Խ.ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
Ռ Ե Ֆ Ե Ր Ա Տ
ՖԱԿՈՒԼՏԵՏ՝ Սկզբնական կրթություն
ԲԱԺԻՆ՝ Տարրական մանկավարժություն և մեթոդիկա
ԿՈՒՐՍ՝ 2-րդ հեռակա
ԱՌԱՐԿԱ՝ Տրամաբանություն
ԹԵՄԱ՝ Մտածողություն և լեզու
ԴԱՍԱԽՈՍ՝ Փիլ.Գ.Թ., դոցենտ՝ Հ.Հովհաննիսյան
ՄԱԳԻՍՏՐԱՆՏՆԵՐ՝ Փահլևանյան Արմինե
Ճարատանյան Դիանա
Աղամյան Օլգա
Հակոբյան Անուշ
Հակոբյան Լուսինե
Ե Ր Ե Վ Ա Ն 2 0 1 8
Ն Ե Ր Ա Ծ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Մարդն օժտված է վերացական մտածողությամբ: Իմացության ընթացքում կատարվում է թռիչք՝ զգայական իմացությունից դեպի տրամաբանական իմացություն: Զգայարանների միջոցով ստացված գիտելիքները խիստ սահմանափակ են, քանի որ հնարավոր չէ դրանց միջոցով իմանալ այն երևույթները, որոնք տեղի են ունեցել անցյալում կամ պետք է տեղի ունենան ապագայում, կամ այն երևույթների մասին, որոնք տեղի են ունենում այժմ, կամ այնտեղ, ուր մենք ներկա չենք: Ավելին, կան բազմաթիվ երևույթներ, որոնք ենթակա չեն զգայական իմացության: Օրինակ, սոցիալական, մարդկային հարաբերությունները, բնական երևույթներից լույսի արագությունը, ատոմի ներսում կատարվող երևույթները և այլն: Զգայական իմացության սահմանափակությունները լրացվում են տրամաբանական մտածողությամբ, որն իրականանում է մտքի ձևերի` հասկացության, դատողության և մտահանգման միջոցով:
Մտածողության ուսումնասիրությունների հիմնարար հարցերից մեկը վերաբերում է«մտածողութուն և խոսք» կապին: Մտածողությունը ակտիվ հոգեկան գործընթաց է, որն ուղղված է օբյեկտիվ աշխարհի առարկաների և երևույթների էական կողմերի ու դրանց ներքին կապերի միջնորդավորված և ընդհանրացված արտացոլմանը։ Մտածողությունը անհնար է դրսևորել առանց խոսքի և ունի իր տրամաբանական ձևերը։
Մտածողությունը իմացական գրծընթաց է, որի միջոցով իրականությունն արտացոլվում է ընդհանրացված և խոսքով միջնորդավորված ձևով:
ակնառու-գործնական
ակնառու-պատկերավոր
խոսքային-տրամաբանական
ստեղծագործական/էվրիստիկ/
վերարտադրական/ինտուիտիվ/
Հնագույն ժամանակներում մարդկությանը հետաքրքրել է այն հարցը, թե ինչ է լեզուն, ինչպես է այն առաջացել, ինչպիսի կառուցվածք ունի և այլն:Այս հարցում տեսակետները եղել են տարբեր:*1
Խնդիր . Բացահայտել լեզվի և մտածղության փոխադարձ կապը:
Նշված հարցերը քննարկելուց հետո կհանգենք այն եզրակացության, որ լեզուն և մտածողությունը գտնվում են սերտ կապի մեջ:
Լեզուն և մտածողությունը գտնվում են փոխադարձ կապի մեջ:
Լեզուն ձևավորում է մտքերը:
Մտքեր ձևավորելով՝ լեզուն հաղորդում է ինֆորմացիա՝ ,,մտքերի փոխանակում,,:
Ինֆորմացիա տալով՝ լեզուն դառնում է նյութական և հոգևոր աշխարհի իմացական, ճանաչողության բանալին:
Լեզուն մտածողության արդյունքների պահպանման ու փոխանցման միջոցն է:
Մ Տ Ա Ծ Ո Ղ ՈՒ Թ Յ ՈՒ Ն ԵՎ Լ Ե Զ ՈՒ
Լեզու և մտածողություն: Հաղորդակցվելու համար մարդ նախ պետք է ունենա ինչ-որ միտք, ասելու ինչ-որ բան: Ասելու այդ ինչ-որ բանը, միտքը, ցանկությունը, ապրումները և այլն ծագում են մարդու մեջ, նրա հոգեկան աշխարհում:
Այն ամենը, որ մարդ ասում է, առաջանում ու լեզվական նյութական թաղանթով ձևավորվում է նրա մտքում, նրա գիտակցության մեջ: Նշանակում է, հաղորդելուց, մի բան ասելուց առաջ մարդ իր մեջ կազմում է ինչ-որ միտք, ինչ-որ ասելիք: Դա իրականացվում է լեզվի միջոցով, նրա նյութական միավորների օգնությամբ:
Առարկանների, երևույթների, հատկանիշների մասին մեր ունեցած հասկացությունները մեր գիտակցության սեփականությունն են դառնում, ամրակայվում են մեր գիտակցության մեջ լեզվական նյութական թաղանթով:
Մենք արտաքին աշխարհից ստանում ենք մեզանից անկախ գոյություն ունեցող առարկաների, երևույթների, հատկանիշների և այն ամենի տպավորությունները, զգայական ընկալումներն ու պատկերացումները, որոնք մեր մտքի, մեր ճանաչողության առարկան են դառնում լեզվի միջոցով:
Հասկացությունները մեր մեջ այլ կերպ գոյություն ունենալ չեն կարող, քան լեզվական ձևով: Դրա հետ միասին, լեզվական ձևերի, լեզվական միավորների օգնությամբ մեր գիտակցության մեջ ամրակայում ենք մեր ամբողջ գիտելիքները և այդ ամենը փոխանցում սերնդեսերունդ:
Մտածողությունը, դա անհատի ճանաչողական գործունեության գործընթացն է, ուղղված իրականության ընդհանրացված և միջնորդավորված արտացոլմանը, որի ժամանակ սուբյեկտն իրականացնում է տարբեր տեսակի ընդհանրացումներ։ Մտածողությունն արտացոլում է շրջապատող աշխարհի առարկաների և երևույթների այն կողմերն ու օրինաչափությունները, որոնք մատչելի չեն անմիջական զգայական արտացոլման համար։
Մտածողության արդյունքները մտքերն են, որոնք հիմնականում արտահայտվում են հասկացություններում և նրանց կապերում, խոսքում։ Մտածողությունը նաև նորի որոնման և բացահայտման գործընթաց է, որը հենվում է զգայական փորձի և մարդու պրակտիկ գործունեության վրա, բայց մեծ չափով դուրս է գալիս դրանց սահմաններից:
Այսպիսով, մտածողությունը ակտիվ հոգեկան գործընթաց է, որն ուղղված է օբյեկտիվ աշխարհի առարկաների և երևույթների էական կողմերի ու դրանց ներքին կապերի միջնորդավորված և ընդհանրացված արտացոլմանը։ Մտածողությունը անհնար է դրսևորել առանց խոսքի և ունի իր տրամաբանական ձևերը։
Մտածողության միջոցով մարդը դուրս է գալիս զգացողական ճանաչողության սահմաններից և ձեռք բերում իր գործունեությունը ծրագրելու և կանխատեսելու ունակություն։ Մտածել, նշանակում է բացահայտել այն օրինաչափություններն ու հատկանիշները, որոնք ակնհայտ չեն, այլ «թաքնված են» երևույթների կամ առարկաների խորքային հարաբերություններում։ Մտածել՝ նշանակում է ոչ թե արտացոլել կամ արձագանքել արտաքինի ազդեցությանը, այլ հիմնվելով նախկին փորձի, զգայական ճանաչողության արդի փորձի վրա «ստեղծել» նոր տրամաբանական ձևեր՝ հասկացողություններ, դատողություններ, եզրահանգումներ (ինդուկտիվ և դեդուկտիվ բնույթի)։
Երեխան մի քանի տարվա ընթացքում սովորում է խոսել` իր շրջապատից յուրացնելով տվյալ լեզուն և դրա միջոցով էլ իր գիտակցության սեփականությունն է դարձնում իր կոլեկտիվի մտածողության նվաճումները: Մարդն իր անհատական փորձով չէր կարող իր ամբողջ կյանքի ընթացքում ամբարել այն բոլոր գիտելիքները, ճանաչողական այն հսկայական պաշարը, որ հազարամյակների ընթացքում ձեռք է բերել մարդկությունը: Մինչդեռ երեխան համեմատաբար կարճ ժամանակամիջոցում կարողանում է տիրապետել լեզվին և դրանով իսկ իր գիտակցության սեփականությունը դարձնել մարդկային ճանաչողության վիթխարի նվաճումներ:
Ամեն մի հաղորդակցում ենթադրում է հասկացությունների, մտքերի ու դրանց միացությունների ձևավորում խոսողի գիտակցության մեջ, իսկ դրա համար անհրաժեշտ է այդ բոլոր հասկացությունների և դրանք մեր գիտակցության մեջ ամրակայող միավորների` լեզվի բառերի ու քերականական ձևերի ամբողջ համակարգի առկայությունը յուրաքանչյուր մարդու մեջ: Հենց դրանով էլ լեզուն հանդես է գալիս որպես մտածողության արդյունքների պահպանման ու փոխանցման միջոց: Լեզվի և մտածողության փոխհարաբերության հարցը գիտության բարդ խնդիրներից է: Շատ լեզվաբաններ և փիլիսոփաներ զարգացնում են լեզվի և մտքի, խոսքի և մտածողության անջատման տեսակետը, ուրիշները ունեն հակառակ մոտեցում, այսինքն նույնացնում են խոսքը և միտքը, որը մեկ այլ ծայրահեղություն է: Ակադեմիկոս Գ.Բրուտյանի համոզմամբ, լեզուն և մտածողությունը, որպես օբյեկտիվ իրականության արտացոլման ձևեր, իրենց ծագմամբ, գոյությամբ ու զարգացմամբ անբաժանելի կապի մեջ են միմյանց հետ: Ավելին, լեզուն և մտածողությունը միասնական են, քանի որ լեզվի միջոցով և նրա օգնությամբ ոչ միայն առաջանում ու ձևավորվում են մտքերը, այլև լեզվի շնորհիվ դրանք ամրագրվում ու պահպանում են իրենց գոյությունը մարդու գիտակցության մեջ: Առանց լեզվական թաղանթի ոչ մի միտք չի կարող գոյություն ունենալ: *2 Միտքն առաջանում է լեզվական թաղանթի մեջ, լեզվական թաղանթով պարուրված: Այն հանգամանքը, որ մտքերի և համապատասխան լեզվական արտահայտությունների առաջացումը միասնական, միաժամանակյա գործընթաց է, չի նշանակում, թե լեզուն և միտքը նույնական են: Նախ, լեզուն ունի համազգային բնույթ, քանի որ որպես հաղորդակցման միջոց, ընդհանուր է տվյալ ազգի բոլոր խավերի, սոցիալական բոլոր խմբերի, հասարակության բոլոր անդամների համար: Մինչդեռ մտածողությունն իր բնույթով համամարդկային է, ընդհանուր է բոլոր մարդկանց համար, անկախ նրանց սոցիալական վիճակից, ազգային պատկանելությունից և այլն:
Լեզուն օգնում է մարդկանց հաղորդելու մտքեր ոչ միայն տվյալ սերնդի շրջանակներում, այլև տվյալ սերնդի հոգեկան ողջ մշակույթը հաղորդում է հետագա սերունդներին:*3 Լեզվի շնորհիվ է, որ մարդիկ պատկերացում ունեն անցյալի, անգամ հեռավոր անցյալի պատմության մասին: Լեզվի միջոցով և նրա օգնությամբ են առաջանում և ձևավորվում մտքերը բառերի ու բառակապակցությունների ձևով, որոնք մարդու գիտակցության մեջ պահպանվում են դարձյալ լեզվի շնոհիվ: Տրամաբանական մտածողությունը ևս իրականանում է լեզվի հենքի վրա: Լեզվի միջոցով են արտահայտվում նաև մարդու հոգեկան աշխարհը, զգայական իմացության արդյունքները: Սրանցում է լեզվի իմացաբանական նշանակությունը: Միևնույն իրողությունը կարող է տարբեր լեզվական արտահայտություններ ունենա: Լեզվական այս կամ այն եղանակը, միջոցը, ձևը, խոսքը ընտրելիս մենք տրամաբանական միևնույն ինֆորմացիային տալիս ենք զգացական երանգավորում, էմոցիոնալ շղարշ: Լեզուն, խոսքը զգայական գունավորում տալով մտքին, այն հասցնում է ունկնդրի գիտակցությանը ոչ թե անմիջականորեն, այլ նրա սրտի միջով, ինչն էլ նպաստում է այն բանին, որ այն համոզման ուժ է ստանում և կարող է դրդել գործողության, դառնալ գործելակերպի շարժառիթ:
Լեզուն և մտածողությունը գտնվում են փոխադարձ կապի մեջ:
Ինչպիսի՞ն է լեզվի դերը մտածողության նկատմամբ.
Լեզուն ձևավորում է մտքերը: Մտածողությունը, որպես գիտակցության մեջ իրականության ընդհանրական արտացոլման գործունեություն, մշտապես հենվում է բառերի, նախադասությունների բազայի վրա: Հետևաբար, առանց լեզվի նյութական այս միավորների թե դատողությունը, թե մտահանգումը, թե հասկացությունը գոյություն ունենալ չեն կարող:
Մտքեր ձևավորելով՝ լեզուն հաղորդում է ինֆորմացիա՝ «մտքերի փոխանակում»:
Ինֆորմացիա տալով՝ լեզուն լսողի կամ ընթերցողի համար հարուցում է մտքեր, որոնք համարյա համարժեք են հեղինակի մտքերին: Լեզուն, մտքեր ձևավորելով, դրանք առաջացնելով ու արտահայտելով, մարդուն հնարավորություն է տալիս ամբողջապես, խորը ճանաչելու աշխարհը, այսինքն լեզուն դառնում է նաև նյութական և հոգևոր աշխարհի իմացական, ճանաչողության բանալին:
Լեզուն մտածողության արդյունքների պահպանման ու փոխանցման միջոցն է:
Լեզուն որպես նշանային համակարգ: Կարևոր է տարբերել բնական լեզվի նշանները արհեստական լեզվի նշաններից: Բնական լեզուն, որպես նշանների համակարգ, բնապատմական պրոցեսի արդյունք է, իսկ արհեստական լեզուների նշանների համակցությունը` մարդկանց միջև պայմանավորվածության արդյունք: Նշանների (արհեստական) լեզուն առաջանում է բնական լեզվի հենքի վրա, այն հասկանալի կարող է դառնալ և մեկնաբանվել միայն բնական լեզվի միջոցով: Դժվար է գտնել գիտելիքների որևէ բնագավառ, որտեղ չօգտագործվեն փոփոխականներ, նշաններ: Նշանների լեզուն նպատակ ունի ծառայել այս կամ այն գիտական նպատակին և կարևոր դեր ունի գիտության մեջ: Գիտության համար էական է գործածվող տերմինների, բառերի միանշանակությունը, իսկ խոսակցական, կենդանի լեզվում բառերը որպես կանոն, բազմանշանակ են: Նշանների օգնությամբ հնարավոր է դառնում կրճատ ձևով արտահայտել գիտական նշանակություն ունեցող այս կամ այն միտքը, սկզբունքը: Միանշանակությունը հնարավոր է դարձնում նշանների լեզվի հանդես գալը որպես գիտության միջազգային լեզու: Նշանների լեզվի այս և մի շարք այլ առանձնահատկություններ որոշ հետազոտողների հանգեցրել են իմացության պրոցեսում նրա դերի գերագնահատմանը: Սեմեոտիկայի` նշանների մասին գիտության հիմնադիր Չ.Պիրսը այն համարել է մտածողության էությունը: Որոշ փիլիսոփաներ անգամ առաջարկել են դրանցով փոխարինել կենդանի լեզուները: Սակայն կենդանի, խոսակցական լեզուն մտքի հաղորդակցման միջոց է, իսկ նրա հենքի վրա առաջացած արհեստական, նշանների լեզուն ունի միայն օժանդակ իմացական նշանակություն և ծառայում է կոնկրետ գիտական նպատակների: Օրինակ, բազմանշանակությունը բացառվում է նշանների լեզվում, իսկ կենդանի լեզվում` ապահովվում է լեզվի ճկունությունը: Գերմանացի նշանավոր մաթեմատիկոս և տրամաբան Գ.Ֆրեգենը, խոսակցական լեզվի և նշանների լեզվի միջև նույն փոխհարաբերությունն է տեսնում, ինչ գոյություն ունի աչքի ու մանրադիտակի միջև: Նշանների լեզուն օժանդակ է և օգնում է կենդանի խոսակցական լեզվին իրականացնելու իր խնդիրները իմացության պրոցեսում:
Լեզվի միջոցով ենք նաև սովորում որոշակիորեն դասակարգել արտաքին աշխարհի առարկաները և երևույթները, խմբավորել դրանք որոշակի հատկանիշներով, արտահայտել նրանց միջև եղած զանազան հարաբերությունները և այլն:
Լեզվի այս բնութագիրը, այսինքն մտածողության ձևավորման միջոց լինելը, լեզվաբանության բնորոշում են իբրև արտահայություն կամ ինքնարտահայտում, նկատի ունենալով այն, որ լեզուն ձևավորում է մտքերը և ծառայում որպես դրանք արտահայտելու, դրսևորելու միջոց: Լեզուն դիտվում է իբրև մարդու ինքնարտահայտման միջոց: Սակայն ավելի նպատակահարմար է լեզուն այս տեսակետից բնորոշել որպես մտածողության ձև և մտածողության նյութական դրսևորման միջոց:
Տարբեր զգացողությունների, ընկալումների, պատկերացումների, ինչպես նաև՝ սրանցից բխող հիշողությունում «պահեստավորած» պատկերների հիման վրա սկիզբ է առնում մտածողության ֆունկցիան։ Մտածողությունն արտաքին աշխարհի զգացողական ընկալումները վերափոխում է գիտելիքների մի համակարգի՝ ընկալումների հատկությունների և փոխհարաբերությունների վերաբերյալ։
Մտածողությունը կարելի է սահմանել որպես հոգեկան ֆունկցիա, որն իրականացնում է արտաքին աշխարհի երևույթների (առարկաների) էական և թաքնված կապերի միջնորդավորված և ընդհանրացված ճանաչումը, ինչպես նաև՝ նրանց ներքին փոխկապակցվածությունը։ Մտածողությունը անհնար է դրսևորել առանց խոսքի և ունի իր տրամաբանական ձևերը: Մտածողության միջոցով մարդը դուրս է գալիս զգացողական ճանաչողության սահմաններից և ձեռք բերում իր գործունեությունը ծրագրելու և կանխատեսելու ունակություն։
Մտածել, նշանակում է բացահայտել այն օրինաչափություններն ու հատկանիշները, որոնք ակնհայտ չեն, այլ «թաքնված են» երևույթների կամ առարկաների խորքային հարաբերություններում։
Մտածել՝ նշանակում է ոչ թե արտացոլել կամ արձագանքել արտաքինի ազդեցությանը, այլ հիմնվելով նախկին փորձի, զգացողական ճանաչողության արդի փորձի վրա «ստեղծել» նոր տրամաբանական ձևեր՝ հասկացողություններ, դատողություններ և եզրահանգումներ (ինդուկտիվ և դեդուկտիվ բնույթի)։ Այս պրոցեսը, որը կոչվում է ասոցիատիվ, կատարվում է մի շարք փուլերով՝ համադրում, համեմատում, անալիզ, սինթեզ, ընդհանրացում, կոնկրետացում, վերացարկում, որոնց արդյունքում էլ ձևավորվում են վերը նշված տրամաբանական կամ մտածողական ձևերը (հասկացողություն, դատողություն, եզրահանգում)։
Ասոցիատիվ պրոցեսը ներկայացնում է իրենից մի գործընթաց, որի հիմքում ընկած են ասոցիացիաներ, այսինքն՝ տարբեր մտքերի կամ զգացմունքների միջև ստեղծված կապերը, որոնք ակտիվանում են այդ կապերի յուրաքանչյուր տարրի դրդման արդյունքում։ Ուղեղի ասոցիատիվ գործունեության հիմքը պայմանական ռեֆլեքսն է։
Այդ գործընթացում կատարվում է երկու կամ ավելի առարկաների կամ երևույթների ամենապարզ համադրումը և համեմատումը։ Այն է՝ համանման առարկաների (երևույթների) համեմատում և նրանց միջև հայտնաբերված նմանության կամ տարբերության հաստատում։ Այնուհետև կատարվում է անալիզ՝ ամբողջը մասնատվում է առանձին մասերի կամ հատկանիշների առարկայի (երևույթի) ներքին, թաքնված կառուցվածքը ճանաչելու նպատակով։ Մտածողության գործընթացի հաջորդ փուլում կատարվում է սինթեզ, որի իմաստն ու նպատակը մասնատված ամբողջության վերականգնումն է։ Այս ընթացքում երևույթի մասին ձեռք է բերվում նոր գիտելիք, որը նախկինում թաքնված էր։ Սինթեզի միջոցով ձեռք բերված ընդհանուր հասկացողությունները տարածվում են ավելի լայն սահմանների երևույթների և առարկաների վրա, որոնց համար այդ հատկանիշները բնութագրական են։ Այլ կերպ ասած, ընդհանրացման փուլի խնդիրն է ավելի փոքր ընդհանրություններից դեպի ավելի լայն ընդհանրացում, օրինակ՝ զառանցանք — մտածողության խանգարում — հոգեկան ֆունկցիայի ախտահարում — հոգեկան հիվանդություն։ Կոնկրետացումը նախորդ գործողության հակառակ ընթացքն է՝ ավելի լայն ընդհանրացումից դեպի ավելի փոքրը, սահմանափակը։ Վերջապես, մտածողության վերջին փուլի՝ վերացարկման, էությունն այն է, որ մարդը, առանձնացնելով էականն ու գլխավորը, շեղվում է առանձին կոնկրետ պատկերավոր հատկություններից։ Վերը նշված ասոցիատիվ պրոցեսները կազմում են մտածողության հիմքը, հասկացողությունների ձևավորման ուղին։
Ընդունված է առանձնացնել մտածողության հետևյալ ձևերը՝
ակնառու-գործնական մտածողությունը իրագործվում է առարկաների հետ կոնկրետ, շոշափելի գործողություններ կատարելու ընթացքում,
ակնառու-պատկերավոր մտածողությունը իրագործվում է մտապատկերների հետ կատարվող գործողությունների միջոցով,
խոսքային-տրամաբանական մտածողությունը ընթանում է խոսքի, լեզվի պարտադիր մասնակցությամբ,անվանում են նաև վերացական,
ստեղծագործական/էվրիստիկ/ մտածողության օգնությամբ ստացվում են միանգամայն նոր արդյունքներ,
վերարտադրական/ինտուիտիվ/ մտածողությունը հենվում է հիշողության վրա և նոր արդյունքներ չի պարունակում:
Մարդու ստեղծագործական գործունեության ոլորտում կարևոր է երևակայությունը՝ վերջնական արդյունքի կերպարային պատկերացման հնարավորությունն ու պրոբլեմային իրավիճակի լուծման ծրագրավորումը։ Հասկացողություններն օգտագործելու միջոցով ճանաչել առարկաների և երևույթների միջև եղած կապերն ու առնչությունները։ Մտածողության այս ձևի միջոցով բացահայտվում են այնպիսի երևույթներ, օրինաչափություններ, պատճառահետևանքային կապեր, որոնք չեն ենթարկվում զգացողական, ակնառու-գործնական և պատկերային ճանաչողությանը։ Մտածողության հենց այս ձևն է, որ թույլ է տալիս մարդուն ճանաչել բնության և հասարակության ամենախորքային և թաքնված կապերն ու հարաբերությունները։ Այդ իսկ պատճառով մտածողության այս ձևն անվանում են նաև տեսական։
Մտածողությունը ուսումնասիրում է տարբեր գիտություններ, այդ թվում նաև փիլիսոփայության ճյուղին պատկանող ձևական տրամաբանությունը: Ձևական տրամաբանությունը ուսումնասիրում է մտածողության ձևերը`
հասկացություն
դատողություն
մտահանգում
1. Հասկացությունները մտածողության ձևերից առաջինն են։ Դրանք արտացոլում են երևույթների կամ առարկաների ամենակարևոր և էական հատկությունները։ Տարբերում ենք հասկացության երկու ձև՝ վերացական և կոնկրետ։
Վերացական հասկացությունն արտահայտում է առարկայի, երևույթի, գործողության վիճակը, որակներն ու հատկությունները։ Սրանք առաջանում են իրականությունից վերացարկվելու պայմաններում՝ էական հատկություններն առանձնացնելու նպատակով։ Այս շարքի հասկացություններից են «հիվանդությունը», «երջանկությունը», «արատը» և այլն։ Զգայական և տրամաբանական իմացությունների միջև առկա են ինչպես որակական, այնպես էլ, քանակական տարբերություններ: Եթե առաջինում տարբերակված չեն էականն ու ոչ էականը, եզակին ու ընդհանուրը, պատահականն ու օրինաչափը, ապա վերացական մտածողությունը տարբերում է դրանք, բացահայտում առարկայի էությունը, ներքին կառուցվածքը, թաքնված հարաբերությունները, զարգացման օրինաչափությունները, երևույթների հիմքում ընկած պատճառական, անհրաժեշտ կապերը: Տրամաբանական մտածողության շնորհիվ կարելի է ավելի ստույգ գիտելիքներ տալ ապագայի երևույթների մասին, քան` նույնիսկ ապագայում այդ երևույթների անմիջական ընկալումը:
Կոնկրետ հասկացությունների շարքին են դասվում բուն առարկաների կամ երևույթների հասկացությունները, օրինակ, «հիվանդ», «գրիչ» և այլն։
2. Դատողությունները մտածողության ձևերից երկրորդն են։ Առաջինները, եթե արտացոլում են առարկաների կամ երևույթների էական հատկանիշներն ու նրանց ընդհանրությունը, ապա դատողություններն արտացոլում են այդ հատկությունների կապերն ու հարաբերությունները։ Այլ կերպ ասած, դատողությունները մտածողության այն ձևերն են, որոնք ձևավորվում են հասկացությունների հիման վրա՝ վերջիններիս ժխտմամբ կամ հաստատմամբ։ Մեկից ավելի դատողություններից ձևավորվող նոր դատողությունը կոչվում է եզրահանգում։
3. Մտահանգում ասելով հասկանում ենք այն եզրակացությունը, որը հանգում է մեկ կամ մի քանի դատողությունների հիման վրա: Լինում են ինդուկտիվ և դեդուկտիվ: Ինդուկտիվ մտահանգումը այն եզրակացությունն է, որը հանգվում է մասնավոր փաստերի և իրադարձությունների հիման վրա, օրինակ, բուսաբանը ձմռանը դիտում է իր բակում տնկած կեչու ծառը և նկատում է , որ ծառը կեղև է տալիս, հետո դիտում է հարևանի բակում տնկած կեչու ծառը և նույն բանը տեսնում, հետո անտառում տնկած կեչու ծառը և վերջում եզրակացնում, որ ձմռանը կեչու ծառը կեղև է տալիս: Դեդուկտիվն այն եզրահանգումն է, երբ ընդհանուր եզրակացությունը տարածվում է մասնավոր փաստերի և իրադարձությունների վրա: Օրինակ, մետաղները էլեկտրականության հաղորդիչներ են: Ոսկին մետաղ է, հետևաբար ոսկին էլեկտրականության հաղորդիչ է: Դատողությունները, մտածողության ձևավորումը , որը երբեք պատրաստ չէ, օրինակ , երեխայի մեջ այն ձևավորվում է ողջ ուսումնական տարիքի ընթացքում:
Մարդկային միտքը՝ լինելով իրականության ընդհանրացված ճանաչման ձև, իրականանում և արտահայտվում է խոսքի միջոցով։ Մտածողությունն անհնար է առանց լեզվի և խոսքի։
Մտածողությունը դիտվում է որպես ինտելեկտի հիմնական բաղադրիչ։ Ինտելեկտի վերաբերյալ առկա են զանազան մոտեցումներ, որոնք կարելի է միավորել հետևյալ կերպ՝ ինտելեկտը մտածողության ֆունկցիաների համատեղությունն է՝ իր նախադրյալներով և «հոգեկան գույքով»։ Ինտելեկտի նախադրյալ են համարվում՝ ուշադրությունը, հիշողությունը, գիտակցությունը, խոսքը և այլն։ Իսկ որպես «գույք»՝ անհատի գիտելիքներն ու հմտությունները։ Ինտելեկտն անհատի մտավոր ունակությունների հարաբերական կայուն կառուցվածքն է, այն է՝ ռացիոնալ ճանաչողության, մտածողության, կողմնորոշման, քննադատության նոր իրավիճակում հարմարվողության ունակություն։
Մտածողության արդյունքները մտքերն են, որոնք հիմնականում արտահայտվում են հասկացություններում և նրանց կապերում, խոսքում։ Մտածողությունը նաև նորի որոնման և բացահայտման գործընթաց է, որը հենվում է զգայական փորձի և մարդու պրակտիկ գործունեության վրա, բայց մեծ չափով դուրս է գալիս դրանց սահմաններից։
Այսպիսով, մտածողությունը ակտիվ հոգեկան գործընթաց է, որն ուղղված է օբյեկտիվ աշխարհի առարկաների և երևույթների էական կողմերի ու դրանց ներքին կապերի միջնորդավորված և ընդհանրացված արտացոլմանը։
Մտածողությունը անհնար է դրսևորել առանց խոսքի :
Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Մարդկային միտքը՝ լինելով իրականության ընդհանրացված ճանաչման ձև, իրականանում արտահայտվում է խոսքի միջոցով։ Մտածողությունն անհնար է առանց լեզվի և խոսքի։
Մտածողության միջոցով մարդը դուրս է գալիս զգացողական ճանաչողության սահմաններից և ձեռք է բերում իր գործունեությունը՝ ծրագրելու և կանխատեսելու ունակությամբ։ Մտածել, նշանակում է բացահայտել այն օրինաչափություններն ու հատկանիշները, որոնք ակնհայտ չեն, այլ «թաքնված են» երևույթների կամ առարկաների խորքային հարաբերություններում։
Մտածել՝ նշանակում է ոչ թե արտացոլել կամ արձագանքել արտաքինի ազդեցությանը, այլ հիմնվելով նախկին փորձի, զգայական ճանաչողության արդի փորձի վրա, «ստեղծել» նոր տրամաբանական ձևեր՝ հասկացողություններ, դատողություններ, եզրահանգումներ:
Հետևաբար, մտածողությունը մարդուն հատուկ իմացական գործընթաց է, որի ժամանակ մարդը կարողանում է բացել և իր գլխուղեղում արտացոլել առարկաների, երևույթների թաքնված, ընդհանրացված, միջնորդավորված կապերը: Իսկ խոսելով լեզվի մասին կարող ենք ասել, որ այն հասարակական երևույթ է, ծառայում է իրենով խոսող հասարակությանն ամբողջությամբ վերցրած, այն միասնական է և սերտորեն կապված է մտածողության հետ: Լեզվի մասին տարբեր մտածողներ տվել են տարբեր կարծիքներ.*4 ոմանք լեզուն համարել են բնական երևույթ /բնագիտական/, ոմանք բիոլոգիական, կենսաբանական, կամ էլ ոչ ժառանգական, նշանային համակարգ և այլն : Գիտականորեն ապացուցված է, որ այն հասարակական երևույթ է և հատուկ է մարդուն:
Լեզվում մտածողությունը համարվում է «նյութական թաղանթ», արդյունքների պահպանման և փոխանցման միջոց, մտածողությունը կանոնավորում և կառուցում է խոսքը՝ ճշգրիտ ու տրամաբանորեն: Եվ ահա ինչպես մտածողությունը, այնպես էլ լեզուն կապված է բանականության հետ, որոնցով օժտված է մարդը:
Լեզվի և մտածողության կապը խորքային բնույթ է կրում, նրանց փոխադարձաբար պայմանավորված են միմյանցով և լրացնում են միմյանց: Հետևաբար կարող ենք ասել, որ մարդկային միտքը՝ լինելով իրականության ընդհանրացված ճանաչման ձև, իրականանում արտահայտվում է խոսքի միջոցով։ Մտածողությունն անհնար է առանց լեզվի և խոսքի։
Օ Գ Տ Ա Գ Ո Ր Ծ Վ Ա Ծ
Գ Ր Ա Կ Ա Ն ՈՒ Թ Յ Ա Ն Ց Ա Ն Կ
Բրուտյան Գ.Ա., Տրամաբանություն, Երևան, 1998թ.
Խաչատրյան Լ.Մ., Լեզվաբանության ներածություն,Ուսումնական ձեռնարկ,Երևան.2008թ.
Հովհաննիսյան Հ., Տրամաբանություն դասախոսություններ
Р. А. Будатов, Введение в науку о языке, М. 1958г
https://forum.armedu.am/.../1338-Լեզու-և-մտածողություն
www.ysu.am/files/06T_Tonoyan.pdf
1 Տես՝ Р. А. Будатов, Введение в науку о языке, М. 1958г
2 Բրուտյան Գ.Ա., Տրամաբանություն, Երևան, 1998
3 Լ. Մ. Խաչատրյան, Լեզվաբանության ներածություն, ուսումնական ձեռնարկ, Երևան, 2008, էջ 38-39:
4 Լ. Մ. Խաչատրյան, Լեզվաբանության ներածություն, Ուսումնական ձեռնարկ, Երևան, 2008, էջ 36-37:
8