Նամակի կառուցվածքը
ԱՌԱՐԿԱ՝ ՄԱՅՐԵՆԻ
ԴԱՍԱՐԱՆ՝ 5-ՐԴ
ԿԱԶՄԵՑ՝ Ժ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ
ՆԱՄԱԿԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՍԿԻԶԲ
Սկիզբ: Թղթի վերին մասում՝ գրեթե կենտրոնում, գրվում է այն մարդու անունը, որին ուղղված է նամակը: Այդ անվան կողքին դրվում է մտերմական կամ հարգական բառ (կամ արտահայտություն):
Օրինակ` այսպես ենք գրում`
Ոչ մտերիմներին կամ պաշտոնյաներին՝
Հարգելի´ ընկ. Մարտիրոսյան
Հարգարժա´ն տիկին Սողոմոնյան
Մեծարգո՛ պարոն Գաբրիելյան
Մտերիմներին`
Սիրելի´ մայրիկ
Թանկագի´ն պապիկ
Հայկուհի՛ ջան
ՀԻՇԻ՛Ր
- Ճիշտ չէ միասին գործածել «սիրելի»-ն և «ջան»-ը:
- Մեկ տող թողնելով անցնում ենք հիմնական բովանդակային մասին:
ՀԻՄՆԱԿԱՆ ՄԱՍ
Հիմնական մաս: Այստեղ շարադրվում են նամակ գրելու շարժառիթները (ինչ նպատակով, առիթով, պատճառով է գրվում նամակը): Եթե տվյալ նամակը ստացածի պատասխանն է, ապա նախ պետք է նշել այսինչ թվակիր նամակը ստանալու մասին:
Օրինակ` «Ուրախությամբ ստացա, մարտի 7-ի նամակդ»:
Կամ «Ստացանք 2006 թ., ապրիլի 23-ին, Ձեր գրած նամակը, և ցավով տեղեկացանք, որ…»:
Ի պատասխան Ձեր վերջին` 15.10.2004 թվակիր նամակի` հայտնում եմ, որ…»:
- Ինչպես նկատում եք, անձնական և պաշտոնական նամակներում այդ ձևակերպումները տարբեր են լինում:
- Սեղմ և հստակ շարադրվում է բուն ասելիքը:
- Անձնական նամակն ավելի ազատ և ավելի անկաշկանդ է լինում: Մտերիմներին գրում են այնպես, ինչպես որ առհասարակ խոսում են նրանց հետ: Այդ նամակը պիտի գրված լինի բնական և անկաշկանդ լեզվով: Այդպիսի նամակի մեջ նաև խոսակցական բառեր և արտահայտություններ կարող են գործածվել:
ՎԵՐՋ
Վերջ: Նամակի վերջում սովորաբար գրվում են ջերմ, բարեկամական և հարգալից վերաբերմունք արտահայտող բառեր և նամակագրի անունը:
Ոչ մտերիմներին՝
Հարգանքով` Աշոտ
Խորին հարգանքով` Ձեր ուսանողներ
Հարգանքներով` Անահիտ Մուշեղյան
Ձեր` Գևորգ
Մտերիմներին՝
Սիրով` Գայանե
Համբույրներով` տատիկ և պապիկ
Սրտագին մաղթանքներով` Արսեն
Քո` Հասմիկ
Հետո ստորագրում են, ընթեռնելի ձևով գրում անունը (մտերիմներին ուղղված նամակում), կամ անուն-ազգանունը (ոչ մտերիմներին ուղղված նամակում):
Նամակը կարող է լինել թե´ ձեռագիր, թե´ մեքենագիր: Հատկապես վերջին դեպքում ստորագրելը կամ անունը (անուն-ազգանունը) գրելը պարտադիր է: Դա ոչ միայն հարգանքի նշան է, այլև նամակին հավաստիություն հաղորդող պայման:
Նամակի վերջում` ձախ անկյունում, նշում են, թե ե´րբ և ո´րտեղ է գրվել նամակը:
Օրինակ` 5.01.2010թ., Երևան (առանց վերջակետի):
կամ էլ այսպես` 5-ը հունվարի 2006 թ.
Երևան
- Ընդունելի է ամսաթիվը և նամակը գրելու տեղը նշել նամակի սկզբում` վերևի աջ անկյունում:
- Նամակագիրը հաճախ նամակն ավարտելուց հետո որևէ բան է հիշում և ուզում է ավելացնել: Մեկ տող բաց է թողնում և գրում
Հ. Գ. (նշանակում է «հետգրություն», այսինքն` գրությունից` նամակից հետո) ապա` ասելիքը: Որոշ դեպքերում գրում են լատիներեն տառերով` P.S. (postcriptum «հետգրություն»):
- Բարեկիրթ մարդու նամակը գրված պիտի լինի խնամքով և կոկիկ:
Դա հասցեատիրոջ նկատմամբ հարգալից վերաբերմունքի դրսևորում է:
- Պետք է իմանալ նաև, որ ծրարի վրա ավելորդ բաներ չեն գրում և չեն նկարում:
ԱԲՐԱՀԱՄ ԼԻՆՔՈԼՆԻ ՆԱՄԱԿԸ՝ ՈՒՂՂՎԱԾ ԻՐ ՏՂԱՅԻ ՈՒՍՈՒՑՉԻՆ
Աբրահամ Լինքոլնը Ամերիկայի Միացյալ Նահանգների 16-րդ նախագահն էր: Այդ երկրի ողջ պատմության մեջ ամերիկացիները բոլոր նախագահների շարքում ամենից շատ հիշում ու սիրում են հենց նրան: Լինքոլնը ԱՄՆ ազգային հերոս է, նրա հետ է կապվում ստրկատիրական համակարգի վերացումը և Սպիտակ տանը միասնության ու ազնվության մթնոլորտի հաստատումը:Աբրահամ Լինքոլնն ուներ չորս տղա, որոնցից երեքը, սակայն, չհասան անգամ չափահասության տարիքի՝ մահանալով թոքախտից և տիֆից 4, 11 և 18 տարեկանում: Եվ միայն Աբրահամ Լինքոլնի ավագ որդին՝ Ռոբերտը ապրեց մինչև 82 տարեկան ու հասավ մասնագիտական մեծ նվաճումների` իրավագիտության ու քաղաքագիտության ոլորտում:
ԱԲՐԱՀԱՄ ԼԻՆՔՈԼՆԻ ՆԱՄԱԿԸ՝ ՈՒՂՂՎԱԾ ԻՐ ՏՂԱՅԻ ՈՒՍՈՒՑՉԻՆ
1855 թ. Աբրահամ Լինքոլնը գրել է իր հայտնի նամակը՝ ուղղված որդու ուսուցչին: Ամենայն հավանականությամբ նամակն ուղղված է եղել նախագահի սիրելիի` Ուիլյամի ուսուցչին: Ուիլյամը ցավոք մահացավ 11 տարեկանում և չկարողացավ իրագործել հոր պատգամները:
Լինքոլն իր նամակում խոսում է չափազանց կարևոր բաների մասին, որոնց նշանակության մասին մենք սովորաբար մոռանում ենք երեխաների կրթական գործընթացի ընթացքում:
ԱԲՐԱՀԱՄ ԼԻՆՔՈԼՆԻ ՆԱՄԱԿԸ՝ ՈՒՂՂՎԱԾ ԻՐ ՏՂԱՅԻ ՈՒՍՈՒՑՉԻՆ
«… Ես հասկանում եմ, որ նա պետք է իմանա, որ բոլոր մարդիկ արդար չեն, բոլորը անկեղծ չեն: Բայց սովորեցրեք նրան նաև այն, որ յուրաքանչյուր սրիկայի կողքին կա նաև հերոս, որ յուրաքանչյուր եսասեր քաղաքական գործչի դիմաց կգտնվի նաև նվիրված առաջնորդ:
Սովորեցրեք նրան այն, որ եթե կա թշնամի, կգտնվի նաև ընկեր: Ես գիտեմ, դրա համար ժամանակ կպահանջվի, բայց եթե կարող եք, սովորեցրեք նրան, որ վաստակած մեկ դոլարը շատ ավելի արժեքավոր է, քան գտած հինգը:
Սովորեցրեք նրան կարողանալ պարտվել, ինչպես նաև վայելել հաղթանակները: Եթե կարող եք, հեռու պահեք նրան նախանձից, սովորեցրեք ոչ բարձր ծիծաղելի գաղտնիքը: Օգնեք նրան հասկանալ, որ մեծամիտներին ու գոռոզներին հաղթելը ամենահեշտ գործն է: Եթե կարող եք, սովորեցրեք նրան հետաքրքրվել գրքերով:
Տվեք նրան նաև ազատ ժամանակ, որ նա կարողանա մտորել հավերժ գաղտնիքների` երկնքի թռչունների, արևի շողերի մեջ թռչող մեղուների և բլուրների կանաչ լանջերին ծաղկող ծաղիկների մասին:
Սովորեցրեք նրան դպրոցում, որ անհաջողություն կրելը շատ ավելի պատվաբեր Է, քան խարդախության դիմելը : Սովորեցրեք նրան վստահել իր սեփական մտքերին, եթե նույնիսկ ինչ-որ մեկն ասում է, որ ինքը սխալվում է: Սովորեցրեք նրան մեղմ լինել մեղմ մարդկանց հետ և լինել դաժան՝ դաժանների հետ:
Փորձեք տղայիս ուժ տալ, որպեսզի նա չհետևի ամբոխին, երբ բոլորը հարում են հաղթած կողմին: Սովորեցրեք նրան լսել բոլոր մարդկանց, բայց սովորեցրեք նրան նաև, որ այն, որ իր լսածը ճշմարտության տեսանկյունից դիտարկի և վերցնի միայն լավը:
Սովորեցրեք նրան, որ արցունքների մեջ ոչ մի ամոթ բան չկա: Եթե կարող եք, ապա սովորեցրեք ծիծաղել տխրության մեջ: Սովորեցրեք նրան ծիծաղել ցինիկների վրա և զգուշանալ բոլորին չափից շատ հաճոյանալուց:
Սովորեցրեք նրան իր ուղեղն ու մկանների ուժը վաճառել ամենաբարձր գնով, բայց երբեք վաճառքի չհանել ոչ սիրտը, ոչ էլ՝ հոգին: Սովորեցրեք նրան չլսել ոռնացող ամբոխին, այլ կանգնել և պայքարել, եթե կարծում է, որ ինքը ճիշտ է:
Նրա հանդեպ մեղմ վարվեք, բայց առանց ավելորդ քնքշության, որովհետև միայն կրակի միջով անցնելու փորձությունից հետո են բացահայտվում պողպատի լավագույն հատկանիշները:
Թույլ տվեք նրան քաջ լինել, որպեսզի նա դառնա անհանդուրժող վատ բաների հանդեպ: Թույլ տվեք, որ նա համբերատար լինի, որպեսզի դառնա խիզախ:
Սովորեցրեք նրան հավատալ ինքն իրեն, որովհետև այդ դեպքում նա միշտ հավատ կունենա մարդկության հանդեպ:
Սա հեշտ գործ չէ, բայց տեսեք, թե ինչ կարող եք անել… Իմ տղան այնքան լավն է: