Просмотр содержимого документа
«Լեզվաբանությունը որպես գիտություն»
Լեզվաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigationJump to search
Լեզվաբանություն, գիտություն[1], որի ուսումնասիրության առարկան լեզուն է[2], լեզվի կառուցվածքը, բովանդակությունը և լեզուն՝ համատեքստի մեջ[3]: Լեզվի ուսումնասիրության ոլորտում կատարված առաջին քայլերն իրականացվել են դեռևս մ. թ. ա. 4-րդ դարում, երբ հնդիկ քերականագետ Պանինին իր «Ատադհյայի» («Astādhyāyl» – «Ութնամատյան») աշխատանքում նկարագրեց սանսկրիտ լեզուն[4][5][6]:
Լեզվաբանները սովորաբար վերլուծում են մարդկային լեզուն՝ ուսումնասիրելով արտասանության և նշանակության միջև կապը[7]: Հնչյունաբանությունը ուսումնասիրում է խոսքի և լեզվի հնչյունները և նրանց ձայնային և արտասանական հատկությունները: Լեզվի բովանդակության ուսումնասիրությունը մյուս կողմից զբաղվում է այն հարցով, թե ինչպես են լեզուները կոդավորում առարկաների, հատկությունների և աշխարհի այլ երևույթների միջև եղած հարաբերությունները՝ իմաստ հաղորդելու, վերլուծելու և տալու, ինչպես նաև երկիմաստությունը գտնելու և վերացնելու համար[8]: Մինչդեռ իմաստաբանության ուսումնասիրությունը զբաղվում է ճշմարիտ հետևություններով, գործաբանությունը զբաղվում է այն հարցով, թե ինչպես է իրավիճակային համատեքստը ազդում իմաստի վրա[9]:
Քերականությունը կանոնների համակարգ է, որը կառավարում է տվյալ լեզվում արտահայտությունների գործածությունը: Այս կաննոները վերաբերում են ինչպես արտասանությանը[10], այնպես էլ նշանակությանը և ընդգրկում բաղադրիչ կազմող կանոնների ենթահամակարգեր, որոնք վերաբերում են հնչույթաբանությանը (հնչյունային համակարգերի կազմակերպումը), ձևաբանությանը (բառերի կազմությունը և կառուցվածքը) և շարահյուսությանը (բառակապակցությունների և նախադասությունների կազմությունը)[11]: Ժամանակակից տեսությունները, որոնք զբաղվում են քերականության սկզբունքներով, գործում են Նոամ Չոմսկու սերող լեզվաբանության շրջանակներում[12]:
20-րդ դարի սկզբում Ֆերդինանդ դը Սոսյուրը իր՝ կառուցվածքային լեզվաբանության ձևակերպման մեջ տարբերություն դրեց լեզվի և խոսքի միջև: Ըստ նրա՝ խոսքը հենց մարդկանց կողմից լեզվի արտաբերումն է, իսկ լեզուն վերացական երևույթ է, որը սահմանում է կանոնների համակարգ, որը կառավարում է լեզվի գործածությունը[13]: Այս տարբերակումը նման է Նոամ Չոմսկու՝ փոխակերպական կամ սերող քերականության տեսության մեջ լեզվական ունակության և գործածման միջև տարբերակմանը: Ըստ Չոմսկու՝ ունակությունը անհատի՝ լեզուն օգտագործելու բնածին կարողությունը և պոտենցիալն է (լեզու), այնինչ գործածումը այն եղանակն է, որով անհատները, խմբերը և համայնքները գործածում լեզուն (խոսք)[14]:
Խոսքի ուսումնասիրությունով (որը դրսևորվում է մշակութային դիսկուրսներում և բարբառներում) զբաղվում է հանրալեզվաբանությունը, որն ուսումնասիրում է որևէ լեզվական համայնքի ներսում լեզվաբանական հայեցակետերի բարդ համակարգերը: Այն նաև ուսումնասիրում է տեքստերի և զրույցների կառուցվածքը: Սա արվում է լեզվաբանական տվյալների հավաքագրման կամ էլ կորպուսային լեզվաբանության միջոցով, որը վերցնում է բնական միջավայրում ծագող խոսքը և ուսումնասիրում է քերականական և այլ հատկությունների տարբերակները[15]:
Ոճաբանությունը նաև զբաղվում է լեզվական տարբեր համայնքների գրավոր կամ բանավոր դիսկուրսի ուսումնասիրությամբ, տարբեր ժանրերի, ինչպես նաև զանգվածային լրատվամիջոցների խմբագրական կամ պատմողական ձևաչափերի ուսումնասիրությամբ[16]: 1960-ականներին Ժակ Դերիդան ևս տարբերակում դրեց բանավոր և գրավոր խոսքի միջև՝ առաջարկելով, որ գրավոր խոսքն ինքնին ուսումնասիրվի որպես հաղորդակցության լեզվաբանական միջոց[17]: Հնագրությունը հետևաբար գիտաճյուղ է, որը ուսումնասիրում է գրերի (որպես նշաններ) զարգացումը լեզվում[18]: Լեզվի ձևական ուսումնասիրությունը նաև հանգեցրել է այնպիսի ոլորտների զարգացմանը, ինչպիսիք են՝ հոգելեզվաբանությունը, որն ուսումնաիրում է լեզվի գործառույթներն ու արտահայտումը մտքում, նյարդալեզվաբանությունը, որը ուսումնասիրում է ուղեղում կատարվող լեզվական գործընթացները, կենսալեզվաբանությունը, որն ուսումնասիրում է լեզվի կենսաբանական զարգացումը և լեզվի ձեռքբերումը, որն ուսումնասիրում է, թե ինչպես են երեխաները և մեծահասակները ձեռք բերում լեզվական գիտելիքներ:
Լեզվաբանությունը նաև զբաղվում է լեզվի վրա ազդող հասարակական, պատմական և քաղաքական այն գործոնների ուսումնասիրությամբ, որոնք սահմանում են լեզվաբանական և լեզվական համատեքստը[19]: Պատմական և զարգացումային լեզվաբանության ենթաճյուղերը շեշտը դնում են նաև այն բանի վրա, թե ինչպես են լեզուները զարգանում և փոփոխվում ժամանակի ընթացքում: