Ուսուցչի գործը մարդկային աշխատանքի ամենադժվար բնագավառներից է, նամանավանդ, երբ աշխատանքը տարվում է խոցելի խմբի երեխաների հետ: Այս դեպքում պարտականությունները կրկնապատվում են: Ներառական կրթություն իրականացնող ուսուցիչը պետք է ունենա հետևյալ մասնագիտական որակներն ու արժեքները`
Տեսական գիտելիքները գործնականում կիրառելու կարողություն
Համբերատարություն և երեխայակենտրոն մոտեցումների տիրապետում
Գերազանց հաղորդակցություն և միջանձնային հարաբերություններ հաշմանդամություն ունեցող կամ կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված շահառու երեխաների հետ արդյունավետ աշխատանքի համար
Թերապևտիկ դիդակտիկ մեթոդներ և օժանդակող միջոցներ կիրառելու հմտություն՝ խթանելու երեխայի՝ առօրյա գործողություններ կատարելու կարողությունները
Բազմամասնագիտական թիմի և մասնագետների հետ համագործակցության կարողություն
Ներառական տեսանկյունից խնամքի և կրթական համակարգի մասին պատկերացում
Պրակտիկայում կիրառվող էթիկական նորմերի պահպանում
Խնդիրների լուծման և որոշումների կայացման հմտությունների կիրառում
Խնդրահարույց իրավիճակներում ճիշտ և արդյունավետ լուծումների կայացման, երեխաների վստահությունն ու սերը նվաճելու կարողություն, բարձր հուզակամայնություն:
Ուսուցչի առաջնային խնդիրը պետք է լինի` նպաստել հաշմանդամություն ունեցող երեխաների կարողությունների, ինքնուրույնության հմտությունների զարգացմանն ու հասարակությունում ներառմանը, աջակցել ծնողներին՝ նպաստելով ընտանիքների ամրապնդմանը, մոբիլիզացնել շահագրգիռ կառույցներին՝ հաշմանդամություն ունեցող երեխաների համար որակյալ ծառայությունների մատուցումը խթանելու նպատակով: Աշխատանքներն ուղղված պետք է լինեն զարգացնելու երեխաների հոգեկան իմացական պրոցեսները, մանր մոտորիկան, կառուցողական հմտություններ, գրելու և կարդալու կարողությունները, ինքնասպասարկման հմտությունները և այլն: Իսկ գլխավոր և վերջնական նպատակը, դա հաշմանդամություն ունեցող անձի մաքսիմալ ինքնուրույնությանը և սոցիալիզացիային հասնելն է: Չմոռանանք ուսուցչի պարտականությունների մասին`
Համագործակցելով դպրոցի բազմամասնագիտական թիմի հետ՝ յուրաքանչյուր երեխայի համար մշակել անհատական զարգացման պլան, հետևել և փաստաթղթավորել երեխայի զարգացումը
Յուրաքանչյուր երեխայի համար մշակել վերականգնողական ծրագիր, կատարել անհատական, իսկ անհրաժեշտության դեպքում խմբային աշխատանք՝ կիրառելով դիդակտիկ նյութեր, օժանդակող միջոցներ և այլ մեթոդներ, զարգացնել և/կամ վերականգնել երեխաների ճանաչողական ֆունկցիաները, ինչպես նաև ուշադրության, հիշողության, ժամանակային և տարածքային ընկալման հետ կապված ֆունկցիաները
Անհրաժեշտության դեպքում դիտարկել յուրաքանչյուր սովորողի հետ ուսուցչի աշխատանքը, իրազեկել երեխայի խնդրի վերաբերյալ մյուս դասավանդողներին
Կապ հաստատել դպրոցի ուսուցիչների և ծնողների հետ և նախապես կազմած աշխատանքային մեթոդների համաձայն՝ երեխային ներգրավել արդյունավետ կրթական գործընթացներում
Համագործակցել երեխայի ծնողների հետ, անհրաժեշտության դեպքում խթանել վերջիններիս մասնակցությունը կատարվող աշխատանքին, զարգացնել ծնողների՝ երեխայի հետ տանը ճիշտ աշխատելու ունակությունները
Անհրաժեշտության և/կամ երեխայի հաճախակի բացակայությունների դեպքում սոցիալական աշխատողի հետ կատարել տնայցեր
Սերտորեն աշխատել բազմամասնագիտական թիմի հետ, փոխանակել մասնագիտական հմտություններ, միասին քննարկել յուրաքանչյուր երեխային անհրաժեշտ անհատական մոտեցումները, մյուս մասնագետներին տրամադրել մասնագիտական խորհրդատվություն
Մասնակցել ծրագրային նյութերի մշակման աշխատանքներին` նպաստելով հասարակությունում ներառական մոտեցման ընկալմանը
Պատրաստակամ լինել զարգացնելու մասնագիտական կարողությունները՝ մասնակցելով մասնագիտական առաջընթացը խթանող հանդիպումներին և/կամ դասընթացներին: