Արտաշես և Սաթենիկ[
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արտաշես և Սաթենիկ, հայկական ավանդազրույց։ Ավանդազրույցը պատմվում է հայոց հին ժողովրդական վեպում՝ «Վիպասանքում»[1]։ Ստեղծվել է մ. թ. ա. II-I դարերում։
Սյուժե
Ալանները կողոպուտի նպատակով ներխուժել էին Հայաստան։ Հայոց արքա Արտաշեսը դուրս էր եկել նրանց դեմ պատերազմի։ Ալանների ազգը փոքր-ինչ ետ է նահանջում և Կուր գետն անցնելով՝ հյուսիսային կողմից բանակ է դնում գետի ափին։ Արտաշեսը գալիս բանակում է գետի հարավային կողմում և գետը բաժանում է երկուսին։ Հայոց զորքերն, Ալանների որդուն բռնելով, տանում են Արտաշեսի մոտ, Ալանների թագավորը հաշտություն է խնդրում՝ խոստանալով տալ ինչ ցանկանա։ Արտաշեսը չի համաձայնում ետ վերադարձնել պատանուն, պատանու քույրը գալիս է գետի ափը և թարգմանների միջոցով ձայն է տալիս Արտաշեսի բանակը.
| Քե՜զ եմ ասում, քա՜ջ այր Արտաշես, Որ հաղթեցիր քաջ ազգին ալանաց, Եկ լսիր ալանների գեղաչյա դստեր խոսքը՝ Տո՜ւր պատանուն, Քանզի սոսկ քենի համար օրենք չէ, որ դյուցազուն Այլ դյուցազունների զավակներին զրկեն կյանքից Կամ ծառա դարձնելով՝ ստրուկների կարգում պահեն Եվ հավերժ թշնամություն Երկու քաջ ազգերի մեջ հաստատեն | |
Արտաշեսը, լսելով այդպիսի իմաստուն խոսքեր և տեսնելով գեղեցիկ արքայադստերը, սիրահարվում է նրան։ Նա անմիջապես իր դայակ Սմբատ Բագրատունուն ուղարկում է ալանների թագավորի մոտ՝ խնդրելու Սաթենիկի ձեռքը։ Ալանաց թագավորը, ըստ իրենց սովորության, գլխագին է պահանջում դստեր համար, որի պատճառով Արտաշեսը որոշել է փախցնել Սաթենիկին.
| Հեծավ արի արքա Արտաշեսը գեղեցիկ Սևուկ նժույգը Եվ հանեց ոսկեօղ շիկափոկ պարանը Եվ որպես սրաթև արծիվ անցկացավ գետը Եվ նետեց ոսկեօղ շիկափոկ պարանը, Գցեց մեջքը ալանաց օրիորդի Եվ շատ ցավեցրեց մեջքը փափուկ օրիորդի՝ Արագ հասցնելով նրան իր բանակը։ | |
Արտաշեսը Սաթենիկին բերում է Արտաշատ մայրաքաղաք։ Թագավորները հաշտվել են և դաշինք կնքել։ Արքայական հարսանիքի ժամանակ ոսկի ու մարգարիտ է տեղացել.
| Ոսկի անձրև էր տեղում Արտաշեսի փեսայության պահին, Մարգարիտ էր տեղում Սաթենիկի հարսնության պահին։ | |
Արտավազդ Ա (ծննդյան թվականն անհայտ), Մեծ Հայքի Արտաշեսյան թագավոր մ.թ.ա. 160-115 թվականներին։ Հաջորդել է հորը՝ Արտաշես Ա–ին։
Արտավազդի գահակալման տարիների և գործունեության մասին տեղեկությունները կցկտուր են։ Մովսես Խորենացին գրում է, որ Արտավազդի հոր կենդանության օրոք վարել է սպարապետության գործակալությունը, կոտորել է Մուրացանների նախարարական տոհմը՝ իրեն վերապահելով արքայից հետո «երկրորդության պատիվը», դավով սպանել իրեն ամբաստանած եղբորը՝ Դարանաղյաց Անիի քրմապետ Մաժանին։
Գահակալման տարիներին եղբայրներին, բացի գահաժառանգ Տիրանից, բնակության վայր է հատկացրել Աղիովիտ և Առբերանի գավառները՝ նրանց հեռացնելով արքունի կալվածքից՝ Այրարատից և Հայաստանի նորակառույց մայրաքաղաքից՝ Արտաշատից։ Ըստ Հուստինոսի, Պարթևաց Միհրդատ II թագավորը մ.թ.ա. 120 թվականին պատերազմել է Արտավազդի դեմ և պատանդ վերցրել նրա եղբորորդուն՝ գահաժառանգ Տիգրանին։ Ըստ ժողովրդական ավանդության, Արտավազդը որսի ժամանակ գետնակուլ է եղել Մասյաց վիհում։
Վեպ Արտավազդի մասին
Հին հայկական վեպերը պարունակում են հիմնականում պատմական հավաստի նյութեր։ Վեպեր են հյուսվել սիրված թագավորների և հերոսների մասին։
Վեպերի ընդհանուր գիծը անսահման սերն է հայրենիքի նկատմամբ, ազատատենչ ոգին ու պատրաստակամությունը՝ կյանքը չխնայել ժողովրդի ազատության համար։ Նրանցից ամենասիրվածն ու տարածվածը եղել է «Արտաշեսի վեպը»։
Արտաշես Ա-ն եղել է հայերի պաշտելի թագավորը, և պատահական չեն նրա մասին պահպանված վիպական ամբողջ շարքերը նրա մանկության, գահակալության, երկիրը շենացնելու, բարգավաճեցնելու, Արտաշատ մայրաքաղաքը կառուցելու և այլ մանրամասների մասին։ Արտաշեսը պայքարել է երկիր ներխուժած արտաքին թշնամիների դեմ, հաղթել է նրանց և պաշտպանել իր երկրի ու ժողովրդի անկախությունն ու ազատությունը։
Ապրելով երկար և երջանիկ կյանքով՝ Արտաշեսը մահանում է ծեր հասակում։ Նրան թաղում են ոսկե դագաղում, բազմաթիվ զարդերով։ Շատերը, չցանկանալով ապրել իրենց սիրելի թագավորից հետո, ինքնասպան են լինում։ Այս բոլորը տեսնելով՝ թագաժառանգ Արտավազդը, նախանձելով հոր փառքին, նեղսրտած դիմում է նրան.
«Երբ դու գնացիր,
Ու ամբողջ երկիրը քեզ հետ տարար,
Ես այս ավերակների վրա
Ո՞ւմ թագավորեմ»:
Հայրն անիծում է նախանձ և փառասեր որդուն.
Թե դու (ձի) հեծնես որսի գնաս
Ազատն ի վեր, դեպ Մասիս
Քաջքերը քեզ բռնեն տանեն
Ազատն ի վեր, դեպ Մասիս,
Այնտեղ մնաս, լույս չտեսնես»:
Արտաշեսի անեծքը կատարվում է։ Որսորդության ժամանակ քաջքերը բռնում են Արտավազդին և շղթայակապ արգելափակում Մասիս լեռան մի քարանձավի մեջ։
Արտաշեսյան հարստություն[
Հիմնական հոդված՝ Արտաշեսյաններ
Արտաշեսյանների դրոշ
Արտաշեսյան արքաայտոհմը Հայաստանում կառավարել է 2 դար։ Նրա հիմնադիրը՝ Արտաշես Ա-ն, իշխանությունը օրինական դարձնելու նպատակով իրեն ներկայացնում էր Երվանդունիների ներկայացուցիչ՝ որդի Զարեհի, Երվանդյան։ Իրականում նա հիմնադրել է նոր թագավորական հարստություն։
Անունը | Տարեթվեր | Իշխել է | Նշումներ |
Արտաշես Բարեպաշտ | մ.թ.ա. 230-մ.թ.ա. 160 | մ.թ.ա. 189-մ.թ.ա. 160 | Զարեհի որդի, Երվանդյան |
Արտավազդ Ա | մ.թ.ա. ?-մ.թ.ա. 115 | մ.թ.ա. 160-մ.թ.ա. 115 | Արտաշես Ա-ի ավագ որդի |
Տիգրան Ա | մ.թ.ա. ?-մ.թ.ա. 95 | մ.թ.ա. 115-մ.թ.ա. 95 | Արտաշես Ա-ի կրտսեր որդի |
Տիգրան Մեծ | մ.թ.ա. 140-մ.թ.ա. 55 | մ.թ.ա. 95-մ.թ.ա. 55 | Տիգրան Ա-ի կրտսեր որդի |
Արտավազդ Բ | մ.թ.ա. ?-մ.թ.ա. 34 | մ.թ.ա. 55-մ.թ.ա. 34 | Տիգրան Մեծի որդի |
Արտաշես Բ | մ.թ.ա. ?-մ.թ.ա. 20 | մ.թ.ա. 30-մ.թ.ա. 20 | Արտավազդ Բ-ի ավագ որդի |
Տիգրան Գ | մ.թ.ա. ?-մ.թ.ա. 8 | մ.թ.ա. 20-մ.թ.ա. 8 | Արտավազդ Բ-ի կրտսեր որդի |
Տիգրան Դ Էրատո | | մ.թ.ա. 8-մ.թ.ա. 5, մ.թ.ա. 2-մ.թ.ա. 1 | Տիգրան Գ որդին և դուստրը |