20
Ներածություն
Հայոց պատմությունը լի է երևույթների ամենաանսովոր դրսևորումներով, վիճակների արտառոց լուծումներով, ճակատագրի ամենաաղետալի հարվածներով, բայց նույնիսկ այսպիսի պատմություն ունենալու պարագայում Կիլիկիան հայկական պետությունը հանդես է գալիս որպես բացառիկորեն արտասովոր երևույթ, որը պիտի ապացուցեր, թե հայի մեղքով չէ, որ նրա պետությունն ու հանրային գոյությունը քանիցս ընկել են ու հառնել: Եվ ինչպես կարելի էր հավատալ, թե չնվաճող մի ժողովուրդ իր բնաշխարհից այնքան հեռու, արևելքի ու արևմուտքի, հարավի ու հյուսիսի խաչմերուկում պիտի կարողանար ստեղծել իր ազգային ծաղկուն կյանքը և քաղաքական մի այնպիսի կազմակերպություն, որի հետ ստիպված լինեն հաշվի նստել նույնիսկ նվաճող ու անկուշտ բռնատիրությունները: Այդ խաչմերուկ երկիրը գտնվում էր միջերկրական ծովի հյուսիսարևելյան ափին, Փոքրասիական թերակղզու հարավարևելյան մասում: Այս երկիրը նույնիսկ Ասորեստանի թագավոր Սալմանասար Գ-ի արձանագրություններում կոչվել է Կիլիկիա, որը հուներեն §կալիկան¦ է, որը նշանակում է §քարքարոտ¦:
Երկրի դաշտային մասը գյուղական բազմաճյուղ տնտեսության զարգացման լայն հնարավորություններ է ստեղծում, իսկ լեռնաստանը հարուստ է բազմատեսակ հանքերով, ալպիան արոտավայրերով և բուժիչ աղբյուրներով: Թերևս սա է պատճառը, որ ընդհամենը 40.000 ք.կմ. տարածություն զբաղեցնող այս երկիրը միշտ եղել է աշխարհի նվաճողների ուշադրության կենտրոնում: Հայերը կարողացան իրենց ձեռքը վերցնեին այս երկրի տնտեսական և քաղաքական կյանքի տնօրինությունը, որոնք հայտնվել էին Կիլիկիայում դեռևս Տիգրան Մեծի ժամանակներից և մյուս ազգերի նկատմամբ զգալի թիվ էին կազմում:
XI դարի II կեսին Կիլիկիայի դաշտային և լեռնային մասերի մանր իշխանությունների գլուխ էին կանգնած հայերը: Համախմբվելով Ռուբեն իշխանի շուրջ, լեռնաստանի հայությունը և դաշտային մասի որոշ հայկական իշխանություններ արիաբար դիմակայեցին թշնամիներին և 1080թ. ստեղծեցին անկախ ու լայնածավալ մի իշխանություն, որը հիմնադրի անունով պատմության մեջ մտավ որպես Ռուբինյան պետություն:
Իսկ Լևոն Բ իշխանը կարողանալով վարել խելացի ու ճկուն քաղաքականություն, խուսանավելով թշնամի պետությունների միջև, կարողացավ իշխանությունը վերածել թագավորության և օծվել §Թագավոր ամենայն Հայոց¦: Նա իր ժառանգներին հանձնեց բարգավաճ և վերելք ապրող մի զորեղ պետություն, որը այսօր էլ հանդիսանում է մեր ազգային հպարտությունը:
Կիլիկիայի հայկական թագավորության սոցիալ-տնտեսական կյանքը և պետական կարգը
1. Կիլիկիայի հայկական պետության սոցիալական կառուցվածքը և հողատիրության ձևերը
Բուն Հայաստանի համեմատությամբ Կիլիկյան հայկական պետության սոցիալ-տնտեսական հարաբերությունները ավելի բարդ ձևեր ընդունեցին, քանի որ նրանք իրենց վրա կրում էին հայկական, արևմտաեվրոպական և բյուզանդական ավատատիրական հարաբերությունների ու սովորույթների կնիքը: Այստեղ ևս հասարակությունը բաժանվում էր երկու գլխավոր դասակարգերի` ազատների և անազատների: Ազատները թագավորի գլխավորությամբ կազմում էին ավատատերերի դասակարգը և իրենց ձեռքում էին պահում ավատատիրական սեփականության և արտադրության հիմանական միջոց հողը, որը նրանք օգտագործում էին անազատ գյուղացիությանը շահագործելու միջոցով: Ազատները բաժանված էին մի քանի դասերի` աշխարհիկ և հոգևոր, խոշոր, միջին և մանր հողատերերի:
Անազատները նույնպես բաժանված էին տարբեր խավերի` գյուղացիության և քաղաքային բնակչության:
Ավատատիրական խոշոր հողատիրությունը Բյուզանդական կայսրությանը ենթակա Կիկլիկիայում մեծ չափեր էր ընդունել դեռևս X-XI դարերում` նախքան հայ բնակչության զանգվածային ներգաղթը, որից հետո էլ ձևավերվեց հայկական խոշոր ավատատիրական հողատիրությունը: Հիմնականում այն կազմավորվել է Կիլիկիայում Ռուբինյան և մյուս հայ իշխանների հաստատումով և այսեղի հողերը հայրենիք դարձնելու միջոցով: Կիլիկիայում Բյուզանդիայի կողմից բռնի վերաբնակեցվում էին հայ իշխանները, որի արդյունքում ևս առաջանում էին հայ ավատատիրական կալվածքներ: Կիլիկիայի սահմանամերձ շրջաններում Բյուզանդիան հայ իշխաններին հանձնում էր ամրոցներ, բերդեր, գավառներ իրենց շրջակայքով, որի դիմաց էլ հայ ավատատերերը Բյուզանդական կայսրության նկատմամբ ստանձնում էին վասալական պարտավորություններ:
Հայկական ավատատիրական հողատիրության մեջ հողը կարող էր սեփականություն դառնալ նվաճման միջոցով, սակայն այստեղ այդ երևույթը կրել էր որոշ փոփոխություններ: Ըստ Երուսաեմի ասիզների §նվաճված հողեր նվաճողը կարող էր նվիրել կամ օտարել ում որ ցանկանար անկախ ստացողի կամ ժառանգորդի անդրանիկ կամ կրտսեր լինելուց¦: Կիլիկիայում XII դարում շարունակվում էին զարգանալ հայրենիք և պարգևական հողատիրության ձևերը և պահպանելով հայկական հողատիրության ձևը, իրենց վրա կրում էին նաև արևմտաեվրոպական ավատատիրական հողատիրության ձևերի և օրենքների որոշ ազդեցություններ: XIII դարում ավելի ուժեղացավ ֆրանկ հողատիրական իրավունքի ազդեցությունը, որի շնորհիվ պարգևական ու ժառանգական հողատիրության միջև եղած տարբերությունները վերանում են և միաձուլվելով ստանում են պայմանական պարգևական հողատիրության ձև: Ավատատերերը իրենց տարածքները մեծացնում են ապստամբ վասալների, ինչպես նաև գյուղացիների` մանր հողատերերի հողերն ու կալվածքները բռնագրավելու հաշվին, որն էլ սրում էր ներքին հակամարտությունները:
Ավատատիրական խոշոր հողատիրությունը ավելի զարգացավ Լևոն Բ-ի օրոք, որը ճանաչեց դեռևս XII դարից գոյություն ունեցող հայ ավատատերերի ընդարձակ տարածքների նկատմամբ նրանց հողատիրության իրավունքները, իր հերթին շնորհելով նոր տիրույթներ, պայմանով, որ ավատատերերը իրեն ցույց տային ռազմական օգնություն: Այդ նվիրատվությունները կատարվում էին արքունական հողային ֆոնդից և իրենց մեջ ներառում էին բերդեր` իրենց շրջակա գավառներով և գյուղերով, խոշոր քաղաքներ, նավահանգիստներ, վանքեր և եկեղեցիներ: Թագավորի հողասեփականատիրական իրավունքը տարածվում էր նաև երկրի ընդերքի` հանքերի, ձկնորսարանների, անտառների, մարգագետինների և լեռների վրա: Սակայն թագավորի իշխանությունը չէր հիմնվում հողային գերագույն սեփականատիրական իրավունքի վրա, այլ կրում էր սոսկ իրավական բնույթ: Բարձրագույն իշխողի նրա իրավունքը ոչ միայն հողի և ջրի, այլև մարդկանց անձի վրա որոշակի բովանդակություն չի ունեցել, եղել է լոկ ընդհանուր հասկացություն` կրելով ձևական բնույթ: Բացի արքունական հայրենիք ժառանգական հողատիրությունից գոյություն ուներ նաև իշխանական և վանքապատկան հողատիրություն: Այսպիսի հողերի տերերն անվանվել են հայրենատեր բերդատերեր, իսկ նրանց կալվածքները` հայրենիք: Խոշոր հայրենատերերի թիվը XII դարի վերջին հասնում էր 45-ի, իսկ XIII-XIV դարերում գնալով պակասում է նրանց տիրույթների խոշորացման հետևանքով: Առավել խոշոր հողատերերը, որոնք տիրում էին տասից ավելի բերդերի կոչվում էին §աշխարհատիարք¦:
XIII-XIV դարերում զարգացում էին ապրում քաղաքները, ներքին և արտաքին առևտուրը, վաշխառությունը և դրա հետևանքով առևտրականներից և վաշխառուներից առաջացել էր §մեծատունների¦ խավը: Այս խավը բացի առևտրական կապիտալից և ոսկուց, իրենց ձեռքում էին կենտրոնացնում հողային մեծ տիրույթներ, որոնք ձեռք էին բերվում գնման միջոցով: Մյուս հայրենատեր բերդատերերի նման, սրանք էլ կոչվում էին պարոններ, թեև չունեին ոչ ամրոցներ, ոչ բերդեր, ոչ էլ զինվորական ու քաղաքական իշխանություն: XIII-XIV դարերում մեծ ու փոքր հայրենատեր և ոչ հայրենատեր բերդատերերի թիվը հասնում էր 70-80-ի, որոնք էլ իրենց հերթին ըստ հողատիրության ձևերի բաժանվում էին երեք խմբի:
Մեծ իշխաններ` հողի լիակատար սեփականատիրական իրավունքով իրենց ենթակա ոչ հայրենատեր բրդատեր վասալ իշխաններով:
Իշխաններ` հայրանատեր բերդատերեր` թագավորի վասալներ: Սակայն թագավորը նրանց նկատմամբ չուներ հողի գերագույն սեփականատիրական իրավունք:
Թագավորի և մեծ իշխաններին ենթակա ոչ հայրենատեր բերդատերեր, այդ թվում նաև հոգևոր ասպետական օրդեններ:
Բացի խոշոր կալվածատերերից երկրում առաջացավ մանր հողատերերի` հեծյալների մի նոր դաս, որը հիմնականում կատարում էր զինվորական ծառայություն:
XII-XIV դարերում Կիլիկիայում զարգանում էր նաև եկեղեցիական հողատիությունը: Եկեղեցիական հողերը, ինչպես բուն Հայաստանում օտարելի չէին, չէր կարելի դրանք նվիրել կամ վաճառել: Եկեղեցական հողատիրությունը մրցում էր աշխարհիկ ավատատիրական հողատիրության հետ, որի շնորհիվ էլ մեծանում էր հոգևորականության դերն ու նշանակությունը Կիլիկիայի ներքին և արտաքին քաղաքական հարցերի լուծման բնագավառում:
Ընդարձակ հողային տարածություններ ունեին նաև արևմտաեվրոպական ասպետական օրդենները` Հյուրընկալները, Տաճարականները և Տևտոնական օրդենները:
Նրանք վասալական կապերի մեջ մտնելով Կիլիկիայի հայկական պետության հետ այդ հողերը ստացել էին որպես նվիրատվություն` Կիլիկիայի սահմանամեձ շրջաններում: Այդ հողերը նրանք ստացել էին §պարգևականք¦ և §ֆեոդ¦-ական հողատիրության պայմաններով, որոնք շատ նման էին արևմտաեվրոպական ավատատիրական հողատիրության ձևերին: Սակայն այդ օրդենները վարում էին ուխտադրուժ քաղաքականություն և հայ թագավորները գիտակցելով օրդենական հողատիրության ամրապնդման վտանգը դիմում են վճռական միջոցների: XIII դարի վերջում օրդեններն արտաքսվում են Կիլիկիայից և դադարում երկրի տնտեսական և քաղաքական կյանքում որևէ դեր կատարելուց:
Գյուղական համայնքը XII-XIV դարերում
Կիլիկիաայի գյուղացիությունը կազմված էր հայերից, հույներից, ասորիներից և այլ ազգություններից: Յուրաքանչյուր գյուղ իրենից ներիկայացնում էր մի համայնք, որը ուներ համայնքի ժողով, որի ղեկավարը կոչվում էր §գլուխ¦, այսինքն` ավագներ: Վերջինս կարգավորում էր գյուղական համայնքի ծխերի միջև կատարվող հողաբաժանումը, ջրի օգտագործումը, հարկերի և տուրքերի գանձումը և այլն: Գյուղական համայնքի անդամ գյուղացիների մի մասը ենթակա էր հողազրկման և ունեզրկման: Կիլիկիայում գյուղացիությունը բաժանված էր տարբեր շերտերի, որը պայմանավորված էր գյուղացիների տնտեսական վիճակով և ավատատերերից նրանց ունեցած կախվածության առանձնահատկություններիով: Կիլիկիայի գյուղացիությունը բաժանված էր հետևյալ խավերի.
Մանր հողատեր սեփականատեր ազատ գյուղացիներ կամ գյուղական համայնքի անդամ ոչ կախյալ գյուղացիներ: Իրենց հողաբաժինների նկատմամբ նրանց ունեցած սեփականատիրական իրավունքը ժառանգական էր: Ազատ կամ համայնական գյուղացիները հարկեր և տուրքեր էին վճարում միայն արքունիքին:
Դարպասային, այսինքն` արքունի կամ պետական գյուղացիներ, որոնք իրավական տեսակետից անձնապես ազատ էին, համեմատած կախյալ և ճորտ գյուղացիների հետ: Նրանք ամրացված չէին հողին և կարող էին ազատորեն տեղափոխվել մի կալվածքից մյուսը: Եթե կալվածքը վերացվում էր արքունիքի կողմից, նրանք պարտավոր էին հնգեկի, այսինքն բերքի մեկ հինգերորդի կեսը վճարել արքունիքին, իսկ մյուս կեսը` նոր տիրոջը: Նրանք վճարում էին նաև նույն տուրքերը և կատարում նույն պարտավորությունները, ինչ կախյալ գյուղացիները:
Սրանք կախյալ գյուղացիներն էին, որոնք անվանվում էին §հարկատուրք¦, §հարկատուրք շինականք¦ և §հնազանդք¦: Այս խավը հարկատու էր իրենց իշխաններին, ունեին նաև իրենց հայրենիք հողակտորը, որից նրանց զրկելու իրավունք չունեին իշխանները: Նրանք անձնապես ազատ էին, բայց գտնվում էիին ավատատիրական կախման մեջ, հարկատու էին իշխանին և պետությանը, իսկ հարկի չափը որոշում էր թագավորը: Ավատատիրական հողատիրության հետագա զարգացման պայմաններում գյուղացիության այս խավը ենթակա էր ճորտացման:
Ամենաճնշված և իրավազուրկ խավը կազմում էին ճորտ գյուղացիները` պառիկոսները: Կախյալ գյուղացիիների մի մասը սկսվեց ճորտացվել դեռևս XII դարում: Ճորտ գյուղացիները կարող էին օտարվել հողի հետ միասին: Հողային նվիրատվություններով օտարվող գյուղերը և ագարակները բնակեցված էին լինում գյուղական աշխատավորներով: Պառիկոսների մի մասին անվանում էին դարպասային ճորտեր: Սրանք սեփական տնտեսություն չունեին և ապրում էին ավատատիրոջ դղյակում և աշխատում նրա տնտեսության մեջ: Ճորտ գյուղացու կախվածությունը կրել է անձնական բնույթ:
Արտադրության համար անհրաժեշտ միջոցները` անասունները, հողակտորը, աշխատանքային գործիքները,փոխադրական միջոցները, այգիները, որոնք մնում էին գյուղացիների ձեռքին ապահովում էին հիմնական արտադրողների գոյությունը և ավատատիրոջ կողմից յուրացվող հավելյալ արդյունքի արտադրությունը: Սմբատ Գունդստաբլի Դատաստանագրքի 149-րդ հոդվածը ցույց է տալիս,որ գյուղացի պառիկոսը ամրացված է եղել հողին և առանց ավատատիրոջ թույլտվության իրավունք չի ունեցել տեղափոխվել մի այլ կալվածք: Այստեղ ասված է. §Օրենքը հրամայում է, որ եթե պառիկոսը փախչի իր պարանի մոտից պարոնը իրավունք ունի իր մոտ վերադարձնել պառիկոսին, վերջիինի ողջ կյանքի ընթացքում: Իսկ եթե նա մեռնի դրսում, ապա նրա երեխաներին պարոնը չի կարող բռնի վերադարձնել, բացի միայն այն դեպքերից, եթե նրանք իրենց սեփական ցանկությամբ ներկայանան պարոնին¦:
Կիլիկիայում կային նաև ոչ մեծ թվով ստրուկներ, որոնք առաջացել էին պատերազմի և գերեվարության պատճառով, նրանք վաճառվել են հատուկ շուկաներում, որոնցից գլխավորը Այաս նավահանգիստն էր, իսկ վաճառքից ստացված գումարը բաժանվել է հաղթող բանակի զինվորների միջև: Այդ են վկայում Այասի առևտրական ակտերի հիշատակությունները: Կիլիկիայի թագավորները օտար վաճառականներին տրված առևտրական շնորհագրերում արգելում էին քրիստոնյա ստրուկներին վերավաճառել մահմեդականներին: Ստրկության մյուս աղբյուրը ստրուկից ծնված երեխաների, ինչպես և տնտեսականն ծանր կարիքից և աղքատության պատճառով ծնողների կողմից վաճառված երեխաների ստրկացումն էր:
Ինչպես բուն Հայաստանում, այնպես էլ Կիլիկիայում, ստրկությունը կրում էր ժամանակավոր բնույթ: Ստրուկը ծառայելով վեց տարի յոթերորդ տարում ազատվում էր:
Հարկերը և տուրքերը
Կիլիկիայում ավատատերերի կողմից բազմազան ձևերով կեղեքվում էր աշխատավոր ժողովուրդը: Հիմնականում նրանց շահագործումը տեղի էր ունենում ավատատիրական հասարակարգին բնորոշ հողային ռենատայի երեք ձևերով` աշխատավճար ռենտա, արդյունավճար ռենտա և դրամական ռենտա: Բացի ռենտայից գյուղացին կատարում էր բազմաթիվ պարտավորություններ, անում էր նվիրատվություններ, վճարում տուրքեր և տուգանքներ: Աշխատավճար ռենտան օրինականացված էր դատաստանագրքով: XIII դարում գյուղացին պարտավոր էր շաբաթական մեկ օր աշխատել հողատիրոջ համար, իր գրաստներով տարվա տասներկու տոների առթիվ ծառայել ավատատիրոջը և տարի երկու անգամ աղ ու հաց տանել իշխանի կալվածքը: Ռենտան գանձվել է նաև բնամթերքով: Գյուղացիները հարկ են վճարել ջրարբի և անջրդի հողերից, այգիներից, դաշտերից, անասուններից: Սմբատի դատաստանագրքի առաջին հոդվածում ասվում է §Հարկերը գավառներից, որ սահմանված է օրենքով, հավաքում են պարոնները և ոչ ոք իրավունք չունի այն ավելացնել առանց թագավորի գիտության: հարկերի ճիշտ չափը Աստծո հարկատուին տված բոլոր եկամուտների մեկ հինգերորդն է: Եզի համար այլ հարկեր չպեետք է գանձվեն, որովհետև նրա համար գանձվել է հնգեկ: Պարեշոնին տալ մի լիտր յուղ կովի համար և նրանցից այլ պորինի հարկեր չվերցնել: Տասը ոչխարից որպես հարկ գանձել մի գառ¦: Գրաստները` ջորին, ձին և էշը չէին հարկադրվում: Ավատատիրոջ տիրույթում գտնվող ամեն տեսակ օգտակար նյութերից անգամ վայրի պտուղներից, անտառի փայտից, ձկնորսությունից օգտվելու դեպքում վճարում էին տասնորդ: Այս ամենից զատ գոյություն ունեին հարկեր որոնք կրում էին լատինական անուններ`
Կոնտրարիետաս` աշխատավճար ռենտա
Սերվիտիում` ավատատիրական վպարտավորություն
Օկասիա` ռազմական հարկ
Դատի, տրիբիտում` վճարվում էին խաղողի այգիներից, պարտեզներից և վճարվող հողերից
Վեկտիգալ` գլխահարկ, որը վճարում էին ոչ քրիստոնյա հպատակները
Սմբատի դատաստանագրքով և Սսի եկեղեցիական ժողովի կանոններով սահմանված էին հարկեր և տուրքեր, որոնք վճարվում էին եկեղեցուն: Եկեղեցին նույնպես ստանում էր նվերներ և ընծաներ, որը արտահայտվում էր §հաս և իրավունք¦ տերմինով` կնքադրամ, թաղման համար գանձվող դրամ, մատաղացուի մի մասը: Գյուղացին կատարում էր նաև պարհակներ` հասարակական հարկադիր և ձրի աշխտանք:
Թեև բացարձակ ապստամբություններ չեն եղել, բայց աշխատավոր բնակչությունը տարբեր ձևերով պայքարում էր այս կեղեքման դեմ: Սմբատի դատաստանագրքում սրան վերաբերող մի հոդված կա, այն է` §Վասն որ պառիկոսն փախչի յիր պարոնէն¦: Սմբատը թագավորի և ավատատերերի դեմ կատարած ապստաբության մասին գրում է`§Եթե որևէ մեկը թագավորի կամ իշխանի հասցեին անարժան կամ անվայել խոսք ասի կամ ապստամբի նրա դեմ, պետք է հետևել, որ նրան դատի եկեղեցին, իսկ եթե նա չքավի իր մեղքը, եթե նա եկեղեցիական է զրկում են նրան պաշտոնից և արտաքսում երկրից: Իսկ եթե նա աշխարհական է, տուգանում են նրան, բանադրելով աքսորում: Իսկ եթե մեղքը ծանր է բռնագրավում են նրա ունեցվածքը¦: Դատաստանագիրքը իրավունք է տալիս գավառապետ իշխաններին պատժելու ըմբոստ բնակիչներին, նա կարող էր ծեծել, զնդանել, բայց չէր կարող մահապատժի ենթարկել: Իշխանական բերդերը երկիրը պաշտպանում էին ոչ միայն արտաքին թշնամիներից, այլ ճնշում էին ներքին ըմբոստությունները: §Անտիոքի Ասսիզների¦ ԺԵ գլխում ասվում է, որ այնտեղ, որտեղ խռովություն կլինի և լուրը կհասնի պարոնի գործակալներին, անմիջապես ջոկատ կուղարկվի և կճնշվի խռովությունը:
Ընդդիմության ձև է եղել նաև աղանդավորությունը, դրա մասին մեզ տեղեկություններ են հասել Ներսես Շնորհալու §Թղթերից¦ և Սմբատի դատաստանագրքից: Նա ասում է, որ հերետիկոսները կարող են երկրորդս անգամ մկրտվել, իսկ վարդապետների վրա պատասխանատվություն է դնում, որպեսզի նրանք հավատացյալներին հորդորեն հեռու մնալ §Ի չարագործութենե և հերձուածողացն¦:
Քաղաքները
Կիլիկիայի հայկական կենտրոնացված պետության ստեղծումը նպաստավոր պայմաններ ստեղծեց Կիլիկիայում հայտնի քաղաքների զարգացման համար: Այս քաղաքներից էին Տարսոնը, Ադանան, Մամեստիան, Անարզաբան, Սելևկյան և Սիսը, նավահանգիստներ Այասը և Կոռիկոսը: Այս քաղաքներում կենտրոնացված էր Կիլիկիայի մեկ միլիոն բնակչության կեսը: Քաղաքները անմիջապես ենթարկվում էին արքունիքին, քաղաքը ղեկավարում էր կապիտանը: Թագավորի կողմից նշանակվում էին նաև ձեռներեցները, մուղթասիպները և դուկերը, որոնք հսկում էին շուկաները, գանձում հարկեր, մաքսեր: Քաղաքներում վարչական պարտականություններ ունեին նաև երեսփողականները: Թաղամասերի կառավարման համար նշանակվում էին տանուտերեր: Հայկական թագավորության շրջանում XII-XIV դարերում Սիսը դարձավ քաղաքական, վարչական, արհեստագործության, առևտրի և կուլտուրայի զարգացման խոշոր կենտրոններից մեկը: 1292-1441թթ. այն եղել է ամենայն Հայոց կաթողիկոսի, իսկ 1441-1927թթ. Մեծի տանն կիլիկիո կաթողիկոսի նստավայրը: Այն բարգավաճում էր շատ արագ: Ներսես Լամբռոնացին Սիսը կոչում է §իշխանանիստ լցեալ իշխանօք և ժողովրդօք¦: Սսում գտնվում էին արքունի պալատը և գանձարանը,այստեղ կար բանտ, դրամատուն, իշխանանց տուն, գրադարան կամ մատենադարան, Սսի վարժարան-համալսարանը` դպրատունը: Այստեղ էին կենտրոնացած օտարերկրյա դեսպանները և հույն, ասորի, լատին և մյուս համայնքների հոգևոր առաջնորդների ներկայացուցիչները: Կյուտնոսի գետաբերանում` Միջերկրական ծովի ափին գտնվում էր Կիլիկիայի ամենախոշոր վաճառաշահ ու հարուստ քաղաքը` Տարսոնը: Այն ուներ առևտրական և ռազմական մեծ նշանակություն: Այն վերջնականապես անցավ Ռուբինյան իշխանությանը, որբ Ռուբեն Բ իշխանը այն փողով գնեց Անտիոքի իշխանից: Տարսոնը Կիլիկիայի երկրորդ մայրաքաղաքն էր, անվանվում էր գեղեցկագույն և հոյակապ քաղաք, այստեղ էին կատարվում թագադրության ծիսակատարությունները, այստեղ էր հաստատված Վատիկանի պապի ներկայացուցիչ լատին եպիսկոպոսը: Տարսոնը բազմազգ քաաղաք էր:
Կիլիկիան հայկական պետության առևտրի և արհեստագործության զարգացման մեջ մեծ դերէ խաղացել Այաս նավահնգիստը, որը Եվրոպայի, Ասիայի և Աֆրիկայի միջև կատարվող տարանցիկ առևտրի կարևոր օղակ էր: Վենետիկյան պայլը, որը նստում էր Այասում, իր հպատակներից գանձում էր ընդամենը կես տոկոս մաքս, մեկ ու կես տարվա ընթացքում ստացել է 7200 ֆրանկ եկամուտ: Այսպիսով միայն վենետիկցիների կողմից կատարված առևտրի շրջանառության գումարը հասնում էր 1.5 մլն ֆրանկի, որի 2-4% էլ որպես մաս մտնում էր Սսի արքունական գանձարանը: Սկսած 1323թ. մինչև 1337թ. Եգիպտոսը Այասի բաժտնից ստանում էր 1.200.000 դրամ հարկ,որը կազմում էր Այասի բաժտան եկամտի մի մասը:
Քաղաքային բնակչությունը հիմնականում արհեստավորներն ու առևտրականնեն էին: XII-XIII դարերում արհեստագործությունը հիմնականում բաժանվել էր գյուղատնտեսությունից և կենտրոնացել քաղաքներում: Քաղաքի բնակչությունը ավելի արտոնյալ վիճակ է ունեցել, քան գյուղացիները: Նրանց թույլ է տրվել զբաղվել ներքին և արտաքին առևտրով, շարժվել տեղից տեղ և մասնակցել եկեղեցիական քաղաքական հարցերի լուծմանը: Քաղաքային բնակչության ստորի խավը հայտնի էր §ռամիկ¦ տերմինով: Դրանք արհեստավորներն ու առևտրականներն էին, սևագործները և օրավարձով աշխատողները: Առաջացել էր նաև մեծատունների քաղաքային վերնախավը և Հովհաննես Դարդելի վկայությամբ Կոստանդին Ե թագավորը հենց այս խավին էր պատկանում: Կիլիկիայի ազգաբնակչության և արհեստավորների մեծ մասը կազմում էին հայերը, որոնք լավագույն արհեստավորներ էին, զբաղվում էին մետաղամշակությամբ, ատաղձագործությամբ, մանածագործությամբ, կարպետագործությամբ, խեղեգործությամբ և այլն: Հռչակված էր հայկական §ցփսի¦ կոչվող գործվածքը, իսկ հայերեն կարպետ բառը մուտք է գործել եվրոպական մի քանի լեզուների մեջ: Սմբատ սպարապետի դատաստանագրքում հիշատակված են մի քանի տեսկ վարձու աշխատողներ` մշակներ, վարձվերներ, հռոքվորներ, որոնց մի մասը աշխատում էր տիրոջ գերծիքներով, իսկ մի մասը իր սեփական գործիքներով:
Առևտուր
Կիլիկիան հայկական կենտրոնացված պետության առկայությունը նպաստեց ներքին ևարտաքին առևտրի զարգացմանը: Լևոն թագավորի ժամանակ 1198-1219թթ. մեծ ուշադրություն դարձվեց առևտրի զարգացմանը, կարգի բերվեցին նավահանգիստները, կամուրջները, առևտրական ու ռազմական ճանապարհները, կառուցվեց առևտրական նավատորմիղ, հատվեցին ոսկյա և արծաթյա դրամներ: Արտաքին առևտուրը Կիլիկիայում ավելի խոշոր ծավալ էր ստացել, ծովային և քաղաքային ուղիներով Կիլիկիան կպված էր Ջենովայի, Վենետիկի, Ֆրանսիայի, Իսպանիայի, Ղրիմի, Մերձավոր Արևելքի ու Առաջավոր Ասիայի երկրների հետ: Սկսած 1201թ. առևտրական պայմանագրեր կնքվեցին մի քանի երկրների վաճառականների հետ, որոնք առևտրական շնորհագրերով իրավունք էին ունենում Կիլիկիայի քաղաքներում ունենալ իրենց թաղամասերը, դատարանները, եկեղեցիները և զբաղվել արհեստով և առևտրով: Կիլիկիան պետությունը հոգ էր տանում ծովային և ցամաքային առևտրական ճանապարհների անվտանգության համար: Հարևան Սեբաստիան առևտրական գլխավոր խարմերուկ էր հանդիսանում: Կիլիկիայի վրայով էր անցնում Սիրիայից դեպի Սինոպ տանող ճանապարհը: Կիլիկիան առևտրական հարաբերություններ ուներ մերձսեվծովյան տափաստանների հետ: ռուսաստանից բերվում էր մուշտակ Սուդակ-Սինոպ-Կեսարիա-Այաս ճանապարհով: Երբ մոնղոլները գրավեցին Բաղդադը, առաջ եկավ նոր տարանցիկ ուղի` Այաս-Թավրիզ և բարձրացավ Կիկլիկիան հայկական պետության դերը XIII-XIV դարերի միջազգային առևտրում: Այասը դարձավ Մերձավոր Արևելքի առևտրի ծովային դարպասը: Կիլիկիայից արտահանվում էր բամբակ, հացահատիկ, անտառանյութ, չոր միրգ, ձիթապտուղ, համեմունքներ, հանքային նյութեր, անասուններ, իսկ ներմուևծվում էր մետաքսեղեն, զարդեղեն, զենք, օճառ և այլն: Արտոնություն ստացած օտար առևտրականները մաքս էին վճարում մեկ տոկոսի չափով, իսկ ոչ արտոնյալ առևտրականները` չորս տոկոսի չափով: Մաքսատներ էին բացվել նավահանգիստներում և լեռնանցքներում: Մաքսային վարչության տները կոչվում էին բաժտուն: Սմբատի դատաստանագրքում նշված էին հետևյալ հարկերի և մաքսերի տեսակները`
ոսկե, արծաթե իրերի և թանկագին քարերի վաճառքից ստացվող հարկեր
Սանասարյան- միջնորդության հարկը, որ գանձվում էր Կիլիկիայի շուկաներում, տոնավաճառներում և խանութներում վաճառվող ապրանքներից
Պասաժում-անցահարկ և տուրք, որ գանձվում էր լեռնանցքների, կիռճերի, կամուրջների և գետերի վրայով կատարվող առևտրից
Անգորաժում հարկը` նավահանգիստներում խարսխվող նավերից
Տաբուլաժում կոչվող հարկը, որ գանձվում էր շուկայում վաճառքի սեղան ունենալու համար
Տրանզիտուզ կոչվող հարկը, գանձվում էր ավատատիրոջ տարածքի վրայով փոխադրվող ապրանքի համար
Էգսակցիո հարկը, որ գանձվում էր օտար պանդոկապետերիցև գինեվաճառներից:
Առևտրից արքունի գանձարանը մեծ եկամուտներ էր ստանում:
Դրամները
Կիլիկիայում դրամների թողարկումը սկսվել է դեռևս Ռուբինյանների իշխանության շրջանում, պահպանվել են Թորոս Ա-ի, Թորոս Բ-ի, Լևոնի պղնձե դրամները, որոնց վրա բացի իշխանի անունից դրոշմված էր նաև խաչի նշանը: Թագավորության շրջանում Լևոն թագավորը կարգավորեց երկրի դրամական տնտեսությունը և թողարկեց արծաթե, պղնձե և ոսկե դրամներ, որոնք շրջանառվել են ողջ XIII դարի ընթացքում: Լևոն Բ-ի թողարկած ոսկե դրամները ունեին առավելագույն 7 գրամ, նվազագույն 4.8 գրամ քաշ: Դրամների մի երեսին թագավորի պատկերն էր, շուրջը գրված` Լևոն թագավոր հայոց, մյուս երեսին երկու առյուծ` խաչի նշանով: Լևոն Բ-ի օրոք թողարկվում էին արծաթե դրամներ, կոչվում էին երկդրամյաններ` 5.1 գրամ քաշով, կես երկդրամյաններ 2.9 գրամ քաշով և կես դրամյաններ 1.30 քաշով: Նրա օրոք թողարկված պղնձե խոշոր դրամը կոչվում էր §դանգ¦` 7.40 գրամ քաշով: Դրամներ թեղարկվեցին Հեթում-Զաբելի համատեղ թագավորության շրջանում: Արծաթե դրամները ունեին 2.84 գրամ քաշ, մի կողմի վրա դրոշմված էր Հեթումի ու Զաբելի պարկերները` կանգնած և խաչը միասին բռնած, մյուս կողմին խաչակիր առյուծը, շուրջը արձանագրված Հեթում թագավոր հայոց: Այդ ժամանակ թողարկվեցին նաև հայերեն և արաբերեն արձանագրություններով երկլեզվյան արծաթե դրամներ: Դրանք շրջանառության մեջ մտան 1236-1245թթ. Հեթում Ա-ի և Իկոնիայի սուլթաններ Քեյ-Կուբադի ու Քեյ-Խոսրովի անուններով: Թողարկվեցին նաև §քարտեզ¦ կոչվող պղնձե դրամներ` 4.60 գրամ քաշով, որոնց վրա պատկերված էր թագավորը` հեծյալ կամ գահին նստած: Լևոն Գ-ի օրոք 1270-1289թթ. շրջանառվեցին արծաթից §նոր դրամներ¦ 2.60 գրամ քաշով` հեծյալ թագավորի պատկերով:
Հեթում Բ-ի ժամանակներից 1285-1305թթ. հայտնի են թեթև քաշով բիլիոնե դրամներ` Հեթում թագավոր ամենայն Հայոց արձանագրությամբ: Նաև պղնձե դրամներ, որոնց վրա թագավորը պատկերված էր ծալապատիկ նստած, մի ձեռքը կրծքին, մյուսով գավազանը բռնած:
Սմբատի ժամանակ նույյնպես թողարկվել են աչծաթե դրամներ: Կոստանդին Ա թագավորի ժամանակ թողարկվել են արծաթե, պղնձե և ոսկե դրամներ: Ոսկե դրամը ունեցել է 3.50 գրամ քաշ, մի կողմի վրա ձիավոր թագավորը պատկերված, աջ ձեռքին սուր բռնած, իսկ մյուս կողմում Սսի անառիկ ամրոցը 1 կամ 3 աշտարակներով: Ոսկե դրմի վրա կա արձանագրություն §Սսոյ բերդն է թագաոր, որը հատուկ է միայն Կոստանդին Ա-ի դրամին¦: Կոստանդին Ա-ի վրա թողարկված արծաթե դրամի վրա հայոց թագավորը պատկերված է կանգնած` աջ ձեռքին սուր, ձախին` խաչ, շուրջը գրված է §կարողութինն Աւյ է թագաոր¦, մյուս կողմից թագավորը պատկերված է որպես ձիավոր, աջ ձեռքին սուր, իսկ շուրջը արձանագրված` §Կոստանդիանոս թագաոր Հայոց¦: Կոստանդին Ա-ի պղնձե դրամները ` §քարտեզները¦ ունեցել են 2.40 գրամ քաշ և խաչի նշան: Լևոն Բ-ի ժամանակ 1301-1307թթ. թողարկվում են նոր դրամներ, նոր անուններով`
§Թագավորին¦ կոչվող արծաթե դրամ 2.30 գրամ քաշով
§Փող¦ կոչվող պղնձե դրամ 5.7-2.4 գրամ քաշով, իսկ հետագայում 1.2-0.65 գրամ քաշով
Կիլիկիան Հայաստանի վերջին դրամները եղան բիլոնե փոքրիկ դրամները 0.70 գրամ քաշով:
Բացի Սսից դրամներ թողարկվում էին նաև Տարսոնում: Կիլիկիան հայկական պետության դրամները հայտնաբերվել են ոչ միայն բուն Կիլիկիայում, այլ նաև նրա սահմաններից դուրս:
Պետական կարգը
Կիլիկիան հայկական պետությունը իր երեքհարյուրամյա պատմության մեջ անցել է երկու շրջան` իշխանական և թագավորական: Դրանք մեկը մյուսի տրամաբանական շարունակությունն էին: Իշխանության գլուխ կանգնած էր իշխանաց իշխանը, որը նստում էր իշխանանիստ բերդ-քաղաքում` Վահկա բերդում, իսկ հետագայում` Սսում, որտեղ էլ պահվում էր իշխանության պետական արխիվը: Նրան էին ենթարկվում գավառապետերը, պարոն-իշխանները և համարվում էին գործակալներ: Այդ շրջանից հայտնի են սպարապետության և պայլության գործակալությունները: Իշխանաց իշխնը ուներ մշտական զորք, որը կազմված էր ազատներից կազմված հեծելազորից և ռամիկներից կազմված հետևակից: Զինվորները ստանում էին թոշակ և բաժին էին ստանում ռազմավարից և ռազմագերիիների վաճառքից: Արտաքին թշնամիների դեմ պայքարի համար իշխանաց իշխանի տրամադրության տակ էր նաև մյուս իշխանների զորքը: Իշխանաց իշխանի նախագահությամբ գործում էր վերին ատյանը, նրա եկամուտները գոյանում էին գանձվող հարկերից, առևտրական մաքսերից, և ռազմավարից: Իշխանաց իշխանը հանդիսանում էր ամբողջ երկրի սյուզերենը: Թագավորության շրջանում երկրի գերագույն իշխանությունը մաարմնավորում էր թագավորը, նա էր պատերազմ հայտարարում, հաշտություն կնքում, հրապարակում օրենքներ, դրամնր հատում, հիմնադրում քաղաքներ: Կիլիկիան հայկական թագավորի իշխանությունը ինքնակալական բնույթ ուներ:
Ըստ Սմբատի դատաստանագրքի թագավորից հետո ավատատիրական սանդուղքի հաջորդ աստիճանի վրա կանգնած էին խոշոր հողատերերը, որոնք նրա վասալներն էին: Երկրորդ աստիճանի վրա` ասպետները: Կիլիկիայում, ի տարբերություն Հայաստանի, որպես երկրի կառավարման գլխավոր մարմին արքունիքնում կազմվել էր բարձրագույն կամ վերին արքունի ատյան, թեև դա խորհրդատու մարմին էր:
Արքունիքի կազմի մեջ մտնում էին պետական կառավարման օրգանները` գործակալությունները: Դրանք գլխավորում էին Կիլիկիայի առավել խոշոր ավատատիրական տան ներկայացուցիչները: Կիլիկիայի թագավորին ծառայող ավատատերերը կոչվում էին լիճ-ճորտք, աստիճանավորք: Գործակալության պաշտոնը հաճախ կրում էր ժառանգական բնույթ, քանի որ դրա հիմքում ընկած էր հողատիրության իրավունքը: Գործակալությունների թիվը տասն էր, իսկ աստիճանավորների և պաշտոնյաների թիվը հասնում էր մոտ քսանհինգի:
Թագադիր գործակալություն- այս գործակալությունը ղեկավարում էր Լամբրոնի Կոստանդին իշխանը: Թագադրության հանդեսի ժամանակ թագավորի գլխին դնում էր թագ և կապում էր արքայական նշան, հսկում էր արքունիքում սահմանված կարգի պահպանմանը:
Սպարապետություն- գունդստաբլ: Պետական բանակի գլխավոր հրամանատարն էր: Պաշտոնը հաճախ հանձնվում էր արքունական տան անդամներին, նաև առավել ընդունակ խոշոր զորավարներին: Սմբատ սպարապետը հիշատակում է նաև զնիվորական մի այլ հրամանատարի` սպասալարի մասին, որը հեծելազորի հրամանատարն էր, իսկ գունդստաբլը գլխավորում էր ամբողջ բանակը: Գունդստաբլի անմիջական տեղակալն էր մարաջախտը, որը սպառազինություն և պարեն էր մատակարարում բանակին: Մարաջախտի օգնականն էր արքունի կուրիայի կապիտանը:
Խնամակալություն- պայլություն: Այս գործակալը հանդիսանում էր թագավորի առաջին խորհրդականը և նրա բացակայության դեպքում փոխարինում էր նրան: Պայլությունը հիմնականում խնամակալական գործակալություն էր, որի նշանակությունը մեծանում էր թագավորի կամ թագաժառանգի անչափահասության ժամանակ: Պայլը թագավորի երիտասարդության շրջանում կոչվել է թագավորահայր:
Արքունական քարտուղարություն- ջանցլեր: Այս պաշտոնը վարողը կոչվել է նաև ատենադպիր և նրա մշտական կրողը Սսի արքեպիսկոպոսն էր: Հաճախ այս պաշտոնը վարում էին լեզուներ իմացող և առավել կարող հոգևորականները, ինչպես Վահրամ Ռաբունի վարդապետը, որը 30 տարի վարել է այս պաշտոնը: Ջանցլերը կոչվում էր նաև լեգաթ, որը նշանակում է կապ հաստատող, պատվիրակ, քանի որ հաճախ բանակցություններ էր վարում օտար պետությունների ներկայացուցիչների հետ: Մեզ են հասել զանազան փաստաթղթեր լատիներեն, ֆրանսերեն լեզուներով, իսկ արքունի քարտուղարության մեջ օգտագործվող հիմնական լեզուն եղել է կիլիկիան միջին հայերենը:
Սեղանապետություն- սենեսկալ: Արքունական պալատի կառավարիչն էր, տնօրինում էր արքունիքի եկամուտներն ու ծախսերը, կրում էր հատուկ նշան: Սենեսկալին էր ենթարկվում ջամբրլայն` արքունի հանդերձապետը կամ սենեկապետը և արքունիքում ծառայող մյուս աստիճանավորները, թագավորի սեղանապետը կամ մատռվակը:
Մաքսապետություն-պրոքսիմոս: Կարևոր և խոշոր գործակալություն էր երկրի ֆինանսները ղեկավարող պրոքսիմոսի գործակալությունը: կարգավորում էր երկրի հարկային ֆինանսական գործերը և նրանց էին ենթարկվում մաաքսատների պաշտոնյաները, հարկահավաքները, ներքին շուկաների վերակացուները: Պրոքսիմոսը հսկում էր առևտրական շնորհագրերում և հրովարտակներում օտար վաճառականներին և օրդեններին շնորհված արտոնությունների կատարումը: Պրոքսիմոսը սահմանում ու գանձում էր հայ և օտար առևտրականներից գանձվող մաքսերը, հարկերն ու տուրքերը: Կիլիկիան հայկական պետության նավահանգիստներում թագավորին և պրոքսիմոսին ներկայացնում էր մի պաշտոնյա, որը կոչվում էր բաժտան կապիտան: Նա օտարերկրյա պաշտոնյաների հետ կապ էր հաստատում, պայմանագրեր կնքում, բանակցություններ վարում, հսկում նավահանգիստները և ուղղակի ենթարկվում պրոքսիմոսին:
Բացի գործակալություններից գոյություն ունեին նաև փոքր պաշտոններ, որոնց մասին խոսում է Սմբատը իր դատաստանագրքի §վասն աստիճանավորաց թագավորական պալատին¦ հոդվածում: Ըստ այդ փաստաթղթի պաշտոնները հիմնականում 14 էին`
Տիարք- թագակիրք
Վեստիտորայն- արքայի թագադիր
Կանդիտորայն- տերունական խաչը թագավորի առաջևից տանողներ
Պրաքսատորայն- թագավորի դագաղը տանոներ
Էսկուպիտորայն- թագավորի վահանակիրներ
Ստրատորոսքն- թագավորի ձին թամբողներ
Սքալարքն- թագավորական դրոշակակիր ասպետներ
Տիկանեան- աղեղբավորներ
Պահնորդներ- պալատի շուրջ պարիսպներ պահպանողները
Ավագ չավուշ- սուրհանդակապետ: Հիշատակվում է թագավորի օծման ժամանակ սեղան նստող գործակալների շարքում
Կիլիկիան հայկական թագավորությունը հաճախ դեսպաններ էր ուղարկում դեպի այլ երկրներ, որոնք եղել են բարձր հոգևորականության ներկայացուցիչներ, իսկ երբեմն աշխարհիկ խոշոր և մանր ազնվականներ: Կիլիկիան արքունիքում և պետական քաղաքական կյանքում մեծ դեր էին կատարում §տիկնաց տիկինները¦` թագուհիները:
Դատարաններ
XII-XIII դարերում Կիլիկիայում եկեղեցական կանոնական և հռոմե-բյուզանդական օրենքներից և, որ գլխավորն է. Սմբատ սպարապետի դատաստանագրքից գործել են նաև խաչակիր ֆրանկ իշխանություններում կիրառվող օրենսդրությունները` Երուսաղեմի և Անտիոքի ասսիզները: Սմբատ սպարապետի Դատաստանագիրքը հանդիսանում էր օրենքների այն հիմնական ժողովածուն, որով կարգավորվում էին Կիլիկիան հայկական պետության ներքին կյանքին վերաբերող բոլոր հարցերը և ամրապնդում էր միապետության հիմքերը: Լևոն թագավորը ստեղծել է դատարաններ, նրա շրջանում գործու էին մի քանի տիպի ատյաններ`
Արքունի ատյան` վերին կամ մեծ դարպաս, որի նախագահը թագավորն էր, իսկ նրա բացակայության դեպքում իշխանաց իշխանը: Սմբատի դատաստանագրքում նշված են այս ատյանի իրավասությունները: Այն է`
թագաժառանգին հաստատելը,
արքունական տիրույթների ժառանգության հարցերի կարգավորումը,
գործակալությունների գործունեության վերահսկողությունը,
առանց թագավորի թույլտվության բերդեր կամ քաղաք կառուցող իշխաններիին դատելը, հարկերի սահմանումը ավարի բաշխման առթիվ ծագած վեճերի կարգավորումը,
թագավորի հպատակի և օտարականի միջև ծագած վեճերի կարգավորումը, եթե այն չէր լուծվել Սսի արքեպիսկոպոսական ատյանում
քննում էր քրեական բոլոր հանցագործությունները, որոնք առընչվում էին օտարահպատակի հետ
Վերին ատյանը հաստատված էր Սիս մայրաքաղաքում, սակայն օտարի և հայի միջև ծագած վեճերը քննվում էին Այասում` թագավորական պայլի նախագահությամբ:
Սսի արքեպիսկոպոսական ատյան` այն իր նշանակությամբ երկրորդ տեղն էր գրավում, նախագահն էր Սսի արքեպիսկոպոսը: Այստեղ քննվում էին հոգևորականներին վերաբերող հարցերը, ինչպես նաև քրիստոնյա և այլադավան անձանց միջև ծագած վեճերն ու հանցագործությունները: XIIIդ. Կեսերից Սսի արքեպիսկոպոսական ատյանին կից ստեղծվեց թագավորական պայլի ատյանը, որը գլխավորում էր գունդստաբլ-դուկը, իսկ Այասում` Այասի կապիտանը: Այս ատյաններում քննվում էին օտար վաճառականների և հայերի միջև ծագած վեճերը: Արքունի պայլի ատյանի մասնաճյուղերը` բուրջեսները, հաստատված էին քաղաքներում, որտեղ քննվում էին տեղական բնակիչների և հատկապես առևտրականների միջև ծագած վեճերը և քրեական հանցագործությունները: Բուրջեսներում որպես օրենքներ օգտագործվում էին Անտիոքի ասսիզների երկրորդ բաժինը, որտեղ ընդգրկված էր ընտանեկան, ժառանգական, ֆինանսական, ներքին և արտաքին առևտրի հետ կապված հարցեր: XIIIդ. II կեսին Անտիոքի ասսիզների հետ զուգահեռ օգտագործում էին նաև Սմբատ սպարապետի Դատաստանագրքի համապատասխան բաժինները:
Բուրջեսները համարվում էին ստորին դատարաններ:
Սենյորական- պարոնական կամ գավառական դատարաններ: Կիլիկիան բաժանված էր գավառների կամ պարոնությունների, որը ղեկավրում էր տվյալ շրջանի ավատատերը և հանդիսանում էր թագավորի վասալը: Այդ շրջաններում ծագած վեճերը նույնպես լուծվում էին գավառներում ստեղծված դատարանում: Սենյորական դատարանների ատենապետերին անվանել են դիվանբաշի: Ատենակալները կոչվել են դիվնձիք, դատախազը կոչվել է տուկ, նրա քարտուղարը նոտար տուկին, իսկ դատարանի սուրհանդակը չավուշ, որը միաժամանակ հանդիսացել է պարոնի կամ շրջանի պայլի սուրհանդակը: Դատարաններում գործում էին իրավաբաններ: Բացի սենյորական դատարաններից շինականներին դատելու իրավունք են ունեցել ավատատիրական աստիճանակարգի ամենաստորին աստիճանում կանգնած ազատները` ձիավորները:
Հոգևոր եկեղեցիական թեմական ատյաններ- այս ատյաններում ավատատերերը օրենքներ էին սահմանում և դատ էին անում իրենց տիրույթների ներսում բնակչության տարբեր խավերի` գյուղացիների, ռամիկների, եկեղեցու դեմ ընդվզող աղանդավորների նկատմամբ:
Սսի եկեղեցական ժողովի կանոնական որոշումները գործադրվում էին թեմական ատյաններում: Եկեղեցիական ատյաններում քննվում էին բնակչության կենցաղին վերավերվող գործերը` ամուսնության, ապահարզանի, թաղման, ամուսնական հավատարմության խախտման և այլնի հետ կապված, ինչպես և հոգևորականության ժառանգության, գանձվող տասնորդի և այլ հարկերը մուծելու կարգը խախտողների գործերը, ցածր հոգևորականների կատարած հանցագործությունները և այլ հարցեր:
Հոգևոր հիերարխիայի բարձր աստիճանում կանգնած հայրապետը` կաթողիկոսը ուներ մեծ լիազորություններ, նա էր գլխավորում հանցագործ թագավորի դատող գերագույն ատյանի նիստերը: Ըստ Սմբատի Դատաստանագրքի նա §օրիադրակից է թագավորին և Աստծոյ¦:
Բացի վերոհիշյալ դատարաններից, առանձին պայմանագրերով օտար առևտրականներին և արհեստավորներին թույլատրվում էր ունենալ իրենց դատարանները, որոնք քննում էին տվյալ գաղութի բնակիչների միջև ծագած վեճերը և հանցագործությունները, իսկ դատարան ունենալու իրավունքի դիմաց պարտավոր էին հավատարիմ մնալ թագավորին: Դատարան ունենալու իրավունք ստացավ Կիլիկիայում հաստատված կիլիկիան թագավորի վասալ հյուրընկալների օրդենը, նաև Ջենովայի և Վենետիկի վաճառականները: Կիլիկիայում գործում էին միջազգային իրավունքի նորմեր, այդ օրենքներից են`
Օտար քաղաքացիների ունեցվածքի ժառանգման հարցը կարգավորող օրենքը
Նավաբեկության օրենքը
Օրենք, որով թագավորը օտարին թույլ էր տալիս զբաղվելու ստրկավաճառությամբ, թե երկրի ներսում, թե երկրից դուրս
Օրենք, ըստ որի օտարները իրավունք չունեին ազատ շրջագայելու Կիլիկիայի ներսում, ժամանելու նավահանգիստները, կամ թողնել երկրի սահմանները առանց թագավորի թույլտվության
Բանակ
Կիլիկիան հայկական պետության ապահովության պահպանման համար անհրաժեշտ գործոն էր կանոնավոր զորեղ բանակ ունենալը: Այստեղ բանակ կազմավորվել էր դեռևս Ռուբինյան առաջին իշխանների ժամանակ, որի թիվը պատերազմների ժամանակ անցնում էր 60.000-ից: Բանակը կազմված էր հեծելազորից և հետևակից: Հեծելազորը բաղկացած էր ազատներից, իսկ հետևակը կազմված էր ռամիկներից և գեղջուկներից: Բանակն ունեցել է աղեղնավորներ, չարխողներ, սակրավորներ, բեռնակիրներ, զինվորական բժիշկներ և մատակարարներ: Մշտական բանակ պահելու համար թագավորը և սենյորները մանր հողատերերից գանձում էին ռազմական հարկ կամ զինվորական պարտույտ: Հեծյալները հանդերձավորվում էին խաչակիրների նման` գլխին կրում էին սաղավարտ, հագնում զրահ, իսկ զրահի վրայից բրդյա պատմուճան` առջևից խաչի նշանով: Ձիավորի կոչում էին ստանում մանր հողատերերը` ազատները, նաև բերդատեր իշխանների որդիները: Այդ կոչումը ստանալու համար հրապարակորեն հանձնում էին քննություն ձիավարժությունից, նիզակի գործածությունից, նետաձգությունից և այլ վարժություներից ու գիտելիքներից:
Կիլիկիայի հայկական թագավորությունը վարչական տեսակետից բաժանված է եղել գավառների, երկրների, պարոնությունների, որոնց թիվը հասնում էր 45-ի: Առավել խոշոր միավորները, որոնց մեջ մտնում էին մի քանի գավառներ կորվում էին կոմսություն և աշխարհ: Կառավարողները անվանվել են պարոն, իշխան, մեծ իշխան, կոմս և գավառապետ: Նրանք, ինչպես և ամբողջ Կիլիկիայի բնակչությունը, համարվել են թագավորի հպատակներ: Այս ամենը գալիս է ասելու, որ Կիլիկիայում ձևավորվել և բարձր զարգացման էր հասել պետական կառավարման կարգը: Պետությունը ուներ բավականին բարդ կառուցվածք` ներքին և արտաքին փոխհարաբերությունների և օրիանականությունների կուռ համակարգով:
Գրականության ցանկ`
Աղայան Ծ. Պ.,
Առաքելյան Բ. Ն.,
Գալոյան Գ.Ա.,
Երեմյան Ս. Տ.
Խաչիկյան Լ. Ս.
Հակոբյան Ա. Մ.
Ներսիսյան Մ. Գ.
Սմբատ սպարապետ §Դատաստանագիրք¦
Ներսես Շնորհալի §Թուղթ ընդհանրական¦
Ներսես Լամբրոնացի §Թուղթ առ Լևոն¦
Հովհաննես Դարդել §Ժամանակագրություն¦
Ղևոնդ Ալիշան §Սիուսան¦
Կիրակոս Գանձակեցի