Просмотр содержимого документа
«Ներառական կրթություն իրականացնող դպրոցի մոդել»
Ներառական կրթություն իրականացնող դպրոցի մոդել:
Ներառական կրթություն իրականացնող դպրոցները պետք է ունենան ֆիզիկական համարեցվածութան հետևյալ չափանիշները`
1. Թեքահարթակների առկայություն-արտաշենքային և շենքի ներսում:
2. Սանհանգույցների հարմարեցվածություն:
3. Սննդի կազմակերպման վայրի առկայություն: ԿԱՊԿՈՒ երեխաներից ոմանք կարիք ունեն կանոնավոր սննդի և դեղորայքի ընդունման, ինչն անհնար է կազմակերպել առանց բուֆետի առկայության:
4. Սպորտդահլիճի հարմարեցվածություն:
5. Դասասենյակների հարմարեցվածություն` համապատասխան սեղան-աթոռների, լայն փեղկով դռների առկայություն և այլն:
Ներառական կրթություն իրականացնող դպրոցը պետք է ունենա այլ նյութատեխնիկական պայմաններ ևս` այն իր մեջ բովանդակում է սկսած անհատական կրթության կազմակերպման համար տեխնիկական հարմարանքներից, վերականգնողական կաբինետներից մինչև սանիտարահիգիենիկ և տնտեսակենցաղային սպասարկման միջոցներ, որոնք ձեռք են բերվում ըստ օրենքի պետական ֆինանսավորմամբ և օրենքով չարգելված այլ միջոցներով: Դպրոցներին նյութատեխնիկական բազան համալրելու հարցում աջակցություն են ցուցաբերում ԲՀՄ գնահատման կենտրոնը, որը տրամադրում է մեթոդաբանական ձեռնարկներ, տարբեր միջազգային և հասարակական կազմակերպություններ, որոնք հիմնականում օգնում են դպրոցներին ձեռք բերել ժամանակակից դիդակտիկ նյութեր և պարագաներ: Դպրոցները ունենում են ռեսուրս սենյակներ: Մանկավարժներն ու բազմամասնագիտական թիմի անդամներն առանձնացրել են նյութատեխնիկական բազայի համալրման երկու ուղղություն:
1. Բազմամասնագիտական թիմի տարբեր անդամների, մասնավորապես՝ հոգեբանի կամ լոգոպեդի համար ցանկալի է ունենալ առանձնասենյակ՝ երեխայի հետ առանձին աշխատելու նպատակով: Ընդհանուր ռեսուրս սենյակը նման հնարավորություն չի ընձեռնում:
2. Դիդակտիկ նյութերը կարիք ունեն թարմացման: ԿԱՊԿՈՒ երեխաների հետ աշխատանքը հիմնականում տարվում է խաղերի միջոցով, որոնցից երեխաները շատ շուտ ձանձրանում են: Նոր դիդակտիկ նյութերը կօգնեն առավել արդյունավետ կազմակերպել երեխաների հետ անհատական աշխատանքը:
Ներառական կրթության կազմակերպման կարևորագույն օղակը բազմամասնագիտական թիմն է, որը պատասխանատու է անհատական ուսումնական պլանների կազմման, երեխաների հետ ընթացիկ ամենօրյա աշխատանքների իրականցման, առաջընթացի ապահովման, ԿԱՊԿՈՒ երեխաների ծնողների և առարկայական ուսուցիչների հետ արդյունավետ համագործակցային հարաբերությունների ստեղծման համար: