1912 թվականի ամռան ամիսներին Փանոս Թերլեմեզյանը Կոմիտասի հետ մեկնում է Կուտինա, Կոմիտասի ծննդավայրը։ Մեկուկես ամսվա ընթացքում մի ամբողջ շարք բնանկարների հետ նա նկարել է և Կոմիտասին։Կոմիտասը նստած է ծառի տակ, զբաղված ընթերցանությամբ՛ կողքին ծառի բնին է հենված նրա սազը, մյուս կողմում ջրամանն է֊ գավաթով, խորքում վրանն է, որում բնակվելիս են եղել Կոմիտասն ու Թերլեմեզյանը:
Նա պատկերել է երաժշտին իր անձնական կյանքում, առանձնացած իր մտորումների, ապրումների աշխարհում, սովորական վիճակում, իրեն հատուկ խորասուզվածությամբ, մտազբաղ աշխատելիս։ Նման շրջագայության մեջ Կոմիտասը թվում է ավելի մտերիմ, ավելի պարզ, հասարակ ու մարդկային։ Նկարում չի զգացվում ոչ մի պաշտոնականություն։ Երաժշտի դեմքը թեպետ խաղաղ է, բայց կարելի է զգալ, թե ինչպիսի իմաստուն խոհեր ու այրող զգացմունքներ են մտատանջում նրա հոգեկան աշխարհը, մանավանդ, որ հայտնի է, թե ինչպիսի չմարող եռանդով է նա աշխատել հայ ժողովրդական երաժշտության մշակույթի ուղղությամբ, միշտ գտնվելով «տենդագին երաժշտական հրաբուխի գրության մեջ, չունենալով քուն ու հանգիստ»։ Պետք է ենթադրել, որ նկարիչը հարազատորեն, ճշմարտությամբ է կերպավորել Կոմիտասին։ Հազիվ թե գրական որևէ երկի նկարագրությամբ հնարավոր լիներ վերականգնել Կոմիտասի պատկերը այնպես, ինչպես հիշյալ նկարի մեջ։ Այստեղ նա ներկայանում ,է մեզ այնպես, ինչ-պես նրա ժամանակակիցներն են նկարագրել։ Նայում ես նկարին և պատկառանքի զգացումով ես համակվում ծառի տակ, գետնին փռված գորգի վրա նստած այդ մեծ մարդու հանդեպ, գիտենալով, մանավանդ, թե ինչպիսի ողբերգական վախճան ունեցավ նա, այդ աշխարհիկ հոգևորականը, որն իր ամբողջ կյանքը նվիրեց հայ երաժշտական կուլտուրայի պանծացմանը։ Այսպիսով,– Կոմիտասի պատկերը միանգամայն հարազատ է իր նկարագրին ոչ միայն իր ինքնամփոփ հոգեկան աշխարհով, այլև ֆիզիկական նկարագրով՝ արտահայտիչ գլուխ, բարձր հասակ, վտիտ մարմին, որն ամփոփված է մինչև ոտներն իջած սքեմի մեջ։
Просмотр содержимого документа
«Կոմիտասի դիմանկարը: Փանոս Թերլեմեզյան»