ՎԱՆԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԸ
Մ․թ․ա․ 9-րդ դարում Հայկական լեռնաշխարհում ծնունդ է առնում Վանի թագավորությունը։ Թագավորության արքաների թողած արձանագրություններում երկիրը կոչվում է «Բիայնիլի», ասորեստանյան աղբյուրներում այն հիշատակվում է որպես «Ուրարտու», իսկ Աստվածաշնչում՝ «Արարատյան թագավորություն» անուններով։
Վանի թագավորության հիմնադիրը Արամեն է, որը ոչ միայն հաջողությամբ դիմագրավեց Ասորեստանի հարձակումներին, այլև գլխավորելով լեռնաշխարհի հայկական ցեղերի ու ցեղային «աշխարհների» համախմբման ընթացքը, կերտեց Արարատյան միասնական տերության հիմքերը:
Նրան հաջորդում է Սարդուրի I-ը: Նա թողել է Ուրարտուի մայրաքաղաք Տուշպայի՝ Վանի կառուցման մասին արձանագրություն:
Նրան հաջորդում է Սարդուրի I-ը: Նա թողել է Ուրարտուի մայրաքաղաք Տուշպայի՝ Վանի կառուցման մասին արձանագրություն: Վանի թագավորությունը նշանակալիորեն ընդլայնում է իր սահմանները Մենուայի, Արգիշտի I-ի ու Սարդուր II-ի օրոք, դառնում Առաջավոր Ասիայի հզորագույն տերություններից մեկը:
Վանի թագավորության դարաշրջանից պահպանվել են ավելի քան 600 սեպագիր արձանագրություններ, որոնք գրված են քարի, մետաղյա իրերի և կավե սալիկների վրա: Սեպագիր արձանագրությունները միատիպ են և մեծ մասամբ հաղորդում են թագավորների ձեռնարկած արշավանքների և շինարարական աշխատանքների մասին տեղեկույթուններ: Սարդուրի I-ի օրոք գրվել են ասորեստանյան սեպագրերով և ասուրերեն արձանագրություններ:
Իշպուինի արքայի օրոք ստեղծվել է տեղական սեպագրերի համակարգը: Գործածվում էր նաև մեհենագրությունը (հիերոգլիֆային գրություն )։
Վանի թագավորության պետական կրոնում կենտրոնական տեղ էր գրավում Խալդի աստվածը: Նա գերիշխող դիրք ուներ դիցարանում և համարվում էր թագավորի հովանավոր աստվածը:
Սեպագիր արձանագրություններում, որոնք պատմում են տաճարների շինարարության և նախատեսվող զոհաբերությունների մասին, Խալդիից հետո հիշատակվում են Թեյշեբա (ամպրոպի, փոթորկի, քամու և բարերար անձրևի աստված) և Շիվինի (արևի) աստվածները: Նրանք միասին առանձնանում են մյուս աստվածների շարքից և կազմում աստվածների գերագույն երրորդություն։
« Մհերի դռան» արձանագրությունում թվարկվում են Վանի թագավորության աստվածների անունները և նրանց մատուցվող զոհաբերությունները (ցուլեր, կովեր, ոչխարներ, այծեր և այլն): Պաշտոնական դիցարանի մեջ էին մտնում նաև նվաճված երկրների ու քաղաքների, հարևան ժողովուրդների աստվածները:
Պետական իշխանության տարածքային ընդարձակմանը զուգահեռ, առանձին ցեղերին պատկանող փոքր ու տրոհված ամրոց–բնակատեղիների (բերդշեների) փոխարեն, հաճախ նույն տեղերում կառուցվել են նոր, առավել հզոր քաղաքներ ու ամրոցներ։ Քաղաքի գերիշխող բարձունքի վրա կառուցվել է միջնաբերդը՝ պալատական, պաշտամունքային, ռազմական և տնտեսական բաժանմունքներով, իսկ լանջերին և ստորոտում տարածվել են բնակելի թաղամասերը, որոնք ևս հաճախ շրջափակվել են պաշտպանական պարսպով:
Ջրանցքների կառուցումը եղել է Վանի թագավորության պետական գործունեության կարևորագույն բնագավառներից մեկը, որն առավելագույն չափերի է հասել Մենուա արքայի օրոք։ Անհրաժեշտության դեպքում կառուցել են ջրանցույցներ և թունելներ։ Ջրանցքներից մի քանիսը (Մենուայի /Շամիրամի/, Կարմիր բլուրի, Դալմայի) գործում են մինչև այսօր։ Վանի թագավորության քաղաքաշինությանը բնորոշ է հասարակական տարբեր խավերին պատկանող թաղամասերի տարածքային որոշակի առանձնացումը։ Համապատասխանաբար տարբեր են նաև բնակելի տների հատակագծային և ծավալային հորինվածքները։
Ամրոցատիպ ճարտարապետական հուշարձաններից հատկապես լավ են ուսումնասիրված Էրեբունին և Թեյշեբաինին:
Վանի թագավորության պաշտամունքային կառույցների շարքում բացառիկ տեղ էր զբաղեցնում տերության գլխավոր սրբավայրում՝ Մուսասիրում գտնվող Խալդի աստծո տաճարը : Ուրարտական տաճարի ուշագրավ նմուշներից է Էրեբունիի «Սուսի» :
Արարատյան թագավորության արվեստի համար բնութագրական է եղել շինությունների ներսից որմնանկարելու արվեստը: Արվեստի փայլուն նմուշներ են էրեբունիի, Թեյշեբաինիի շինություններում հայտնաբերված բազմերանգ որմնանկարները:
Արարատյան թագավորությունում զարգացման բարձր մակարդակի էին հասել գեղարվեստական արհեստագործության այլևայլ ճյուղերը, հատկապես մետաղագործությունը /դեկորատիվ վահանները, սաղավարտներն ու կապարճները, արձանիկներ, սպասք և այլն/, խեցեգործությունը։ Արարատյան թագավորության հարուստ ու բազմազան մշակույթի ազդեցությունը տարածվել է նրա սահմաններից շատ հեռու՝ հասնելով մինչև Փոքր Ասիա, Միջերկրածովյան շրջան, Կովկաս և Իրան: