Просмотр содержимого документа
«Խաղեր Նոր տարվա ուրախ ժամանցի համար»
Խաղեր Նոր տարվա ուրախ ժամանցի համար
Ամանորը բարձր տրամադրություն, խինդ ու ծիծաղ ապահովող հեքիաթային տոն է։ Հետաքրքիր խաղերը երեխաների տոնը կդարձնեն առավել հիշվող ու գեղեցիկ։
«Փչում ենք փաթիլների վրա»
Պատրաստեք մի մեծ սկուտեղ՝ վրան մանրացված սպիտակ թղթերով։ Երեխաներին ասեք, որ Ձմեռ Պապը սիրում է սառնամանիք ու ձյուն։ Առաջարկեք երեխաներին փչել սկուտեղի վրա այնպես, որպեսզի բոլոր փաթիլները թռչեն (կարելի է փչել հերթով կամ ամբողջ խմբով միասին)։
«Հավաքիր ձնագնդերը»
Գետնին լիքը ձնագնդեր են լցված (պատրաստված թղթից, սպիտակ կտորից կամ բամբակից)։ Երաժշտության ներքո երեխաներն իրենց մոտգի գեղեցիկ տուփերի մեջ պետք է արագորեն հավաքեն ձնագնդերը։ Կհաղթի նա, ով ավելի շատ փաթիլ կհավաքի։
Որպես խաղի շարունակություն կարելի է այդ ձնագնդերըերը նետել միմյանց վրա։
«Ձնագնդերը հասնում են նշանակետին»
Որպես նախորդ խաղի շարունակություն, կարելի է երեխաների դիպուկությունը ստուգել։ Դրա համար մի քանի քայլ հեռավորության վրա տեղադրում եք զամբյուղ կամ արկղ, իսկ փոքրիկները պետք է այդ հեռավորությունից ձնագնդերը նետեն տարաների մեջ։
«Տոնածառեր»
Երեխաներն իրար ձեռք բռնած շրջան են կազմում։ Երեխաներին պատմեք, որ տոնածառները լինում են բարձր և կարճ, լայն և նեղ։ Երբ դուք ասում եք «բարձր տոնածառ», փոքրիկները պետք է ձեռքերը վեր բարձրացնեն, երբ ասում եք «կարճ տոնածառ», փոքրիկները կքանստում են, «լայն տոնածառի» դեպքում պետք է առանց միմյանց ձեռքերը բաց թողնելու մեկ քայլ հետ գնան՝ լայնացնելով շրջանը, իսկ «նեղ տոնածառի» դեպքում՝ հակառակը (մեկ քայլ առաջ)։ Երբ երեխաները խաղի կանոնները լավ յուրացնեն, կարելի է երեխաներին շփոթեցնել խաղի ընթացքում։
«Ծիծաղիր-ծիծաղիր»
Ձմեռ Պապիկը սիրում է, երբ երեխաները ծիծաղում են։ Դուք փուչիկը նետում եք օդ և երեխաները պետք է ծիծաղեն այնքան, քանի դեռ փուչիկն օդում է։ Հենց փուչիկը դիպչի գետնին, ծիծաղը պետք է դադարի։ Խաղից դուրս է մնում այն մասնակիցը, ով չի կարողանում դադարեցնել ծիծաղը։
«Բռնիր ձնագնդերը»
Երեխաները բաժանվում են զույգերի։ Նրանցից մեկի ձեռքը զաբյուղ է (փոքրիկ տուփ կամ դույլ), իսկ մյուսի մոտ՝ պարկի մեջ լցված ձնագնդեր (պատրաստված ճմրթած թղթերից կամ բամբակից)։ Յուրաքանչյուր երեխա իր զույգին նետում է ձնագունդը, իսկ նրա ընկերը պետք է փորձի այն բռնել իր զամբյուղով։ Եթե ձնագունդը զամբյուղի կողքով է անցնում, ուրեմն այլևս այն խաղի մեջ չէ։ Հաղթում է այն զույգը, ով ավելի շատ ձնագունդ է հավաքել (որոշակի ժամանակահատվածում, օրինակ որևէ երաժշտության ներքո)։
«Գտիր ձմռան վերաբերող բառերը»
Երեխաների մոտ արտասանեք խառը բառեր։ Երեխաները պետք է ծափ տան, երբ լսեն ձմռան վերաբերող բառեր (օրինակ՝ ձյուն, երկուշաբթի, տոնածառ, ծով, սահնակ, Ձմեռ Պապ, աշնանային տերևներ, ձնեմարդ, դելֆին, սառույց, փաթիլ, մկրատ և այլն)։