Մանկավարժական տեխնոլոգիաներ
Տեխնոլոգիան հունարեն բառ է, որ նշանակում է գիտություն արվեստի և վարպետության մասին։
Մանկավարժական տեխնոլոգիան դասավանդողի գործողությունների հաջորդական համակարգն է, որի նպատակը մանկավարժական այս կամ այն խնդրի լուծումն է կամ էլ, որպես նախօրոք պլանավորված, համակարգված և հաջորդական գործընթացի վերարտադրություն և իրականացում։
«Մանկավարժական տեխնոլոգիա» հասկացությունը ուսուցման և դաստիարակության ոլորտում կիրառվող աշխատանքի ձևերի ամբողջությունն է։
Մանկավարժական տեխնոլոգիաների ձևեր
Մանկավարժական տեխնոլոգիաներն ունեն դրսևորման երկու ձև․ մի դեպքում դրանք բխում են տեսությունից, մյուս դեպքում ՝ սկիզբ են առնում պրակտիկայից։ Ուսուցման տեխնոլոգիաների հաջորդականություն է մշակել չեխ մանկավարժ-հումանիստ Յան Ամոս Կոմենսկին։
հստակ նախատեսված նպատակներ
այդ նպատակներին հասնելու հստակ միջոցներ
որոշակի կայուն կանոններ, թե ինչպես կիրառել այդ միջոցները դրված նպատակներին հասնելու համար
Մանկավարժական տեխնոլոգիները բնութագրվում են մի շարք հատկանիշներով․
ուսուցման և դաստիարակության հստակ, հաջորդական մանկավարժական և դիդակտիկական սկզբունքներով մշակված նպատակների առկայություն
յուրացման ենթակա նյութի կամ տեղեկատվության կառուցում, խտացում և համակարգում
դիդակտիկան, տեխնիկան, այդ թվում նաև համակարգչային միջոցների համակարգված կիրառություն ուսուցման և ստուգման գործընթացում
ուսուցման և դաստիարակության ախտորոշիչ գործառույթի ընդգծում
Անհրաժեշտ է տարբերել մանկավարժական տեխնոլոգիաները ուսուցման մեթոդիկայից։
Մանկավարժության տեխնոլոգիաները կարողանում են ուսուցման և դաստիարակության գործընթացը վերարտադրել, խաղարկել և դրա հետ միասին երաշխավորել ուսումնադաստիարակչական աշխատանքների կամ մանկավարժական խնդիրների լուծման բարձր որակ։ Ժամանակակից դիդակտիկայում կան տարաբնույթ տեխնոլոգիաներ, քանի որ յուրաքանչյուր հեղինակ և դասավանդող մանկավարժական գործընթացի մեջ ներմուծում է ինչ-որ նոր և անհատական գիծ։ Սակայն բազմաթիվ նմանություններից և ընդհանուր հատկանիշներից ելնելով ՝ առանձնացնում են տեխնոլոգիաների հետևյալ տեսակները․
ըստ կիրառման մակարդակի․ ընդհանուր մանկավարժական, մասնավոր մեթոդոլոգիական (առարկայական) և լոկալ կամ տեղայնացված (մոդուլային)
ըստ փիլիսոփայական հիմնավորման․ գիտական և կրոնական, մարդասիրական և բռնապետական
ըստ փորձի յուրացման գիտական հայեցակարգի․ զարգացնող, զուգորդական-ռեֆլեկտորային
ըստ անհատական կառուցվածքի կողմնորոշման․ տեղեկատվական (գիտելիքի, կարողությունների և հմտությունների ձևավորում), գործառնական (մտածողական գործողությունների ձևավորման միջոցներ), փորձարարական (ստեղծագործական կարողությունների զարգացում), կիրառական (գործնական-պրակտիկ ոլորտի ձևավորում)
ըստ յուրացման ավանդական համակարգի արդիականացման բնույթի․ սովորողների գործունեության ակտիվացում և խթանում, ուսոջցիչ-աշակերտ հարաբերությունների ժողովրդավարական և մարդասիրական մոտեցման ներդնում, ուսումնական նյութի ակնառու-դիդակտիկական վերափոխում։
Մանկավարժական տեխնոլոգիաները դասակարվում են նաև ըստ գերակշռող հատկանիշ ունեցող նպատակների և գերխնդիրների, ըստ ուսուցման կազմակերպման գործադրվող ձևի, ըստ գերակշռող մեթոդների, որոնք առավել շատ են գործածվում։
Յուրաքանչյուր տեխնոլոգիայի կիրառման դեպքում պետք է հետևել․
դրա գործադրման մակարդակին
գիտելիքների յուրացման առաջատար հայեցակարգին
կրթության բովանդակության առանձնահատկությանը
սովորողների որակի հատկանիշներին
ուսուցման կազմակերպման գերակշռող մեթոդներին
փիլիսոփայական հիմնավորմանը։