Շողակաթի միջն դպրոց
Կենսաբանության
Վիտամիններ
Վիտամինները (լատ. vita, «կյանք»), կենսաբանորեն ակտիվ օրգանական և տարբեր կառուցվածք ունեցող միացություններ են, որոնք անհրաժեշտ են օրգանիզմի բնականոն նյութափոխանակության ու կենսագործունեության համար և այդ առումով անփոխարինելի են։ Ակտիվ օրգանական միացությունն անվանվում է վիտամին , երբ տվյալ օրգանիզմը չի կարողանում այն սինթեզել անհրաժեշտ քանակությամբ և ստանում է սննդի միջոցով։ Այս պատճառով «վիտամին» տերմինն պայմանական է կախված արտաքին միջավայրի պայմաններից և օրգանիզմից։
Վիտամինների քանակությունն ավելի շատ է բուսական օրգանիզմներում, բավարար քանակությամբ կա նաև կենդանական ծագում ունեցող սննդամթերքներում:
Վիտամինների բացակայությունը կոչվում է ավիտամինոզ , անբավարարությունը` թերվիտամինոզ , իսկ ավելցուկը` գերվիտամինոզ :
Վիտամինները մասնակցում են նյութափոխանակության կարգավորմանը, ֆերմենտների առաջացմանը, խթանում են օրգանիզմում ընթացող քիմիական ռեակցիաները։ Ազդում են նաև սննդանյութերի յուրացման վրա, նպաստում բջիջների բնականոն աճին և ամբողջ օրգանիզմի զարգացմանը։ Լինելով ֆերմենտների բաղկացուցիչ մաս՝ վիտամիններն ապահովում են դրանց բնականոն գործառույթները և ակտիվությունը։ Ֆերմենտների անվանումը տրվում է լատիներեն այբուբենի գլխատառերով A,B,C,D և այլն:
Ըստ քիմբաղադրության վիտամինները բաժանվում են երկու հիմնական խմբի` ջրալույծ և ճարպալույծ: Ճարպալույծ են A,D,E,K վիտամինները, ջրալույծ են B,C, PP:
A վիտամին (ռետինոլ)
Անհրաժեշտ է լիարժեք տեսողության և օրգանիզմի բնականոն աճի համար։ A վիտամինի անբավարարության հիմնական հատկանիշը լուսավախությունն է, գիշերային կուրությունը (հավկուրություն)։ A վիտամինը պարունակվում է կենդանական ծագման մթերքներում՝ կենդանիների և ձկների լյարդում, խավիարում, ձկան յուղում, կարագում և յուղում, պանրում, ձվի դեղնուցում։ Բուսական մթերքներում պարունակվում է նախավիտամինների՝ գունանյութերի (պիգմենտներ), կարոտինոիդների ձևով, որոնցով հարուստ են գազարը, լոլիկը, կարմիր տաքդեղը, կանաչ սոխը, թրթնջուկը, հազարը, մասուրը, ծիրանը, չիչխանը, արոսենու պտուղները և այլն։
B₁ վիտամին (թիամին)
Անհրաժեշտ է հատկապես օրգանիզմում ածխաջրերի նյութափոխանակության համար։ Թիամինի բացակայության կամ զգալի պակասի հետևանքով առաջանում է նյարդային համակարգի ծանր հիվանդություն՝ բերի-բերի։ B 1 վիտամինով առավել հարուստ են գարեջրի, հացի չոր և խտացված խմորիչները, ինչպես նաև լոբազգի և հացազգի բույսերից պատրաստված սննդամթերքը։ Այն պարունակվում է առավելապես հատիկների թաղանթում և սաղմում, ուստի սննդի մեջ պետք է ընդգրկել ձավարեղեն (հատկապես՝ հնդկացորեն, վարսակաձավար), կոպիտ աղացած ալյուրից թխված հաց։
B 2 վիտամին (ռիբոֆլավին)
Մասնակցում է օրգանիզմում կենսաբանական օքսիդացման շարժընթացներին։ Նպաստում է վերքերի ապաքինմանը, ապահովում է լուսային և գունային տեսողությունը։ Անբավարարության դեպքում նկատվում են շրթունքների չորություն և ճաքեր, անկյուններում՝ խոցեր, մատների վրա՝ խոր ճաքեր, դանդաղում է վերքերի ապաքինումը։ Մեծ քանակությամբ B 2 վիտամին պարունակվում է խմորիչներում, լյարդում, ինչպես նաև կաթում և կաթնամթերքում։ B 2 վիտամինը տաքացնելիս կայուն է, բայց հեշտությամբ քայքայվում է լույսի ազդեցությամբ։B 2 վիտամինները կարևոր են մարդու կենսագործունեության և առողջ ապրելակերպի համար։
B 3 կամ PP վիտամին (նիկոտինամիդ,նիկոտինաթթու)
Մասնակցում է օրգանիզմում ընթացող կենսաբանական օքսիդացմանը։ Բավական քանակությամբ պարունակվում է լյարդում, երիկամներում, խմորիչներում, մսում, կաթում, ինչպես նաև ոլոռում, բակլայում, ցորենի ալյուրում, հնդկաձավարում, սնկերում։ Ավելի լավ է յուրացվում կենդանական ծագման մթերքներից։
B 5 վիտամին (պանտոտենաթթու)
Կարևոր նշանակություն ունի նյութափոխանակության համար։ Կանոնավորում է նյարդային համակարգի գործունեությունը, մակերիկամների և վահանագեղձի գործառույթները։ Տարածված է բնության մեջ, բուսական և կենդանական հյուսվածքներում (պանտոտենային՝ հունարեն նշանակում է ամենատարածված)։ Օրգանիզմում B 5 վիտամինի անբավարարության կլինիկական ախտանշաններ չեն հաստատվել։
B 6 վիտամին (պիրիդօքսին)
Մասնակցում է ամինաթթուների փոխանակությանը, որոնք սպիտակուցների բաղկացուցիչ մասն են։ Անբավարարությունից առաջանում է վաղ մանկական տարիքի երեխաների աճի կասեցում, սակավարյունություն, գերգրգռվածություն։ B 6 վիտամինը պարունակվում է մսում, ձկնեղենում, կաթում, խոշոր եղջերավոր կենդանիների լյարդում, խմորիչներում և բուսական շատ մթերքներում։
B 9 վիտամին (ֆոլացին)
Մասնակցում է որոշ ամինաթթուների, նուկլեինաթթուների սինթեզին, խթանում ոսկրածուծի արյունաստեղծման գործառույթը, նպաստում B¹² վիտամինի յուրացմանը։ Անբավարարության դեպքում առաջանում են ծանր սակավարյունություն, ստամոքսաղիքային և զգացողության խանգարումներ։ Ֆոլացինի խմբի կարևոր ներկայացուցիչը ֆոլաթթուն է, որը տարածված է բուսական և կենդանական աշխարհում։ Առավել շատ պարունակվում է լյարդում, երիկամներում, բույսերի կանաչ տերևներում։ Սինթեզվում է բույսերի, շատ բակտերիաների և սնկերի կողմից։ Մարդու աղիների միկրոօրգանիզմները սինթեզում են մեծ քանակությամբ ֆոլաթթու, որը բավարարում է օրգանիզմի պահանջը։
B 12 վիտամին (ցիանակոբալամին)
Մասնակցում է նուկլեինաթթուների սինթեզին, արյունաստեղծմանը։ Անբավարարության դեպքում զարգանում է սակավարյունություն։ Զգալի քանակությամբ պարունակվում է լյարդում, երիկամներում, ձկնեղենում (հատկապես՝ լյարդում և խավիարում), քիչ քանակությամբ՝ մսում, կաթում, կաթնաշոռում, պանրում, ձվի դեղնուցում։
B 15 վիտամին (կալցիումի պանգամատ)
Քիմիական կազմությունը և ազդեցության մեխանիզմը բավարար ուսումնասիրված չեն։ Բուժիչ նպատակով կիրառում են աթերոսկլերոզի, արյան շրջանառության խանգարումների, լյարդաբորբերի և այլ հիվանդությունների ժամանակ։
D վիտամին (կալցիֆերոլներ)
Օրգանիզմում փոխարկվում է հորմոնանման նյութ, որը մասնակցում է կալցիումի և ֆոսֆորի աղերի յուրացմանը, ոսկրային հյուսվածքում դրանց կուտակմանը։ D վիտամինի մեծ պահանջ ունեն հատկապես 3–4 տարեկան երեխաները (անբավարարությունից մանկական օրգանիզմում զարգանում է ռախիտ հիվանդությունը)։ Սովորաբար D վիտամինը առաջանում է մարդու մաշկում՝ ուլտրամանուշակագույն ճառագայթների ներգործությամբ։ D վիտամինի աղբյուր է թյունոսի, ձողաձկան և այլ ձկների լյարդի ճարպը։ Ոչ մեծ քանակությամբ պարունակվում Է կարագում, ձվի դեղնուցում, ձկան յուղում։ Մյուս կենդանական մթերքներն աղքատ են այս վիտամինից, իսկ բուսական մթերքները, որպես կանոն, բոլորովին չեն պարունակում։ Մեծահասակ մարդկանց պահանջը D վիտամինի նկատմամբ մեծ չէ, սակայն այն մեծանում է ցերեկային լույսի պակասի դեպքում (ստորգետնյա աշխատանքներ կատարելիս, հյուսիսում բնակվելու դեպքում)։ Ձմռանն օրգանիզմում D վիտամինի առաջացումը կարելի է խթանել՝ քվարցային լամպով ճառագայթահարելով։ Կանխարգելիչ նպատակով վաղ մանկական տարիքի երեխաներին հաճախ նշանակում են D վիտամինի պատրաստուկներ, որոնք կարելի է օգտագործել միայն բժշկի հսկողությամբ, քանի որ չափաքանակը գերազանցելիս կարող են բարդություններ առաջանալ։
E վիտամին (տոկոֆերոլներ)
Խթանում է մկանային գործունեությունը և սեռական գեղձերի ֆունկցիաները։ Պարունակվում է ձեթերում, գետնանուշի, ոլոռի, եգիպտացորենի, սոյայի սերմերում, հազարում, սպանախում, լյարդում, ձվի դեղնուցում, կաթում։
K վիտամին (ֆիլոքինոններ)
Մասնակցում է արյան մակարդմանը։ Անբավարարությունն առաջացնում է արյունահոսություն՝ քթից, լնդերից, ստամոքսաղիքային համակարգի օրգաններից։ Պարունակվում է սպանախի, կաղամբի, եղինջի և այլ բույսերի կանաչ մասերում, գազարում, լոլիկում։ Կենդանական ծագման մթերքները (բացի լյարդից) K վիտամին գրեթե չեն պարունակում։ Հիմնականում կիրառվում են սինթետիկ պատրաստուկները՝ վիկասոլը և սինկավիտը։
Վիտամինանման նյութեր
Վիտամինանման նյութերը կենսաբանորեն ակտիվ միացություններ են։ Դրանցից են կենսաֆլավոնոիդները (կանոնավորում են մազանոթների թափանցելիությունը), խոլինը [ունի ճարպահակ (լիպոտրոպ) ազդեցություն], ինոզիտը (մասնակցում է ածխաջրերի փոխանակությանը), պանգամաթթուն (որի կալցիումական աղն ունի հակաթերթթվածնային ազդեցություն) և այլն։ P վիտամին (կենսաֆլավոնոիդներ). նյութերի խումբ է, որը բարձրացնում է մազանոթների պատերի կայունությունը, վերացնում դրանց բարձր թափանցելիությունը։ Այդ նյութերից են ռուտինը, տանինը։ Առավել արդյունավետ են C վիտամինի զուգակցությամբ։ Պարունակվում են թեյում (առանձնապես՝ կանաչ), մասուրում, կիտրոնում, խուրմայում, սև հաղարջում, սև արոսենու պտուղներում, խաղողում, սալորում, տաքդեղում, հնդկաձավարում։