Սյուզաննա Գալոյան
ԳՊՀ Հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետ,
Հայոց պատմության մագիստրատուրա 1- ին կուրս
գիտական ղեկավար՝ Պատմական գիտությունների դոցենտ,
պրոֆեսոր Հարությունյան Համլետ
ԳԱԼՈՅԱՆ Ս.Մ.
Հայկական հարցի միջազգայնացումը Սան-Ստեֆանոյում և Բեռլինի կոնգրեսում
Բանալի բառեր՝ միջազգայնացում, Հայկական հարց, ռուս-թուրքական պատերազմ, Սան-Ստեֆանո, Բեռլինի վեհաժողով, Մկրտիչ Խրիմյան, մեծ տերություններ:
Ключевые слова: интернационализация, Армянский вопрос, русско-турецкая война, Сан-стефано, Берлинский конгресс, Мкртич Хримян, великие державы.
Keywords: internalization, the Armenian question, Russian-Turkish war, San-Stefano, the Congress of Berlin, the Great Powers
Մեր ժամանակաշրջանում հայկական հարցի միջազգայնացման ուսումնասիրությունն առավել արդիական է հայրենական պատմագիտության համար: Հայկական հարցի պատմությունը պայմանականորեն բաժանվում է երկու փուլի: Առաջինը ընդգրկում է XV դարի երկրորդ կեսից մինչև 1877-1878 թթ. ռուս- թուրքական պատերազմը: Այդ շրջանում հայ ազատագրական շարժման գործիչները դիվանագիտական բանակցությունների միջոցով փորձում էին եվրոպական որևէ պետության կամ պետությունների խմբի զինված միջամտությամբ ազատագրել Հայաստանը և վերականգնել նրա պետականությունը: Սակայն, այս փուլում Հայկական հարցը չի թափանցել միջազգային դիվանագիտության ոլորտ, չի դարձել ընդհանուր քննարկման առարկա և, բնականաբար, դրա մասին չի ընդունվել որևէ որոշում: Հայկական հարցի երկրորդ փուլն ընդգրկում է 1877-1878 թթ. ռուս- թուրքական պատերազմից մինչև Առաջին համաշխարհային պատերազմի սկիզբը: Հենց այս փուլը նշանավորվեց Հայկական հարցի միջազգայնացմամբ և այն դարձավ դիվանագիտական քննարկման առարկա:
Ներկայումս, աղբյուրների լայն շրջանակի հիման վրա, հայ պատմագիտության մեջ փորձ է արվում լույս սփռել այն հարցերի վրա, որոնք նաև կապված են Հայկական հարցի միջազգայնացման հետ: Դա հնարավորություն է տալիս օբյեկտիվ կերպով վերլուծել քաղաքական գործընթացները, որոնք տեղի են ունեցել Արևելյան ճգնաժամի և 1877-1878 թթ ռուս-թուրքական պատերազմի շրջանում, ինչպես նաև դիտարկել հետպատերազմյան միջազգային իրադրության հարցերը;
Հայկական հարցը որպես միջազգային դիվանագիտության շրջանակներում քննարկվող հարց առաջին անգամ իր արտահայտությունը գտավ 1878 թվականի փետրվարի 19-ին կնքված Սան Ստեֆանոյի պայմանագրում: Խոսքը գնում էր ոչ թե Հայաստանի անկախության վերականգնման, այլ արևմտահայերի շրջանում բարենորոգումներ անցկացնելու և նրանց համար անվտանգության երաշխիքներ ապահովելու մասին: Դեռևս պատերազմի ընթացքում հայ հասարակական շրջանները փորձում էին Հայկական դատը ներկայացնել Ռուսաստանի հայեցողությանը: Բանակցություններ են վարվում մեծ իշխան Նիկոլայ Նիկոլաևիչի հետ, իսկ փետրվարի 1-ին պատրիարք Վարժապետյանը Ալեքսանդր II –ին է ներկայացնում մի աղերսագիր, որտեղ հայցում է Ռուսաստանի միջամտությունը` Արևմտյան Հայաստանում բարենորոգումներ կատարելու վերաբերյալ:
Հայկական կողմը ակնկալում էր ինքնավարության խոստում կորզել մեծ տերություններից, բայց ինչպես Ռուսաստանը, այնպես էլ Անգլիան այդպիսի խոստումներ չտվեցին և ինքնավարության հարցը մեջտեղից դուրս եկավ: Մնում էր միայն բարենորոգումների խոստումը: Ռուսական պատվիրակ Իգնատևը հայերի դժգոհությանն ի պատասխան պարզաբանում էր, որ պատմական այս փուլում միայն դա էր հնարավոր ու խորհուրդ էր տալիս լինել իրատես և բավարարվել ձեռք բերվածով:
Հայկական հարցն առաջին անգամ իր արտահայտումը գտավ Սան-Ստեֆանոյի պայմանագրի 16-րդ հոդվածում, ուր ասվում էր. «Նկատի առնելով այն, որ ռուսական զորքերի դուրս բերումը նրանց կողմից գրավված Հայաստանի` Թուրքիային վերադարձվելիք վայրերից կարող է այնտեղ առիթ տալ բախումների և բարդությունների, որոնք երկու պետությունների բարի հարաբերությունների վրա կունենան վնասակար ազդեցություն, Բարձր Դուռը պարտավորվում է անհապաղ կենսագործել հայաբնակ մարզերի տեղական կարիքներից հարուցվող բարելավումներ և բարենորոգություններ, և զերծ պահել հայերի անվտանգությունը քրդերից և չերքեզներից»1:
Սան Ստեֆանոյի պայմանագրի 16-րդ հոդվածով Թուրքիան պաշտոնապես ճանաչեց Օսմանյան կայսրության սահմաններում Հայաստան երկրի գոյությունը: Փաստորեն, առաջին անգամ Հայկական հարցը վերածվեց քաղաքական գործոնի, տեղ գտավ միջազգային պայմանգրում և դարձավ Արևելյան հարցի բաղկացուցիչ մաս:
Սակայն 16-րդ հոդվածը լի էր անորոշություններով: Նախ չէր նշվում , թե որոնք էին հայկական նահանգների սահմանները, չեր որոշվում, թե ով պետք է ճշտեր տեղական կարիքները, բարենորոգումների բնույթն ու ընդգրկումը և թե ինչպես պետք է Ռուսաստանը վերահսկեր թուրքական կողմի համապատասխան ձեռնարկները: Մի բան էր հստակ ու որոշակի. համաձայն պայմանագրի` ռուսական բանակը տեղակայվելու էր Արևմտյան Հայաստանում, որը դառնալու էր ռուսական ազդեցության ոլորտ, իսկ հայ բնակչությունը դրվելու էր նրա հովանավորության ներքո:
Բելգիացի իրավաբան Մ. Ռոլեն-Ժեկմենը իր ուսումնասիրություններում Հայկական հարցի միջազգայնացման սկիզբն է համարում Սան Ստեֆանոյի 16-րդ հոդվածը, որով Թուրքիան Ռուսաստանի հանդեպ ստանձնում էր միջազգային պարտավորություն` Արևմտյան Հայաստանում իրականացնել անհրաժեշտ բարեկարգումներ և ապահովել հայերի անվտանգությունը քրդերից ու չերքեզներից: Նա նշում է նաև 16-րդ հոդվածի թերությունը միջազգային իրավունքի տեսակետից` լռելյայն շրջանցումն այն միջոցների, որոնցով Ռուսաստանը պետք է հսկեր նշված պարտավորությունների կատարումը:2
Սան-Ստեֆանոյի պայմանագրի 16-րդ հոդվածն իր համեստ բովանդակությամբ ցնծությամբ ընդունվեց հայ հասարակական հոսանքների ու առանձին քաղաքական գործիչների կողմից, ովքեր ցանկանում էին իրագործված տեսնել այդ բարեփոխումները: 16-րդ հոդվածը, սակայն, կյանքում չիրագործվեց: Սան-Ստեֆանոյի պայմանգիրը նախնական էր և շահագրգիռ կողմերը ջանք չխնայեցին այն վերանայելու:3
Գնահատելով Սան Ստեֆանոյի դաշնագրի նշանակությունը` Հայկական հարցի միջազգայնացումն ամրագրելու տեսակետից՝ Ս. Ստեփանյանը նշում է բարենորոգումների իրացման գործում Ռուսաստանի վերահսկողության կարևորությունը` ցույց տալով, որ 1878 թ. մայիսի 30-ի անգլո-ռուսական և մյուս կողմից` 1878 թ. հունիսի 4-ի անգլո-թուրքական պայմանագրերը, Ավստրո-Հունգարիայի բացահայտ հակառուսական ու Գերմանիայի երկդիմի դիրքորոշումը միջազգային հարաբերություններում ոչ թե որևէ օգուտ տվեցին հայերին, այլ Հայկական հարցը դարձրեցին ընդամենը հարմար առիթ` միջամտելու Թուրքիայի ներքին գործերին: Ս. Ստեփանյանը ևս վերհանում է այն իրողությունը, որ տերությունների կոլեկտիվ պարտավորվածությունը, որ նրանք ստանձնեցին Արևմտյան Հայաստանում անցկացվելիք բարենորոգումները վերահսկելու գործում, փաստորեն, դուրս մնաց նրանց անհատական շահագրգռություններից, որով և Հայկական հարցը դատապարտվեց մոռացության ու ձախողման4:
Սան-Ստեֆանոյի պայմանագրի համարյա բոլոր դրույթները վերանայվեցին Բեռլինի կոնգրեսում, այդ թվում և Հայկական հարցին վերաբերող 16-րդ հոդվածը:
Կոնգրեսում տնօրինում էին անգլիական դիվանագետները և հենց նրանց թելադրանքով ընդունվեց 61-րդ հոդվածը, որը ձևակերպվեց հետևյալ կերպ. «Բարձր Դուռը պարտավորվում է առանց հետագա հապաղման իրագործել հայաբնակ մարզերում տեղական կարիքներից հարուցված բարելավումներն ու բարենորոգումները և ապահովել հայերի անվտանգությունը չերքեզներից ու քրդերից: Բարձր Դուռը տերություններին պարբերաբար կհաղորդի այն միջոցների մասին, որոնք ինքը ձեռք է առել այդ նպատակի համար, իսկ տերությունները կհետևեն դրանց կիրառմանը»5:
Հատկանշական է, որ 61- րդ հոդվածում Հայաստան անվանումը չի հիշատակվում, այլ օգտագործվում էր «հայաբնակ մարզեր» անորոշ արտահայտությունը: Իսկ թե որոնք էին այդ մարզերը և ինչ բնույթի էին լինելու բարենորոգումները, ոչինչ չէր ասվում6 :
Մ. Մակքոլը գրում է, որ վեհաժողովը չլուծեց 61-րդ հոդվածով նախատեսված` ո՛չ տերությունների և ո՛չ էլ Թուրքիայի պարտավորվածությունները արևմտահայության առջև: Մ. Մակքոլը Սան Ստեֆանոյի առավելությունը Բեռլինի վեհաժողովի նկատմամբ համարում է նրա նպատակի որոշակիությունը` ի դեմս պարտավորվածությունները վերահսկող իրական ուժի` Ռուսաստանի7:
Բեռլինի կոնգրեսում Հայկական հարցը դուրս բերվեց Թուրքիայի և Ռուսաստանի միջպետական հարաբերությունների ոլորտից և դրվեց միջազգային դիվանագիտության բանակցությունների սեղանին: Հանգամանք, որը մի կողմից ավելի անիրական դարձրեց այն լուծելու հեռանկարները, իսկ մյուս կողմից դարձավ միջազգային դիվանագիտության շահարկումների առարկա` բազում դժբախտությունների բերելով հայ ժողովրդին:
Ֆ. Գրինը աշխատության Հայկական հարցում վեհաժողովի որոշումների անպտուղ բնույթը ցուցադրելու նպատակով անդրադառնում է Բ. Դռան 1880 թ. հունիսի 11-ին տերություններին հղած հավաքական հուշագրին` այն որակելով իբրև դիվանագիտական կատակերգություն8:
Հայկական հարցի միջազգայնացման ընթացքը սթափ վերլուծության է ենթարկված հրապարակախոս, հասարակական-քաղաքական գործիչ, ՀՀԴ կուսակցության անդամ Ե. Թոփչյանի աշխատության մեջ: Այստեղ այդ գործընթացը ներկայացվում է իբրև հայ հասարակական-քաղաքական մտքի զարգացման, թանզիմաթի ձախողման, արևմտահայերի ազգային սահմանադրության ոչ արդյունավետության անխուսափելի արդյունք: Նա Սան Ստեֆանոն գերադասում է Բեռլինի վեհաժողովից, 61-րդ հոդվածը համարում է «դժբախտ» իրողություն, որը ոչնչացրեց 16-րդ հոդվածի իրացման երաշխիքները9:
Բեռլինի կոնգրեսից հետո այդ շրջանի հայ քաղաքական գործիչները եկան այն եզրակացության, որ սուլթանական Թուրքիայի լծից Հայաստանը կարող է ազատագրվել ոչ թե եվրոպական տերություններին զանազան «աղերսագրեր» ուղղելու միջոցով, այլ ազատագրական պայքարի շնորհիվ: Հայկական պատվիրակությունը ղեկավարում էր Մ. Խրիմյանը: Մ. Խրիմյանը, որը Հայաստանի ինքնավարության հարցում մեծ հույսեր էր կապում արևմտյան խոշոր տերությունների, մասնավորապես՝ Անգլիայի հետ, հանգում է այն համոզմունքին, որ Հայաստանը կարող է ազատագրվել միայն զինված ապստամբության միջոցով: Բեռլինի կոնգրեսը ճակատագրական նշանակություն ունեցավ Հայկական հարցի համար: Հայ ազատագրական շարժման գործիչները հուսախաբ լինելով դիվանագիտական ուղիներով այն լուծելու հեռանկարից, որդեգրեցին զինյալ պայքարի մարտավարությունը, որին անդամագրվեցին հայ ազատագրական խմբակներն ու քաղաքական կուսակցությունները:
Եզրակացություն. Հայկական հարցի միջազգանացման խնդիրը սերտորեն կապված է հայ ժողովրդի ազգային հարցերի հետ և դրա ուսումնասիրումը հատկապես արդիական է հայագիտության համար: Հայկական հարցի միջազգայնացման, Օսմանյան Թուրքիայի նկատմամբ մեծ տերությունների վերաբերմունքը, հայերի արտաքին քաղաքականության կողմնորոշումը բազմիցս դիտարկվել է պատմական հետազոտություններում: Ելնելով գաղափարական թելադրանքից, խորհրդային պատմագրությունը, հազվադեպ և բացառիկ դեպքերում է անդրադարձել հայկական հարցի միջազգայնացմանը՝ այն դիտարկելով կամ որպես Արևելյան հարցի երկրորդական օղակ, կամ օսմանյան իշխանությունների քաղաքականության շրջանակից դուրս: Խնդրո առարկայի լայն քննարկումը նպաստում է նրա արդարացի և օբյեկտիվ գանահատմանը:
Сюзанна Галоян
ГГУ, Факультет гуманитарных специальностей,
История Армении, магистрарура, 1-ый курс
научный руководитель доктор исторических наук,
профессор Арутюнян Гамлет
Интернационализация Армянского вопроса в Сан Стефано и на Берлинском конгрессе
Аннотация
Проблема интернационализации Армянского вопроса тесно связана с насущными национальными вопросами армянского народа, в силу чего история ее изучения особенно актуальна для арменоведения. Причины интернационализации Армянского вопроса, отношение великих держав к Османской Турции, внешнеполитическая ориентация армян неоднократно рассматривались в исторических исследованиях. Исходя из идеологического диктата, советская историография, за редкими исключениями, рассматривала интернализацию Армянского вопроса либо в качестве второстепенного звена Восточного вопроса, либо в отрыве от проводимой османскими властями политики. Широкое обсуждение рассматриваемой проблемы способствует ее правдивой и объективной оценке.
Syuzanna Galoyan
GSU, The Faculty of Humanities,
History of Armenia, master programs, 1 course
scientific director Doctor of Historical Sciences,
professor Harutyunyan Hamlet
The internationalization of the Armenian question in San Stefano and at the Congress of Berlin
Abstract
The issue of the internalization of the Armenian question is tightly connected with the current national issues of Armenian people. So, this study is very vital for the complex of Armenian studies. The reasons of the internalization of the Armenian question, the position of great powerful countries regarding Ottoman Turkey, external political orientation of Armenians were thoroughly observed in various historic researches. The Soviet historiography (here we must take into consideration the ideological conditions), with only some exceptions, used to observe the internalization of the Armenian question either as an issue in the context of Eastern question, or a separate issue of the policy, realized by Ottoman politicians. The thorough discussion of the problem supports greatly to discover the true sides and purposes of this task.
Գրականություն
Anahide TerMinassian La question arménienne, éditions paraenthèse, 1983, pp 59-62
W a l k e r C h. J.. Visions of Ararat. London–New York, 1977;
Грин Ф.. Армянский кризис и владычество турок (Сасунская резня) (Положение армян в Турции до вмешательства держав в 1895 году, с. 215, 234)
Ключников Ю., Сабанин А., Международная политика новейшего времени в договорах, нотах и декларациях, ч. 1, М., 1925, с. 222
Макколь М.. Ответственность Англии перед Арменией (Положение армян в Турции до вмешательства держав в 1895 году, с. 131-211).
Ролен М. Г. - Жекмен. Армения, армяне и трактаты. Положение армян в Турции до вмешательства держав в 1895 году, с. 1-128.
Թոփչյան Ե.. Երիտասարդ Թյուրքիան և հայերը, մասն 1, Թիֆլիս, 1909:
«Հայաստանը միջազգային դիվանագիտության և սովետական արտաքին քաղաքականության փաստաթղթերում» էջ 128
Անձնական տվյալներ՝
E-mail: [email protected]
Հեռ. 094 70 70 59 կամ 099 77 27 58
1 Ключников Ю., Сабанин А., Международная политика новейшего времени в договорах, нотах и декларациях, ч. 1, М., 1925, с. 222
2 М. Г. Ролен - Жекмен. Армения, армяне и трактаты. Положение армян в Турции до вмешательства держав в 1895 году, с. 1-128.
3 C h. J. W a l k e r. Visions of Ararat. London–New York, 1977;
4 С.С. Степанян. Армения в политике империалистической Германии Ереван, 1975.
5 «Հայաստանը միջազգային դիվանագիտության և սովետական արտաքին քաղաքականության փաստաթղթերում» էջ 128
6 Anahide TerMinassian La question arménienne, éditions paraenthèse, 1983, pp 59-62
7 М. Макколь. Ответственность Англии перед Арменией (Положение армян в Турции до вмешательства держав в 1895 году, с. 131-211).
8 Ф. Грин. Армянский кризис и владычество турок (Сасунская резня) (Положение армян в Турции до вмешательства держав в 1895 году, с. 215, 234)
9 Ե. Թոփչյան. Երիտասարդ Թյուրքիան և հայերը, մասն 1, Թիֆլիս, 1909:
7