Տեղեկատվական տեխնոլոգիաների ազդեցությունը երեխայի հոգեբանական զարգացման գործում
Նորագույն տեխնոլոգիաները մարդկային կյանքի, ողջ հասարակության համար ստեղծել են նոր աշխարհ:Դրանք, հակառակ մեր ակնկալիքներին չեզոք միջոցներ չեն: Դրանք են թելադրում կյանքի ընթացքն ու ուղորդում ճանապարհը: Ներկա դարաշրջանում, մարդ արարածը մուտք է գործել տեխնոլոգիաների նոր դարաշրջան, որն արագ տեմպերով փոփոխության է ենթարկել նրա հասարակական կյանքը: Քաղաքական, տնտեսական, գեղագիտական, հոգեբանական, բարոյական, կրթական, հասարակական տեսանկյունից տեղեկատվական տեխնոլոգիաների թողած ազդեցության հետևանքները խոր են այնքանով, որ մարդկային կյանքի և հոգու ոչ մի անկյունը զերծ չի մնացել այդ ազդեցությունից: Այսօր ակնհայտ է, որ քաղաքակրթության հետագա զարգացումը կախված է նրանից, թե ինչպես կկառուցվեն մեդիայի և մարդու, մեդիայի և մշակույթի, մեդիայի և կրթության հարաբերությունները: Միայն համատեղ ջանքերի շնորհիվ է հնարավոր լուծել այդ խնդիրները:
Առ այսօր մանկավարժական ասպարեզում չկա մեդիայի կիրառելիության համակարգվածություն, ուսումնասիրված չէ`ինչ դեր են խաղում էլեկտրոնային միջոցները կրթության և դաստիարակության խնդրում: Հիմնական բարդությունն այն է, որ մանկավարժական արդեն կատարված ուսումնասիրությունները կորցնում են արդիականությունը` մեդիամիջոցների արագ փոփոխման հետևանքով: Աշխատանքային եւ սոցիալական միջավայրերի, դրանցում գործածվող տեխնոլոգիաների հաճախակի փոփոխությունները մեր օրերի մարդուն ստիպում են անընդհատ յուրացնել նոր գիտելիքներ եւ հմտություններ, պատրաստ լինել շարունակական ուսման։ Տեղեկատվական դարաշրջանում կրթության բնույթի մեջ կատարվող արմատական փոփոխությունը սերտորեն առնչված է տեղեկատվության եւ հաղորդակցության արդի միջոցների զարգացման եւ տարածման հետ։
Եվ կրթությունը, որպես մշակույթի համակարգում հանդես եկող առանձնահատուկ գործունեություն, բնականաբար, չի կարող հեռու մնալ այս գործընթացից: Մանկավարժական տեսանկյունից քննարկվում են հետևյալ խնդիրները.
ուսուցման որակի ապահովում և կրթական բաց համակարգերի (բաց կրթության) կառուցման սկզբունքներ.
տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաները լրացուցիչ կրթության մեջ.
նոր տեղեկատվական տեխնոլոգիաները` որպես ստեղծական կարողությունների և մասնագիտական կողմնորոշման միջոց.
կրթության հոգեբանական, մանկավարժական խնդիրները տեղեկատվական հասարակության պայմաններում.
տեղեկատվական հասարակության մեջ գլոբալիզացիան և կրթության ու կրթական ծառայությունների ինտեգրումը.
տեղեկատվական տեխնոլոգիաների դաստիարակչական ազդեցությունը.
տեղեկատվական տեխնոլոգիաների ազդեցությունը անհատի մտավոր զարգացման վրա
տեղեկատվական տեխնոլոգիաների ազդեցությունը և դերը երեխաների հոգեբանական զարգացման վրա և այլն:
Վերջին խնդրի հետ կապված հետազոտության արդյունքներն էլ որոշեցին նպատակս: Այն է` ոչ միայն ներկայացնել բուն բովանդակությունը, անդրադառնալ խնդիրներին ու լուծումներին, այլ նաև մեկ աշխատության մեջ զետեղել նյութեր, որոնք կարող են օգնել ուսուցչին և ծնողին:
Չնայած վերջին տասնամյակներում գրականության մեջ տեղ գտած բազմաթիվ վերլուծական մի շարք հետազոտական աշխատությունների, անձի սոցիալականացման, հոգեբանական խնդիրներն ու նորագույն տեխնոլոգիաների ազդեցությունն այդ գործընթացի վրա առայժմ լիարժեք ուսումնասիրված չեն և գիտական հանրության կողմից վիճաբանությունների ու մտորումների առարկա են ողջ աշխարհի մտավորականների համար:
… Համացանցային գրավչություններն ու պղծությունները մտնում են մեր տները՝ «սպանելու» մեր երեխաներին՝ «հենց պատուհաններից»: Հետաքրքրական է, որ Windows բառը նշանակում է «պատուհաններ»… Այսօր այդ պատուհանը համակարգչի, հեռուստացույցի էկրանն է:
Այսօր ժամանակները փոխել են ամեն ինչ և իրենց կնիքն անգամ մանկության ու պատանեկության վրա են թողել: Սրանք կյանքի կարեւոր և հիանալի փուլեր են , որոնք մեզանից յուրաքանչյուրը ուրախությամբ և մեծ սիրով է հիշում: Իսկ իսկական մանկությունը լի է ազնվությամբ, մաքրությամբ, պարզությամբ, միամտությամբ, հասարուկությամբ, անհոգ է, ուրախ, առանց պահանջների և կամակորությունների:
Եվ հենց մանուկներն ունեն աշխարհում ամենաթանկ բանը՝ մաքուր հոգի ու միտք: Նախկին բակային եւ մանկական խաղերին փոխարինելու են եկել հեռուստացույցը, համակարգիչը, բջջային հեռախոսն ու պլանշետը, համացանցը... Հետաքրքրություններն այսօր փոխվել են, և ոչ միայն դեպի դրականը: Այժմ երեխաներին հետաքրքրում են համակարգչային խաղերն ու շփումները սոցիալական կայքերում: Քսանմեկերորդ դարում մանկություն հասկացությունը մեղմ ասած այլ կերպ է ընկալվում: Այժմ երեխաների մեծ մասը իր մանկությունն անցկացնում է համակարգիչների, հեռախոսների և հեռուստացույցների առաջ: «Տեղեկատվական դարաշրջանի» երեխաները ծնվում են բազմաբնույթ տեղեկատվությամբ ծանրաբեռնված միջավայրում, որ սփռում են տարբեր տեսակի տեղեկատվական տեխնոլոգիաները :
Հեռուստացույցը ուսուցողական հզոր գործիք`«բարեկամ»
Բոլորիս ընտանիքներում իր պատվավոր տեղն է զբաղեցնում հեռուստացույցը՝ որպես մեր կենցաղի ամենօրյա ուղեկից: Այն կլանում է թե' մեծերին, թե' փոքրերին: Հաղորդումներ, ֆիլմեր, մուլտեր, տեսահոլովակներ, գովազդ... Հեռուստացույց դիտելը դարձել է այնքան հարազատ բան, որ մենք նույնիսկ կասկածի տակ չենք դնում նրա օգտակարությունը/վնասակարությունը: Ինչպես երթեւեկության մեջ կան կանոններ, որոնց անհրաժեշտ է հետեւել մեր կյանքի ապահովության եւ անվտանգության համար, այնպես էլ հեռուստացույց դիտելիս կան մի շարք սկզբունքներ, որոնք անհրաժեշտ է կիրառել երեխայի հոգեկան (եւ ոչ միայն) առողջության պահպանման համար: Հեռուստատեսության առավելությունն այն է, որ նա «պատուհան է դեպի աշխարհ», դիտողին կապում է աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների հետ, ինչ-որ իմաստով դարձնում է դրանց մասնակիցը: Նա ուղղորդում է մարդկանց գիտակցությունը երկրագնդի, ամբողջ մարդկության, մեր շուրջը կատարվող գլոբալ երևույթների վրա: Այդ իմաստով հեռուստատեսությունը կարող է մեծ ներդրում կատարել շատ խնդիրներ լուծելու և մեր հոգևոր հորիզոնն ընդլայնելու հարցում հասնել ցանկալի արդյունքի:
Հեռուստացույցի բացասաբար ազդեցությունը կամ հեռուստացույցը ` «թշնամի »
Գիտնականները վստահեցնում են, որ հեռուստացույցի առջեւ երկար նստելը վնասակար է երեխաների համար։ Շատ երեխաներ իրենց օրն անցկացնում են էկրանի առջեւ ժամերով նստած։ Դրա մասին ծնողները քաջատեղյակ են, սակայն ոչ մի կերպ չեն կարողանում իրենց երեխային «կտրել» հեռուստացույցից։
Այսօր հոգեբանները եւ գիտնականները միաձայն պնդում են, որ հեռուստացույցը առաջին հերթին ազդում է երեխայի զարգացող նյարդային համակարգի վրա, որն էլ անդրադառնում է երեխայի առողջության եւ վարքի վրա։ Հեռուստացույցը ստեղծում է հիպնոտիկ մի դաշտ, որն էլ ստիպում է երեխաներին ժամերով գամվել էկրանին։ Երբ հեռուստացույցն անջատվում է, ուղեղի բետա ալիքները (արթնության ալիքները) իրենց տեղը զիջում են դանդաղ ալֆա ալիքներին (որոնք դիտվում են այն ժամանակ, երբ մարդը պատրաստվում է քնել)։ Դրա հետեւանքով ուշադրությունը դառնում է ցրված, տեսողությունը եւ լսողությունը բթանում են, իջնում է ճանաչողական գործընթացների արագությունը։ Հեռուստացույց շատ դիտելուց ակտիվանում է երեխայի աջ կիսագունդը, որը պատասխանատու է զգացմունքային ռեակցիաների համար։ Հեռուստացույցը վատ է անդրադառնում երեխաների հոգեկան ներաշխարհի եւ վարքագծի վրա: Գիտնականները եկել են այն եզրակացության, որ ոչ միայն հեռուստացույց նայելն է վնասակար, այլեւ հեռուստացույցի` պարզապես միացրած վիճակում լինելը: Երեխան դրանից նյարդային է դառնում, կռվարար եւ ջղային, զայրացկոտ: Ամեն առիթով երեխան ոչ միայն լաց է լինում, այլեւ դադարում է լսել ծնողներին:
Հեռուստացույցը բացասաբար է ազդում երեւակայության վրա
Զգայարանների ֆիզիոլոգիայի մասնագետ Հորստ Պրենը գրում է. «Հեռուստաէկրանի առջև 10-15 ժամ նստած երեխայի ուղեղը նման է անապատի: Այդ երեխաները տառապում են երևակայության լրիվ կորստով: Որոշ երեխաներ ընդունակ չեն նույնիսկ հիշողությամբ բաժակ նկարելու: Ժամանակի հետ այդ կորուստը անդառնալի է լինում: Պետք է հիշել, որ ժամանակ առ ժամանակ երեխաների համար բարձրաձայն կարդալը նրանց մեջ առաջացնում է ոչ միայն կարդալու ցանկություն, այլև զարգացնում է մտածողությունն ու երևակայությունը: Հեռուստացույցից հրաժարված երեխան ոչինչ չի կորցնում, այլ փրկում է վերը նշված հատկանիշների ձևավորման համար անհրաժեշտ ժամանակը: Եթե արդեն դա ձեռք է բերել, ուրեմն չի խանգարի, որ նա ժամանակ առ ժամանակ հեռուստացույց ևս նայի: Եթե մանկությունը հագեցած է եղել խաղերով ու շարժումներով, երաժշտությամբ ու երևակայությամբ, ներքին պատկերներով ու տպավորություններով, ծնողները կարող են հանգիստ լինել, որ նրանց տղան կամ աղջիկը կգտնի կյանքի իր սեփական ուղին»:
Երկար հեռուստացույց դիտելուց երեխայի երեւակայությունը սահմանափակվում է։ Գերմանացի մանկաբույժ Պիտր Վինտերշտայնը ավելի քան 17 տարի ուսումնասիրել է 5-6 տարեկան երեխաներին եւ պարզել, որ որքան շատ է երեխան ժամանակ անցկացնում հեռուստացույցի առջեւ, այնքան քիչ դետալներ է օգտագործում նկարելիս, իսկ նկարված կերպարներն արտահայտված չեն։ Նրանց նկարած կերպարներն անհամաչափ են, նկարները` ավելի սխեմատիկ ու անկենդան։
Խոսքի ուժը և հեռուստացույցի ազդեցուրյունը նրա վրա
Երեխան խոսել սովորում է առաջին հերթին ծնողներից: Բայց ծնողները հիմա շատ զբաղված են, խոսելու ժամանակ չունեն, այսինքն՝ իրար ասելու բան էլ չունեն: Մարդիկ կինոյում, համերգասրահներում, պարասրահներում, հեռուստացույցի կամ համակարգչի առջև լռում են: Բացի այդ, միացրած հեռուստացույցի առկայությամբ տանը ծնողների շփումն է դժվարանում: Ծնողներն ավելի քիչ են հետեւում երեխաներին, քիչ են շփվում նրանց հետ, որի պատճառով երեխան մտավոր զարգացում չի ունենում, ավելի ուշ է սկսում խոսել եւ ավելի վատ, քան իր հասակակիցները: 1996 թվականին երեխաների օգնության անգլիական կազմակերպությունը հայտնում է, որ Անգլիայում յուրաքանչյուր երրորդ երեխան խոսքի զարգացման խնդիր ունի: Բուլղարիայում կատարված նմանօրինակ հետազոտություններից պարզվել է, որ նախադպրոցականների 21-27 %-ը տառապում է խոսքի խանգարումներով: Դրա հիմնական պատճառը բժիշկները համարում են ընտանիքներում աճող լռությունը, որին նպաստող ամենաուժեղ գործոնը հեռուստատեսությունն է: Սակայն ինչո՞վ է տարբերվում կենդանի խոսքը տեխնիկական միջոցներով միջնորդավորված խոսքից: Կարծես դրանց միջև չկա ֆիզիկական տարբերություն: Ինչպե՞ս է, որ տեխնիկայով միջնորդավորված խոսքը երեխայի ուղեղին հնարավորություն չի տալիս այնպես ձևավորվելու, ինչպես դա անում է կենդանի խոսքը:Նախքան փոքրիկը կսովորի թեկուզ փոքրիկ նախադասություն արտասանել, նա պետք է կարողանա կատարելապես տիրապետել խոսքի արտաբերմանը մասնակցող մի քանի տասնյակ մկանների կոորդինացմանը, որը չափազանց բարդ գործընթաց է: Պատահական չէ, որ անցյալում մայրերը երեխաներին քնեցնելիս օրորում էին՝ երգելով, արթուն ժամանակ՝ գրկած կամ ծնկին դրած խաղիկներ էին ասում, ապահովելով նրանց բնականոն ներդաշնակ զարգացումը: Դրա արդյունավետությունը գիտականորեն բացահայտել է գերմանացի հետազոտողներից մեկը՝ ցույց տալով, որ խոսքի յուրաքանչյուր հնչյունը բերանից դուրս գալով ակնթարթորեն առաջացնում է յուրահատուկ՝ միայն իրեն բնորոշ օդային պատկեր, որը, հասնելով իր կատարյալ ձևին, անհետանում է: Այսինքն՝ խոսքի յուրաքանչյուր պատկեր ներկայանում է որպես հոսող քանդակ: Ստացվում է, որ խոսքը առաջին հերթին պատկեր, ձև առաջացնող գործընթաց է, որի ժամանակ առաջանում են շարժուն գոյացություններ, որոնք մի քանի վայրկյան դեռ մնում են օդում, երբ ձայնային ալիքներն արդեն անհետացել են: Միաժամանակ խոսողի ամբողջ մարմինը ամեն հնչյունի ժամանակ առաջացնում է որոշակի, աչքի համար անտեսանելի շարժումներ: Այդ շարժումները հաջողվել է նկարահանել ժապավենի վրա, և պարզվել է, որ այդ միկրոշարժումները միանգամայն ներդաշնակ են արտասանած խոսքին և ընդգրկում են ամբողջ մարմինը՝ գլխից մինչև ոտքերը: Գիտնականները բացահայտել են, որ լսողը նույնպես պատասխանում է մարմնի համապատասխան միկրոշարժումներով՝ գլխից մինչև ոտքերը, միայն 40-50 միլիվայրկյան ուշացումով: Այս երևույթի բացահայտողը՝ Վիլյամ Կոնդոնը, նշելով խոսողի և լսողի համաչափ շարժումները, գրում է. «Կարծես լսողի ամբողջ մարմինը պարելով ուղեկցում է խոսողին»: Նա պարզել է, որ երկու օրական փոքրիկը և՛ չինարեն, և՛ անգլերեն խոսքին պատասխանում է միևնույն միկրոշարժումներով: Սակայն այս ամենը լսելու միայն առաջին փուլն է: Հաջորդ փուլում մկանային շարժումների ակտիվությունը փոխանցվում է և խթանում սրտի ու թոքերի ռիթմիկ գործունեությունը: Ցանկացած պատմող կարող է իր լսողների մոտ նկատել մարմնի թեթևակի լարվածություն կամ հանգստություն, շարժումների որոշակի փոփոխություններ, որոնք աստիճանաբար ընդգրկում են նաև լսողների հոգին՝ առաջացնելով կենդանի արձագանք: Մարմնական շարժումները վերափոխվելով՝ ենթագիտակցական ապրումների ոլորտից անցնում են չգիտակցված, անրջային հույզերի:Միայն երրորդ փուլում այդ շարժումները հասնում են գլխուղեղին, որտեղ վերափոխվելով դառնում են մտային գործընթաց, որպես հասկացություն կամ պատկերացում: Հենց այդ շարժումներից էլ երեխան հետագայում կառուցում է իր խոսքը: Եթե մեկը խոսում է, իսկ մյուսը` լսում, ապա նրանք երկուսն էլ հայտնվում են շարժումների ու հոսող պատկերների ոլորտում, պատկերների ծովում, որը կարծես ողողում է նրանց մարմինը: Այդ ոլորտում կարևոր է ոչ միայն խոսքի իմաստը, այլ նաև այն ամենը, ինչը կարելի է անվանել խոսքի կամ լեզվի մեղեդի՝ խոսքի տեմբրի, շեշտի, դադարի միջոցով ձևավորվող խոսքի ռիթմիկ կառուցվածք: Խոսքի այս տարրերը փոքրիկների վրա ավելի ուժեղ ազդեցություն են ունենում, քան պատմածի բովանդակությունը:Սակայն խոսքի այդ բնական ուժը չի գործում, եթե այն հնչում է մեքենայի կողմից: Խոսքի ներգործուն այդ շարժումը կարող է առաջանալ միայն մարդկային կենդանի շփման, կենդանի խոսքի ժամանակ: Բարձրախոսներն այդ ունակությունը չունեն: Նրանք օդային պատկերներ առաջացնել չեն կարող: Նրանց ստվարաթղթե թաղանթներն առաջացնում են միայն ձայնային ալիքներ, որոնք որոշակի հասցեատեր չունեն և ոչ մեկից էլ պատասխան չեն ակնկալում: Ճիշտ է, երեխաներն այդ ձայնին էլ են արձագանքում մարմնի միկրոշարժումներով, բայց նրանց կամքը ձայնի ձևավորմանը մասնակից չի դառնում: Պատկերավոր ասած, դինամիկները միշտ տառապել ու շարունակում են տառապել աուտիզմով:
Երեխայի ֆիզիկական ու հոգևոր ներդաշնակ զարգացման համար անհրաժեշտ է մարդ, որը կդառնա բառի միջնորդը: Միայն այդ դեպքում բառը երեխայի ես-ը գերզգայական ոլորտից կուղեկցի դեպի զգայական ոլորտ: Միայն այդ ժամանակ բառը կարող է զգայական աշխարհից ազատել գերզգայական ուժերը, որոնք անհրաժեշտ են երեխային, մի կողմից՝ հոգու և մտքի, մյուս կողմից՝ հոգու և մարմնի միջև կապ հաստատելու համար:«Ի սկզբանէ էր Բանը» և Բառը նրան մարդ դարձրեց, իսկ նա միայն Բառի էներգիան փոխանցում է երեխային, որը ձգտում է մարդ դառնալ:
Խանգարում է կենտրոնանալ, վատ ուսում, շփում
Փոքր տարիքում երեխայի մեջ անընդհատ պահանջ է առաջանում կապ գտնելու առարկաների, պատկերների և երևույթների միջև, որը դրսևորվում է անընդհատ հարցեր տալով: Ավելի ուշ շրջանում երեխայի դատողությունը ավելի է խորանում, ձևավորելով վերլուծական դատողական, խոհական մտածողություն, որն էլ ձևավորում է բանականությունը: Դրա շնորհիվ մարդը կարողանում է բացահայտել իրական կյանքի ընդհանուր օրինաչափություններ: Սակայն երեխաների մեջ այդ հնարավորությունների զարգացումը վեց-յոթ տարեկանում նվազում է, և, եթե այդ պահանջը չի լրացվում համապատասխան դաստիարակությամբ, ապա հասուն տարիքում ստեղծագործական ունակությունները զարգացած չեն լինում: Դրա երկրորդ փուլը սկսվում է սեռահասունության շրջանում: Այդ փուլում ինտելեկտուալ ներուժը նույնպես կարող է կորչել, եթե դաստիարակությամբ ժամանակին չամրապնդվեն նոր ունակություններ: Արդյունքում, բնության ընձեռած որոշ մտային ունակություններն անվերադարձ կորչում են: 1994 թվականին գերմանական «Շպիգել» ամսագիրը թեստավորել է գերմանացիների ընդհանուր կրթական մակարդակը և ստացել է հետևյալ պատասխանը. «Որքան մարդը երկար է հեռուստացույց դիտում, այնքան խղճուկ են նրա գիտելիքները: Դա վերաբերում է բոլոր բնագավառներին, բացի սպորտից»: Ինչո՞ւ: Այդ հարցին կարելի էր հեշտությամբ պատասխան գտնել ժամանակակից բնագիտական հետազոտություններով: Ամերիկացի գիտնականները փորձել են բացահայտել հեռուստահաղորդումների ժամանակ մարդու օրգանիզմում կատարվող կենսաքիմիական, ներզատական, նյարդամկանային և զգայական գործընթացների բնույթը, ինչպես նաև կենտրոնական նյարդային համակարգում ընթացող փոփոխությունները: Մարդկային աչքը չնայած դրսևորում է լուսանկարչական ապարատի հատկանիշներ, սակայն տեսողության գործընթացին մասնակցում է աչքի ոչ միայն օպտիկական տարրը: Տեսողությունը ոչ թե պասիվ գործողություն է, որն ուղղակի ընկալում է արտաքին միջավայրի լուսային գրգիռները, այլ բարձրագույն աստիճանի ակտիվ գործընթաց է: Չնայած ինչ-որ բան դիտելիս մենք չենք գիտակցում մեր աչքերի արագ շարժումները, այդուհանդերձ, դրանք կապված են մեր ամբողջ մարմնի հետ: Հեռուստացույցի առջև աչքերի ակտիվությունը համարյա լրիվ ընկնում է: Հեռուստացույցի առջև նստածը ակնդետ նայում է էկրանին, քանի որ աչքը շարժող մկանները անշարժ են: Նրանց քարացածությունը տարածվում է ամբողջ մարմնում, և նույնիսկ ամենաշարժուն երեխաները հեռուստացույցի առաջ նստում են անշարժ: Սակայն այստեղ խնդիրը ոչ թե մկանային պասիվությունն է, այլ մկաններին ուղղորդող կամային պասիվությունը: Այդ գործընթացը ոչ այլ ինչ է, եթե ոչ հարձակում մարդու կամային ունակության վրա, որով պայմանավորված են նրա ինքնուրույնությունը, սեփական ակտիվությունը: Տեղի է ունենում ակտիվության նվազում, կամքի կանգ, այսինքն՝ անհատի դեգրադացիա: Հեռուստացույցի անշարժացնող ազդեցությունը արտահայտվում է նաև գլխուղեղի կեղևի ակտիվության վրա: ՈՒսումնասիրությունները բացահայտել են, որ հեռուստացույցի առջև նստած և հիպնոսի վիճակում գտնվող մարդու էլեկտրաուղեղագրերը իրար շատ նման են:
Հեռուստացույցը ազդում է նաեւ երեխայի ուսման պրոցեսի վրա։ Որքան վաղ հասակից է երեխան տարվում հեռուստացույցով, այնքան տուժում է առաջադիմությունը, քանի որ ծանրաբեռնվում են ուշադրությունը, լսողական եւ տեսողական համակարգերը։ Երեխան պետք է միշտ ակտիվ շարժվի, ձեռք բերի նոր հմտություններ, նկարի, բռնի, կառուցի, իսկ հեռուստացույց նայելու ժամանակ երեխան պասիվ է, չի զարգանում: Մի շարք հետազոտություններ փաստում են, որ երեխաներն, ովքեր գրեթե չեն նայում հեռուստացույց դատում, մտածում են ավելի ռացիոնալ և նրանց աշխարհընկալումն ավելի իրական է, քան հաճախ հեռուստացույց նայող երեխաներինը:Կանադայում մանկապարտեզ հաճախող երեխաների շրջանում անցկացված հետազոտությունների արդյունքում պարզ է դարձել, որ միջինը օրական 72 րոպե կամ նույնիսկ մեկ ժամ հեռուստացույցի դիմաց անցկացնելը կարող է վատ անդրադառնալ երեխաների վրա: Այս մասին հրապարակել է «Science Daily» պարբերականը: Մոնրեալի համալսարանի պրոֆեսոր Լինդա Պագանին «Սուրբ Ժուստին» մանկական հիվանդանոցի հետ համատեղ անց է կացրել մի հետազոտություն, որի արդյունքում պարզ է դարձել, որ հեռուստացույցի առաջ ավել ժամանակ անցկացնելուց հետո երեխաների մոտ առաջացել են բառապաշարի, մաթեմատիկական կարողությունների հետ կապված խնդիրներ: Նրանք ավելի քիչ են մասնակցել ակտիվ դասապրոցեսին, ուշադրության ու կենտրոնանալու խանգարում են ունեցել և ֆիզիկական պասիվություն են դրսևորել: Հետազոտությանը մասնակցել են մանկապարտեզ հաճախող 991 աղջիկ և 1006 տղա երեխաներ: Ինչպես նշում է պրոֆեսոր Պագանին, մանկապարտեզ հաճախելը ենթադրում է հոգեբանական-սոցիալական հարմարվողականություն, ինչպես նաև փոքր մասշտաբի ակադեմիական ձեռքբերումներ: Պարզվում է, որ հեռուստացույցի առաջ ավելորդ ժամանակահատված անցկացնելը ամեն առումով բացասաբար է ազդում երեխաների վրա: Այնուամենայինիվ երեխային չպետք է թույլ տալ 2 ժամից ավել հեռուստացույց դիտել, քանի որ այն վատ է անդրադառնում երեխայիզարգացման ու հասունացման վրա: