Ղևոնդ Ալիշան(1820 – 1901) (
«... Ուր որ հայրենի երգեր կլսվին`
Հոն հայրենիքը ողջ է»:
Ղ. Ալիշան
Ղևոնդ (Քերովբե) Ալիշանը ծնվել է 1820 թ. հուլիսի 18-ին Կոստանդնուպոլսում, դրամագետ-հնահավաք Պետրոս Մարգարի Ալիշանյանի ընտանիքում:
Տասներկու տարեկան հասակում (1832 թ.) նրան տալիս են Վենետիկի ս. Ղազար վանքի դպրոցը («Ընծայարան»), ուր չորս տարի ուսանելուց հետո փոխադրվում է «Բարձրագույն կրթարանը»։ Այստեղ էլ նա սկսում է գրական իր առաջին փորձերը...
Հայագիտության և հայ գրականության պատմության մեջ Ղևոնդ Ալիշանը գրավում է նշանակալից տեղ։ Նրա գրչին են պատկանում հայոց պատմության, հնագիտության, աշխարհագրության վերաբերյալ բազմաթիվ ստվարածավալ ւսշխատռւթյուններ, ինչպես` «Տեղագիր հայոց մեծաց», «Շնորհալի և պարագա յուր», «Շիրակ», «Սիսվան», «Սիսական», «Այրարատ», «Հին Հավատք կամ հեթանոսական կրոնք հայոց», «Հայապատում» և այլ փոքր ռւ մեծ բազմաթիվ հետազոտություններ, որոնք փաստական հսկայական նյութ են պարունակում մեր ժողովրդի պատմական անցյալի համարյա բոլոր շրջանների և գրեթե բոլոր բնագավառների վերաբերյալ։
Ալիշանը հայ նոր գրականության պատմության մեջ է մտել որպես աշխարհաբար պոեզիայի հիմնադիրներից և ականավոր ներկայացուցիչներից մեկը։
Ալիշանի, որպես բանաստեղծի, պատմական ծառայությունն այն է, ռր նա բացասեց Մխիթարյանների կլասիցիզմը և իր «Նահապետի երգեր»-ով հաստատեց պատմական իրավունքը գրական այն նոր ուղղության՝ ռոմանտիզմի, որի սկիզբը դեռ 19-րգ դարի 20-ական թվականներին գրել էր Ալամդարյանն իր քնարերգությամբ։
Ալիշանը պոեզիան դարձրեց կյանքի կենդանի արձագանքը: Այլ կերպ չի կարելի բացատրել այն ջերմ վերաբերմունքը, որին արժանացել են նրա լավագույն բանաստեղծությունները («Պլպուլն Ավարայրի», «Հայոց աշխարհիկ», «Հրազդան» և Նահապետի մյուս երգերը): Վերջիններիս հայրենասիրական-֊մարտական պաթոսը համահնչուն էր 40—50-ական թվականների՝ ազգային զարթոնքի դարաշրջանի ոգուն և ազգային ազատագրական ձգտումներին: Ալիշանը հարթեց հայ պոեզիայի հետագա զարգացման ուղին. նրա հայրենասիրական քնարից ստեղծագործական ներշնչումներ ստացան ականավոր այնպիսի բանաստեղծներ, ինչպիսիք են Ռափայել Պատկանյանը և Մկրտիչ Պեշիկթաշլյանը։
Դրանք վանքի չորս պատերի մեջ պարփակված, բայց դեռևս «դուրսի աշխարհի» տպավորություններն իր մեջ չմեռցրած պատանու զեղումներն էին՝ ներշնչված Ադրիատիկ ծովի և ս. Ղազար կղզու գեղեցիկ բնանկարներից: Սակայն, Ալիշանի այս, ինչպես և հետագայում գրած բազմաթիվ գրաբար բանաստեղծությունները իրենց վրա կրում են կլասիցիզմի տիրական ազդեցությունը և, ըստ էության, քիչ են տարբերվում Մխիթարյան մի քանի հեղինակների ոտանավորներից։ 1841 թ. Ալիշանը նշանակվում է ուսուցիչ Վենետիկի Ռափայելյան վարժարանում։ Դասավանդմանը զուգնթաց` նա աշխատակցում է «Բազմավեպ» հանդեսին, որ լույս էր տեսնում 1843 թվականից։ 1848 թ. նա նշանակվում է հիշյալ վարժարանի տեսուչ: Ալիշանը Վենետիկում է լինում, երբ բռնկում է իտալական ապոտամբությունը ավստրիական լծի դեմ. նա լսում է վարժուրանի աոջևով անցնող հազարավոր իտալացի հայրենասերների ազատության ոգեշունչ երգերը, ականատես է լինում Վենետիկի փողոցներում մղվող մարտերին։ Եվ այդ ամենը երիտասարդ բանաստեղծի վրա թողնում է ուժեղ տպավորություն: Իտալական ժողովրդի ազատագրական պայքարի այդ օրերին Ալիշանը գրում է «Մասիսու սարերն», «Բա՜մ, փորոտան... և մի քանի այլ մարտաշունչ-հայրենասիրական բանաստեղծություններ։
1850–1853 թթ. զանազան առիթներով Ալիշանը լինում է Հռոմում, Լոնդոնում, Փարիզում, Բեռլինում, Վիեննայում, ուր ուսումնասիրում է հայկական գրչագիր մատյանները, նյութական ու հոգևոր կուլտուրայի հուշարձանները, նյութեր է հավաքում հայագիտական իր ուսումնասիրությունների համար։ Այս ճանապարհորդության ընթացքում նա բնագրից թարգմանում է Բայրոնի «Չայլդ Հարոլդ» պոեմի չորրորգ երգը և գրում է միշարք բանաստեղծություններ:
1858–1861 թթ. վարում է Փարիզի Մուրադյան վարժարանի տեսչի պաշտոնը: 1859 թ. ամռանը լինելով Փարիզում, Նալբանդյանը այցելում է Մուրադյան վարժարանը, ուր ծանոթանում և զրուցում է Ալիշանի հետ։ Իր հիշատակարանում պատմելով այդ այցելության մասին՝ Նալբանդյանը իրավացիորեն խիստ դատապարտում է Մուրադյան վարժարանի կրոնական– աղանդավորական ոգին: Այնուհանդերձ, Ալիշանի մասին նա Խոսում է դրվատանքով. «Այս արժանապատիվ անձը,— գրում է Նալբանդյանը, – ծանոթ է հայոց ազգին մանավանդ Նահապետ անունով։ նորա «Ավագ և Փոքր Մասիս», «Հայոց աշխարհիկ», «Պլպուլն Ավարայրի» տաղերգությունքը ջերմացուցել են շատ սրտեր Նահապետի անունի վերա»:
1861 թ. նոյեմբերին, թողնելով Փարիզի Մուրադյան վարժարանի տեսչի պաշտոնը, Ալիշանը վերադառնում է ս. Ղազար: 1866 թ. նա կրկին նշանակվում է Վենետիկի Ռափայելյան վարժարանի տեսուչ։ Այդ պաշտոնը նա շարունակում է վարել մինչև 1872 թ., որից հետո ընդմիշտ թողնում է մանկավարժական ասպարեզը և ամբողջությամբ, մինչև իր մահը (1901 թ. նոյեմբբերի 22), նվիրվում է հայագիտությանը։
Ալիշան– բանաստեղծն ստեղծագործել է մեկ տասնամյակից մի փոքր ավելի, այն է՝ 1840–1852 թթ., 20–35 տարեկան հասակում: Իր պոեզիան գրեթե ամբողջությամբ հետագայում նա ամփոփել է «Նուագք» (Նվագներ) ժեղովածուի մեջ և հինգ հատորով հրատարակել 1857–1858 թթ.: Բեղմնավոր է եղել Ալիշանը նաև որպես բանաստեղծ. հիշյալ 10–12 տարվա ընթացքում նա արտադրել է ավելի քան երեք տասնյակ հազար տող... (չհաշված 1852 թվականից հետո գրած մի քանի բանաստեղծությունները և անտիպները)։ Պետք է նկատել, սակայն, որ Ալիշանի այդ ստվարածավալ բանաստեղծական ժառանգության մեծագույն մասը («Նուագք»–ի առաջին, երկրորդ, չորրորդ և հինգերորդ հատորները) խրթին գրաբարով գրված կրոնա-միստիկական չափածո խորհրդածություններ են, որոնք ընթերցող լայն հասարակության համար մնացել են որպես «մեռյալ տառ» և որևէ դեր չեն կատարել հայ գրականություն պատմության մեջ: «Նուագք»-ի երրորդ՝ «Հայրունի» բնորոշ խորագիրը կրող հատորումն են ամփոփված Ալիշանի պատմա-հայրենասիրական բանաստեղծություններն ու պոեմները, որոնց մեծ մասը դարձյալ գրված է գրաբարով: Այս հատորումն են «Երգք Նահապետի» շարքը կազմող աշխարհաբար այն գործերը, որոնք հռչակել են Ալիշան–բանաստեղծի անունը և նրա համար պատվավոր տեղ նվաճել հայ նոր գրականության պատմության էջերում։
Քանակով շատ չեն այդ գործերը, սակայն մեծ է նրանց տեսակարար կշիռը և նշանակությունը գրա-պատմական տեսակետից։
Ալիշանը, Վենետիկի, Փարիզի, Լոնդոնի, Վիեննայի մատենադարանների հայկական գրչագիր մատյաններում տարբեր ժամանակներում գրի առնված ժողովրդական երգերը ի մի հավաքելով, 1852 թ. հրատարակում է մի ժողովածու, հայերեն և անգլերեն, «Հայոց երգք ռամկականք» խորագրով։ Ժողովածուն պարունակում էր 19 զանազան երգեր, այդ թվում նաև հետագայում համազգային հռչակ ստացած «Կռունկ, ուստի կուգաս ...»-ը:
Ալիշանն առաջիններից էր նաև, որ ձգտելով հասկանալի լինել ժողովրդին քաղաքացիական իրավունք տվեց ժողովրդական լեզվին, օգտագործելով վերջինիս հարուստ բառապաշարը և գեղարվեստական պատկերավորման միջոցները։ Ալիշանի դժբախտությունն էր, սակայն, որ նա, մանկությունից վանքում մեծացած լինելով, կտրված էր աշխարհաբարի բուն աղբյուրից՝ ժողովողից. այդ է պատճառը, որ նրա լեզուն արհեստական է։
Մի առանձին հմայք ունեն հայրենի երկրի բնությանը նվիրված Ալիշանի թախծոտ ու սրտամորմոք երգերը՝ «Հայոց աշխարհիկ», «Հրազդան» և «հայ հայրենիք»։ Այս էրգերում առանձնապես ուժեղ է արտահայտված պանդխտության ցավատանջ զգացումը, որ խորապես ապրել է ինքը՝ «Մեր միշտ պանդուխտ ալևոր Նահապետը» (Հովհ. Թումանյան):
«Հրազդան»-ը՝ իր հայրական տունն ու այգին, իր սիրած աղջկան՝ «աչքի լույս» - Խանդուկին և ընկերներին կորցրած պանդխտի սրտահույզ զրույցն է հայրենի գետակի հետ, որ բաժանում է նրա վիշտը և լուռ արտասվում.
Այ Հրազդան, այ ջուրք հայրենիք,
Այ ափունք, է՞ր լայք լըռիկ...
Դուք կարկըջիկդ է՞ր եք մոռցել,
Ծիծղան երեսդ է՞ր սուգ ունի...
Մեր դասական գրականության մեջ պանդխտությանը նվիրված լավագույն բանաստեղծություններից մեկն է «Հրազդան»–ը, իր անմիջականությամբ նույնքան հուզիչ, որքան և մեր ժողովրդական պանդխտի երգեբը:
«Հայոց աշխարհիկ» բանաստեղծությունն սկսելով հայրենի բնության գովքով՝ Ալիշանը մանուկ սերնդին կոչ էր անում սիրել հայրենիքը, հավատարիմ մնալ նրան.
Ձեզ կասեմ մանկունք սիրունք, նազելիք,
Որոց է բնական Հայոց աշխարհիկ,
Մի ուրանայք զերկիրգ ու զազգըդ սիրուն,
Ծառն՝ արմատով ծառ, տունն հիմամբն է տուն...
Այնուհետև հիշեցնելով, որ Հայկ նահապետի օրերից Հայաստանի սարերն ու ձորերը ներկված են արյունով, թվարկում է Տրդատի ու Տիգրանի, Վարդանի ու Վահանի, Աշուոի ու Սմբատի և շատ ուրիշների սխրագործությունները: Անցյալի այս ֆոնի վրա բանաստեղծը պատկերում է հայրենիքի մռայլ ներկան.
Բայց ափսո՜ս հիմա, որ չար թըշնամիք
Իսկի չեն խնայել Հայո՜ց աշխարհիկ,
Զազգն ընչոք ռեղոք քանդել ու գերել,
Դեմ չորս հովերուն տըվել ու ցրվել։
Ավա՜ղ քեզ, ավա՜ղ, Հայոց աշխարհիկ,
Տուն երկնանման, փըլած տաղվարիկ...
Բանաստեղծը, սակայն, լավատեսորեն է տրամադրված իր հայրենիքի ապագայի նկատմամբ։ Իր երգը, որ սկսել էր գարնան նկարագրությամբ, ավարտում է այն հաստատ հավատով, որ մի օր բացվելու է Հայաստանի գարունը.
Ամպն ու փոթորիկ շուտով վերանա,
Նոր արև, գարուն, ծառն ու այգի գա։
Արմատք հին՝ նոր ճյուղ, հին ճյուղք՝ նոր ծաղիկ
Ընծայեն թնության, Հայոց աշխարհիկ...
Որք խելոք սիրով կան զինչ աղբըրիկք,
Տեսնեն քո գարունդ, Հայո՜ց աշխարհիկ...
Եվ այդ Ժամանակ ծեր Նահապետն էլ հանգիստ շիրիմ կմտնի՝ հայոց աշխարհի վերակենդանության ավետաբեր լուրը նախնիներին հաղորդելու: Այս հավատով էլ ավարտվում է բանաստեղծությունը։
Մասիսի հրաբխային ժայթքման բանաստեղծական պատկերի մեջ Ալիշանը, անշուշտ, դրել է ապստամբության, ազատագրական պայքարի գաղափարը, որ, ի՛նչ խոսք, իտալական ազգային-ազատագրական շարժման անմիջական ազդեցության արգասիքն էր։ Այստեղ արտահայտված է բանաստեղծի հավատը ժողովրդի ուժերի նկատմամբ, որ թեև թմրած է, բայց մի օր դուրս է հորդելու՝ ինչպես Մասիսի խորքում թաքնված հրաբխային կրակը։ Սակայն, անհրաժեշտ է նկատել, որ նույնիսկ այս բանաստեղծության մեջ «աբեղայական սևաթույր վերարկուն» իրեն զգալ է տվել: Ալիշանը Հայաստանին հասած դժբախտությունները բացատրում էր նրանով, որ հայ ժողովուրդը մոռացել էր աստծուն։ Մասիսի շարժման հետ կապելով Հայաստանի վերանորոգությունը, բանաստեղծը, միաժամանակ, քանիցս խորհուրդ է տալիս «հանդարտ ու խելոք» լինել, «սիրով համբերել» և այլն։ Այնուամենայնիվ, «Մասսու սարերն» բանաստեղծությունը ուշագրավ երևույթ է անցյալ դարի 40-ական թվականների մեր պոեզիայի մեջ:
Ալիշանի հայրենասիրական պոեզիան, գրեթե ամբողջությամբ, հյուսված է պատմական հենքի վրա։ Նրա համար պատմությունը ինքնանպատակ չէր. բանաստեղծորեն վերակենդանացնելով հայ ժողովրդի անցյալի հերոսական դրվագները, նա ձգտում էր քաջ նախնիների արիության գործերով ոգեշնչել ժամանակակիցներին, նրանց մղել սխրագործության՝ հանուն հայրենիքի ազատության։ Այս տեսակետից ուշագրավ են «Ճակատամարտ Ձիրաւայ և քաջակորովն Մուշեղ», «Երգ ու գնացք զօրացն հայոց ընդ Վահանայ Մամիկոնենոյ ի Շաւարշական դաշին վրէժք» («Բա՜մ, փորոտան...»), «Աշոտ Երկաթ ի ծովուն Սևանայ» և, մանավանդ, «Պլպուլն Ավարայրի» պոեմը, որի հմայքը մեծ է եղել ժամանակակիցների համար և որը ներշնչել է Ռ. Պատկանյանին՝ գրելու իր «Քաջ Վարդան Մամիկոնյանի մահը:
Ճիշտ է, Ալիշանի «Նվագներ»-ի մեջ կան ազգային սնապարծության տարրեր, սակայն, նրա ազգասիրությունը ագրեսիվ չէ։ Նա երգում է հայ ժողովրդի մղած պաշտպանական, ազատագրական պայքարն ընդդեմ օտար նվաճողների, հանուն հայրենիքի ազատության։ «Մեր ազգային զենքը պաշտպանական է և ոչ թշնամական»,— ասում է նա։
Լավ քաղաքացի լինելու համար լավ պետք է ճանաչել հայրենիքը, քննել, ուսումնասիրել նրա անցյալն ու ներկան: Այս համոզմունքով էլ Ալիշանը գրել է Հայաստանի պատմությանը և աշխարհագրությանը նվիրված իր նշանավոր երկերը, որոնք ոչ-նվազ, քան «Նահապետի երգերը», տոգորված են ջերմ հայրենասիրությամբ:
Խոսելով ազգային-պատմական հուշարձանների մասին՝ Ալիշանը նկատում է, «Ո~հ, երբ այսպիսի հիշատակաց վրա շարժի գրիչն չի կրնար գոնե կարծեր չցատքեցնել. պատմիչն հանկարծ վիպասան կըլլա, բանադատն` բանաստեղծ...»:
Եվ իրոք, հայագիտական իր աշխատություններում պատմիչ ու «բանադատ» Ալիշանը երբեմն դառնում է վիպասան ու բանաստեղծ։
Անկասկած, Ալիշանի գրական ժառանգության ստվարածավալ հատորների ժամանակակից ընթերցողը հեշտությամբ կնկատի վանական միջավայրի և կրոնական աշխարհայացքի դրոշմը նրա ինչպես հայագիտական, այնպես էլ գեղարվեստական երկերի վրա: Ալիշանը կանգնած էր իդեալիստական պատմահայեցողության դիրքերի վրա։ Բավական է ասել, որ հայ ժողովրդի պետական անկախության կորուստը նա լրջորեն համարում էր «աստվածային պատիժ» և հավատում էր, որ «աստծու կամքով» կործանված հայ պետականությունը նույն «աստծու կամքով» էլ կվերականգնվի: Վճռականորեն մերժելով Ալիշանի աշխարհայացքի ռեակցիոն կողմերը` հայ ժողովուրդը ըստ արժանվույն գնահատում է ականավոր գիտնական բանաստեղծի խոշոր ավանդը, որ թողել է նա մեր կուլտուրայի գանձարանում։
Այսօր էլ սերունդները բարձր են գնահատում Ղևոնդ Ալիշանի վաստակն ու անմնացորդ նվիրումը հայ մշակույթին: