СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Ցավի ու ցասման ահազանգ

Категория: История

Нажмите, чтобы узнать подробности

Ներկայացված է Մեծ Եղեռնը՝ որպես մարդկության դեմ կատարված ամենամեծ ոճիրը:

Просмотр содержимого документа
«Ցավի ու ցասման ահազանգ»

ՑԱՎԻ ՈՒ ՑԱՍՄԱՆ ԱՀԱԶԱՆԳ

«Այնքան արշալույսներ կան, որ տակավին չեն ծագած․․․»





«Այնքան արշալույսներ կան, որ տակավին չեն ծագած․․․»






 Թարմ է դեռևս մեր ժողովրդի ցավն ու վերքը: Դեռևս երեկ, մի քանի տասնյակ տարիներ առաջ, Տեր Զորի ավազների վրայից քայլող հայ որբերի զավակները այսօր ոտքի են կանգնել և ապրում են վճռականությամբ: Վերածնվել են Մայր Հայրենիքն ու Սուրբ Էջմիածինը: Եվ Նոյան աղավնին ձիթենյաց մի նոր ճյուղ ամուր պահած սրտին տանում է դեպի ձյունածածկ Արարատները` մեր Սրբազան Լեռը: Աստվածապաշտ մի ժողովուրդ ենթարկվեց ահռելի և զազրելի տանջանքներին ու խաչելության և սակայն երբեք չուրացավ իր հավատն ու ինքնիրեն սրբացրեց` թափելով իր արյունը:

 Ինչքան էլ կոտորվեն հանճարեղ մեր ազգի մտավորականներն ու արվեստագետները, եկեղեցականներն ու հավատացյալները և կամ ազգի կեսը, մնացողները հողի տակ թաքնված արմատների նման, կծլեն դարձյալ աշխարհի թատերաբեմի վրա ներկայանալու որպես գեղատեսիլ սաղարթախիտ ու պտղալից մի ծառ: Թուրքը իրագործեց իր ծրագիրը, բայց հայը դատարկ թողեց իր գերեզմանը, որովհետև ուզում էր ապրել ու ապրեցնել իր հինավուրց ազգը, այն կատարյալ համոզումով, թե` «Եթե Աստված մեր կողմն է` ո՞վ կարող է մեզ հակառակվել»:

 Մեզ այսօր կյանք է կտակված: Կյանք` ապրելու համար: Կյանք` նվիրվելու ու պարգևելու համար մեր Հայրենիքին, Հայաստանյայց Առաքելական եկեղեցուն, մեր ընտանիքներին ու մեր բարեկամներին:

Մեծ եղեռնը որպես մարդկության դեմ երբևէ կատարված ամենամեծ ոճիրն էր , և հակամարդկային նմանատիպ ոճիրները խոր արձագանք են թողնում բարու ու գեղեցիկի դավանանքով ապրող ստեղծագործողների հոգում, որն էլ դառնում է բարձրարվեստ երկերի ստեղծման պատճառ՝ իբրև մշտապես հնչող ահազանգ մարդկության կյանքում:

Ցեղասպանությունը արձագանք է գտել հայ գրականության մեջ: Եղեռնը վերապրած սփյուռքահայ բանաստեղծներ Վահան Թեքեյանի, Վեհանուշ Թեքեյանի, Մարտիկ Դավթյանի երկերում հնչում է հառաչանքի, բողոքի ու վրեժի ճիչը:

Ռուբեն Սևակը իր շատ նշանավոր ժամանակակիցներից ավելի շուտ զգաց ու նկատեց արևմտահայությանը սպառնացող ողբերգության հեռանկարը։ Սևակը իրեն դրսևորեց որպես հասուն ազգային ու քաղաքական գործիչ և իր ստեղծագործություններով զգոնության կոչ արեց՝ ընդգծելով համազգային միասնության կարևորությունը։

1909 թ. գարնանը, երբ Ադանա քաղաքում երիտթուրքական իշխանությունների կազմակերպած արյունահեղությանը զոհ դարձավ 30 հազար հայ, Ռուբեն Սևակը եղավ այն ազգային գործիչներից մեկը, որը երիտթուրքական հեղափոխությունից «գինովցածներին» Արշակ Չոպանյանի, Անդրանիկ Օզանյանի, Փարամազի և մյուսների նման զգուշացնում էր ահագնացող վտանգի մասին։

Եվ այդ զգուշացումը Ռուբեն Սևակը ոչ միայն արտահայտում էր իր բանաստեղծությունների մեջ, ինչպես օրինակ «Գիւղական եկեղեցիին մէջ», «Գիւղական գերեզմանին մէջ», «Վրէժին սերմնացանը», «Վերջին օրօր», «Վերջին հայերը» ստեղծագործություններում, այլև նամակներում ու հրապարակախոսական ելույթներում։

Մեջբերում 1908 թ. օգոստոսի 8-ին Ռուբեն Սևակի հրապարակային ելույթից.

Ամբողջ Եվրոպայի մէջ աշխարհի էն շքեղ կեդրոններէն մինչև ամենամութ ու խաւարին անկիւնները ես չեմ տեսեր ու չեմ ալ կրնար հաւատալ, որ գտնուի տակաւին ՄԷԿ ՈՒՐԻՇ ԱԶԳ, որ ամէն օր ու ամէն վայրկեան ապրէր դերասանի ճշմարտապէս կեղծ ու գերեզմանօրէն ծիծաղելի այն կեանքը, որ դարերէ ի վեր մեր կեանքը եղաւ մեր ստրկացած թրքահայերուս կեանքը… Տառապիլ ու ստիպուած ըլլալ ամենաերջանիկ կերպարանք մը ցոյց տալու… անպատուուիլ, բռնաբարուիլ, գետնաքարշ տապալիլ ու ստիպուած ըլլալ գոհութեան ջերմագին աղաղակներ բարձրացնելու… ժպտիլ այնպիսի մէկ վայրկեանիդ, որ արիւն արցունք պիտի պոռտկար աչերէդ, մաղթանքի ճիչեր հանել կոկորդէդ այն բռնակալ ձեռքին համար, որ զքեզ կը խեղդէ, մեռնիլ ու հոգեպէս մեռնիլ ու ապրիլ ձևացնել, ահա դերասանական ահռելիօրէն կեղծ կեանքը, որ մերը եղաւ այնքան երկար տարիներ:

Այնուհետև Ռուբեն Սևակը զգուշացնում էր. «Ներսի գաւառներու մէջ կոտորածի վախ կայ, կը լսէ՞ք ԿՈՏՈՐԱԾԻ ՎԱԽԸ» ու պահանջում էր «մարդկօրէն կատղիլ», այսինքն զինված ազատագրական պայքար մղել։

Սիամանթոյի աոաջին բանաստեղծությունը՝ «Աքսորված խաղաղություն»-ը (ավելի ուշ՝ «Մահվան տեսիլք»), որ հայտնի է եղել նաև «Կոտորած» վերնագրով, լույս է տեսել 1898 թ. «Վաղվան ձայնը» (Մանչեստր) թերթում։ Հաջորդ գործերը տպագրվել են «Անահիտ» (Փարիզ, «Բանբեր» (Պետերբուրգ), «Հայրենիք» (Բոստոն), և այլ պարբերականներում։ Դրանք հայկական ջարդերից տպավորված բանաստեղծական արձագանքներ էին, որ արդեն նախանշում էին Սիամանթոյիի ստեղծագործության ուղղությունը։

1902 թ. տպագրվեց նրա «Դյուցազնորեն» ժողովածուն, որը միանգամից հաստատեց գաղափարի բանաստեղծի հայտնությունը։ Ժողովածուի քերթվածները հայ երիտասարդությանն ուղղված պատգամներ են, որոնց առաքելական խորհուրդն ուղենշում է «Ռիգվեդայից»ից առնված բնաբանը՝ «Այնքան արշալույսներ կան, որ տակավին չեն ծագած․․․»։ Դա պայքարի ու սթափումի նշանաբանն էր, որ բանաստեղծը ավանդում էր ժամանակակիցներին։

«Հայորդիներ» (1905, 1906, 1908) բանաստեղծական երեք շարքերում Սիամանթոյի գեղարվեստական մտածողությունը միստիկական խորհրդապաշտությունից անցել է իրական աշխարհի պատկերներին։ Նրա հերոսը՝ նորօրյա Հայորդին, անձնավորում է Գաղափարի ու Կամքի մի հզոր ես, որի անունը Պայքար է, իսկ վախճանը՝ Հաղթանակ։ «Որբերու ճակատագրեն», «Սովամահ», «Բանտերուն խորերեն», «Կախաղաններու կատարեն» քերթվածներում, նկարագրելով թուրք բարբարոսների խոշտանգումներին ենթարկված հայ ժողովրդի ողբերգական սարսափները, Սիամանթոն պատմության դասերի մեջ խտացրել է դարերի վրեժը և ազատագրական պայքարի կոչել Հայորդուն՝ նրա հերոսական մաքառումները հուսավառելով կյանքի և գոյության, պատվի և արդարության, լույսի և գեղեցկության իդեալի հավատով։

Պայքարի ու գաղափարի պոեզիան ծրագրային նույնպիսի ավարտվածությամբ այլևս չկրկնվեց Սիամանթոյիի հետագա բանաստեղծական շարքերում։ Հույսի ջահերը չէին մարել, սակայն տարիների ապարդյուն սպասումների հետ ռոմանտիկական ոգևորությունը տեղի էր տվել հոգեվարքի գալարումներին, բանաստեղծն անձնատուր էր եղել տառապանքի խոհական վերապրումներին։ Այդ տրամադրությունների արտահայտությունն է «Հոգեվարքի և հույսի ջահեր» (1907) քնարական մատյանը։ Այստեղ արդեն բանաստեղծն ինքն իր հետ է և հոգեկան լարումներից, վրեժի ու ատելության, պայքարի ու նահատակության կրքոտ կոչերից հոգնած՝ գաղափարական ու գեղագիտական իր հավատամքի խորհուրդն է ստուգում իրադարձությունների ողբերգական ընթացքի հանդեպ։ Ցավագին ու հակասական մտորումները միմյանց են հաջորդում, վերհուշները թրծվում են հայրենի եզերքի կարոտով («Արցունքներս», «Հայրենի աղբյուր», «Ափ մը մոխիր, հայրենի տուն․․․»), հույսերը խամրում են կորսված երազների մշուշում, բանականությունը մթագնում է չարագուշակ տեսիլների հալածանքով («Չարչարանքի երազ», «Հոգեվարքի իրիկուն», «Մահվան տեսիլք», Անդրշիրիմյան աղաղակ»), և բանաստեղծը ձեռք է մեկնում իր հոգու մտերիմներին՝ վերստին գտնելու պայքարի ու գաղափարի երգը («Ձեռքերդ ինձ երկարե», «Ես երգելով կուզեմ մեռնիլ», «Ասպետի երգը»։

Երիտթուրքական հեղափոխությունից և հուլիսյան սահմանադրությունից հետո երկրի քաղաքական մթնոլորտն ստուգելու միտումով 1908 թ. Սիամանթոն վերադարձել է Կ․ Պոլիս։

Ազգային մտավորականության պատրանքները հավատ չեն ներշնչել բանաստեղծին։ Նա գուշակել է հայ ժողովրդի ողբերգական ճակատագիրը թուրք նացիոնալիստական բուրժուազիայի պետական քաղաքականության պայմաններում։ Կ․ Պոլսում Սիամանթոն ստեղծել է իր «Կարմիր լուրեր բարեկամես» (1909) շարքը, որը Դանիել Վարուժանն անվանել է «տաղանդավոր ոճրերգություն»։ Այստեղ պատկերված է հայոց դանթեականը, արյան նախճիրների դժոխային տեսարանների մեջ բացահայտված է սադիզմի և վանդալիզմի բիոլոգիական բնազդը։ Հայ կյանքն ու առօրյան ուսումնասիրելու առաքելությամբ Սիամանթոն 1909 թ. մեկնել է Ամերիկա։ Իրողությունը նրան հուշում էր ազգին սպառնացող աղետը։ Զանգվածային արտագաղթից ամայանում էր Հայաստանը, օտարվում էին հայրենի հուշիկները, հայրենիքը բնապատմական ռեալությունից վերածվում էր աշխարհագրական հասկացության։ Պետք էր կանխել չարիքը, փրկել ազգը տրոհումից, կապել նրան հայրենի հողին ու բնությանը և կյանքն իմաստավորել աշխատանքի ու ստեղծումի գաղափարով։ Ազգահավաքման, հայրենականչի այս գաղափարի վրա Սիամանթոն կառուցել է «Հայրենի հրավեր» (1909) բանաստեղծական նամակաշարը։ Տարագիր հայությանն ուղղված տասներկու կոչերում նա արտացոլել է որբացած հայրենիքի մորմոքներն ու տվայտանքները։

Կարսում ծնված և 1915 թվականը ապստամբ շարժման կազմում անցկացրած Եղիշե Չարենցի շատ ստեղծագործություններ նկարագրում են ջարդերի սարսափները («Դանթեական առասպել»)։ Հայերի կոտորածներին իրենց գրական ստեղծագործություններում անդրադարձել են Հովհաննես Թումանյանը, Մուշեղ Գալշոյանը, Խաչիկ Դաշտենցը, ինչպես նաև հայ այլ գրողներ։ Հայոց ցեղասպանության թեման իր արտացոլումն է գտել նաև Պարույր Սևակի «Անլռելի զանգակատուն»պոեմում («Ղողանջ եղեռնական»)։ Հայերի ցեղասպանության մասին ամենահայտնի գրական ստեղծագործությունը թերևս ավստրիացի գրող Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրը»վեպն է։

Համաշխարհային արվեստում կոտորածների թեմաներին առնչվող երկերից հայտնի են Էժեն Դելակրուայի «Կոտորածը Քիոս կղզում», Ֆրանցիսկո Գոյայի «Գնդակահարությունը», Պաբլո Պիկասոյի «Գեռնիկան»: Հայ նկարիչների կտավներում առաջինն է պատկերվել ցավի ու ցասման ահազանգը: Նրանցից են ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկին և պատմական նկարչության հիմնադիր Վարդգես Սուրենյանցը: Իսկ եղեռնի ականատեսն ու չարչարանքն իր հոգում ապրած նկարիչը՝ Ոստանիկ Ադոյանը, ով հայտնի է Արշիլ Գորկի անունով հիշատակվում է իր «Մորս հետ» կտավով, որի ստեղծման համար հիմք է ծառայել պատանեկան տարիների մի լուսանկար: Գորկի-որդին այս յուրօրինակ գունալուծումներով նկարում ներկայացնում է «կորուսյալ մորը»՝ որպես կորսված հայրենիքի ու նրա գեղեցկության խորհրդանիշ :

Հայոց ցեղասպանության թեմային անդրադարձ կա արվեստի բոլոր տեսակներում ինչպես հայ, այնպես էլ օտարազգի արվեստագետների ներկայացմամբ: Սարսափելի այդ ողբերգությանն անդրադարձել են նաև հայ և օտարազգի ռեժիսորները:

Հայոց Մեծ եղեռնը պատկերող առաջին ֆիլմը 1918 թվականին ԱՄՆ-ում նկարահանված«Հոգիների աճուրդ» կամ «Հոշոտված Հայաստան» (ռեժ. Օսկար Ափֆել) գեղարվեստական կինոնկարն է, ուր տեղ են գտել նաև վավերագրական կադրեր: Ֆիլմի գլխավոր հերոսուհին և միաժամանակ դերակատարուհին եղեռնից մազապուրծ Արշալույս Մարտիկանյանն է, որի ողբերգական պատմությունն էլ ընկած է ֆիլմի հիմքում: Երբեք չի կարելի թերագնահատել «Նահապետ» ֆիլմի (1977 թ, ռեժ. Հ. Մալյան) դերը, որը ժամանակին ցուցադրվել է բազմաթիվ երկրներում և բարձր գնահատականի արժանացել եվրոպական մամուլում:

20-21-րդ դարերի սահմանագծին ստեղծվեցին մի քանի վավերագրական ֆիլմեր, որոնցից ամենահետաքրքրականը եղավ «Թաքնված հոլոքոստ » ֆիլմը:

Խորհրդային տարիներին Հայաստանում նկարահանվեցին «Նահապետ» և «Ձորի Միրոն» ֆիլմերը

Արտասահմանում նկարահանված ֆիլմերից առավել արժեքավոր են Անրի Վեռնոյի «Մայրիկ » (1991) և «Պարադի փողոց 588-ը»(1992) , Ռոբերտ Քեշիշյանի «Արամ» (2002), Ատոմ Էգոյանի «Արարատ» (2002), Տավիանի եղբայրների «Արտույտների ագարակը» (2007),Ֆաթիհ Աքինի «Սպին» (2014) ֆիլմերը: «Սպին» ֆիլմի բեմադրիչը թուրք է:

Հայազգի ֆրանսիական անվանի ռեժիսոր Անրի Վերնոյի (Աշոտ Մալաքյան) 1991 թվականին նկարահանած «Մայրիկ» ֆիլմն իր արժեքով և կարևորությամբ նույնպես լիովին առանձնանում է:

Կանադահայ անվանի ռեժիսոր Ատոմ Էգոյանի «Արարատ» (2002 թ.) ֆիլմը նկարված է ամերիկյան բժիշկ Քլարենս Աշերի հուշերի, նաև՝ մի գերմանուհու վկայությունների հիման վրա: Սակայն այդ բազմաշերտ ֆիլմում առկա են նաև միահյուսված շատ հարթություններ և բախումներ, որոնք վերհանում են Ցեղասպանության թեման ոչ միայն կոնկրետ իրական՝ պատմական առումով, այլև՝ նրա բարոյահոգեբանական հետևանքների ու դրանց հաղթահարման… Այս ֆիլմն ստեղծելու որոշումն Ատոմ Էգոյանը կայացրել է, երբ տասնամյա որդի Արշիլն իրենից և մորից՝ Արսինե Խանջյանից, լսելով թուրքերի ոճրագործության մասին, հարց է տվել. «Իսկ նրանք ներողություն խնդրե՞լ են»:

Մեծանուն իտալացի ռեժիսորներ Պաոլո և Վիտորիո Տավիանիների «Արտույտների ագարակը» ֆիլմ-վիպերգությունը նկարահանվել է 2007-ին հայկական ծագումով իտալացի գրող և գրականագետ Անտոնիա Արսլանի 2004 թվականին լույս տեսած և 12 լեզվով թարգմանված համանուն վեպի հիման վրա, ուր խիստ տպավորիչ եղանակով ու շքեղ գրական լեզվով ներկայացված է հեղինակի ընտանիքի պատմությունը: Առաջին վավերագրական ֆիլմը՝ «Ուր է իմ ժողովուրդը» (պրոդյուսեր՝ Մայքլ Հակոբյան), թողարկվեց 1965-ին Եղեռնի 50-ամյակի կապակցությամբ:

Հայտնի լուսանկարներ արվել են գերմանական Կարմիր խաչից Արմին Վեգներիև ԱՄՆ հյուպատոս Լեսլի Դևիսի կողմից։

Թուրքիայի Հանրապետությունը խոչընդոտում է հայերի բնաջնջման մասին ֆիլմերի նկարահանմանը։ Սպանությունների մասին բանավոր պատմելու ավանդույթը դրսևորվում է երգերում, որոնք համարվում են ցեղասպանության վկայություններից մեկը։ Հայ երաժիշտներից կազմված ամերիկյան System of a Dow ռոք-խումբը հաճախ է շոշափում հայերի ցեղասպանության հարցեր։ Դեռևս 19-րդ դարի վերջերին հայ գեղանկարիչ Վարդգես Սուրենյանցն իր նկարներից շատերը ձոնեց Արևմտյան Հայաստանում հայերի ջարդերին։

Արշիլ Գորկու շատ նկարներ ոգեշնչված են վերապրած իրադարձությունների հիշողություններից։

Հայերի զանգվածային կոտորածներին նվիրված զանգակատան տեսքով առաջին հուշակոթողը կանգնեցվել է 1950-ական թվականներին Անթիլիաս քաղաքի (Լիբանան ) հայկական` Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանի տարածքում։ 1965 թվականին Էջմիածնի կաթողիկոսարանի տարածքում կանգնեցվեց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշակոթող՝ կազմված բազմաթիվ խաչքարերից։ 1990 թվականին հիշատակի մատուռ կառուցվեց սիրիական Դեր Զոր անապատում՝ այս պահի դրությամբ հայերի սպանությունների հետ կապված տեղում կանգնեցված միակ հուշարձանը։ 

1967 թվականին՝ Խորհրդային Հայաստանում Մեծ Եղեռնի իրադարձությունների 50-ամյակին չարտոնագրված ցույցեր  անցկացնելուց հետո Ծիծեռնակաբերդի  բարձունքում ավարտվեց հուշահամալիրի շինարարությունը։ Այսօր Ծիծեռնակաբերդը հայերի համար հանդիսանում է ուխտագնացության վայր և հասարակական կարծիքի կողմից ընկալվում հայոց ցեղասպանության բազմանշանակ հուշարձան։

1915 թվականը և նրան հաջորդած եղեռնահուշ տարիները անբաժան են մեզնից, և, չնայած 100-ամյա հեռավորությանը, այն անցյալ չէ, այլ հայության կյանքի անկապտելի մի մասը, կենդանի իրականություն՝ իր հարատևող հետևանքներով: Պատահական չէին Շահնուրի հետևյալ խոսքերը. «Մեր ողբերգական կյանքին ամեն մեկ օրը իր մեջ կհաշվե սև րոպե մը, որ կկոչվի Ապրիլ տասնմեկ»: