Ամերիկայի բնիկների թվաքանակը շեշտակի նվազել է վարակիչ հիվանդությունների՝ հատկապես ծաղիկի պատճառով, որը Ամերիկա էր բերվել եվրոպացի գաղութարարների կողմից։ Ըստ որոշ գնահատականների, Կոլումբոսի Ամերիկա գալուց հետո, աշխարհամաս բերված հիվանդություններից սպանվել է արմատական բնակչության շուրջ 70%-ը։ Հիվանդությունների պատճառած վնասը օգնել է եվրոպացիներին նվաճել և հպատակեցնել նրանց[175][176][177][178][179][180][181]։
Համավարակը տարերային կամ համաշխարհային մասշտաբներ ընդգրկող համաճարակն է։ 1918-1919 թվականներին շարունակվող Իսպանական գրիպի համաճարակը գրիպի վիրուսի 5-րդ կարգի համավարակ է։ Համավարակի պատճառը ագրեսիվ և բարձր մահացություն ունեցող A գրիպի վիրուսն էր։ Ի տարբերություն գրիպի մյուս բռնկումների, որոնց ժամանակ հիվանդանում էին անչափահասները, ծերերն ու երեխաները, իսպանական գրիպով հիվանդանում էին հասուն ուժեղ իմունիտետով մարդիկ[182]։ Հին գնահատականներով, իսպանական գրիպի ժամանակ մահացավ 40-50 մլն[183], իսկ ժամանակակից տվյալների համաձայն՝ շուրջ 100 միլիոն մարդ, որը կազմում էր այդ ժամանակվա Երկրի բնակչության 5%-ը[184]։
Հետազոտողների մեծամասնությունը կարծում է, որ ՁԻԱՀ-ն առաջացել է Աֆրիկայի հարավում 20-րդ դարում[185]։ Այսօր ՁԻԱՀ-ի համաճարակն ունի համավարակի մասշտաբ[186]։ Առողջության համաշխարհային կազմակերպության և ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի գնահատականներով 1981 թվականի հունիսի 5-ին գրանցված առաջին դեպքից հետո ՁԻԱՀ-ից մահացել է ավելի քան 25 միլիոն մարդ[187]։ 2007 թվականին գրանցվել է ՁԻԱՀ-ով վարակման 2,7 միլիոն դեպք և շուրջ 2 միլիոն ՁԻԱՀ-ի հետ կապված մահ[188]։
Ֆլավովիրուսների ընտանիքին են պատկանում որոշ մահացու վիրուսային հիվանդությունների հարուցիչներ։ Ֆլավովիրուսները թելանման վիրուսներ են, առաջացնում են հեմոռագիկ տենդ։ Այս վիրուսներին է պատկանում Էբոլա հեմոռագիկ տենդի հարուցիչը և մարբուրգյան վիրուսը։ Մարգուրգյան վիրուսը մամուլի ուշադրության կենտրոնում է հայտնվել 2005 թվականի ապրիլին Անգոլայում ունեցած բռնկման պատճառով։ Այս բռնկումը տևել է 2004-ի հոկտեմբերից մինչև 2005 թվականի սկիզբը և բնորոշվել է որպես երբևէ տեղի ունեցած ամենադաժան հեմոռագիկ տենդի համաճարակ[189]։