ՍՏՈՐԱԴԱՍԱԿԱՆ ՇԱՂԿԱՊՆԵՐ
Նախ ստուգում եմ տնային աշխատանքը, ապա կատարում եմ հին դասի հարցում:
Նոր դասն սկսում եմ մտագրոհով: Առաջարկում եմ կազմել բառեր ստոր- նախածանցով: Աշակերտները կազմում են ստորադաս, ստորակետ, ստորակարգ, ստորաքարշ, ստորերկրյա և այլ բառեր:
Տեսասահիկ 1-ին
ստոր-
Ապա աշակերտները բացատրում են, թե ստոր- նախածանցը ինչ իմաստ է հաղորդում բառերին՝ ստորադասության մեջ գտնվող, ստորադասության քերականական կապակցության մեջ գտնվող, ցածր, ներքև իմաստները: Համեմատում են ստոր արմատի հետ՝ ստորին, ստորանալ: Ասում եմ, որ շաղկապները լինում են նաև ստորադասական: Ստորադասական են կոչվում այն շաղկապները, որոնք բարդ նախադասության մեջ ստորադաս (երկրորդական) նախադասությունը շաղկապում են գերադաս (գլխավոր) նախադասությանը:
Տեսասահիկ 2-րդ
Ստորադասական շաղկապներ |
Որ, թե, եթե, որպեսզի, որովհետև, թեև, թեկուզ, թեպետ, թեպետև, մինչ, մինչև, մինչդեռ, քան, թե որ, թեկուզ և, քան թե, մինչև որ, հնեց որ, եթե ոչ, քանի որ, քանի դեռ, չնայած որ: |
Ապա հանձնարարում եմ ամբողջացնել նախադասությունները՝ բաղադրիչները միացնելով ստորադասական շաղկապներով:
Տեսասահիկ 3-րդ
Մարմնովս սարսուռ անցավ,……………………………………… :
Գյուղացիները պատմում են, ………………………………….….. :
……………………………….. , որքան գեղեցիկ գործեր կստեղծեր:
Ես աչքի անցկացրի օրվա թերթերը, ……………………………….:
………………………………, անաղմուկ դուրս եկավ ննջարանից:
………………………………, շատ նմանություններ կգտնենք:
Ապա նշում եմ, որ կան շաղկապներ, որոնք կարող են գործածվել թե՛ որպես համադասական, թե՛ որպես ստորադասական շաղկապներ: Դրանք են՝ թե, թե չէ, եթե…ապա և այլն:
Տեսասահիկ 4-րդ
| |
Կին թե տղամարդ, ահել թե ջահել մասնակցում էին տոնախմբությանը: Հանգիստ պետք է պահեր իրեն, թե չէ կասկածի տեղիք կտար: Եթե երջանկությունը տևողական չէ, ապա վշտերն էլ հավիտենական չեն (Մուր): | Թե ինձ սիրես, մեծ բանաստեղծ կդառնամ (Հ. Շ.): Հեռվից մարդ տեսնում են թե չէ, երեք աղջիկն էլ կանչում են (Հ. Թ.): Եթե այս մտածությունը մի հանցանք է եղել, ապա հրամայիր պատժել ինձ ամենածանր կերպով (Մուր.): |
Աշակերտներին հանձնարարում եմ ինքնուրույն փորձել գտնել, թե որ սյունակում են շաղկապները համադասական, որում՝ ստորադասական: Երբ աշակերտները որոնողական, հետազոտական աշխատանքի միջոցով գտնում են, որ առաջին սյունակի նախաադասություններում շաղկապները համադասական են, երկրորդում՝ ստորադասական, լրացնում ենք աղյուսակի առաջին տողը համապատասախանաբար:
Որ բառը ևս կարող է հանդես գալ թե՛ որպես ստորադասական շաղկապ, թե՛ որպես հարաբերական դերանուն: Հանձնարարում եմ վերհիշել հարաբերական դերանունների մասին ունեցած գիտելիքները և փորձել գտնել, թե տեսասահիկ 5-ում տրված նախադասություններից որում է շաղկապ, որում՝ հարաբերական դերանուն:
Տեսասահիկ 5-րդ
Ես ուզում եմ, որ պարապը լցվի լացով (Պ. Ս):
Ես ատում եմ քո անունը,
Որ խրվել է իմ լեզվի մեջ
Փշատենու փշի նման(Պ. Ս):
Աշակերտները վերհիշում են հարաբերական դերանունների մասին ունեցած գիտելիքները և ասում, որ դրանք չպետք է շփոթել ստորադասական շաղկապների հետ: Հարաբերական դերանունները շաղկապների նման գերադաս(գլխավոր) և ստորադաս(երկրորդական) նախադասությունները կապում են իրար, բայց, ի տարբերություն շաղկապների, նյութական խոսքի մաս են, դառնում են նախադասության անդամ(որ, ով, ինչ, երբ, ուր, որտեղ և այլն): Որ հարաբերական դերանունը կարող է ստանալ ը որոշիչ հոդը: Այսքանից հետո աշակերտները գտնում են, որ առաջին նախադասության մեջ որ-ը ստորադասական շաղկապ է, երկրորդում՝ հարաբերական դերանուն: Ապա աշակերտներին հանձնարարում եմ տրված նախադասություններից դուրս գրել կապակցման միջոցները և տեղադրել համապատասխան սյունակներում:
Տեսասահիկ 6-րդ
Հարաբերական դերանուններ | Ստորադասական շաղկապներ |
| |
Ես լավության խոսքն եմ ասում, որ ժպտում է մեր սրտին(Հ. Թ.):
Թեկուզ և մենակ լինի փարախում,
Աժդահա Սաքոն ընչի՞ց է վախում (Հ. Թ.):
Եկած կլինի, որ խաբար տանի (Հ. Թ.):
Երբ բաց եղան գարնան կանաչ դռները,
Քնար դառան աղբյուրները Բինգյոլի(Ավ. Ի.)Որպեսզի թուզը չփչանա, և հոնը համը չփոխի, հանեց խուրջինից, շարեց պատուհանի գոգին(Ս. Խ.):
Ով պատմություն ունի, չի կարող հետ չնայել (Պ. Ս.):
Ասում եմ նաև, չի կարելի որոշ շաղկապներ կամ հարաբերական դերանուններ միասին գործածել, ինչպես՝ «Ես լսեցի նրան, բայց սակայն չհասկացա», «Հնչում է երգը, որը որ սրտեր է գերում» և այլն: Պետք է լինի՝ «Ես լսեցի նրան, բայց չհասկացա» կամ «Ես լսեցի նրան, սակայն չհասկացա», «Հնչում է երգը, որը սրտեր է գերում» կամ «Հնչում է երգը, որ սրտեր է գերում»:
Երբ աշակերտներն արդեն ըմբռնել են շաղկապների շարահյուսական կիրառությունը, ավելացնում եմ, որ շաղկապները նախադասության մեջ հանդես են գալիս մենադիր, կրկնադիր և զուգադիր գործածությամբ:
Տեսասահիկ 7-րդ
Մենադիր | Կրկնադիր | Զուգադիր |
և ու բայց սակայն որպեսզի որովհետև որ թե կամ և այլն | և՛…և՛ թե՛…թե՛ կա՛մ…կա՛մ ո՛չ…ո՛չ | ոչ միայն…, այլև ոչ թե…, այլ թեև…, բայց եթե…, ապա քանի որ…, ուրեմն և այլն |
Այստեղ աշակերտների ուշադրությունը կենտրոնացնում եմ ոչ միայն…, այլև, ոչ թե…, այլ շաղկապների գրության վրա՝ շեշտելով, որ սխալ է ոչ միայն…, այլ, ոչ թե…, այլև գործածությունը(ինչին հաճախ ենք ականջալուր լինում): Ապա հանձնարարում եմ նախադասություններ կազմել դրանցով:
Դասն ամփոփում եմ T-աձև աղյուսակով: Հանձնարարում եմ լրացնել աղյուսակը՝ գտնելով համադասական և ստորադասական շաղկապների նմանություններն ու տարբերություները:
նմանություններ տարբերություններ
Հանձնարարում եմ տնային աշխատանք դասագրքից. էջ 48, վարժ. 1:
ՇԱՂԿԱՊՆԵՐԻ ԿԱԶՄՈՒԹՅՈՒՆԸ, ՈՒՂՂԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ, ԿԵՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
Նախ ստուգում եմ տնային աշխատանքը: Կատարում եմ հին դասի հարցում:
Քանի որ նախորդ դասարաններում աշակերտներն արդեն ծանոթացել են բառերի տեսակներին ըստ կազմության, բարդ բառերի ուղղագրությանը, ապա հարցերի տարափի միջոցով վերհիշում ենք անցածը՝ քանի՞ տեսակ են լինում բառերն ըստ կազմության(պարզ, ածանցավոր, բարդ, բարդածանցավոր), բերում են համապատասխան օրինակներ, ինչպե՞ս են գրվում բարդ բառերը(միասին, անջատ, գծիկով), բերում են օրինակներ:
Նոր դասը բացատրում եմ տեքստի վրա: Էկրանին պատկերվում է տեքստ(տեքստը կետադրված չէ), աշակերտներին հանձնարարում եմ գտնել շաղկապներն ու փորձել որոշել կազմությունը:
Տեսասահիկ 1-ին
Եթե շրջես աշխարհով մեկ ու քեզ հանդիպած յուրաքանչյուր հայի հարցնես ինչն է ամենաթանկը աշխարհում կպատասխանի հայրենիքը: Լուռ կնայի աչքերիդ ու արցունքները կհոսեն այտերի վրայով որովհետև օտարության մեջ ոչինչ այնքան չի մաշում մարդուն որքան կարոտը: Որպեսզի այս հավերժական հողագնդի վրա իր ապրելու իրավունքը հաստատի հայ ժողովուրդը դարերի պայքար է մղել: Այսօր էլ նա պայքարի մեջ է քանի որ նրան նենգ հարևաններ են բաժին հասել: Եվ թուրքերը և ադրբեջանցիները երազում են Հայաստանն առանց հայերի տեսնելու մասին հետևաբար ամեն օր խախտում են մեր սահմանների անդորրն ու պատերազմը վերսկսելու ամպագոռգոռ հհհհհհհայհայտարարություններ են անում: Բայց նրանց երազանքն այդպես էլ անկատար կմնա որովհետև խաղաղ ու ազատ ապրելու գրավականը սահմանին կանգնած մեր հերոսներն են:
Աշակերտները կարդում են տեքստը, դուրս են գրում եթե, ու, որովհետև, որպեսզի, քանի որ, և, հետևաբար, բայց շաղկապները և ասում են, որ եթե, ու, և, բայց շաղկապները կազմությամբ պարզ են, բարդ են որովհետև, որպեսզի շաղկապները, քանի որ, հետևաբար շաղկապները ածանցավոր և բարդածանցավոր են: Ուրեմն շաղկապներն էլ կազմությամբ լինում են պարզ, բարդ, ածանցավոր և բարդածանցավոր:
Տեսասահիկ 2-րդ
Պարզ | Բարդ | Ածանցավոր և բարդածանցավոր |
և, ու, թե, որ, եթե, այլ, էլ, բայց, իսկ, թեկուզ, թեպետ, մինչ, սակայն, քան, կամ, ապա և այլն | Որովհետև, որպեսզի, մինչև, ուստի և, բայց և այնպես, հենց որ, քան թե, մինչև որ և այլն | Այլապես, հետևապես, հետևաբար, քանի որ այսուամենայնիվ, այնուամենայնիվ |
Նորից վերադառնում ենք տեքստից դուրս գրված շաղկապներին և ուշադրություն դարձնում դրանց գրությանը: Աշակերտները նկատում են, որ բարդ և բարդածանցավոր շաղկապները գրվում են միասին կամ անջատ բաղադրիչներով՝ որովհետև, որպեսզի, հետևաբար, քանի որ:
Տեսասահիկ 3-րդ
Միացած բաղադրիչներով գրվողներ | Անջատ բաղադրիչներով գրվողներ |
Այլև, նաև, այսինքն, որպոսզի, թեև, որովհետև, մինչդեռ, թեպետև, այնինչ, այնուամենայնիվ և այլն | Բայց և, բայց և այնպես, այն էլ, ինչպես էլ, ինչպես նաև, մինչև իսկ, և կամ, ապա թե ոչ, քանի դեռ, այլ ոչ թե, եթե ոչ, եթե միայն, ոչ միայն, թեկուզ և, ըստ որում և այլն |
Ավելացնում եմ, որ անջատ են գրվում նաև որ, թե շաղկապներով հարադրվածները՝ այնպես որ, քանի որ, թե որ, հենց որ, կամ թե, ոչ թե, միայն թե, որպես թե և այլն:
Նորից վերադառնում ենք տեքստին: Նախորդ դասարաններում աշակերտները քիչ թե շատ ծանոթացել են շաղկապների հետ կապված կետադրությանը:Ավելացնում եմ, որ ստորադասական շաղկապներից առաջ դրվում է ստորակետ: Իսկ երբ շաղկապով սկսվող նախադասությունը նախադաս է, ապա ստորակետ դրվում է այդ նախադասությունից հետո: Աշակերտները կարդում են տեքստը և կետադրում: Ավելացնում եմ նաև, որ բաղադրյալ շաղկապների բաղադրիչների միջև ստորակետ չի դրվում՝ թե որ, քանի որ, միայն թե և այլն: Համադասական շաղկապներից առաջ դրվում է ստորակետ (բայց, իսկ, սակայն, ապա, այլ, այլև և այլն): Աշակերտները գտնում են համադասական շաղկապները և կետադրում: Ապա ավելացնում եմ, որ և, ու շաղկապներից առաջ ստորակետ դրվում է այն դեպքում, երբ բարդ նախադասության մեջ այդ շաղկապներով սկսվող հաջորդ նախադասության ենթական փոխվում է: Աշակերտները տեքստում գտնում են այդ շաղկապները, որոշում, թե դրանցով կապված նախադասությունների ենթակաները նու՞յնն են, թե՞ տարբեր: Ըստ այդմ էլ կետադրում են տեքստը: Վերհիշում ենք կրկնադիր շաղկապները: Ասում եմ, որ այդ շաղկապները թվարկություն կամ հարադրություն արտահայտելիս շեշտվում են, իսկ կրկնվող շաղկապից առաջ միշտ դրվում է ստորակետ: Աշակերտները տեքստում գտնում են կրկնադիր շաղկապ ունեցող նախադասությունը և կետադրում: Ասում եմ նաև, որ շատ հաճախ ստորադասական շաղկապները (որ, թե, եթե) զեղչվում են, այդ դեպքում նախադասության բաղադրիչներն անջատվում են բութով: Աշակերտները գտնում են նաև զեղչված շաղկապներով նախադասությունը և կետադրում:
Այս աշխատանքը ավարտելուց հետո վերադառնում ենք ԳՈՒՍ աղյուսակին և լրացնում վերջին սյունակը՝ սովորեցի:
Տնային աշխատանք՝ Ամրապնդել ‹‹Շաղկապ ››թեման :