Просмотр содержимого документа
«Հետաքրքիր դեպքեր Թումանյանի կյանքից»
Հետաքրքիր դեպքեր Թումանյանի կյանքից
Թոթովենցը Թումանյանին առաջին անգամ տեսել է Էջմիածնի վանքի բակում, որտեղ հավաքվել էին մեծ թվով գաղթականներ:Ամեն կետում մարդ էր մեռնում, շատերը սովից կամ հիվանդություններից…
Հանկարծ սկսում է անձրև, որը քիչ ժամանակ անց վերածվում է տեղատարափ անձրևի և հեղհեղում է գետինը:Ամեն տեղ լցվեց գաղթականներով, բայց դեռ հազարավոր գաղթականներ դրսում էին և Թումանյանը ստիպված գաղթականների առաջ բացում է նոր կառուցվող վեհարանը, որ մինչև այդ անձեռնմխելի էր: Դա զայրացնում է Կաթողիկոսին (Գևորգ Ե): Ասում էին, որ երեկոյան Վեհափառը կանչել է Թումանյանին և հանդիմանել նրան այդ «բռնի» գործողությունների համար: Վեհափառը պատվիրել է, որ Թումանյանը այլևս այդպիսի բան չանի, սակայն Թումանյանը պատասխանել է, որ պիտի անի, եթե անհրաժեշտություն լինի:Հայոց հայրապետը կանգնել է ոտքի և հայտարարել.
-Դուք խոսում եք Ամենայն Հայոց Հայրապետի հետ:
Գրողը նրան պատասխանել է.
-Իսկ դուք խոսում եք ամենայն հայոց բանաստեղծի հետ:
***
Մի օր, սեղանի շուրջը Թումանյանը առաջարկում է խմել Անդրանիկի կենացը և ասում.
-Սրանից 20 տարի առաջ կար երկու նշանավոր բան՝ Խրիմյան Հայրիկը և իմ «Շունն ու կատուն», 20 տարի է անցել, բայց էլի երկու նշանավոր բան կա՜ իմ «Շունն ու կատուն» և Անդրանիկը, խմում եմ երկու նշանավորներից մեկի՜ Անդրանիկի կենացը: Հովհ.Թումանյանի հումորով արված այդ գեղեցիկ և իմաստալից համեմատությունը շատ աշխույժ ծիծաղ է առաջացնում: Անդրանիկը դրան պատասխանում է.
-Կանցնեն տարիներ, ոչ ես կլինեմ, ոչ էլ Թումանյանը, բայց կլինի մի նշանավոր բան՝ «Շունն ու կատուն», խմենք նրա կենացը:
***
Խնկո-Ապերը ինչ-որ մի խոսք նետեց Թումանյանին…
Թումանյանը վեր կացավ:
-Երբ մեկը հրացանը քաշում է և ուզում է մի ուրիշին խփել, եթե հրացանը լիքն է, խփվողն է վախենում, իսկ եթե հրացանը դատարկ է, խփողն է վախենում:Խնկո-Ապերը հրացանն ինձ ուղղեց ու…վախեցավ…
Բոլորն սկսեցին ծիծաղել:Խնկո-ապերն այնքան քաշվեց աթոռի մեջ, որ էլ չէր երևում:
***
Թումանյանը հաճախ էր ասում.
-գրել եմ միայն էն ժամանակ, երբ հիվանդ եմ եղել, և բժիշկներն արգելել են որևէ մեկի այցելությունը: Մի օր ասաց.
-Էս «Հազարան բլբուլն» էլ վզիս է չոքել, մի երկար չեմ հիվանդանում, որ մի բան դուրս գա:
***
Թումանյանի տանը Անդրանիկը իր կռիվներից ինչ-որ բան էր պատմում և Թումանյանը կլանված լսում էր. -Թուրս քաշեցի…,- ասաց Անդրանիկը և կանգ առավ:
Նա ուներ այդպիսի սովորություն, այդ կանգ առնելը ժամանակ էր տալիս որպեսզի լսողը ընդգրկի պահը: Բայց Թումանյանը չհամբերեց և սկսեց գոռալ.
-Խփի՛ր, Խփի՛ր…