Просмотр содержимого документа
«Բակային, ազգային, շարժուն խաղեր»
Բակային, ազգային, շարժուն խաղեր
Գործնագործ
Երեխաները բաժանվում են երկու հավասար խմբերի (կարող են լինել աղջիկների և տղաների կամ խառը խմբեր): Մի խումբը դառնում է խփողների խումբ, մյուսը` խաղացողների: Խփողները կանգնում են իրարից մի քանի մետր հեռավորության վրա, խաղացողները մտնում են մեջ ու սկսում են խաղալ: Խփողները հերթով փորձում են գնդակով խփել խաղացողներին: Ամեն անգամ, գնդակը մեկին կպչելուն պես, խաղացողը պետք է դուրս գա խաղից:
Երբ խաղի մեջ մնում է մի մասնակից և կարողանում է մինչև տաս հաշիվը խաղալ, բոլոր խաղացողները մտնում են` խաղը շարունակելու, իսկ եթե մինչև տաս հաշիվը չի կարողանում ազատել, իրենք դառնում են խփողներ, իսկ խփողները` խաղացողներ:
Աղջիկ փախցնոցի
Երեխաները զույգերով իրար ետևից կանգնում են` զույգերի ձեռքերն վերև պահած` ափերն իրար մեջ: Նրանցից մեկը, ով զույգ չունի, գալիս է առաջ ու, նրանց արանքով անցնելով, բռնում է որևէ մեկի ձեռքից, երկուսով գնում են, կանգնում վերջում, իսկ այն մասնակիցը, ում զույգին տանում են, գալիս է առաջ ու կատարում նույն գործողությունը:
Աղվեսուկ
Խաղացողները ձեռք ձեռքի տված և ոտքերը լայն բաց արած` շրջանաձև կանգնում են: Շրջանից դուրս մնում է երկու հոգի, որոնցից մեկը ստանձնում է բարակի և մյուսը` աղվեսի դերը: Վերջինս հալածվում է բարակից և ծեծվելու վտանգից խուսափելու նպատակով աղվեսային պտույտներ գործելով` շրջան կազմածներից մեկի ոտքերի արանքով մտնում է շրջանի մեջ: Եթե բարակը բռնում է աղվեսին, նրա դերը ստանձնում է շրջան կազմողներից մեկը:
Ծուղրուղու
Խումբը շրջանաձև պպզում է, իսկ մեկը` մի թաշկինակը ձեռքին, կանգնում է շրջանի մեջտեղը: Վերջինս կոչվում է շուն, իսկ մյուսները` աքաղաղներ: Աքաղաղները այս ու այն կողմից կանգնում, «ծուղրուղու» են կանչում և իսկույն պպզում: Շունն աշխատում է ձեռքի թաշկինակով խփել աքաղաղին կանգնած ժամանակ: Եթե հաջողվեց, ինքը կդառնա աքաղաղ, իսկ աքաղաղը` շուն:
Աչքկապուկ
7-20 խաղացողներ իրենցից մեկի աչքերը կապում են և շրջապատելով սկսում կսմթել: Կապվածը ձգտում էր նրանցից մեկին բռնել և իր դերը նրա հետ փոխել:
Թաշկինակ
Երեխաները շրջանաձև կքանստում են: Նրանցից մեկը վերցնում է թաշկինակն ու սկսում է արագ քայլել շրջանով: Մի քանի պտույտ քայլելուց հետո թաշկինակն աննկատելիորեն գցում է երեխաներից մեկի ետևը: Ում ետևում գտնվում է թաշկինակը, պետք է արագ վերցնի այն, վազի գցողի ետևից և բռնի թաշկինակ գցողին, իսկ գցողը պետք է հասցնի կքանստել այն տեղում, որտեղ նստած էր թաշկինակ վերցնողը: Եթե մինչ այդ նա բռնվում է, համարվում է պարտված, բռնողը դառնում է թաշկինակ գցող:
Մուկն ու կատուն
Խաղում են 20-25 հոգով: Երեխաներից մեկը ընտրվում է մուկ, մյուսը` կատու: Երեխաները ձեռք-ձեռքի բռնած շրջան են կազմում, մուկը վազում է շրջանի շուրջը` կատվից փախչելով: Երեխաները օգնում են մկնիկին, որպեսզի մտնի շրջանի մեջ, որ կատուն չկարողանա բռնել նրան: Երբ բռնում է, ուրիշ զույգ է դառնում մուկ ու կատու:
Թզուկներ և հսկաներ
Խաղացողները կանգնում են շրջանով: Երբ խաղավարն ասում է` հսկաներ և ձեռքը վեր բարձրացնում, բոլորը բարձրանում են ոտնաթաթերին, իսկ եթե ասում է` թզուկներ և ձեռքերը ներքև իջեցնում, կքանստում են: Խաղավարը խաղի ընթացքում ձեռքերի սխալ շարժումով շփոթեցնում է երեխաներին, պետք է ուշադիր լինեն, ով շփոթվում է, խաղից դուրս է գալիս: