Просмотр содержимого документа
«Հեռավար ուսուցման առավելություններն ու թերությունները»
ՀԵՌԱՎԱՐ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Ներկայումս համացանցի զարգացումը և դրա կողմից առաջարկվող ծառայությունների սակագների արագ նվազումը նպաստում է, որ հեռավար ուսուցումը ոչ միայն մատչելի դառնա քաղաքացիների մեծամասնության համար, այլև ապահովի հեղինակավոր կրթական հաստատություններում ընդհանուր և մասնագիտական անհրաժեշտ մակարդակի կրթություն ստանալու հնարավորությունը՝ չդադարեցնելով գործունեության այլ տեսակները: Հեռավար ուսուցումը կրթություն ստանալու և որակավորումը բարձրացնելու լայն հնարավորություններ է ստեղծում հաշմանդամների, երեխաների դաստիարակությամբ զբաղված կանանց, իրենց հիմնական աշխատանքն ընդհատելու հնարավորություն չունեցող անձանց, կրթական հաստատություններից հեռու շրջաններում բնակվողների համար: Դրանք կարող են լինել զինվորական ծառայության մեջ գտնվողները և նրանց ընտանիքի անդամները, ինչպես նաև ուղղիչ աշխատանքային ճամբարներում գտնվող դատապարտյալները: Այսպիսով՝ հեռավար ուսուցման զարգացումն առաջ է բերում կարևոր և արդիական սոցիալ-տեխնոլոգիական խնդիր, որը սերտորեն կապված է կրթության ոլորտի տեղեկատվայնացման (ինֆորմատիզացիա) հետ: Ներկայումս աշխարհի առաջավոր երկրներում հայտնի են հարյուրավոր ուսումնական հաստատություններ, որտեղ ուսուցման հեռավար ձևով սովորողների թիվը հասնում է մի քանի տասնյակ հազարի: Դրանք հիմնականում բարձրագույն կրթություն իրականացնող խոշոր համալսարաններն են: Վերջին տարիներին արդեն ձևավորվել են, այսպես կոչված, «մեգահամալսարաններ», 14 որտեղ ուսանողների թիվը, շնորհիվ հեռավար ուսուցման տեխնոլոգիաների կիրառման, 100 հազարից ավելի է: Շատ երկրներ իրենց ազգային կրթական համակարգի զարգացումը տեսնում են անընդհատ կատարելագործվող հեռավար տեխնոլոգիաների կիրառման մեջ: Հեռավար ուսուցումը թույլ է տալիս՝ 1) կրճատել ուսուցման վրա կատարվող ծախսերը (չեն պահանջվում ծախսեր տարածքների վարձակալման, դասախոսներին և սովորողներին ուսման վայր տեղափոխելու համար), 2) ուսուցումը կազմակերպել ավելի մեծ թվով մարդկանց համար, 3) բարձրացնել ուսուցման որակը ժամանակակից տեխնոլոգիաների, ծավալուն էլեկտրոնային գրադարանների օգտագործման միջոցով: Այսօր համացանցը մեր կյանքի անբաժան մասն է: Ժամանակակից կրթությունն անհնար է առանց ինտերնետի և համակարգիչների. սովորողների մեծ մասն ակտիվորեն օգտվում է դրանցից: Համացանցային տեխնոլոգիաները և հեռավար ուսուցումը նոր հնարավորություններ են ստեղծում մասնագետների շարունակական կրթության, վերապատրաստման, երկրորդ մասնագիտություն ստանալու համար, կրթությունը դառնում է ավելի մատչելի: Հետաքրքիր է, որ ԱՄՆ-ի բուհերի 81%-ն առաջարկում է հեռավար ուսուցման առնվազն մեկ դասընթաց, իսկ 67%-ը հեռավար ուսուցումը համարում է իր զարգացման ռազմավարական կարևոր ուղղություններից մեկը: Ինդիրա Գանդիի անվան Ազգային բաց համալսարանն ունի ավելի քան մեկ միլիոն սովորող: Այսօրվա դրությամբ աշխարհում հեռավար ուսուցման ծրագրերում ընդգրկված է ավելի քան 100 միլիոն ունկնդիր: Հեռավար ուսուցման առավելություններն են. 1) Տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառում – ժամանակակից ծրագրային և տեխնիկական միջոցների կիրառմամբ իրականացվող ուսուցումը էլեկտրոնային կրթությունը դարձնում է առավել արդյունավետ: Ուսուցման գործընթացը դառնում է ավելի դինամիկ՝ հիմնվելով սովորողի և ուսուցանող համակարգի ակտիվ փոխգործակցության վրա: Համացանցի, մասնավորապես արագ համացանցի զարգացման, մուլտիմեդիա տեխնոլոգիաների (ձայն, պատկեր) կիրառման շնորհիվ հեռավար ուսուցման դասընթացները դառնում են ավելի լիարժեք և հետաքրքիր: 2) Ուսուցման մատչելիություն - հնարավորություն է տալիս սովորելու բնակավայրից հեռու, ողջ կյանքի ընթացքում՝ համատեղելով ուսումը հիմնական գործունեության հետ, առանց հատուկ գործուղումների ու արձակուրդի, ուսման համար օգտագործելով հիմնականում երեկոյան ժամերը և հանգստյան օրերը: Գործնականում սովորել կարելի է երկրագնդի ցանկացած վայրում, որ15 տեղ կա համակարգիչ և համացանց՝ առանց հրավերի, ուղևորության տոմսի և հյուրանոցի անհրաժեշտության: 3) Ճկունություն և ազատություն, մուտք դեպի որակյալ կրթություն - հնարավորություն է տալիս հեշտությամբ ընտրելու մի քանի լավագույն դասընթաց տարբեր երկրների համալսարաններից: Կարելի է միաժամանակ սովորել տարբեր հաստատություններում և, համեմատելով առաջարկվող դասընթացները, ընտրել լավագույն ուսումնական հաստատությունը, որտեղ կան ավելի բարձր որակավորում ունեցող մասնագետներ և ուսուցման առավել արդյունավետ տեխնոլոգիաներ: Ցանկացած ժամանակ և ցանկացած վայրում սովորելը ուսանողին թույլ է տալիս կազմել անհատական ուսուցման ժամանակացույց: Հեռավար ուսուցման կազմակերպումը զգալիորեն ավելացնում է այլ քաղաքներից ու երկրներից տվյալ բուհում սովորող ուսանողների թիվը: 4) Անհատական բնույթ - հեռավար ուսուցումն ունի ավելի անհատական բնույթ, քանի որ ունկնդիրն ինքն է որոշում ուսուցման ընթացքը: Նա կարող է մի քանի անգամ վերադառնալ առանձին թեմաների կամ բաց թողնել առանձին բաժիններ: Ունկնդիրն ուսումնասիրում է ուսումնական նյութը ոչ միայն քննաշրջանների, այլև ուսուցման ողջ ընթացքում, իսկ դա նպաստում է ավելի խոր գիտելիքների ձեռքբերմանը: Հեռավար ուսուցման ընթացքում ուսանողը ձեռք է բերում ինքնակրթության հմտություններ և դառնում ավելի ինքնուրույն ու պատասխանատու: Հեռավար ուսուցումը ուսուցման գործընթացը դարձնում է ավելի ստեղծագործական և անհատական, որը նպաստում է սովորողի ինքնադրսևորմանը: Գաղտնիք չէ, որ հուզմունքն ու վախի զգացումը դասախոսի նկատմամբ թույլ չեն տալիս առանձին ուսանողների լիարժեքորեն ներկայացնելու իրենց գիտելիքները: Այդ իմաստով հեռավար ուսուցումը նվազեցնում է սովորողների նյարդայնանալու գործոնը ստուգարքի և քննության ժամանակ, վերանում են հուզմունքն ու վախը, բացակայում է հոգեբանական ազդեցությունը, վերանում է գնահատման սուբյեկտիվ գործոնը: Հեռավար ուսուցման թերություններն են. 1) Բացակայում է սովորողի և դասախոսի միջև անմիջական հաղորդակցումը: 2) Դժվար է ստեղծել ստեղծագործական մթնոլորտ սովորողների խմբում: Իսկ երբ սովորողի կողքին չկա մեկը, որը կարող է ոգևորել նրան, դա կարող է խիստ բացասաբար ազդել ուսուցման գործընթացի վրա: 3) Հեռավար սովորելու ցանկություն ունեցողներից ոչ բոլորն ունեն անհատական համակարգիչ և համացանց, դժվար է ապահովել անընդհատ մուտք դեպի տեղեկատվական աղբյուրներ, ինչպես նաև տեխնիկական պատրաստվածություն՝ հեռավար ուսուցման միջոցների կիրառման համար: 16 4) Բարձր պահանջներ է ներկայացվում ուսուցման գործընթացի կազմակերպմանն ու կառավարմանը, բավական բարդ է ունկնդիրներին շահադրդելու խնդիրը: 5) Հեռավար ուսուցման հիմնախնդիրներից մեկը գիտելիքների ստուգման ժամանակ սովորողի ինքնությունը պարզելն է: Քանի դեռ չեն առաջարկվել օպտիմալ տեխնոլոգիական լուծումներ, հեռավար ծրագրերի մեծ մասը ենթադրում է առկա քննական շրջան, քանի որ դժվար է ասել, թե ով է կապի մյուս կողմում: Այդ խնդիրը մասնավորապես լուծվում է տեսախցիկների օգնությամբ, ինչը, սակայն, լիարժեք լուծում չէ: 6) Անհրաժեշտ են մի շարք անհատական և հոգեբանական պայմաններ, նաև խիստ ինքնակարգապահություն, իսկ դա ուղղակիորեն կախված է սովորողի ինքնուրույնությունից և ինքնագիտակցությունից: 7) Սկզբնական շրջանում բավական մեծ են հեռավար ուսուցման համակարգի ստեղծման և տեխնիկական ապահովման ծախսերը: 8) Բավական տարողունակ է հեռավար ուսուցման համապատասխան դասընթացների մշակման գործընթացը: Այստեղ մեծ դեր ունի համաշխարհային որոնողական ցանցը` Google-ը: 9) Տեխնիկական սահմանափակ հնարավորությունների և մոդեմների դանդաղ աշխատանքի պատճառով ձայնը, պատկերը և գրաֆիկան հաճախ ուշացումով են տեղ հասնում, թեպետ համապատասխան տեխնոլոգիաներն անընդհատ բարելավվում են: 10) Մի շարք գործնական հմտություններ կարելի է ձեռք բերել միայն իրականում (բայց ոչ վիրտուալ) գործնական և լաբորատոր աշխատանքներ կատարելով: 11) Բացասական գործոն է նաև սոցիալական մեկուսացումը. հաղորդակցման տեխնոլոգիաները հանգեցնում են սովորողների մեկուսացման, նվազում է հսկողությունը դասախոսի կողմից: 12) Հեռավար ուսուցման դեպքում սովորողներին հեռացնելու դեպքերն ավելի շատ են, քան ավանդական կուրսերում: Oրինակ՝ ԱՄՆ տարբեր քոլեջներում հեռավար ուսուցմամբ սովորողների շրջանում հեռացվածների թիվը 20- 50% է, իսկ ավարտածների թիվը 10-20%-ով ավելի փոքր է, քան ավանդական կուրսերում: 13) Նվազում է ուսումնական գործընթացի կազմակերպման ձևերի թիվը, չկա կարծիքների բազմազանություն: 14) Հեռավար ուսուցման միջազգային համակարգում ընդգրկված ուսանողները լեզվի իմացության խնդիր են ունենում: 17 15) Ուսումնագործնական ձեռնարկներին ներկայացվող պահանջները հնարավորություն չեն տալիս հեղինակներին լիարժեք ներկայացնելու ուսուցանվող նյութը: 16) Սովորողները պատրաստ չեն լարված, արդյունավետ ինքնուրույն աշխատանքի, ինքնակազմակերպվելու, ի վիճակի չեն ինքնուրույն պլանավորելու աշխատանքը, բացակայում է ինքնակարգապահությունը: Չնայած նշված թերություններին՝ աշխարհի բազմաթիվ երկրներում հեռավար ուսուցումն իրական այլընտրանք է ավանդականին: Դրա հանրաճանաչությանը նպաստում է ավանդականի համեմատ ուսուցման ավելի ցածր արժեքը և, անկախ հեռավորությունից, ուսումնական հաստատություն ընտրելու հնարավորությունը: