Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին նվիրված միջոցառում
Բարև ձեզ, ողջունում եմ բոլորին, ովքեր հարկ են համարել և իրենց ժամանակը տրամադրել են այսօր այստեղ գտնվելուն: Իմ ուրախուփյունն այսօր կրկնապատիկ է քանզի այսօր հերթական անգամ անդրադառնում ենք Թումանյանի կյանքին ու թողած ժառանգությանը: Երեխաներն այսօրվան պատրաստվել և սպասել են մեծ ոգևորությամբ և ուրախությամբ:Բոլորին ուրախ և բարի ժամանց եմ մաղթում:Այսօրվա միջոցառումն ամբողջությամբ ողողված է Թումանյանի լեզվով ու մտքերով:
Հե՛յ, պարոննե՛ր, ականջ արեք Թափառական աշուղին, Սիրո՛ւն տիկնայք, ջահե՛լ տըղերք, Լա՛վ ուշ դըրեք իմ խաղին։ Մենք ամենքըս հյուր ենք կյանքում Մեր ծնընդյան փուչ օրից, Հերթով գալիս, անց ենք կենում Էս անցավոր աշխարհից։ Անց են կենում սեր ու խընդում, Գեղեցկություն, գանձ ու գահ, Մահը մերն է, մենք մահինը, Մարդու գործն է միշտ անմահ։ Գործն է անմահ, լա՛վ իմացեք, Որ խոսվում է դարեդար, Երնե՜կ նըրան, որ իր գործով Կապրի անվերջ, անդադար։ Չարն էլ է միշտ ապրում անմեռ, Անե՜ծք նըրա չար գործքին, Որդիդ լինի, թե հերն ու մեր, Թե մուրազով սիրած կին։ Ես լավության խոսքն եմ ասում, Որ ժըպտում է մեր սըրտին. | |
Ո՞վ չի սիրում, թեկուզ դուշման, Լավ արարքը, լավ մարդին։ | |
Բարի ողջույն հարգելի ու սիրելի հանդիսատեսներ:Այսոր մենք անչափ ուրախ ենք, որ առիթ ունենք հիշելու, մեծարելու մեր սիրելի անփոխարինելի, անկրկնելի Թումանյանին:
Բարև բոլորին, ովքեր այսօր մեզ հետ պիտի վայելեն, զգան ու իրենց ամենօրյա հոգսերն ու աշխատանքը քաղցրացնեն, հաճելի դարձնեն Թումանյանի շնչով ու հոգով:
Ողջունում ենք ձեզ, շնորհակալ ենք, որ չափսոսացիք ձեր թանկագին ժամանակից նվիրելու մեր հանդեսին որին բոլորս էլ սիրով ու հաճույքով ենք պատրաստվել:Այս փոքրիկ հանդեսն իսկապես չի կարող ամբողջությամբ բացահայտել Թումանյանին, բայց մենք ու դուք սիրելիներս առիթ կունենանք հպարտանալու և զգալու որ ունենք Թումանյան միշտ կենդանի և ՛ գրքերում, և՛ յուրաքանչյուրիս սրտի մի անկյունում:
Երկու դարի արանքում,
Երկու քարի արանքում,
Հոգնել եմ նոր ընկերի
Ու հին ցարի արանքում:
Ծով է իմ վիշտն անափ ու խոր,
Լիքն ակունքով հազարավոր.
Իմ զայրույթը լիքն է սիրով,
Իմ գիշերը` լիքն աստղերով:
Հին աշխարհքը ամեն օր
Հազար մարդ է մտնում նոր,
Հազար տարվան փորձն ու գործ
Սկսվում է ամեն օր:
Քանի՜ ձեռքից եմ վառվել,
Վառվել ու հուր եմ դառել,
Հուր եմ դառել, լույս տվել,
Լույս տալով եմ սպառվել:
Կանաչ, վիթխարի ընկուզենու տակ,
Իրենց հասակի կարգով, ծալպատակ,
Միասին բազմած,
Մի շըրջան կազմած,
Քեֆ էին անում
Եվ ուրախանում
Մեր հըսկա պապերն ու մեր հայրերը՝
Գյուղի տերերը։
Մենք, առույգ ու ժիր գեղջուկ մանուկներ,
Երեք դասընկեր,
Նըրանց առաջին գըլխաբաց կանգնած,
Ձեռքներըս խոնարհ սըրտներիս դըրած,
Զի՜լ, ուժեղ ձայնով նըրանց ըսպասում―
Տաղ էինք ասում։
Երբ զըվարթաձայն մեր երգը լըռեց,
Մըռայլ թամադեն բեխերն ոլորեց,
Նըրա հետ վերցրին լիք բաժակները
Բոլոր մեծերը
Ու մեզ օրհնեցին. ― «Ապրե՛ք, երեխե՛ք,
Բայց մեզ պես չապրեք...»
Ժամանակ անցավ, նրանք էլ անցան,
Զըվարթ երգերըս վըշտալի դարձան.
Ու ես հիշեցի մեր օրը լալիս,
Թե մեզ օրհնելիս
Ինչու ասացին. — «Ապրե՛ք, երեխե՛ք,
Բայց մեզ պես չապրեք...»
Խաղաղությո՜ւն ձեզ, մեր անբա՛խտ պապեր,
Ձեզ տանջող ցավը մե՛զ էլ է պատել։
Այժըմ, տըխրության թե քեֆի ժամին,
Մենք էլ՝ օրհնելիս մեր զավակներին՝
Ձեր խոսքն ենք ասում. ― «Ապրե՛ք, երեխե՛ք,
Բայց մեզ պես չապրեք...»
Գեղարվեստում ու կյանքում ամենաթանկն ու ամենաէականը պարզությունն է. Գրել կենդանի ու անկեղծ լեզվով: Դա էր Թումանյանի կարծիքով գրողի գլխավոր արժանիքը : Ամենամեծ ստեղծագործողն ինքը ժողովուրդն է՝ սկսած ամենահասարակ ու ամենից դժվար կյանքով ապրող գյուղացուց:Ահա հատված պոեմից, գյուղացու խոսք ով, հարյուր տարին բոլորած չի էլ հասցրել գոհանալ իր կյանքից:
11. Մեր ապրուստն ի՞նչ է.— մի կտոր չոր հաց,
Էն էլ հըրեն հա՜— երկընքից կախված։
Մի մարդ որ նըրա երեսը պահի՝
Նըրա ապրուստը ի՞նչ պետք է լինի...
Ես քեզ օրինակ։ Էս խոր ձորերում
Էս է չորս քսան տարիս լըրացավ,
Ոչ մի խնդություն տեսա իմ օրում,
Ոչ էլ մի անգամ աչքըս լիացավ։
Ամբողջ ամառը առանց տաքիլեթ
Պըտիտ եմ գալի էս ձորի միջին,
Կըռիվս եմ տալի հազար ցավի հետ
Ու չեմ կարենում—չեմ հասնում վերջին։
Վազներից էնքան օգուտ չի գալի,
Ինչ նրանց համար ես փող եմ տալի.
Գըլուխը քարը, գոնե փող լիներ,
Էլ ինչո՞ւ էսքան մարդ գանգատ կաներ։
12. Գողն էլ մի կըռնից, գելն էլ մյուս կըռնից,
Աչքըդ թեքեցիր—բանիդ տերը չես.
Քաշում են տանից, քաշում են դըռնից,
Ու չես իմանում որ կողմը թըռչես։
Թե տանուտերին գանգատ եմ գնում,
Բան չեմ վաստակում բացի դուշմանից.
Գողերի հետքը իր տունն է տանում,
Համեցե՛ք դիվան ուզիր սըրանից։
Նստեցնում է քեզ մի երկու բաժակ
Տաք ջուր խմեցնում կամ մի թաս օղի.
— Դու գնա, պա՛պի, միամիտ քընիր,
Ես աչքի լուսը կըհանեմ գողի...
Դարձել է աշխարքն, ա՛խպեր, առ ու փախ,
Սերը դարձել սուր ու ջուրը—արին,
Ոչ ամոթ ունի ուժեղը, ոչ վախ,
Վայը եկել է տարել տըկարին։
13. Լիրիկան թանկագին գոհար է նրա ադեցությունը հենց հղկվածության մեջ է,- նշում էր Թումանյանը: Թե բանաստեղծն ունի ուժեղ անհատականություն, նա էլ գույն է տալիս ժամանակին: Ամեն մի աշուղ իր ժամանակն ունի: Քչերն են հավերժական: Գրողը մնայուն, հավերժական գործեեր պիտի տա:
14. – Ո՞ւր գնացին ծաղիկները…
– Սո՛ւս, քնած են հողի տակ,
Տաք ծածկված ողջ ձմեռը
Ձյուն ծածկոցով սպիտակ։
Կգա գարնան արևն էլ հետ
Իր շողերով կենդանի,
Ձմռան սաստիկ ցրտերի հետ
Ձյուն ծածկոցը կտանի։
«Ելե՛ք, – կասի, – ի՛մ մանուկներ», –
Ու երբ նրանք իմանան,
Դուրս կհանեն գլխիկները,
Աչիկները կբանան։
15. — Ո՞ւր ես վազում
Այդպես արագ,
Ա՜յ դու կայտառ,
Սիրուն գետակ.
Կանգ առ, խաղանք
Էս ծառի տակ։
«Չէ՛, փոքրիկըս,
Գնամ պիտի.
Տե՛ս ջաղացը
Գյուղի մոտի,
Պետք է ուժ տամ,
Որ պըտըտի։
Ցածն էլ հովտում
Անուշահոտ
Ինձ են մնում
Ծաղիկ ու խոտ,
Հոգնած-ծարավ
Տավարն ու հոտ։
Սառն աղբյուրը
Բարձըր սարի
Դրանց համար
Է ինձ տալի
Իր զով ջուրը
Կըլկըլալի։
Իսկ կամուրջի
Տակն էլ որ գա,
Կա լվացքը
Պառավ կընկա,
Պետք է լվամ
Քանի լույս կա։
Դե՜, տեսնո՞ւմ ես,
Մնա՛ս բարով,
Ճամփաս ցանած
Հազար գործով.
Դադար չունեմ
Ես մինչև ծով»։
16. Ես ապրում էի մի փոքրիկ տան մեջ
Առատ ու անփույթ,
Աշխարհքն ինձ համար կըլոր էր անվերջ,
Կեղևը կապույտ։
Նըրանից հետո աչքըս բաց արի
Մի փոքրիկ բընում,
Տեսա՝ աշխարհքը հարդից է շինած,
Ու մայրս է շինում։
Մի օր էլ, բընից գըլուխս հանած,
Նայում եմ դես-դեն,
Տեսնեմ՝ աշխարհքը տերևից շինած,
Մեր բունը վըրեն։
Հիմի թըռչում եմ հեռո՜ւ, շատ հեռո՜ւ,
Ամեն տեղ գընում,
Բայց թե աշխարհքը ինչի՞ց է շինած—
Էլ չեմ հասկանում։
17.Երգ-Ա՜խ, ի՜նչ լավ են սարի վըրա
Անցնում օրերն, անո՜ւշ, անո՜ւշ,
Անըրջային, թեթևասահ
Ամպ ու հովերն անո՜ւշ, անո՜ւշ։
Ահա բացվեց թարմ առավոտ
Վարդ է թափում սարին-քարին,
Շաղ են շողում ծաղիկ ու խոտ,
Շընչում բուրմունք եդեմային։
Ա՜խ, ի՜նչ հեշտ են սարի վըրա
Սահում ժամերն անո՜ւշ, անո՜ւշ,
Շըվին փըչեց հովիվն ահա―
Աղջիկն ու սերն անո՜ւշ, անո՜ւշ։
18. Լեզվի խնդիրը, նշում էր Թումանյանը,- կարևոր և մեծ խնդիրներից մեկն է: Շատ քիչ բանում եմ էնպես համոզված, ինչպես լեզվի խնդրում: Պետք է ցույց տալ լեզվի իսկական ճանապարհը, էդ ճանապարհը հիմնավորել ժողովրդական լեզվով, և ոչ թե սարքովի, խեղճ լեզվով գրել: Մեր ժողովրդական բարբառները պարզ են ու հատու: Մարդ որքան մոտ լինի իր երկրին ու իր ժողովրդին, որքան շատ խորանա ժողովրդական ստեղծագործությանմեջ, այնքան ավելի մեծ է ու համամարդկային. Էդ ճանապարհով միայն գրողը կարող է համամարդկային գրականության մեջ տեղ ունենալ:
19. Հատված Թումանյանի մշակումից. Այստեղ ամեն տողի մեջ այնքան …. , ոգևորությամբ լեցուն մի հրաշալի խաղաղության կոչ՝ ողղված աշխարհի ամբարիշտներին:
20. Դավիթ կանչեց. — Մի՛ վախենաք, Ակա՛նջ արեք հալա դեռ ինձ։
Դուք ըռանչպար մարդիկ, ասավ, Զուրկ ու խավար, քաղցած ու մերկ, Հազար ու մի կըրակ ու ցավ, Հազար ու մի հոգսեր ունեք։
Ի՜նչ եք առել նետ ու աղեղ, Եկել թափել օտար դաշտեր. Չէ՞ որ մենք էլ ունենք տուն-տեղ, Մենք էլ ունենք մանուկ ու ծեր...
Ձանձրացե՞լ եք խաղաղ ու հաշտ Հողագործի օր ու կյանքից, Թե՞ զըզվել եք ձեր հանդ ու դաշտ, Ձեր հունձ ու փունջ, վար ու ցանքից...՞
Դարձե՛ք եկած ճանապարհով Ձեր հայրենի հողը Մըսրա. Բայց թե մին էլ զենք ու զոռով Վեր եք կացել դուք մեզ վըրա,
Հորում լինեն քառսուն գազ խոր Թե ջաղացի քարի տակին, — Կելնեն ձեր դեմ, ինչպես էսօր, Սասմա Դավիթ, Թուր-Կեծակին։
Էն ժամանակ աստված գիտի, Ով մեզանից կըլնի փոշման. Մե՞նք, որ կելնենք ահեղ մարտի, Թե՞ դուք, որ մեզ արիք դուշման։
21. Թումանյանն այնքան ջերմորեն էր վերաբեվում մանուկներին: Նա բազմաթիվ տողեր ունի նրանց համար՝ նրանց մասին գրված: Հեքիաթներ, հրաշալի պատումներ, որոնք ասես հենց փոքրիկ մանուկն է իր մտքում հորինել:ԵՎ զարմանալի չէ, քանզի տասը երեխաների հայր էր: Նրա կինը հաճախ էր բողոքում, թե բանաստեղծը շատ քիչ կամ էլ համարյա տանը չի լինում: Ահա, թե ինչպես էր կատակում Թումանյանը բարձրաձայն. :
22. Հայրիկը շատ հոգատար էր տասը երեխաներից ամեն մեկի հանդեպ: Երբ մեկը հիվանդանում էր՝ մոտենում էր, գրկում, գուրգուրում, տաքությունն իմանում, հետո հարցնում. : Երբ ասում էր՝ ոչինչ, բացականչում էր. : Գնում էր և վերադարձին հետը բերում էր նարինջ, Գանձակի խաղող կամ խնձոր:
23. Մի անգամ Թումանյանը իր 10- 12 տարեկան երկու զավակների հետ որոշում է գնալ որսի: Սպասում է, երբ երեխաները իրար հետ վիճում են, թե ով պետք է կրակի անառողջ ճնճղուկի վրա, նա հանդարտեցնում է զավակներին, ասելով.
- Հո միշտ սպանելու համար չեն գնում որսի: Զարմացած երեխաներն ու Թումանյանը շարունակում են շրջել ձորով: Նա զբոսանքն համեմում է բազմաթիվ զրույցներով, հետաքրքիր պատմություններով, թե որտեղ է առաջին անգամ եղջերու տեսել, որտեղ է վախեցել ու առաջին անգամ լողացել:
24. Ահա այսպես է անցկացել որսի օրը, մի հրաշալի էքսկուրսիա, ու թեև այդ պահին զավակները դեռ փոքր էին ու չէին հասկանում հայրիկին, տարիներ անց հիշվում է որպես մի անուշ քաղցրություն. ՈՒ էլ չեմ լսելու հորս ձայնը, էլ ոչ ոք չի արգելի ինձ սպանել, մենակ եմ ես հիմի, երբ էնքան դառն է ամեն ինչ ու ատում եմ ինձ՝ հիշելով, թե ինչպես դժգոհ մնացի հայրիկից, երբ ես ու եղբայրս 10-12 տարեկան էինք ու հայրս չէր սովորեցնում մեզ հրացան բռնել ու նշանի խփել, էն օրվանից դեսը ես որսորդ եմ տեսել ու լսել նրանց մասին, բայց ոչ մինը նրանցից չի ասել, թե սպանելուց բացի ինչի համար են գնում որսի:
25. Մի հավք զարկի ես մի օր.
Թըռա՜վ, գընաց վիրավոր։
Թըռչում է միշտ իմ մըտքում
Թևը արնոտ ու մոլոր։
26. Ի՞նչ կըլինի, ասա, գրիչ,
Ինձ էլ սիրես գոնե մի քիչ։
Ինչո՞ւ իմ մեծ քրոջ ձեռքին
Գրում ես միշտ վարժ ու կարգին.
Իսկ իմ ձեռքին խազմըզում ես
Սև ագռավի ճանկերի պես։
Ես քեզ վատ բան ի՞նչ եմ արել։
Եկ, խնդրում եմ՝ ինձ համար էլ
Գրի էնպես արագ-արագ,
Էնպես ուղիղ, սիրուն, բարակ։
Գրիչը լուռ լըսում, լըսում,
Ճըռճըռում է ու խազմըզում,
Բայց այս անգամ արդեն, կարծես,
Փոքրիկ ծըտի ճանկերի պես։
27. Վարպետ Բըզեզն ամռան մի օր
Դըպրոց բացեց մեծ ծառի տակ
Ու հավաքեց թիթեռ, ճանճ, բոռ,
Մըժեղ, մըրջյուն, մըլակ, մոծակ...
— Գիտե՞ք, ասավ, իմ փոքրիկներ,
Պիտի սովրեք, սովրեք անվերջ,
Որ իմանաք ինչ է ձեզ պետք,
Ինչ կա ձեր շուրջն ու կյանքի մեջ։
Պիտի սովրեք, սովրեք էնքան,
Մինչև դառնաք ինձ պես վարպետ։
Դե նըստեցեք հիմի հանդարտ,
Ինչ որ կասեմ՝ կըրկնեք ինձ հետ։
Ա. Անթառամ, Բ. Բարձմենակ.
Գ. Գաղտիկուռ, Դ. Դըդում...
Է՜յ, դու մորե՜խ, դեսն ականջ դիր,
Ի՞նչ ես էդտեղ կըտըրտում։
Ե. Երիցուկ, Զ. Զանազան,
Է. էշխըրտուկ, Ը. Ընկուզ...
Մի՛ աղմըկեք, հանաք հո չի՞.
Թիթե՛ռ, հանգի՛ստ, մոծակ, սո՛ւս։
Մի՛ խառնըվեք, չեմ սիրում ես
Էդպես աղմուկ, աղաղակ։
Թ. Թըրթընջուկ, Ժ. Ժախ ու բոխ,
Ի. Իշառվույտ, Լ. Լեղակ։
Խ. Խընձորուկ, Ծ. Ծիրան,
Կ. Կըռոթուկ, Հ. Հաղարջ...
― Տե՛ս, վարժապետ, էս մըլակին,
Ինձ ասում է՝ սարի արջ։
— Ա՛յ տղա, է՜յ, չեն հայհոյիլ։
Տըզզան հիմար անասուն...
Ձ. Ձըմերուկ, Ղ. Ղանձլամեր,
Ճ. Ճարճատուկ, Մ. Մասուր։
Դու, է՜յ ծըղրիդ, ո՞նց ես նըստել.
Գըլուխդ— ետ, մեջքըդ— դուրս։
Յ. Յունապի, Ն. Նունուֆար,
Շ. Շագանակ, Ո. Ողկույզ։
— Վա՜յ, էս ինչե՜ր կան՝ դասերում.
Ողկույզը ես շատ եմ սիրում...
— Իսկ ես կաղամբ կուտե՜մ, կուտե՜մ...
— Իսկ ես՝ ծիրան... — իսկ ես՝ կոտեմ...
Ձեզ չեն հարցնում՝ ի՛նչ կուտեք դուք
Քընաթաթախ՝ առտեհան։
Չ. Չինարի, Պ. Պատատուկ
Ջ. Ջըրկոտեմ, Ռ. Ռեհան։
Ս. Սերկևիլ, Վ. Վարդենի,
Տ. Տերեփուկ, Ց․ Ցաքի...
Ո՜ւհ, մարդ քարից պիտի լինի,
Ձեր մեջ գըլուխ կըճաքի։
Փ. Փըրփըրրուկ. Ք. Քարասոխ,
Օ. Օֆ, պըրծանք վերջապես...
Դե գնացեք, վաղը կգաք
Անգիր արած ջըրի պես։—
Ու հավաքած թիթեռ, ճանճ, բոռ,
Մըժեղ, մըրջյուն, մըլակ, մոծակ,
Վարպետ Բըզեզն՝ ամառն էսպես
Դաս էր տալիս մի ծառի տակ։
28. Էս աշխարհքում,
Մարդկանց շարքում
Ով կըլնի քեզ հավասար,
Ո՜վ քաջ Նազար։
Ինչպես ուրուր,
Կայծակ ու հուր,
Բարձր բերդից թռար հասար.
Ո՜վ քաջ Նազար։
Ահեղ վագրին
Արիր քո ձին,
Հեծար անցար դու սարեսար,
Ո՜վ Քաջ Նազար։
Մեզ փըրկեցիր,
Ազատեցիր,
Փառք ու պարծանք քեզ դարեդար,
Ո՜վ Քաջ Նազար։
29. Ես ձև չեմ մշակել,- նշում էր մեծ բանաստեղծը,- ու ձև չեմ ճանաչում: Ոգևորության թափն իրավունք չի տալիս ձև մշակելու: Գրելու ժամանակ չի կարելի ներշնչումը կանգնեցնել, կտրել՝ մտածելու, ձև փնտրելու: Երաժշտությունը քո մեջ պիտի ապրի: Ինքնուրույնությունը ամենաթանկ բանն է: Էականը բանստեղծության ոգին է և ոչ թե ձևը, գրելու եղանակը: Գրողն ականջ չպիտի դնի զանազան դասականների, տեսությունների,օրենքների. Նա իր ճամփան պիտի ունենա, իր ճամփով գնա՝ ազատ ու անկախ:
30. Ահա նույնպիսի ազատությամբ և անհատականությամբ էլ Թումանյանը օժտել է իր ստեղծագործությունների յուրաքանչյուր հերոսի: պոեմում հրաշալի է բանստեղծի, գրողի և իր մուսայի հետաքրքիր զրույցը, ստեղծագործողի ջանքերի չգնահատված լինելն ու հիասթափությունը: Ինչպես է կյանքն ստիպում փոխվել և պաշտել միայն փողն ու ուրիշ ոչինչ:
31. ― Քո կամքը լինի, ազա՜տ բանաստեղծ.
Ընտրի՛ր, ուր կուզես՝ երկինք թե երկիր,
Բայց միշտ, ամեն տեղ եղիր դու անկեղծ,
Մաքուր, սըրտալի քո ե՛րգը երգիր։
Կանգնի՛ր միշտ վերև,
Ու ինչպես արև՝
Նայի՛ր լուսավոր,
Պայծառ ու հըզոր,
Քո կոչումն է դա.
Եվ, ինձ հավատա՛,
Բոլոր գանձերը, գոհարներն անգին
Չարժեն կարճատև քո ներշընչանքին։
― Ա՛յ, դու սատանա՛, է՞լ կուզես խաբել,
Մեծ-մեծ խոսքերով աչքերըս կապել․
32. Ա՛յ, դու կեղծավո՛ր, սիրուն անպիտան.
Ես լավ եմ տեսնում այժըմ ամեն բան։
Դու ինձ ես մենակ միամիտ գըտել.
Հապա դե խոսիր ուրիշի մոտ էլ,
Ա՛յ, թեկուզ մեզ մոտ, հենց իմ կընկանը―
Ասա՛, թե մենակ փողը չի բանը․․․
Բայց ի՜նչ եմ ասում. հայոց գըրողը
Վաղուց է արդեն ճանաչել փողը.
Եվ երկար, երկար մեր ողջ հանճարով
Մըտածել ենք մենք դըժար օրերով,
Գըրողի պըսա՞կ,
Թե՞ փողի քըսակ․․․
Եվ լավ ենք վըճռել․․․
Դեհ, գընա՛, Մուսա՛.
Գըրադարանս շինում եմ կասսա,
Թըքում եմ և քեզ և քո պըսակին,
Երկըրպագում եմ փողի քըսակին։
«Փողի քըսա՜կը, փողի քըսա՜կը,
Բարձրացընում է մարդու հասակը,
Գեղեցկացնում է հըրեշ տըգեղին,
Սըրբագործում է գարշն ու աղտեղին։
Նըրա ուժն է՝ որ դարձընում է լոկ
Անասուններին հարգի ու խելոք,
Կույսին, զառամին մոտեցնում իրար,
Չարին, վաշխառվին շինում բարերար,
Պըճնում ճակատը լիրբ ավազակի,
Կանգնեցնում արձան անվախճան փառքի։
Նա է միշտ շարժում դատողի լեզուն,
Նա՛ է հասցընում աղոթքն աստըծուն,
Նըրա վըրա է աշխարքը կանգնած.
Նա մեր հոգին է, մեր երկրորդ աստված։
Պոետն էլ բընավ թե խոսել է վատ,
Տուժել է սաստիկ, զըղջացել է շատ,
Եվ այժըմ, ահա, խելքի է եկել,
Սկսել է նըրան օրհնություն երգել»։
Երգըս որ լըսեց իմ դըժբախտ Մուսան,
Իսկույն հավաքեց իր փասա-փուսան.
― Դե՛հ, մընաս բարյավ,
Անսի՛րտ, անիրա՛վ,
Ես էսքան տարի
Ինչ որ քեզ արի,
Բոլորն ուրացար,
Փողապաշտ դարձար․․․
33Լինե՜ր հեռու մի անկյուն,
Լինե՜ր մանկան արդար քուն,
Երազի մեջ երջանիկ,
Հաշտ ու խաղաղ մարդկություն։
34. Մեռա՜ն, մեռա՜ն … Եվ, ահա,
Խառնվել են կյանք ու մահ.
Չեմ հասկանում աշխարհքի
«Կան ու չկան» ես հիմա։
35. Հէ՜յ ագահ մարդ, հե՜յ անհոգ մարդ, միտքդ երկար, կյանքըդ կարճ,
Քանի՜ քանիսն անցան քեզ պես, քեզնից առաջ, քո առաջ.
Ի՜նչ են տարել նըրանք կյանքից, թե ի՛նչ տանես դու քեզ հետ,
Խաղաղ անցիր, ուրախ անցիր երկու օրվան էս ճամփեդ։
36. Մտերմիկ, չքնաղ զրույցներ ու հարաբերություններ իր պես հրաշալի անհատների հետ: Երեկոյան Թումանյանի մոտ էին Տերյանը և Մակինցյանը: Խոսում էին հայ գրկան լեզվի մասին: Նրանց զրույցները դառնում էին բուռն վիճաբանություն: Թումանյանը խոսում էր մեծ ոգևորությանբ ‹‹Երբ բոլոր հայերը միանան իրենց հայրենիքում, երբ ժողովուրդը ոտքի կանգնի, ուժեղանա էն ժամանակ մենք կունենանք հարուստ, ճկուն ու պարզ լեզու, ոչ թե բառերի հավաքածու: Լեզուն բառերի …… հո չի՞, լեզուն ո՛ճ է, ո՛ճ››: