Զննական մեթոդների նշանակությունը աշխարհագրության
դասավանդման գործընթացում եվ դրանց կիրառումը V դասարանում
՚Բնագիտության՚ դասընթացում
Կրթական բարեփոխումներն անխուսափելիորեն առաջ են բերում ուսուցչի ստանձնած դերի փոփոխություն:Այդ փոփոխության գործոնները բազմաթիվ են եվ, ի վերջո, պայմանավորված են նրանով,որ հասարակական արմատական վերափոխումների հետեվանքով որակապես փոխվել է սերունդը՝ նրա մտածողությունը, ձգտումներն ու սպասելիքները,եվ, ուրեմն, փոխվել են նաեվ կրթական խնդիրները, դրանց իրականացման պայմանները:Աշակերտը սովորում է ապրելով ու վերապրելով դասի ամբողջ ընթացքը, նրա համար հաճախ ավելի մեծ կարեվորություն ունի ուսուցչի կողմից իրեն գիտելիք մատուցելու ձեվը, ուսուցման գործընթացում իր ընդգրկվածության եղանակը, քան բուն գիտելիքն ինքնին: Ինչ: Ինչու: Ինչպես: Յուրաքանչյուր ուսուցիչ մինչեվ դասարան մտնելն ինքն իրեն հարց է տալիս, թե որն է դասի նպատակը եվ ինչ պետք է սովորեցնի նա աշակերտին:
Ուսուցման մեթոդը /հուն.-metodos-ճանապարհ ինչ որ տեղ,ինչ որ բանի տանող/ մանկավարժական գործունեության մի միջոց է,հնար, հիմնական գործիք,որով իրականացվում է ուսուցչի եվ աշակերտի համագործակցությունը՝ ուղղված ուսումնառության նախանշված արդյունքին: Ուսուցչի կողմից ակտիվ մեթոդների յուրացումն առանց աշակերտի անմիջական մասնակցության անհնար է:Մեթոդների կիրառումն ինքնանպատակ չէ: Դրանք նպատակ ունեն զարգացնելու սովորողների ինչպես մտավոր, այնպես էլ զգայական կարողությունները: Մեթոդների արդյունավետ կիրառման բանաձեվեր չկան: Ցանկացած դասարան,դասապրոցես եզակի է, անկրկնելի:Ուսուցչի խնդիրն է ընդհանուր սահմանված մեթոդը հարմարեցնել այդ ՚եզակի՚իրավիճակին:Զարգացնող ուսուցման գաղափարից ելնելով՝ կրթության բովանդակության բնույթին համապատասխան,կարելի է առանձնացնել զննական մեթոդը: Այս մեթոդի կիրառման ժամանակ ուսուցիչը ուսուցումը կազմակերպում է այնպես, որպեսզի ապահովի աշակերտների ակտիվ մասնակցությունը:Այս մեթոդի հիմքում ընկած են աշակերտների կողմից սովորելու համար նախատեսված իրի, առարկայի, երեվույթի հետ անմիջական շփումը, բնական կամ պատկերների մոդելների, հերբարիումների, ապարանմուշների , մակետների հետ ծանոթացումը:Ուսուցչի խնդիրը շարունակում է մնալ աշակերտներին ինքնուրույնաբար կարդացածը հասկանալ սովորեցնելը, գլխավորը երկրորդականից տարբերելը, ինքնուրույն եզրահանգումներ կատարելը: Աշխարհագրության դասավանդման գործում զննելը, դիտարկումները համարվում են գիտելիքների կարեվորագույն աղբյուրներից մեկը/դասագրքերից,քարտեզներից հետո/,այն ունի յուրահատուկ առանձնահատկություն. աշակերտները սովորում են զննել ոչ միայն իրենց շրջապատող իրականությունը,այլեվ զննել քարտեզը,աշխարհագրական նկարները, ֆիլմերը, հավաքածուները,մակետները եվ ուրիշ զննական պարագաները:Աշակերտներին ուսուցիչը պետք է սովորեցնի դիտարկումներ կատարել, օրինակ, դպրոց գալու ճանապարհին,գիշերը՝ աստղազարդ երկնքին նայելով, գետափից մի քիչ խիճ կամ գետաքարեր հավաքելով եվ այլն: Զննական մեթոդներից աշխարհագրության դասավանդման ընթացքում ուսուցիչը բոլորից շատ դիմում է գլոբուսի եվ քարտեզի հետ աշխատելու մեթոդին:Երկիր մոլորակի վերաբերյալ առաջին տպավորիչ պատկերացումն աշակերտը ստանում է գլոբուսի միջոցով: ՚Բնագիտության՚ դասերին շատ թեմաներ անհնար է բացատրել առանց գլոբուսի:Աշխարհագրության դասավանդման գործընթացում գլոբուսի օգտագործման կարեվորությունը ուսուցչից պահանջում է, որ դեռեվս ՚Աշխարհագրություն ՚ առարկայի ուսուցման շեմին, աշակերտների մոտ տպավորիչ պատկերացում ստեղծվի երկրագնդի մասին՝ գլոբուսի միջոցով:Քանի որ գլոբուսը համարվում է երկրագնդի մոդելը, բնագիտության բոլոր դասերին ուսուցիչը ձեռքի տակ պետք է ունենա տարբեր մասշտաբի գլոբուսներ: Դպրոցներում օգտագործվում են 1:30 000 000 եվ 1:50 000 000 մասշտաբի գլոբուսները, իսկ 1:83 000 000 մասշտաբի գլոբուսը աշակերտները օգտագործում են անհատական կամ խմբային աշխատանքների ժամանակ:
՚Երկրի ձեվն ու չափերը՚ դասի հաղորդման ժամանակ ուսուցիչը աշակերտներին ծանոթացնում է Երկրի ձեվի մասին պատկերացումներին սկսած Հին Հունաստանից մինչեվ մեր օրերը,Երկրի ձեվին, չափերին, եվ համեմատւմ են համակարգի այլ մոլորակների ու Երկրի ցուցանիշները: Գլոբուսի առկայությունն է,որ աշակերտները համոզվում են,որ տիեզերական բոլոր մարմինները այդ թվում նաեվ Երկիրը, գնդաձեվ են եվ ունեն մեծ չափեր :Իսկ ՚Աստիճանացանց՚, ՚Աշխարհագրական կոորդինատներ՚ դասի ժամանակ զարգանում է աշակերտների տարածական պատկերացումները, ինչպես նաեվ զարգանում է Երկրի որեվէ կետի տեղը/հասցեն/ գտնելու նրա կարողությունը:Նախ ուսուցիչը ընդգծում է,որ Երկրի ճիշտ մանրակերտը գլոբուսն է, ապա բացատրում է աստիճանացանցի եվ աշխարհագրական կոորդինատների էությունը եվ կտրելով խնձորը ՝երկայնակի /միջօրեականներ/ եվ լայնակի /զուգահաեռականներ/ ,ցույց է տալիս աշխարհագրական լայնությունը եվ երկայնությունը:Խնձորի վրա լավ տեսանելի են նաեվ ՚բեվեռները՚, ՚հասարակածը՚: Այս դասի խթանման փուլում աշակերտները գլոբուսի վրա ցույց են տալիս Երկրի երեվակայական առանցքը,բեվեռները, հասարակածը, կիսագնդերը, միջօրեականները,զուգահեռականները:Ապա որոշում են որեվէ կետի աշխարհագրական կոորդինատները: Առանց գլոբուսի անհնար է նաեվ ՚Երկրի օրական պտույտը եվ դրա հետեվանքները՚ դասի հաղորդումը եվ յուրացումը: Ուսուցիչը գլոբուսի եվ էլեկտրական լամպի միջոցով բացատրում է Երկրի օրական պտույտի հետեվանքով առաջացած գիշերվա եվ ցերեկվա հերթափոխը,ժամերի տարբերությունը: Գլոբուսի վրա աշակերտները տեղադրում են ժամային գոտիները, գտնում են ամսաթվի փոփոխման գիծը, զրոյական միջօրեականը: ՚Երկրի պտույտը Արեգակի շուրջը եվ տարվա եղանակների առաջացումը՚ դասի ժամանակ գլոբուսի օգտագործումը զարգացնում է աշակերտների տրամաբանական եվ տարածական մտածողության ունակությունները, ավելի լավ են հասկանում Երկրի տարեկան շարժումը եվ դրա հետեվանքով առաջացած բազմաթիվ երեվույթներ: Անփոխարինելի են նաեվ գլոբուսները աշխարհագրական մեծ հայտնագործությունները, ճանապարհորդների անցած ուղիները ցույց տալու ժամանակ: Գլոբուսից քարտեզի անցումը պետք է լինի այնպես սահուն ու հասկանալի, որ աշակերտները լիարժեք պատկերացում ստանան, թե գունդը ինչպես պատկերվեց հարթության վրա: Հետագայում՝ գործնական աշխատանքներ կատարելիս , հասկանալով կկարողանան բացատրել, թե ինչու են բեվեռամերձ շրջանների աշխարհագրական տարածքները ձգված, նրանց մակերեսները, գլոբուսների եվ քարտեզների չափսերը չեն համընկնում: Կամ, եթե երկրագնդի մոդելը գլոբուսն է ,որի վրա ճշտորեն պատկերված են երկրագնդի բոլոր տարրերը՝ պահպանելով իրենց ձեվն ու չափերը, ապա այդ նույնը ինչու չենք կարող ասել քարտեզի մասին,որը նույնպես համարվում է երկրագնդի պատկերը հարթության վրա՝ որոշակի պրոյեկցիայով, մասշտաբով եվ պայմանական նշաններով: Աշխարհագրության բոլոր դասընթացները եվ նրանցում ընդգրկված թեմաներն անհասկանալի ու թերի կյուրացվեն առանց քարտեզի: Քարտեզը մարդկային մտքի ամենապայծառ գյուտերից մեկն է:Այն աշխարհագրության երկրորդ լեզուն է, նրան ներկայացնող հիմնական միջոցը: Քարտեզն աշխարհագրության համար նույնն է, ինչ աղը ճաշի համար: Հայտնի է, որ առանց քարտեզագրական եվ տեղագրական գիտելիքների բազմաթիվ աշխարհագրական հասկացություններ, օբյեկտներ եվ երեվույթներ աշակերտների համար կմնան անհասկանալի ու անբացատրելի: Քարտեզագրական նյութի կարիքը հատկապես շատ է զգացվում ՚Բնագիտություն՚ դասավանդելու ժամանակ: Ինչպես որ ՚ Երկրի գնդաձեվություն՚ հասկացությունն աշակերտները դժվար են պատկերացնում առանց գլոբուսի,այնպես էլ ՚օբյեկտների եվ երեվույթների տարածական տեղաբաշխում՚ հասկացությունը դժվար են պատկերացնում առանց քարտեզների:Աշխարհագրություն դասավանդող ուսուցիչների առաջնահերթ խնդիրը պետք է լինի քարտեզների հետ աշխատելը: Աշխարհագրական օբյեկտների եվ երեվույթների տեղաբաշխումը մատչելի ձեվով կարելի է տալ միայն քարտեզի օգնությամբ: Միթե Համաշխարհային օվկիանոսի ափերի մասնատվածությունը հնարավոր է բացատրել միայն բանավոր խոսքի միջոցով, առանց քարտեզի օգտագործման: Կամ Երկրի մակերեվույթի ռելիեֆը ինչպես կարելի բացատրել առանց քարտեզի: Միայն քարտեզի միջոցով կարելի է ջրի շարժումը օվկիանոսում, տաք եվ սառը ծովային հոսանքները դարձնել տեսանելի, պատկերավոր, եվ, վերջապես, դյուրըմբռնելի: Միայն քարտեզի միջոցով է հնարավոր Ջրոլորտի տարրերը կամ Համաշխարհային օվկիանոսի մասերը բացատրել, ամբողջական պատկերացում տալ օվկիանոսների, ծովերի, նեղուցների, ջրանցքների տարածական կապերի եվ փոխկապակցությունների մասին: Չկա աշխարհագրական բնույթի որեվէ դասանյութ, որն անցնելիս քարտեզի անհրաժեշտությունը չզգացվի: Մինչեվ քարտեզներով աշխատելը, աշխարհագրությունը քարտեզով սովորեցնելը, նախ եվ առաջ անհրաժեշտ է, որ աշակերտները գաղափար ունենան ՚քարտեզ՚ հասկացության, նրա առաջացման , պայմանանշանների եվ ողջ լեգենդայի մասին, այսինքն՝ այն ամենի մասին, ինչը վերաբերում է քարտեզին եվ նրա բովանդակությունը բացահայտող բանալուն: V-րդ դասարանում Բնագիտության դասերին օգտագործվում են ՚Աշխարհի ֆիզիկական քարտեզը՚/Երեվան, 2005թ. / եվ ՚Կիսագնդերի քարտեզը՚/Մոսկվա,1976 թ./: Բնագիտության դասերի համար նախատեսված քարտեզներն ավելի վառ գույներով են ներկայացված,ավելի սխեմատիկ են ու մատչելի,ունեն շատ քիչ ծանրաբեռնվածություն,քան բարձր դասարանների համար նախատեսված քարտեզները: Թեմատիկ քարտեզներից օգտագործվում են աշխարհի կլիմայի քարտեզը՝ ՚Կլիմայի հիմնական տիպերը ՚ եվ ՚Ջերմության անհավասարաչափ բաշխումը Երկրի վրա՚ դասերի հաղորդման եվ յուրացման ժամանակ: Քարտեզները լինում են պատի եվ սեղանի: Պատի քարտեզները հիմնականում օգտագործվում են նոր դասի բացատրման եվ դասահարցման ժամանակ, իսկ սեղանի քարտեզները՝ դասարանում կամ տանը գործնական եվ անհատական աշխատանքներ կատարելիս:Պատի քարտեզները սովորաբար դիտվում են հեռվից, դրա համար էլ դրանք պատրաստվում են մեծ չափերի, եվ օգտագործված են գույների վառ երանգներ, որպեսզի լեռներն ու հարթավայրերը, ծովերն ու ցամաքները միմյանցից լավ տարբերվեն: Սեղանի քարտեզները կարող են լինել ատլասի տեսքով: Այսօր դպրոցներում օգտագործվում են նախկին ԽՍՀՄ-ում եվ ՀՀ-ում տպագրված քարտեզները: Աշակերտները դպրոցներում եվ տանը օգտագործում են ՚Աշխարհը եվ Հայաստանը: Աշխարհագրական ատլասը՚ /Երեվան 2003 թ./:
Աշխարհագրության ուսուցիչը պարտավոր է դպրոցում իր ձեռքի տակ ունենալ քարտեզներ եվ ատլասներ,որովհետեվ փորձը ցույց է տվել,որ քարտեզներով հագեցած դասն առավել արդյունավետ է:Ուսուցիչը պարտավոր է ընտրել ու դասարան բերել այն քարտեզները, որոնք վերաբերում են տվյալ թեմային, եվ դասարան պետք չէ բերել այլ բովանդակության քարտեզներ, չշեղել աշակերտների ուշադրությունը հիմնական քարտեզից:Օրինակ՝ ՚Համաշխարհային օվկիանոս. դրա մասերը՚դասը ուսուցանելու համար ուսուցիչը դասարանում պետք է ունենա Աշխարհի ֆիզիկական քարտեզը:Նախ ուսուցիչը թվարկում եվ քարտեզի վրա ցույց է տալիս օվկիանոսները, ծովերը, ծովածոցերը, նեղուցները, ջրանցքները, ապա աշակերտները իրենց ձեռքի տակ եղած ատլասներում Աշխարհի ֆիզիկական քարտեզը՚ էջում գտնում են այդ աշխարհագրական օբյեկտները: Քարտեզներն օգտագործվում են նաեվ կոնկրետ վարժություններ եվ խնդիրներ լուծելու համար: Քարտեզի միջոցով կարելի է որոշել երկու կետերի, երկրների միջեվ եղած հեռավորությունը, ասենք, ուսումնասիրվող կետի հեռավորությունը հասարակածից, բեվեռներից,մոտակա ծովերից կամ օվկիանոսներից, ՀՀ ցանկացած կետից: Դպրոցում աշխարհագրության դասավանդման ընթացքում օգտագործում ենք ուրվագծային քարտեզներ: Այդպիսի քարտեզների վրա չկան գրառումներ, կան միայն տվյալ տարածքի ուրվագիծը/կղզու,թերակղզու, մայրցամաքի, լճի, պետության սահմանը/, քաղաքների պունսոնները, գետերը եվ այլն: Այդպիսի քարտեզներն աշխարհագրության ուսուցման կարեվորագույն միջոցներից են, օժանդակում են աշակերտների պատկերային մտածողությանը կամ պատկերացումների զարգացմանը, հիշողության ամրապնդմանը:Բնագիտության դասերին ուրվագծային քարտեզների վրա համապատասխան աշխատանք կատարելու միջոցով /ռելիեֆի ներկումը, անունների գրելը, գետերի , լճերի, կլիմայական գոտիների,բնական զոնաների տեղադրումը/ հղկում են աշակերտների աշխարհագրական գիտելիքները, դրանք դառնում են ավելի իրական, խորը եվ ամբողջական: Ուրվագծային քարտեզներն ուսուցիչը կարող է օգտագործել դասարանում՝ ստուգողական աշխատանքներ կատարելու համար:Աշակերտներին անհրաժեշտ է սովորեցնել դրանցից օգտվել կամ լրացնել: Յուրաքանչյուր հանձնարարությունից հետո ստուգվում եվ գնահատվում է աշխատանքը,եթե ուսուցիչը թերացավ,մի քանի անգամ չստուգեց, աշակերտները կարող են այլեվս հանձնարարությունը չկատարել: Աշակերտները պետք է կարողանան օգտագործել նաեվ դասագրքում եղած տեքստային քարտեզները, որոնք թեեվ շատ փոքր մասշտաբի են, բայց դրանցից յուրաքանչյուրը կոնկրետ նպատակ է հետապնդում եվ արտահայտում է որոշակի բովանդակություն, որը մեծապես լրացնում է մատուցվող նյութը:Տեքստային քարտեզների հանգամանորեն զննումը շրջակա բնությունը խորը ճանաչելու առումով, շատ շահավետ է:Այն առավել արդյունավետ է, երբ վերաբերվում է իր բնակավայրի աշխարհագրական մանրամասներին՝ բնությանն ու տնտեսությանը: Բնագիտության դասերին , բացի նշված քարտեզներց ու ատլասներից, օգտագործվում են նաեվ տեղանքի հատակագծեր: Բնագիտության դասերին լայն կիրառություն ունեն զննական այլ մեթոդներ՝ցուցադրումը, դիտումները, փորձը: Ցուցադրումը կոնկրետ առարկաների , երեվույթների եվ գործընթացների ցույց տալն է բնական տեսքով կամ պատկերմամբ : Որպես ցուցադրվող նյութեր օգտագործվում են նկարներ, բնանկարներ, բնական իրեր եվ առարկաներ: Ցուցադրումն ուսուցչին հնարավորություն է տալիս նյութը, երեվույթը ցույց տալ այնպիսի ձեվով, երբ բոլորից լավ կարող է ապահովել կոնկրետ կերպարի ընկալումը, որը աշակերտի ուշադրությունը կբեվեռի դիտվող օբյեկտի կամ երեվույթի առանձին կողմերի վրա, կստիպի աշակերտներին խորհել տեսածի մասին, որոշել նրանց նշանակությունը: Ցուցադրումը պետք է զուգակցել բանավոր խոսքի հետ, այս դեպքում է, որ կիրառված մեթոդը կլինի առավել արդյունավետ: Ցուցադրման ժամանակ ցուցադրվում է նյութը անշարժ վիճակում կամ շարժման մեջ:Ցուցադրվող առարկաների ընտրության ժամանակ հարց է ծագում.ինչին տալ նախապատվությունը՝ բնական վիճակում գտնվող առարկաներին, նրանց իրական, թե սիմվոլիկ պատկերներին:Հարցի լուծումը կախված է ցուցադրման խնդիրներից, դասընթացի բովանդակությունից եվ աշակերտների տարիքից: Եթե աշակերտը պետք է ծանոթանա օբյեկտին, երեվույթին ամբողջությամբ՝ անտառ, մշակաբույս / ցորեն, պտուղ, վարունգ, կաղամբ/, ամպամածություն, լեռ, գետ, լիճ, հարկավոր է նախապատվություն տալ առարկային իր բնական վիճակում: Իսկ եթե անհրաժեշտ է բացատրել օբյեկտի ներքին կառուցվածքն ու հատկությունները,սովորաբար պետք է սկսել սիմվոլիկ պատկերների, գծագրերի, նկարի ցուցադրումով: Բնագիտության դասերին ամենից շատ օգտագործվում է առարկաների բնական վիճակում ցուցադրումը: Ցուցադրումից առաջ պետք է բացատրել դիտման նպատակը, նպատակահարմար է սովորողների համար առանձնացնել այն օբյեկտները, որոնք նրանք պետք է դիտեն: Բնական պատկերների ցուցադրման ժամանակ բացատրությունը սկսվում է նրանց արտաքին տեսքից / մեծությունը, ձեվը,գույնը, մասերը/, իսկ դրանից հետո նոր միայն անցում է կատարվում ներքին հատկությունների բացահայտմանը: օրինակ՝ ՚ Ինչ է բնությունը՚ դասի հաղորդման ժամանակ նպատակահարմար է որպես ցուցադրական նյութեր օգտագործել աղյուսակներ ու նկարներ,որոնցում պատկերված են բնության օբյեկտներ, իրեր եվ առարկաներ, բնապատկերներ: ՚Բնության ուսումնասիրման գործիքներն ու սարքերը՚ դասի ժամանակ խիստ անհրաժեշտ է օգտագործել քանոն, չափագլան, վայրկենաչափ, կշեռք, ջերմաչափ, չափաժապավեն, հեղուկաչափ: Հենց այս գործիքների ու սարքերի վրա է պարզ տեսանելի չափման սահմանը: Աշակերտները լաբորատոր սարքերի մասին գաղափար կկազմեն, երբ տեսնեն ու գործնական աշխատանքներում օգտագործեն մագնիսը, փորձանոթը, ոսպնյակները, խոշորացույցը, կաթոցիկը, լաբորատոր բաժակը, սպիրտայրոցը եվ այլն: Կարելի նաեվ օգտակարը համատեղել կարեվորի հետ: Կշռելով աշակերտներից մի քանիսի ծանր պայուսակները, խորհուրդ տալ, որ չի կարելի այդքան մեծ ու ծանր պայուսակներ մեջքին կրել:
՚Երկրագնդի ներքին կառուցվածքը՚ դասը առավել պատկերավոր կստացվի, երբ ուսուցիչը որպես ցուցադրական նյութ օգտագործի եփած ձվի լայնակի կտրվածքը:՚Երկրաշարժեր, առաջացումը, տարածումը՚ դասին կարելի է օգտագործել երկրաշարժի ուժգնության սանդղակ՝ հետեվանքների նկարներով: Երկարամյա աշխատանքի փորձ ունեցող ուսուցիչները տարիների ընթացքում իրենց համար ստեղծում են հատուկ թեմատիկ վահանակներ, ալբոմներ, ցուցադրական նյութերի հավաքածուներ, որոնք համապատասխան թեմաներն անցնելիս օգտագործելու դեպքում շատ բաձր արդյունք են ապահովում:
Բնագիտության դասերին ցուցադրական նյութերի մեջ իրենց որոշակի տեղն ունեն աշխարհագրական բովանդակությամբ պատի նկարները:Օրինակ՝՚Շաքարեղեգի բերքահավաքը Կուբայում՚, ՚Խաղողի բերքահավաքը Արարատյան դաշտում՚,՚Իններորդ ալիք՚, ՚Մայրամուտ՚ եվ այլն: Բնագիտության դասերին դիտումները եվս ունեն էական նշանակություն: Աշակերտները ՚Մթնոլորտ՚ թեմայի ուսումնասիրումը զուգակցում են եղանակի դիտումների հետ: Նրանք կարող են ունենալ աշխատանքային տետրերում հատուկ բաժին, որտեղ գրանցելու են ամենօրյա ջերմաչափման տվյալները: Կարելի է որպես տնային առաջադրանք հանձնարարել, հետեվել երկնքի ամպամածությանը, կամ շաբաթվա ընթացքում չափել թափվող տեղումների քանակը, օգտագործելով չափագլանը կամ հեղուկաչափը: Ձմռանը քանոնով կարող են չափել ձյան շերտի հաստությունը: ՚Մթնոլորտ՚ թեմայի ուսուցումը գրեթե միշտ սկսում ենք վաղ գարնանը: Տարվա այդ եղանակը հիանալի փորձադաշտ է՝ խիստ ՚տեսանելի՚ են ցիկլոնների ներթափանցումը, մառախուղը, ամպամածությունը, մանրամաղ անձրեվը, որ հետո դառնում է ձյան փաթիլ: Աշակերտները կարողանում են տարբերել ամպերի տեսակները, մանավանդ որ շերտավոր ամպերը միշտ ծածկում են երկնակամարը: Շատ հետաքրքիր եվ բովադակալից դաս կստացվի, երբ ՚Մաքուր նյութեր եվ խառնուրդներ՚ դասի հաղորդումը զուգակցվի փորձերով:Աշակերտները ցուցասեղանին դրված նյութերից պատրաստում են խառնուրդներ՝ ավազաջուր, աղաջուր,քաղցրաջուր ,կերակրի աղից, փայտի թեփից եվ երկաթի խարտուքից կազմված խառնուրդ: Հետո պատրաստում են կերակրի աղի եվ ավազի խառնուրդ, խառնուրդը լուծում են ջրում, ապա փորձում են ֆիլտրով ավազը անջատել լուծույթից կամ աղի լուծույթը գոլորշիացնել: Տպավորիչ պատկերացումներ ստեղծելու գործում մեծ տեղ են գրավում դասգրքում տեղադրված նկարները, քարտեզ-սխեմաները, աղյուսակները, դիագրամները, որոնք իրենց բովանդակությամբ բացատրում են դասագրքի տեքստը: Դասագրքերում տեղադրված դիտողական նյութերը նախատեսված են ուսուցչի կողմից նյութը շարադրելու ժամանակ այն ավելի կոնկրետացնելու համար, օգտագործում է դրանք աշակերտների ոչ միայն լսողական, այլ նաեվ տեսողական զգայարանները գործի դնելու համար: Այդպիսի նյութերի հետ աշխատելը նույնպես պետք է նպատակամղված բնույթ կրի եվ կատարվի ուսուցչի ղեկավարությամբ եվ հսկողությամբ: Ի լրումն պատի աշխարհագրական նկարի, աղյուսակի, սխեմայի, ստենդների ու ալբոմների, Բնագիտության դասավանդման ընթացքում էկրանային միջոցների օգնությամբ կարելի է օգտագործել նաեվ դիաֆիլմեր, ուսումնական կինոֆիլմեր, տեսաֆիլմեր, հեռուստատեսությամբ ցուցադրվող աշխարհագրական բնույթի հաղորդումներ: Վերջին ժամանակներս մեծ կիրառում ունեն աշխարհագրական բնույթի տեսաֆիլմերը, առավել արդիական է համացանցից օգտվելը: Այդպիսի ցուցադրական միջոցների օգնությամբ Բնագիտության դասերին համապատասխան նյութերի ցուցադրումը հնարավորություն է տալիս դասի ընթացքում բավականին երկար ժամանակով ամբողջ դասարանով դիտելու տվյալ դասի տեսական նյութին համապատասխանող եվ համալրող նյութը, երեվույթը: Նկարների եվ մյուս աշխարհագրական բնույթի ցուցադրվող նյութերի նկատմամբ, դիաֆիլմերի, կինոֆիլմերի, տեսաֆիլմերի, էկրանային այլ միջոցներով ներկայացված նյութերի առավելությունը կայանում է նրանում, որ վերջիններս թողարկվում են սերիաներով եվ երեվույթը, օբյեկտը ցուցադրում են տարբեր իրավիճակներում եվ նույնիսկ իրենց առաջացման, փոփոխման եվ ձեվավորման գործընթացում: Աշխարհագրության դասընթացն ուսումնասիրելու ժամանակ տեսաֆիլմերն ու աշխարհագրական նկարները օգտագործվում են դասի բոլոր փուլերում՝ դասը հարցնելու, նոր նյութը շարադրելու, անցածն ամրապնդելու ժամանակ:Տեսաֆիլմերում առավել ակնառու է մարդու գործունեությամբ բնությանը հասցրած վնասները, բնության օգտագործման եվ պահպանման դրվագները եվ այլն:Վերջին տարիներս հաջողված դասեր են կազմակերպվում համակարգչային դասասենյակներում: Բավականին բարձր է նաեվ ուսումնական հեռուտահաղորդումների արդյունավետությունը: Տեսաֆիլմը կարելի օգտագործել նոր նյութը բացատրելու, անցածը կրկնելու եվ ամրապնդելու ժամանակ: Դասի ժամանակ ֆիլմի օգտագործման արդյունավետությունը կախված կլինի այն բանից, թե ուսուցիչն ինչ չափով է ծանոթ տվյալ ֆիլմի բովանդակությանը: Որպեսզի ֆիլմի ցուցադրումը սովորական, ոչ մի արդյունք չտվող զվարճության չվերածվի, ուսուցիչը նախապես պետք է պլանավորած լինի այն դասերը, որոնց ընթացքում պետք է ֆիլմը ցուցադրվի, ֆիլմը նախօրոք ինքը դիտած լինի, իր համար նշած այն առանցքային հատվածները, որոնց խիստ ուշադիր պետք է հետեվեն եվ դիտեն աշակերտները: Ցուցադրումից հետո ուսուցիչը զրույցի միջոցով ստուգում է, թե աշակերտներն ինչ չափով են յուրացրել ցուցադրված ֆիլմի բովանդակությունը, որքանով են հասկացել նոր հասկացությունները: Պարտադիր պայման է՝ սերտ կապ պահպանել քարտեզի հետ: Քարտեզի վրա պետք է ցույց տրվի այն տարածքը, որտեղ գտնվում է ցուցադրվելիք կամ ցուցադրված ֆիլմում բերվող օբյեկտը: Ֆիլմի ցուցադրման տեվողությունը 10-15 րոպեն չպետք է գերազանցի, այն հաշվով,որպեսզի ուսուցիչը հնարավորություն ունենա ի լրումն ֆիլմի, աշակերտներին բացատրություններ տա: Տեսաֆիլմերի եվ կինոֆիլմերի միջեվ կա որոշակի տարբերություն. նախ տարբերությունը տեխնիկականն է, երկրորդ՝ կինոֆիլմեր դպրոցին մատակարարում էր ուսումնական ֆիլմադարանը, որը այժմ գոյություն չունի: Իսկ տեսաֆիլմեր կարող է ունենալ յուրաքանչյուր դպրոց, որն ունի լավ կահավորված աշխարհագրության կաբինետ՝ հագեցած տեխնիկական միջոցներով: Շատ դպրոցներ՝ ձեռք բերելով տեսահանող, տեսագրող սարքեր, տեսաժապավեններ, տեսասկավառակներ, իրենք են ստեղծում համապատասխան տեսաֆիլմերը, իսկ որոշ դպրոցներ էլ այն պատճենահանում կամ կրկնօրինակում են կինոճանապարհորդների ակումբի կողմից ցուցադրված ֆիլմերից:Աշխարհագրական բնույթի տեսասկավառակների առատությունը թույլ է տալիս դասերը կազմակերպել բավականին հագեցած: Նման աշխատանքների ցուցադրումը աշակերտների մոտ հետաքրքրություն է առաջացնում, եվ բացատրած նյութը դառնում է ավելի տեսանելի: Համակարգչային դասասենյակներում եվս կարելի է անցկացնել աշխարհագրության դասեր:Համակարգչային տարբեր ծրագրերով կարելի է աշխատել ու ստեղծել ցուցադրումներ /սլայդ-շոու/: Գրեթե բոլոր ուսումնական ձեռնարկներում տրված են ինտերնետային կայքերի հասցեներ: Առավել փորձառու եվ երիտասարդ ուսուցիչները օգտվում են նաեվ աշխարհատեղեկատվական ուսումնական համակարգերից /GIS /:
Բնագիտության դասերի միջոցով աշակերտները ծանոթանում են բնության բոլոր բաղադրատարրերին, բնության կողմից ստեղծված բնական ռեսուրսներին, մարդկանց տնտեսական գործունեության հետեվանքով դրանցից ստացված նյութական բարիքներին: Պարզվում է, որ այդ բոլորի վերաբերյալ կարելի է ստեղծել ցուցադրական նյութեր՝ հավաքածուների / կոլեկցիաների / տեսքով: Բնագիտության դասերը աշակերտներին գիտելիքներ են տալիս օգտակար հանածոների՝ վառելիքային / ածխի,նավթի, գազի/, մետաղային/ պղնձի, ոսկու, երկաթի/, շինանյութերի/ տուֆի, գրանիտի, մարմարի/ եվ բույսերի ու կենդանիների տեսակների մասին: Նշված բնական հարստությունների հետ ավելի մոտիկից ծանոթանալու համար ստեղծում են դրանց տեսակների հավաքածուներ: Ուսումնական նպատակներով դասերն արդյունավետ դարձնելու համար ուսուցիչների եվ աշակերտների միջոցով ստեղծվում են հավաքածուների հետեվյալ խմբերը. ա/ ապարների, միներալների եվ օգտակար հանածոների բ/ըստ զոնաների բնորոշ բույսերի հերբարիումներ գ/մշակովի բույսերի հերբարիումներ դ/հողերի նմուշներ ե/ արդյունաբերական ապրանքների որոշ տեսակների նմուշներ Նշված հավաքածուները ուսուցիչն օգտագործում է համապատասխան թեման կամ դասն անցկացնելու ժամանակ՝ որպես դիդակտիկ նյութեր: ՚Երկրակեղեվի ապարները՚ դասի բացատրությունը թերի կլինի, եթե չցուցադրվեն օգտակար հանածոների հավաքածուի նմուշները: Սովորաբար դրանք պահվում են տուփերում եվ ապակեծածկ դարակներում՝նմուշները երեվալու համար: Դրանք կարող են լինել ընդհանուր ցուցադրական եվ բաժանվելիք: Աշակերտները զննելով, իրենց ձեռքը վերցնելով այդ ապարանմուշները, համոզվում են, որ իրոք հրաբխածին ապարները ծակոտկեն են, իսկ նստվածքային ծագում ունեցող ապարները, գլաքարերը, ունեն ողորկ մակերեվույթ: Աշակերտները հիշում են, որ եփվող շիլան առաջացնում է պղպջակներ ու սառելուց հետո այդ ծակոտկենները պահպանվում են: Հոսող ջուրը մաշում է քարերը եվ գետի մեջ դու երբեք չես գտնի սուր ծայրերով քարեր: Հավաքածուներով աշխատելու ժամանակ աշակերտները բացատրություններ են լսում այդ հանածոների տարածման շրջանների եվ օգտակարության մասին, իսկ բաժանելով հավաքածուի նմուշները, ուսուցիրը պահանջում է,որ յուրաքանչյուրը շոշափի ու մանրամասնորեն , բազմակողմանիորեն ուսումնասիրի նմուշը, որոշի նրա գույնը, հոտը, փափկությունն ու կարծրությունը, քաշը եվ այլ հատկություններ: Ցուցանմուշները նպատակահարմար է օգտագործել նոր նյութի հաղորդման ժամանակ: Երբ բացատրվում է՚Բնատարածքային համալիր՚ դասը, ուսուցիչն օգտագործում է տարբեր բնական համալիրներին վերաբերող բույսերի հերբարիումներ: Ցուցադրելով նմուշը՝ աշակերտների ուշադրությունը բեվեռվում է բույսերի բնորոշ հատկանիշների վրա: Ցուցադրումն ու նկարագրությունը նպաստում է աշակերտների կողմից բույսերը ճանաչելուն: Կարելի է ցուցադրել նաեվ մշակովի բույսերի իրական տեսակները՝ ցորենի հասկը, վարունգի եվ լոլիկի թուփը,գազարը, կաղամբը,կարտոֆիլը եվ այլն:Կենդանական աշխարհի բնութագրության համար ցուցադրվում են կենդանիների եվ թռչունների խրտվիլակներ, միջատների հավաքածուները, սպիրտր մեջ դրված կենդանիների նմուշները: Կարելի կազմակերպել նաեվ այցելություններ բուսաբանական եվ կենդանաբանական այգիներ:Սակայն, սովորաբար, կենդանական աշխարհի հետ ծանոթացումը կատարվում է նկարների, տեսաֆիլմերի օգնությամբ:Դիտողական պիտույքների միջոցով բուսական եվ կենդանական աշխարհի հետ ծանոթացնելու ժամանակ պետք է ուշադրություն դարձվի տերեվների ձեվի առանձնահատկություններին, ծառաբնին, արմատային համակարգին, ինչպես նաեվ կենդանու մարմնի ձեվի ու ծավալի, սնվելու եղանակին, ընդգծում է, թե որ զոնայում է ապրում տվյալ կենդանին, պարզաբանում, թե բույսերն ու կենդանիներն ինչպես են հարմարվել այն միջավայրի պայմաններին, որում ապրում ու աճում են եվ ինչ տնտեսական նշանակություն ունեն: Նման մեթոդական մոտեցումը հետապնդում է երկու նպատակ՝ գիտական եվ ճանաչողական: Այն, ինչը ցուցադրվում է Բնագիտության դասերին,իրենցից ներկայացնում են առարկայի , երեվույթի միայն մի փոքր մասը, օրինակ,դասարանում ցուցադրված տերեվը կամ ճյուղը ծառի մի փոքր մասն է:Այս դեպքում նպատակահարմար է ցույց տալ նաեվ առարկան ամբողջությամբ,թեկուզ նկարի վրա: Այս դեպքում աշակերտի մոտ կառաջանա ընդհանուր պատկերացում համապատասխան աշխարհագրական օբյեկտի կամ երեվույթի մասին: Շատ կարեվոր է նաեվ աշխարհագրական մոդելների օգտագործումը: Ծավալուն ուսումնական պարագաները, որոնք ուսումնական գործընթացում օգտագործվում են փոքրացված կամ սխեմատիկ տեսքով,կոչվում են աշխարհագրական մոդելներ: Օգտագործվող մոդելները արտացոլում են աշխարհագրական օբյեկտի արտաքին տեսքը, օրինակ, լեռնաշղթայի, լեռնագագաթի, բլրի, հրաբխային կոնի,գետահովտի,ջրբաժանի,գետի ավազանի եվ այլն: Այսպիսի մոդելներին անվանում են նաեվ մակետներ: ՚Հրաբուխներ. առաջացումը, տարածումը՚ դասի ժամանակ օգտագործվում է հրաբխի մակետն ու հրաբխի կտրվածքի սխեման: Մակետի վրա աշակերտները տեսնում են հրաբխային կոնը, խառնարանը,լավային հոսքը, իսկ հրաբխի կտրվածքի վրա՝ մղանցքը, մագմային օջախը, խառնարանը, մագման ու լավան: Կարելի է մակետ սարքել նաեվ դասարանում. մի կտոր ֆաներայի վրա ավազաթումբ ունենալ, նրա վրա սարքել փոքր խառնարան, այդ խառնարանի մեջ լցնել մածուն՝ մեջը լուծած սոդա: Մածնափրփուրը կհոսի խառնարանից ցած՝ ահա քեզ լավային հոսք: Կամ կարելի է նաեվ այդ խառնարանի մեջ մի քիչ ջուր լցնել ու մեջը գցել լուծվող դեղահաբ/շիպուչկա/: Դեղահաբի լուծումը ուղեկցվում է գազաառաջացմամբ՝ դա էլ գազազրկվող մագմայի օրինակ է: ՚Գետեր՚ դասի ժամանակ օգտագործվող գետի մակետի վրա ուսուցիչը ցույց է տալիս ակունքը, գետաբերանը՝դելտայով, ողողատն ու գետահունը, մակետի վրա պարզ տեսանելի են այդ գետի ջրհավաք ավազանն ու ջրբաժան գիծը: ՚Համաշխարհային օվկիանոս. մասերը, ափագիծը՚ դասը ավելի հետաքրքիր ու բովանդակալից է դառնում, երբ ուսուցիչը մակետի վրա ցույց է տալիս ծովը, ծովածոցը,նեղուցը,կղզի, կղզիախումբ, թերակղզի, ծանծաղուտ: Մոդելների հաջորդ տիպը վերաբերում է ռելիեֆ-քարտեզներին:Ցանկացած տարածքի ռելիեֆ-քարտեզների եվ տվյալ տարածքի խոշորամասշտաբ քարտեզների համադրումը կարող է դառնալ ամենալավագույն պարագան իր գյուղի, քաղաքի, մարզի ուսումնասիրման եվ գավառագիտական աշխատանքներ կատարելու համար: Ռելիեֆ-քարտեզներ կարելի է պատրաստել յուրաքանչյուր դպրոցում ֆաներայից, ստվարաթղթից, պլաստիլինից, օգտագործելով դրանց շերտերը իրար վրա դասավորելով: Եթե յուրաքանչյուր շերտ , որի հաստությունը 0,5 սմ է, ընդունել ծովի մակարդակից մինչեվ 200 մ բարձրություն, կարելի է հաշվել, թե տվյալ տարածքի համար քանի այդպիսի շերտ անհրաժեշտ կլինի/ ՀՀ համար այն հաշվարկվելու է 400 մ-ից մինչեվ 4090 մ, որը կկազմի մոտ 22 շերտ/: Մակետների եվ ռելիեֆ-քարտեզների թերությունը կայանում է նրանում, որ ուղղահայաց եվ հորիզոնական մասշտաբները չեն համապատասխանում, որ նույն մոդելում հնարավոր է բացատրել օբյեկտի թե թե արտաքին եվ թե ներքին կառուցվածքը: Հաճախակի օգտագործվում են նաեվ հավաքովի մոդելները՝ բլրի կամ լեռան: Մոդելներից են նաեվ գլոբուսները եվ թելուրը, որոնք օգտագործվում են որպես երկրագնդի մոդել եվ նրա շարժումները պատկերող դիդակտիկ միջոցներ: Առանց այս մոդելների անհնար է բացատրել՚Երկրի օրական պտույտը. դրա հետեվանքները՚, ՚Երկրի պտույտը Արեգակի շուրջը. տարվա եղանակների առաջացումը՚ դասերը: Միշտ չէ որ ուսուցիչն իր ձեռքի տակ ունի այս մոդելները:Հասարակ մոդելները կարելի է պատրաստել դասարանում աշակերտների միջոցով՝ ուսուցչի հսկողությամբ:Այս մոդելները, երբ պատրաստվում են աշակերտների ձեռքով, ուսումնասիրվող օբյեկտի բնորոշ գծերն անհրաժեշտ խորությամբ ու պատկերավոր են յուրացվում: Աշխարհագրության ուսուցման ժամանակ ի լրումն բանավոր բացատրությունների, ցուցադրական նյութերի կիրառման, տեխնիկական միջոցների օգտագործման, ուսուցիչը հաճախակի օգտագործում է գրատախտակը, որի վրա գծագրում է տարբեր սխեմաներ, պայմանական նշաններ, ուրվագծեր՝դասն առավել մատչելի դարձնելու համար: Անխուսափելիորեն գրատախտակն օգտագործվում է դասի բոլոր փուլերում:՚Ամպ եվ մառախուղ՚ դասի խթանման փուլում աշակերտները լրացնում են գրատախտակին գծված Վենի դիագրամը: Կամ Բնագիտության հետ ծանոթացման առաջին դասի մտագրոհի միջոցով գրատախտակին լրացնում են ՚բնություն՚բառով պրիզման:M -ձեվ աղյուսակը կարող են լրացնել ՚Երկրակեղեվը կազմող ապարները՚ դասի խթանման փուլում: Քառաբաժանով կարելի է աշխատել, երբ աշակերտները փորձումեն բացատրել Արեգակի շուրջը Երկրի պտույտը: Սովորաբար ուսուցիչը դիմում է այդ քայլին այն դեպքում, երբ բացակայում են համապատասխան ցուցադրական նյութերը, կամ, երբ անհրաժեշտ է բացատրել բարդ աշխարհագրական հասկացությունների եվ երեվույթների առաջացման պատճառները: ՚Քամի.առաջացումը,տեսակները՚ դասը անցնելու ժամանակ ուսուցիչը օգտագործելով գրատախտակը, գծագրելու միջոցով բացատրում է ճնշումների տարբերության հետեվանքով առաջացող քամիների առաջացումը: Կարելի է գծագրելով բացատրել ցերեկային եվ գիշերային բրիզների, ամառային եվ ձմեռային մուսոնների, պասատների, լեռնահովտային քամիների, ցիկլոնների առաջացումը: Կամ. ՚Գետեր՚ թեմայի ուսումնասիրման ժամանակ ուսուցիչը գրատախտակին գրում է երկրագնդի մի քանի խոշոր գետերի անուններ, այնուհետեվ աշակերտները դրանք դասավորում են աղյուսակում՝ ըստ օվկիանոսների ավազանի: Կամ լճերի անունները դասավորում են ըստ լճային գոգավորությունների առաջացման: Անփոխարինելի է գրատախտակը մտագրոհ, պրիզմա, Mաձեվ կամ Tաձեվ աղյուսակներ գծելու համար: Գրատախտակի օգտագործման մեթոդական արժանիքը կայանում է նրանում, որ ուսուցչի կողմից նրա վրա ստեղծած գծագիրը, սխեման կամ պատկերը, ուղեկցելով բացատրություններով,աշակերտներին միաժամանակ հնարավորություն է տալիս լսելու եվ հետեվելու գրատախտակի վրա դրանց ստեղծման հաջորդականությանը: Բացի այդ, ենթադրվում է,որ աշակերտները, հետեվելով ուսուցչին, աշխարհագրության տետրերում նմանատիպ աշխատանք են կատարելու, որը, անտարակույս, նպաստում է ուսումնասիրվող նյութի ավելի գիտակցված ու հաստատուն յուրացմանը: Հետագայում՝ դասը հարցնելու, անցած նյութը կրկնելու ժամանակ, նպատակահարմար է աշակերտներից պահանջել, որ նա տվյալ աշխատանքը վերարտադրի գրատախտակի վրա եվ դրանով հիմնավորի իր պատասխանները: Աշակերտների կողմից այսպիսի աշատանքների կատարումը հնարավորություն է ընձեռնում կասկածելի կամ բաց թողած թերությունները ժամանակին վերացնելուն: Այսօր ուսուցիչների առաջ ծառանում է ուսումնառության կազմակերպման ամենակարեվոր խնդիրը՝ սովորողներին ինչպես ներգրավել ուսումնառության բուն գործընթացի մեջ: Հարկավոր է բացահայտել նրանց խնդիրները եվ ուսումնառության գործընթացը հարմարեցնել սովորողների հնարավորություններին: Այս ամենը ուսուցիչներին մղում է ստեղծել այնպիսի միջավայր, որը կխթանի աշակերտների մտածելու եվ հետազոտելու կարողությունները: Այդ ամենը կարելի է ձեվակերպել այսպես.--- դասն սկսել հետաքրքիր եվ ուշագրավ հարցի առաջադրմամբ: Հայտնիէ, որ ոչ բոլոր աշակերտներն են դպրոց գալիս լեռների ու գետերի նկատմամբ անսպառ հետաքրքրասիրությամբ: Առաջին անհրաժեշտ պայմանը դասավանդումը հետաքրքիր դարձնելն է՝ օգտագործելով ուսուցչին հայտնի բոլոր մեթոդները՝ հարմարեցնելով դրանք դասի թեմային: --- ուսուցումը կառուցել առաջնային գաղափարների շուրջ: Ամբողջության մեջ ներկայացված գաղափարները կամ հասկացությունները առավել մեծ հնարավորություն ունեն՝ աշակերտներին արդեն հայտնի գաղափարների հիման վրա նոր իմաստ ստեղծելու եվ դասարանում արձագանք գտնելու առումով:----Գոյություն ունեն մի շարք մեթոդներ, այդ թվում նաեվ զննական մեթոդները, որոնք նյութի յուրացման ընթացքում սովորեցնում են աշակերտներին ակտիվացնել, կենտրոնացնել, ընտրել,կիրառել սովորածը: Դրանք օգնում են աշակերտներին հասկանալ, հիշել եվ կիրառել հիմնական տեղեկություններն ու գաղափարները: ----ուսուցիչները հաջողված դասեր են ունենում այն դեպքում, երբ հստակ պատկերացնում են այն կարեվոր տեղեկատվությունը, հասկացություններն ու ունակությունները, որոնք անհրաժեշտ է զարգացնել աշակերտի մեջ՝ յուրաքանչյուր դասի ուսումնասիրման ժամանակ: Ուստի ուսուցիչները պետք է պարզեն այն ամենակարեվոր , անհրաժեշտ գաղափարները, սկզբունքներն ու ունակությունները, որոնք հարկավոր է մտապահել: Նրանք ամենայն մանրամասնությամբ պետք է կառուցեն այնպիսի դասեր, որոնք նպաստելու են յուրացմանը եվ օգնելու են սովորողներին՝ դրանք դարձնել իրենց սեփականությունը:
Գրականություն
1.՚Հանրակրթության պետական կրթակարգ ՚, Երեվան 2004
2. Ա.Արնաուդյան եվ ուր.՚Մասնագիտական զարգացման ձեռնարկ՚ Երեվան 2004
3.Հանրակրթական հիմնական դպրոցի ՚Բնագիտություն՚,՚Աշխարհագրություն՚ առարկաների չափորոշիչներ, ծրագրեր Երեվան 20011
4. Կառուցողական կրթության հիմունքները եվ մեթոդները, Ձեռնարկ ուսուցիրների համար,՚Այրեքս՚ 2004