Թելադրության տեսակները տարրական դասարաններում
Մարդու գրագիտության չափանիշներից մեկը անսխալ թելադրություն գրելու հմտությունն է: Թելադրությամբ որևէ նյութ գրելու կարողության ձևավորումն սկսվում է դեռևս առաջին դասարանից՝ գրաճանաչության շրջանից, այնուհետև այդ կարողությունը աստիճանաբար կատարելագործվում է, զարգանում: Հիսուն-վաթսունական թվականներին որոշ մեթոդիստներ տարբերակում էին թելադրության շուրջ 12 տեսակ, որոնք հետագայում համարվեցին ձևական, ոչ գորշադրելի: Ըստ էության՝ այդ տարատեսակների միջև էական տարբերություն չկար: Այնուհետև մեթոդական գրականության մեջ, ըստ անցկացման բովանդակության, ընդունվեցին երկու խմբի թելադրություններ՝ սովորական և ստեղծագործական, իսկ ըստ անցկացման նպատակի՝ բացատրական և ստուգողական /թեմատիկ/:
Սովորական թելադրություններ անցկացնելու նպատակը երեխանեին թելադրված նյութն անսխալ գրի առնել սովորեցնելն է, որի միջոցով աշակերտների մեջ աստիճանաբար ձևավորվում է լսածը գրագետ գրի առնելու ունակություն:
Տարրական դասարաններում կիրառելի է սովորական թելադրությունների 3 տեսակ՝
-
հնչյունային
-
նախազգուշական
-
ինքնաթելադրություն:
Հնչյունային թելադրությունը ուղղագրական այնպիսի վարժություն է, որի ժամանակ աշակերտները ուսուցման առաջին փուլում ուսուցչի օգնությամբ /բարձրաձայն/, այնուհետև՝ ինքնուրույն /մտքում/ հնչյունային վերլուծության են ենթարկում բառը, ապա կատարում են համադրում, որը գրելու և կարդալու հիմքն է: Այս ընթացքում երեխաները գրի են առնում ուսուցչի թելադրած նյութը՝ առաջնորդվելով վայելչագրական և ուղղագրական կանոններով:
Թելադրության համար առաջադրվում են նախ՝ բառեր /գրությամբ և արտասանությամբ չտարբերվող/, ապա՝ բառակապակցություններ, հետո՝ պարզ ընդարձակ նախադասություններ, այնուհետև՝ մտքով իրար կապված նախադասություններ և կապակցված խոսք /բնագիր/:
Դասարանից դասարան թելադրության համար առաջադրվող նյութը բարդանում է: Թելադրության այս տեսակի արդյունավետությունը բարձր կլինի միայն մանրակրկիտ վերլուծական աշխատանք կատարելուց հետո: Օրինակ՝
ա/ Գորտ, դեղատուն, տաքանալ, վախկոտ, գնել, կիտրոն, բազե, պատառաքաղ:
բ/ Վայրի գազան, առատ այգի, հինգ գերան, կարմիր գինի, վարար գետակ, սիրուն սիրամարգ:
գ/ Մեր բակում շատ երեխաներ կան:
Բաբկենը Բարսեղի մտերիմ ընկերն է:
Սմբատը բանալի ունի:
Թիրախ խումբ առաջին դասարան:
Հնչյունային թելադրության անցկացման մեթոդական շղթան.
-
Թելադրվող նյութի ընթերցում ուսուցչի կողմից /լսողական ընկալման նպատակով/:
-
Խմբային-լեզվական վերլուծություն /բառակազմական, քերականական, ուղղագրական/:
-
Թելադրվող նյութի իմաստավորում՝ վերլուծություն- համադրություն:
-
Անհրաժեշտ ուղղագրական կանոնների վերհիշում, կրկնություն:
-
Առանձին բառերի ուղղագրության կրկնություն:
-
Մատները գրելուն նախապատրաստող վարժություններ:
-
Թելադրության գրում:
-
Երկրորդ ընթերցում /ստուգման նպատակով/:
-
Ինքնաստուգում:
-
Գրավորների հանձնում:
Նախազգուշական թելադրությունների ժամանակ ուղղագրական մեկնաբանություններ են կատարվում մինչև թելադրություն գրելը: Չնայած թելադրության բայս տեսակը կիրառելի է տարրական բոլոր դասարաններում, սակայն յուրաքանչյուր մասնավոր դեպքում այն որոշակի նպատակ ունի: Նախազգուշական թելադրության հիմնական մեթոդական առանձնահատկությունը սխալների կանխումն է, որն իրականացվում է ուսուցողական-բացատրական ուղիներով: Շահեկան է նաև թելադրվող նյութը գրատախտակին գրելը /որպեսզի աշակերտները ոչ միայն լսեն տեքստը, այլև կարդան/: Թելադրությունը գրելիս կարելի է գրատախտակը մաքրել կամ ծածկել վարագույրով:
Նախ առաջարկվում է նյութը լուռ կարդալ, ապա մի քանի աշակերտ կարդում են բարձրաձայն, այնուհետև իրականացվում է բացատրական աշխատանք, տրվում են մեկնաբանություններ: Երբ նյութն անհրաժեշտ չափով յուրացված է, պիտի ծածկել գրատախտակը /կամ մաքրել/ և սկսել թելադրությունը՝ երբեմն հիշեցնելով որոշ կանոններ: Օրինակ
Դասերն ավարտվեցին: Փոքրիկ երգիչ Սերոբը մեկնեց Մոսկվա: Մրցույթում Սերոբն ստացել էր գլխավոր պարգևը: Նա հոգնել էր: Ավագ քույրը օգնում էր Սերոբին: Բժիշկների խորհրդով նա ամեն օր նախաճաշին Սերոբին տալիս էր կարագ ու մեղր:
Թիրախ խումբ- երկրորդ դասարան:
Նախազգուշական թելադրության անցկացման մեթոդական շղթան.
-
Թելադրվող նյութի լուռ ընթերցում գրատախտակից:
-
Բարձրաձայն ընթերցանություն:
-
Նյութի բովանդակության մեկնաբանում:
-
Անհրաժեշտ բառերի ուղղագրության վերաբերյալ կանոնների կրկնություն:
-
Թելադրվող նյութի առաջին ընթերցում /գրատախտակը ծածկված է/:
-
Մատները գրելուն նախապատրաստող վարժություններ:
-
Նյութի թելադրում ուսուցչի կողմից և գրառում:
-
Ինքնաստուգում:
-
Ստուգում՝ գրատախտակին գրվածի հետ համեմատելով:
Թելադրության այս տեսակի համար ընտրված բնագրերի բառերի քանակը կայուն չէ: Ուսուցիչն ինքը կարող է որոշել՝ նկատի ունենալով տվյալ դասարանի շրագրային պահանջները, իր նպատակները, դասարանի մակարդակը, աշխատանքի համար նախատեսված ժամանակը և այլն:
Ինքնաթելադրությունն, ըստ էության, նախազգուշական թելադրության մի տարբերակ է, որը, սակայն, աշակերտը գրում էոչ թե ուսուցչի, այլ իր թելադրությամբ: Ինքնաթելադրությունը զարգացնում է աշակերտների հիշողությունը, ուշադրությունը, կամքը, սովորեցնում է կառավալրել սեփական մտքերը, գործողությունները, մշակում է հետևողականորեն աշխատելու ունակություն:
Ինքնաթելադրության նյութեր կարելի է ընտրել ինչպես գրավոր նյութերի ժողովածուներից, այնպես էլ մայրենիի դասագրքերից, որոնք նախատեսված են տնային նախապատրաստություն անցնելուց հետո դասարանում գրելու համար: օրինակ՝
Մոր պես բարի է
Աշուն տատիկը՝
Մեր հող ու ջրի
Ոսկեհատիկը:
Թիրախ խումբ- երկրորդ դասարան:
Դասարանում նախապատրաստվող և անցկացվող ինքնաթելադրության մեթոդական շղթան.
-
Նյութի ընթերցում գրատախտակից կամ դասագրքից /նախ՝ ուսուցիչը, ապա՝ աշակերտները/:
-
Ուղղագրական, իմաստային բացատրություններ, կետադրության մեկնաբանում:
-
Նյութի անգիր ուսուցում:
-
Մատները գրելուն նախապատրաստող վարժություններ:
-
Ինքնաթելադրություն /գրատախտակը ծածկված է/:
-
Ինքնաստուգում:
-
Ստուգում՝ գրատախտակին գրվածի հետ համեմատելով:
-
Գրավորների հանձնում:
Ստեղծագործական թելադրությունները ուսուցչին և աշակերտներին մղում են լեզվաոճական և տրամաբանական աշխատանքների, որոնք նրանք պետք է կատարեն թելադրությունը գրելուն զուգընթաց: Գրավորի այս տեսակը նախատեսված է կիրառել 3-րդ և 4-րդ դասարաններում: Ստեղծագործական թելադրությունները զարգացնում են աշակերտների երևակայությունը, լեզվաոճական աշխատանք կատարելու կարողությունը, սովորեցնում են ուղղագրական, ուղղախոսական, քերականական ու կետադրական գիտելիքները , հարստացնում՝ բառապաշարը, սովորեցնում ՝ խոսք կառուցել, զարգացնում՝ ուշադրությունը:
Ստեղծագործական բնույթի թելադրությունն ունի իր տարատեսակները՝
-
ընտրովի
-
ազատ
-
հորինողական
-
առարկայական
Ընտրովի թելադրություն: Այս թելադրության համարկարելի է ընտրել սովորական թելադրության բնագրերից՝ որոշակի առաջադրանքներով: Տեքստը պետք է լինի փոքր և հագեցած ցանկացած քերականական նյութով կամ ուղղագրական բառերով, իսկ կարդալու ընթացքը՝ դանդաղ: Տեքստը թելադրվում է նախադասություններով, բառակապակցություններով կամ բառերով: Երեխաները գրում են միայն այն բառերը կամ բառակապակցությունները, որոնք վերաբերվում են առաջադրանքին: Ուշադրություն պետք է դարձնել առաջադրանքի ճիշտ կատարմանը, ուղղագրությանը, կետադրությանը և վայելչագրական կողմին: Օրինակ՝
Գրել միայն ածական + գոյական բառակապակցությունները:
Հորդառատ գետակը ծածկել էր գյուղը կապող նեղլիկ կամուրջը: Փոքրիկ տներն ու պտղատու այգիները ջրի տակ էին մնացել: Պատերի տակ ճողփում էին պղտոր ջրերը: Ջուրը լիզում էր հին տների պատերը, մոլորվում դատարկ մարագների ճեղքերում, մանր հարդը հավաքում թաց պատերի տակ: Լեռներից հսկա քարեր էին պոկում, պղտոր հորձանքի մեջ օրորվում էր մի փոքրիկ մասրենի:
Թիրախ խումբ - 3-րդ դասարան:
Ընտրովի թելադրության անցկացման մեթոդական շղթան :
-
Առաջադրանքի գրում գրատախտակին, բացատրություն.
-
Համապատասխան կանոնի կրկնություն.
-
Տեքստի ընթերցում ուսուցչի կողմից.
-
Թելադրություն.
-
Տեքստի ընթերցում՝ ստուգման համար.
-
Ինքնաստուգում.
-
Գրավորների հանձնում:(2-րդ- ից 4-րդ դաս.)
Ազատ թելադրությունը ավելի բարդ է : Այն ուսուցողական փոխադրության փոքրացված ձևն է, որը մեծ չափով նպաստում է աշակերտների մեջ շարադրելու կարողության, ուղղագրական ունակությունների զարգացմանը: Ազատ թելադրությունը անցկացվում է ամբողջական տեքստը ավելի մանր մասերի բաժանելով՝ ուղղագրական կանոններով հագեցած, միտք ունեցող փոքր նյութերով:
Թելադրությունից առաջ ուսուցիչը կարդում է ամբողջ տեքստը, տալիս անհրաժեշտ բացատրություններ, գրատախտակին գրում տեքստի մեջ եղած ուղղագրական դժվարություն ներկայացնող բառեր: Ուսուցիչը կարդում է առանձին պարբերություններով, երեխաներին հարցնում կարդացածի բովանդակությունը՝ պարտադիր օգտագործելով գրատախտակին գրված բառերը:Եթե արդյունքը գովացուցիչ է, հանձնաարարում է այն գրի առնել: Աշխատանքն ավարտելուց հետո պետք է արդյունքները վերլուծության ենթարկել երեխաների հետ միասին: Օրինակ՝
Ձմեռը
Չարացել էր ձմեռը: Նա մտածեց բոլոր շնչավորներին ջնջել երկրի երեսից: Ամենից առաջ սկսեց թռչուններից. ձանձրացրել էին նրանք իրենց ծլվլոցով ու ճղճղոցով:
Ձմեռը փչեց իր սառը քամին, բոլոր ծառերից պոկեց տերևները, ժողովեց ու թափեց ճանապարհների վրա: Ո՞ւր գնացին թռչունները:
Հավաքվեցին ու մածեցին, հետո երամներ կազմեցին և աղմկելով՝ սարերի վրայով, ծովերի վրայով թռան դեպի տաք երկրներ: Մնաց միայն ճնճղուկը, նա էլ վախից ձայնը կտրեց:
Աշակերտ
Ձմեռը
Ձմեռը չարացել էր: Նա մտածեց շնչավորներին ոչնչացնել երկրի երեսից: Սկսեց թռչուններից, քանի որ հոգնել էր նրանց ծլվլոցից:
Հետո նա բոլոր շառերից պոկեց տերևները ու թափեց ճանապարհին: Թռչունները հավաքվեցին և թռան տաք երկրներ: Ճնճղուկն էլ վախից ձայնը կտրեց:
Ազատ թելադրության մեթոդական շղթան:
-
Բացատրություններ թելադրության առանձնահատկությունների մասին:
-
Նյութի ընթերցում՝ ունկնդրման համար:
-
Գրության տեսակետից դժվարություն ներկայացնող բառերի գրում գրատախտակին, դրանց բացատրում:
-
Տրամաբանական ամբողջություն ունեցող առանձին մասերի ընթերցում, վերլուծություն, վերատադրություն և գրառում:
-
Երկրորդ ընթերցում՝ ստուգման համար:
-
Ինքնաստուգում:
-
Գրավորների հանձնում:
Հորինողական թելադրությունը տարրական դասարաններում ամենաբարդն է, որը մոտեցնում է շարադրության շեմին: Սրան պետք է նախապատրաստվել մանրամասը: Կարելի է գրել նախադասու -թյուններով, պարբերություններով կամ տեքստերով: Բոլոր դեպքերում պետք է սկսել հենակետային բառերից: Ընտրել այնպիսի բառեր ու բառակապակցություններ, որը հագեցած լինի ուղղագրական բարդություն ունեցող բառերով: Բառերը չպետք է գրել հոլովված և խոնարհված ձևերով: Ուսուցիչը կարող է գրաատախտակին գրել իր ընտրած բառերը ( գարուն, արևի ջերմություն, բուրող հող, թռչուն, բնություն, զմրուխտ, կանաչ )
Այդ բառերով ու բառակապակցություններով կազմել նախադասություններ, սովորողներով մշակման ենթարկել , խմբագրել ու թելադրել:
Ընտրել 3-4 թեմատիկ բառախումբ, յուրաքանչյուրում 2-ից 3 բառ կամ բառակապակցություն: Այդ բառախմբերը կարելի է վերցնել տեքստից: Օրինակ՝
1.գարուն, կանաչ զգեստ, փոքրիկ առվակ
2. սարի լանջ, հովիվ, թռչուն
3.վարդ, կակաչ, երգ
Այս բառախմբերը առանձին-առանձին գրել գրատախտակին, աշակերտների ուշադրությունը հրավիրել բառերի ուղղագրության վրա, բացատրել անծանոթ բառերը: Երեխաները պետք է առանձին թերթիկի վրա առաջին խմբի բառերն օգտագործելով կազմեն փոքրիկ տեքստ: Առավել հաջողված տեքստը աշակերտների միջոցով խմբագրվում է: Ուսուցիչը բոլորին թելադրում է պարբերությունը: Նույն ձևով կատարվում է մյուս բառախմբերի հետ:
Այստեղ մեծ է ուսուցչի դերը: Երեխաների ստեղծագործելու ընթացքում նա անպայման պետք է մոտենա աշակերտներին և ուղղություն տա:
Հորինողական թելադրության անցկացման մեթոդական շղթան:
-
Հենակետային բառերի ընտրություն և գրառում գրատախտակին:
-
Ընթերցում ուսուցչի և աշակերտների կողմից:
-
Անհրաժեշտ կանոնների կրկնություն:
-
Նախադասությունների կազմում, հղկում:
-
Ընթերցում՝ գրածը ստուգելու համար:
-
Ինքնաստուգում:
-
Գրավորների հանձնում:
Առարկայական թելադրության ժամանակ ցուցադրվում են առարկաներ կամ դրանց նկարները, իսկ երեխաները պիտի լուռ գրեն:
Այս տեսակն ավելի շատ իրագործվում է առաջին դասարանում՝ բառապաշարի հարստացման և ինքնաթելադրություն գրելու կարողության ձևավորման նպատակով: 2-րդից 4-րդ դասարաններում աստիճանաբար բարդացվում է:
Օրինակ՝
-
Թելադրվող բառերով կազմել պատմողական նախադասություններ:
Արևածագ, հյուրեր, որսորդ, աղջիկ, զբոսնել, տեղափոխվել…
Թիրախ խումբ – 3-րդ դասարան
-
Թելադրվող թվականներով կազմել բառակապակցություններ:
Հինգ, վեց, երրորդ, հիսուն, տասնհինգ, վեցերորդ, հազար …
Թիրախ խումբ – 4-րդ դասարան:
-
Թելադրվող բառերով կազմել պարզ համառոտ նախադասություններ:
Ամպ, թռչուններ, թրջվել, թաքնվել, կնճիթ, …
Թիրախ խումբ – 2-րդ դասարան: