Просмотр содержимого документа
«Անանիա Շիրակացի»
«Աշխարհացույցը» VII դարերում կազմված տիեզերագիտության և աշխարհագրության հայերեն ձեռնարկ է, որին կից եղել է շուրջ 15 քարտեզ:
«Աշխարհացույց» («Աշխարհացոյց») նշանակում է Աշխարհի ատլաս (քարտեզների ժողովածու): Մեզ են հասել «Աշխարհացույցի» քարտեզները նկարագրող ընդարձակ և համառոտ բնութագրեր:
«Աշխարհացույցն» իր կառուցվածքով նման է հույն աշխարհագիր Կլավդիոս Պտղոմեոսի (90– 168 թթ.) «Աշխարհագրությանը»: «Աշխարհացույցի» ներածականում («Հասարակախոսություն») երկրակենտրոն տեսության դիրքերից շարադրված է տիեզերագիտությունը, Երկիրը ներկայացված է գնդաձև, նշված են նաև գլոբուսը և քարտեզագրման տարրերը: Երկրի միջօրեականը տրվում է ըստ հույն աշխարհագիր Երատոսթենեսի (մ.թ.ա. 276–194 թթ.): «Աշխարհացույցի» հեղինակը մաթեմատիկական հաշվարկներով կառուցած աստիճանացանցում պատկերել է այն ժամանակ հայտնի աշխարհը:
Երկի բուն մասը՝ «Երկրաչափը», կազմված է 2 բաժնից: Առաջինում («Աշխարհագիր» կամ «Աշխարհագրություն») աշխարհի քարտեզագրական նկարագրությունն է, որի հիման վրա կազմվել է աշխարհի քարտեզը՝ «Աշխարհացույց քարտեզ տիեզերացը»: Հասարակածի նկարագրությանը հետևում է ջրագրությունը՝ Ատլանտյան, Հնդկական օվկիանոսների, Հունական (Միջերկրական ու Սև ծովեր) և Կասպից ծովերի նկարագրությունը՝ դրանց մեջ թափվող գետերով: Մայրցամաքը բաժանվում է 3 մասի՝ «Եվրոպա», «Լիբիա» (Աֆրիկա) և «Ասիա»:
Երկրորդ բաժինը՝ «Երկրագրությունը», նկարագրում է առանձին երկրամասերը՝ ըստ մայրցամաքների: Հայաստանից ու հարակից երկրներից դուրս գտնվող երկրամասերին վերաբերող բաժինները հիմնականում Պտղոմեոսի աշխատության համապատասխան գլուխների համառոտ շարադրանքն են (առանձին քարտեզներով)՝ հագեցված նոր նյութերով և համապատասխանեցված «Աշխարհացույցի» ստեղծման ժամանակաշրջանին: Հատկապես արժեքավոր է Մեծ Հայքի, Վրաց աշխարհի, Աղվանքի, Պարսից աշխարհի, մասամբ՝ Կողքիսի, Հյուսիսային Կովկասի («Ասիական Սարմատիա») ու Փոքր Ասիայի («Միջերկրեայք»), Միջագետքի և Ասորիքի նկարագրությունը, որին նվիրված է «Աշխարհացույցի» բնագրի մեծ մասը: Հեղինակը, Պտղոմեոսի երկերից զատ, օգտագործել է նաև մեզ չհասած այլ աղբյուրներ, ստեղծել գիտական եզակի կարևորության կոթող: «Աշխարհացույցը» վկայում է, որ վաղմիջնադարյան Հայաստանում եղել է զարգացած քարտեզագություն, որը նախորդել է արաբական քարտեզագրությանը: Պահպանվել է նաև XIII դարի «Աշխարհացույցը»՝ Վարդան Արևելցու անունով:
Մեծ տիեզերագետ և մաթեմատիկոս Անանիա Շիրակացին, հետևելով անտիկ հեղինակներին, գրել է. «Երկիրը ձվի նման է. ինչպես ձվի կլոր դեղնուցը մեջտեղում է, սպիտակուցը՝ նրա շուրջը, իսկ կեղևը շրջապատում է չորս կողմից, այնպես էլ երկիրը մեջտեղում է, օդը՝ նրա շուրջը և երկինքը շրջապատում է չորս կողմից»: Անանիա Շիրակացին գիտեր, որ Արեգակի խավարման պատճառը նրան պատնեշող Լուսինն է: Հայ տիեզերագետի կարծիքով Ծիր Կաթինը «կուտակված թույլ և ուժեղ աստղերի բազմություն է»: Տիեզերագիտության և մաթեմատիկայի բնագավառներում Անանիա Շիրակացին հետևել է անտիկ գիտության ավանդույթներին: Այդ դարաշրջանում, երբ Եվրոպայում ամենուրեք մոռացվում էր անտիկ գիտական ժառանգությունը, Անանիա Շիրակացին կարևոր դեր խաղաց այն պահպանելու և գալիք սերունդներին հաղորդելու գործում: