ինձ:
Տեղեկատու- Լսում ենք ձեզ, վարպե՛տ կատու:
Փիսո- Ինչպե՞ս զանգեմ շնիկենց տու՞ն:
Տեղեկատու- Ախր շունը համար չունի, որտեղ գտնենք խեղՃ անտունին:
Փիսո-Օ~ֆ, խնդրում եմ, մի բան արեք, ես սերտել եմ այբուբենը ու մոռացել մեր հին քենը, գտե՛ք շանը, գտե՛ք շտապ, թող գա~, տանի՛ քուրք ու գդակ:
Տեղեկատու- Ա՛յ քեզ հրա~շք, ա՛յ քեզ կատու~: Բայց մեզ ասա, ուստա փիսո, ո՞րն է կապը այբուբենի ու ձեր քենի:
Փիսո- Ալլո, մյաու~ , հասկացեք ինձ սիրտս է պայթում, ես օգնությամբ այբուբենի ընթերցեցի Թումանյանի:
Տեղեկատու- Ահա՛, թե ին~չ, կեցցե կատուն, որ գրքեր է արդեն կարդում, մենք կգտնենք շանը իսկույն, կասենք՝ կատուն քեզ է փնտրում:
Փիսո- Ա~խր, ոչինչ չկա հագին, գիրքն էլ կտամ, թող սովորի: (Տեղեկատուն ներս է գալիս շնիկի հետ)
Մարո- Դե, եկեք երգե՛նք երգեր սիրու՛ն, երգեր բարի, երգեր ուրախ, երգով մերժենք չարն ու վատը ու միշտ ապրենք հաշտ ու խաղաղ:
ԵՐԳ
Մեր այս փոքրի՛կ, փոքրիկ կյանքում ամենամեծ տոնն է այսօր, այսօր վերջին էջդ ենք փակում, այբբենարան մեր փառավոր:
Տառաճանաչ ենք ու գրագետ, կարդում ենք, գրում, հաշվում մեծի պես և այդ ամենի համար քեզ ենք պարտական, այբբենարան մեր սրբազան:
Գիտենք արդեն կարդալ, գրել, երազում ենք թռչել լուսին, բարեկամ ու ընկեր լինել և ծառայել հայրենիքին:
Եվ ուր էլ հասնենք ինչ նվաճում էլ ունենանք, կրկին քեզ ենք պարտական մեր սիրելի՝ Այբբենարան:
Այբբենարա՛ն մեսրոպազուն, մեր մայրենի հայոց լեզուն իր գանձերով հազար-հազար պարգևեցիր մեզ մայրաբար:
Հայոց գիրը տվեցիր դու, մեծ բանալին իմաստության, որ աշխարհում բազմալեզու ունենանք մեր խոսքն ու ճամփան:
Մեր մայր լեզու հավերժացող, դու առնական, ճկուն ու ճոխ, գոյությունը մեր գոյության, հիմնաքարը հայրենի տան: Հնամենի հնադարյան, քո մեջ հուրն է հայոց արյան: Մենք մեր խինդով մատաղ սրտի, քեզ հավիտյան սիրենք պիտի, փառք քեզ լեզու մեր մայրական, դու արեգակ անմահական, անխորտակ սյուն հայոց տանս, Հավիտենից հավիտյանս:
Այբբենարան մեր սիրելի, բաժանվում ենք մենք այսօր, դու ես գիրքը մեր առաջին քեզանից մենք շատ ենք գոհ:
Այբբենարա՛ն, Այբբենարա՛ն, դու ոսկետառ, ոսկեբերան լցված խինդով, լցված սիրով ասում ենք քեզ՝ - խմբով:
ԵՐԳ
6