СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ
Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно
Скидки до 50 % на комплекты
только до
Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой
Организационный момент
Проверка знаний
Объяснение материала
Закрепление изученного
Итоги урока
Վահան Տերյան
Վահան Տերյանը ծնվել է 1885 թվականի հունվարի 28-ին (նոր տոմարով՝ փետրվարի 9) Գանձա գյուղում և եղել է Տեր Սուքիասի ու Յուղաբերի տասներկուերորդ երեխան. ծնողները կորցրել էին չորսին, կենդանի մնացածներից չորսն աղջիկ էին (Աշխեն, Թագուհի, Նախշուն, Հեղինե), չորսը՝ տղա (Ղազար, Արամ, Ներսես, Վահան)։ Վահանը եղել է տղաներից ամենափոքր։ Նրա ծննդյան մասին Գանձա գյուղի Ս. Կարապետ եկեղեցու «մետրիկական» մատյանում գրվել է. «յօրինաւոր ամուսնութենէ Սուքիաս քահանայի Տեր-Գրիգորեան ընդ Իւղաբերի Գրիգորեան ծնեալ է ուստր ի քսանութն հունվարի հազար ութն հարիւրութսունհինգ ամի (1885 ամի) և մկրտեալյ 2 փետրվարի նոյն ամի ի ձեռն Արիստակես քահանայի Դիւգերեանց՝ անուանեալ է Վահան, կնքահայրն լեալ է Փիլիպոս Ղունկիանոսեան Կիւրգեանց»։1885 թվականից մինչև 1897 թվականը Վահան Տերյանն ապրել է Գանձայում. հայրենի բնությունը շրջապատող միջավայրն իրենց նշանակալի դեր են ունեցել ապագա գրողի ձևավորման մեջ. 1914 թվականին Նվարդ Թումանյանին ուղղված նամակում Տերյանը գրել է.
«Ահա մեր սարերն էլ այսօր մշուշով են պատել իրենց բարձր գլուխները, որովհետև իմ սիրտը տխուր է։ Այո, ես այդպես եմ կարծում... Սեղանս զարդարված է այդ կապույտ ու կանաչ սարերի վայրի, քնքուշ ծաղիկներով և մեր պայծառ դաշտերի ծաղիկներով... Ահա մեր սարերը լա՜յն ու բաց, տեսնո՞ւմ ես որքան ծաղիկ կա այստեղ – ահա այդպես լայն ու բաց է և իմ սիրտը և այնտեղ ավելի շատ ծաղիկներ կան քեզ համար, քան այս սարերում բարձր և դաշտերում լայն, որովհետև ես այս սարերի զավակն եմ և այս դաշտերի մանուկը»:
Վահան Տերյանն սկզբնական կրթությունն ստացել է տանը՝ «հոր անմիջական մասնակցությամբ», որը եղել է «զանազան առակների, դեպքերի ու մանկական հեքիաթների հմուտ պատմող»։ Շուտով գյուղում դպրոց է բացվել, որտեղ դասավանդել է Ներսիսյան դպրոցի շրջանավարտ Աղասի Հովվյանցը. Վահան Տերյանի եղբայրները հաճախել են դպրոց, նա տարիքի պատչառով չի ընդունվել դպրոց, սակայն հաճախ է գնացել այնտեղ և սովորել է գրել ու կարդալ։ Վահան Տերյանը պաշտոնապես դպրոց է ընդունվել Հովվյանցի հեռանալուց հետո, և նրա առաջին ուսուցիչը եղել է Խեչոյանը (համեստ, իր գործն իմացող ու բարեխիղճ)։ Նրան հաջորդել է Հովհաննիսյան «խելառ վարժապետը» մի կատարյալ հրեշ է եղել աշակերտների համար, և Վահանին դժվարությամբ են դպրոց ուղարկել»։
Վահան Տերյանին հայրը դպրոց է ուղարկել Լազարյան ճեմարանի ընդունելության քննություններին նախապատրաստվելու համար, քանի որ հայրը երազում էր, որ որդին ընունվի այդ ուսումնական հաստատություն։ Եղբայրը՝ Ղազարը, պատմելով Վահան Տերյանի մանկության մասին, գրել է.
«Վահանը եղբայրներիցս ամենափոքրն էր, դրա համար էլ տան ամենասիրելին ու երես տվածը։ Սակայն, չնայելով դրան, նա շատ սուսիկ տղա էր ու չէր օգտվում իր արտոնյալ դրությունից։
Կազմվածքով լիքը, թմբլիկ ու կարմրաթուշ, բնավորությամբ մեղմ ու սակավախոս, մանկութ սիրում էր նա մենությունն ու իր «անուրջներով» տարվելը։
Լիքը, թմբլիկ ու կարմրաթուշ արտաքինի համար Վահանին կոչել են Գոնդոլ (կոճղանման, կլոր), Ղասապ:
Տեր Սուքիասը դիմել է Լազարյան ճեմարան, որպեսզի որդուն՝ Վահանին, ընդունեն կրթության (այդ ժամանակ հիվանդացել էր ընտանիքի մայրը, և հոր «դրամական միջոցները հալվեցին», այնուամենայնիվ, նա չի հրաժարվում որդուն Մոսկվա ուղարկելու ծրագրից), սակայն պատասխանն ուշանում է, և նա որոշել է մինչ երկրորդ դիմումի պատասխանն ստանալը որդուն ուղարկել Ախալքալաք։ Ըստ Վահան Տերյանի առաջին կենսագիր Պ. Մակինցյանի՝ «Վահանի կրթությունն սկսվում է Գանձայում, ապա թե նրան տանում են Ախալքալաք, որտեղ նա ավարտում է քաղաքային դպրոցը»(այդ տեսակետը տարածում է տել բազմաթիվ հոդվածներում ու դասագրքերում), սակայն իրականում նա այնտեղ մնացել է միայն մի քանի ամիս՝ չհարմարվելով քաղաքում ու դպրոցում տիրող կարգերին, որտեղ քաղաքացիները արհամարհական ու կոպիտ վերաբերմունք են ցույց տվել գյուղացիների նկատմամբ։ Ձմռանը վերադառնալով տուն՝ Վահան Տերյանը կտրականապես հրաժարվել է վերադառնալ Ախալքալաք։
1895 թվականի ամռանը Մոսկվայից դեռ պատասխան չէր ստացվել, ու չնայած մայրը ցանկանում էր, որ գոնե կրտսեր որդին մնա գյուղում, «մի քանի տարի հետո պսակվի և տեր դառնա տուն ու տեղին», և Տեր Սուքիասի նյութական վիճակն էլ սուղ էր, սակայն նա բարձր էր գնահատում կրթությունը և որոշում է Վահանին Արամի հետ ուղարկել Թիֆլիս, որտեղ նա պետք է եղբոր մոտ պատրաստվեր և ընդունվեր գիմնազիա։ Սակայն գիմնազիայում ազատ տեղ չի եղել, և Վահան Տերյանը հանձնել է «ավագ նախապատրաստական դասարանի» քննությունները՝ հետագայում գիմնազիա ընդունվելու համար։ Քննությունները հանձնելուց հետո Վահան Տերյանը հավանաբար վերադարձել է գյուղ, և Թիֆլիս է մեկնել հաջորդ տարվա օգոստոսին, երբ սկսել է նոր ուսումնական տարին։ Թիֆլիսում Ներսեսը սովորել է Ներսիսյան դպրոցում, իսկ Արամն ու Վահանը «դառնում են գիշերօթիկներ «Յալթա» ռեստորանի տնօրեն Սարգիս Միքայելյանի տանը։
Վահանի հետ կանոնավոր պարապելուն զուգահեռ՝ Արամը այդ ժամանակաշրջանում եղել է «Ծիածան» աշակերտական ընկերության ղեկավարներից և ժամանակի զգալի մասը նվիրել է «Ծիածանին»։ «Ծիածանը» (իր հնգամյա (1898-1902) գոյության ընթացքում միավորելով մինչև 500 անդամ) ընդգրկել է Թիֆլիսի միջնակարգ դպրոցների աշակերտներին, որոնք ուսումնասիրել են հայոց լեզու, գրականություն և պատմություն, ընդ որում՝ տարբեր դպրոցների ներկայացուցիչներից կազմված «մայր խմբի» պարապմունքներին որպես դասախոսներ հանդես են եկել Ստեփան Շահումյանը, Հովհաննես Թումանյանը, Ստեփան Մալխասյանցը, Նիկոլ Աղբալյանը, Ավետիք Արասխանյանը, Դերենիկ Դեմիրճյանը և այլք, իսկ այդ միջավայրում քննարկվող ամենահրատապ խնդիրը «հայկական հարցն էր, տաճկահայերի դատն ու հեղափոխական շարժումը»։ Տերյանը ներկա է եղել «Ծիածանի» ժողովներին, ընթերցել նրա «Ընկեր» աշակերտական ամսաթերթը։ Հենց առաջին տարում էլ Արամը Վահան Տերյանի տետրում նկատել է գրական առաջին փորձերը, որոնք ունեցել են զավեշտական բնույթ (զավեշտասեր մորից ժառանգած գիծը), և որոնք «մանկավարժական տեսակետով, գերադասեցի չնկատել»։
Արամ Տեր-Գրիգորյանը գրել է, որ Թիֆլիս գնալու երկրորդ տարում Վահանը «ոտք է դրել» գրական ասպարեզ.
«Նա այդ թվին «հրատարակեց» իր սեփական լրագիրը, որի թե՛ խմբագիրը, թե՛ միակ աշխատակիցը և թե՛ լեգալ ընթերցողն ինքն էր, որովհետև ես և ընկերներս, որոնց ցույց տվի այդ լրագիրը, Վահանի անլեգալ ընթերցողները եղանք։ Գիտենալով Վահանի ամաչկոտությունը և զգայնությունը, մենք թաքցրինք, որ տեսել ենք նրա լրագիրը»:
Լրագրում Վահան Տերյանը գրել է մի հոդված այն մասին, որ «գյուղը քաղաքից լավ է, որովհետև բոլոր գյուղացիք ամեն բան ունեն առանց փողի, և իրանք էլ են կուշտ ուտում, հյուրերին էլ առատորեն հյուրասիրում», մի «առականման ոտանավոր», զավեշտանման նյութեր դասի փոխարեն զբոսնելու գնացող գիմնազիստների մասին և տարբեր հեղինակներից վերցված մտքեր, ինչպես նաև պատկերազարդել է այն։
Թիֆլիսում անցկացրած առաջին տարում Վահան Տերյանը լավ է սովորել գիմնազիայում անցածը և կանոնավոր պարապել է եղբոր հետ (դժվարացել է միայն ռուսերենի հարցում), սակայն երկրորդ տարում Արամը ամբողջ ժաանակը տրամադրել է «Ծիածանին» ու «Ընկեր» թերթին, ինչպես նաև մասնավոր դասեր է տվել (հոր ֆինանսական միջոցները սպառվել էին), ինչի հետևանքով պարապմունքները դարձել են անկանոն, սակայն Վահանն սկսել է ավելի շատ ընթերցել. ռուսերեն կարդացել է «Ռոբինզոնի պատմությունը», ապա Պուշկինի, Ակսակովի, Տոլստոյի պատմվածքներից, Ժյուլ Վեռնի վեպերից։
1898 թվականին Տեր Սուքիասը հերթական անգամ դիմել է Լազարյան ճեմարան՝ խնդրելով հայտնել, թե երբ կհասնի իր որդու հերթը (1895 թվականին նրան հայտնել էին, որ որդին ընդգրկվել է ցուցակում), քանի որ իր նյութական դրությունը թույլ չէին տա որդուն նախապատրաստել ավելի բարձր դասարանների համար։ Նրան հայտնում են, որ Վահանը կարող է պատրաստվել երրորդ դասարանի քննություններին։
Հաջորդ տարի Տեր Սուքիասին հայտնում են՝ «այս տարվա օգոստոսի 12-ին ինստիտուտ հասցնել Ձեր որդի Վահան Տեր-Գրիգորյանին... քննությունները հանձնելու, որպեսզի իրավունք ստանա իբրև սան մտնելու գիմնազիայի չորրորդ դասարանը»։ Չնայած Վահանը պատրաստված էր միայն երրորդ դասարանի քննություններին, ընտանիքը գտնվում էր ծանր նյութական վիճակում, իսկ Արամն էլ «ժանդարմական խիստ գանահարման հետևանքով տառապում էր «ջղային սուր քայքայումով», Տեր Սուքիասը որոշել է անձամբ որդուն տանել Մոսկվա։ Այնտեղ պարզվել է, որ չորրորդ դասարանի քննություններ հանձնելու մասին գրել են դիտմամբ, որպեսզի Վահանը հրաժարվի Մոսկվա մեկնելուց, իսկ նրա փոխարեն ճեմարան ընդունվի Պետերբուրգի հայոց եկեղեցու երկրորդ թեկնածուն՝ ճեմարանի ուսուցիչներից մեկի ազգականը, իսկ Տեր Սուքիասի դիմում-բողոքը ճեմարանի վարչությունը թաքցրել է ու չի ներկայացրել պատվավոր հոգաբարձուին։ Քննությունները հանձնելով՝ Վահանը 1899 թվականին ընդունվել է Լազարյան ճեմարանի երրորդ դասարան։
Լազարյան ճեմարանում։ Գրական նորամուտ
Լազարյան ճեմարանում, որտեղ այդ տարիներին սովորում էր շուրջ 400 աշակերտ, Վահան Տերյանի առաջին ծանոթն ու դասընկերը եղել է Մելքոն Արամի Քարամյանը (1885-1963), որը հետագայում ընկերների միջավայրում հայտնի է դարձել Եմելյան կուսակցական անունով։ Վերջինիս հետ Տերյանը երկրորդ տարին մնացել է երրորդ դասարանում, քանի որ նախնական կրթությունը բավարար չի եղել ճեմարանի ուսման պահանջներին[42]։ Ի տարբերություն Մելքոն Քարամյանի՝ Տերյանը եղել է գիշերօթիկ աշակերտ (որոնք հիմնականում եղել են աղքատ ծնողների զավակներ), ապրել է պանսիոնատում, որտեղից կարելի էր դուրս գալ միայն հատուկ թույլտվությամբ։ Նրա դասընկեր Պ. Մակինցյանը գրել է.
«Առաջին տարիների ընթացքում Վահանը ոչնչով աչքի չէր զարնում... Դա մի սովորական գիշերօթիկ սան էր, օտարներից խուսափող, անծանոթ մարդկանց մոտ քաշվող, հակված մենության մեջ որոճելու կյանքից ու գրքից ստացած տպավորությունները։ Սովորական էր նրան տեսնել մենակ ճեմարանի երկար կորիդորներում կամ այգում, որտեղ... նա սուզվում էր իր կյանքի երազի մեջ։ Կարելի էր ասել, որ դա նյարդային նուրբ կազմի տեր մի տղա էր»։
Հինգերորդ դասարանից հետո արդեն Տերյանն իրավունք է ունեցել շաբաթ, կիրակի և տոն օրերին դուրս գալ, տեսակցել ծանոթների հետ, այցելել մշակութային վայրեր։ Ճեմարանականներին փորձել են հնարավորինս զերծ պահել հեղափոխական խմորումներից, սակայն հայ ուսուցիչների և մասնավորապես Կարապետ Կուսիկյանի (1864-1915) շնորհիվ այնտեղ տիրել է ազգային-դեմոկրատական ոգին։ Այնտեղ նա մտերիմ է եղել մասնավորապես Ալեքսանդր Մյասնիկյանի, Պողոս Մակինցյանի ու Ցոլակ Խանզադյանի հետ։
Ճեմարանում Տերյանը սովորել է մայրենի լեզու և գրականություն։ Ըստ Ս. Խանոյանի՝ 1890-ական թվականներին Րաֆֆին շարունակել է մնալ «մտքերի տիրակալը», ինչը հաստատել է ճեմարանի սան Պ. Մակինցյանը. «Րաֆֆին ամենասիրված հեղինակն էր։ Վահանի սիրած հերոսը «Կայծեր»-ի Ասլանն էր։ Հայ ազգային շարժման այդ մարգարեն «մտքերի իշխողն էր» ճեմարանում» (այդ փաստը հետագայում իր արտացոլումն է գտել «Կայծերը» ռուսերեն թարգմանելու գործում)։
Մոսկվայի համալսարանում
1906 թվականի օգոստոսին Վահան Տերյանն ընդունվել է Մոսկվայի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետի ռուսաց լեզվի և ռուս գրանակության բաժին։ Համալսարանում ընդյալնվում է Տերյանի ընկերների շրջանակը. շարունակելով մտերիմ մնալ ճեմարանական ընկերների հետ՝ ծանոթանում է այլոց հետ, որոնց թվում էին Ալեքսանդր Ծատուրյանը, Մարտիրոս Սարյանը և այլք։ Նա շարունաել է պրոպագանդիստական գործունեությունը, հարել սոցիալ-դեմոկրատներին։
1906 թվականի դեկտեմբերի 3-ին Վահան Տերյանը ձերբակալվել է (խուզարկության ժամանակ իր սենյակում գտնվող Օնիկ Օհանջանյանի հետ միասին) և տասը օր անցկացրել Բուտիրկա բանտում. նրա ձերբակալության պատճառը ստույգ հայտնի չէ, սակայն հավանաբար եղել է նրա կապը Օնիկ Օհանջանյանի ու գուցե նաև Ա. Պատվականյանի հետ։ Դեկտեմբերի 13-ի հարցաքննությունից հետո Տերյանն ազատ է արձակվել հանցակազմի բացակայության պատճառով։ 1907 թվականի հունվարին Ց. Խանզադյանին գրած նամակում Տերյանը գրել է, որ խուզարկության ժամանակ տարել են «իմ բոլոր սկսված և չվերջացրած «վեպերս», որոնց մասին ստույգ ոչինչ չհայտնի չէ և դրանց ձեռագրերն էլ չեն գտնվել։
1907 թվականին Տերյանը մեկնել է Բաքու՝ Ալեքսանդր Մյասնիկյանի մոտ և այնտեղ կատարել է պրոպագանդիստական աշխատանք բանվորների շրջանում։ Սակայն շուտով Տերյանը հիվանդացել է (դիզենտերիայով) և բժիշկների պնդմամբ մեկնել ծննդավայր։
1907 թվականի հունվարին Վահան Տերյանը, որը 1906 թվականին մամուլում Վահան Շվին և Վահան Տեր-Գրիգորյան ստորագրություններով տպագրել էր իր բանաստեղծությունները (հուլիսին՝ «Էլեգիան», սեպտեմբերին՝ «Էստոնական երգը» և «Ինձ թաղեք...», հոկտեմբերին՝ «Աշնան մեղեդին» և «Արդյոք նորից...», նոյեմբեր-դեկտեմբերին՝ «Աշնան երգը»), փորձում է սկսել իր բանաստեղծությունների գրքույկի հրատարակությունը, ինչի համար նա խնդրում է, որ Մոսկվայի հայոց եկեղեցիների խորհրդի կողմից իրեն տրվող ամսական թոշակը տրվի միանգամից մի քանի ամսվա համար, սակայն նրան մերժում են։
1908 թվականի «Վտակ» շաբաթաթերթի հունվարի 16-ի համարում տպագրվել է Ավետիք Իսահակյանի «Հայոց գրականությունը 1907 թվականին» հոդվածը, որում Իսահակյանը, անդրադառնալով նախորդ տարի հայ գրողների հրատարակած գործերին, առանձնացրել է «...Պարբերական մամուլի մեջ երբեմնակի լույս տեսնող՝ Վահան Տերյանի ...մի քանի գեղեցիկ ոտանավորները» (խոքսը վերաբերում է Տերյանի՝ 1907 թվականին հրատարակված հինգ բանաստեղծություններին, որոնց թվում էին՝ «Fatum», «Անջատման երգ» «Հրաժեշտի խոսքերից»):
«Վտակ» թերթում տպագրված մեկ այն գրախոսությունում նույնպես դրականն արձագանք է եղել Տերյանի մասին. խոսելով «Գեղարվեստ» հանդեսի № 1-ում տպագրված բանաստեղծությունների մասին՝ գրախոսողը գրել է. «շատ սիրուն է «Ցնորք» Վահան Տերյանի, որուն մեջ անկեղծ ներշնչում մը կթրթռա:
Նույն թվականի ապրիլի 25-ին Տերյանը Լեոյի դասախոսություններից մեկի ժամանակ երկրորդ անգամ հանդիպել է Հովհաննես Թումանյանի հետ և վերջինս արտահայտել է իր «թեև զսպված, սակայն համակրական վերաբերմունքը» Տերյանի տպագրված ստեղծագործությունների վերաբերյալ։
Մի քանի օր անց Տերյանը գնում է Թումանյանի մոտ՝ «Իլյա Մուրոմեցի» թարգմանությունը վերցնելու և «մի բան հարցնելու» համար. ծանոթանալով «նոր բանաստեղծի տետրին»՝ Թումանյանն ասել է.
«Մի բան, որ իմ առաջին պահանջն է ամեն մի սկսնակ գրողից... դա այն է, թե արդյոք մի ինքնուրույն — նոր բան բերո՞ւմ է այդ մարդը, կամ ցույց տալի՞ս է նշաններ այդ ունենալու։
Ձեր վերաբերմամբ պետք է պատասխանել դրականապես։ Դուք բանաստեղծ եք։ Դա ամենագլխավորն է։ Դուք խոսքերի հետ չեք խաղում։
Ես ուրախությամբ ողջունում եմ Ձեր մուտքը գրական ասպարեզ— բարո՛վ եկաք»:
Նույն թվականի մայիսին Տերյանն իր տետրը ցույց է տվել նաև Ավետիք Իսահակյանին, որը նույնպես դրական է արձագանքել. «Կեցցե՛ս, Վանիկ ջան. հրաշալի բաներ են, բյուրեղացած զգացումներ՝ անթերի ձևերի մեջ։ Իսկական քնարերգությունը սա է — մաքուր լիրիկա։ Զարմացա, որ «Նիւրա»-ից այստեղ ոչինչ չկար» Տերյանը, պատասխանելով, որ «Երկուսիդ կարծիքը բացարձակ արժեք ունի ինձ համար։ Այլևս քննադատությունից վախ չունեմ»ինչպես նաև ունենալով իր ընկերների՝ Մակինցյանի, Մյասնիկյանի, Խանզադյանի աջակցությունը, սկսել է նախաձեռնել իր ստեղծագործությունների ժողովածուի հրատարակությունը։ Լինելով նյութական խիստ ծանր վիճակում՝ Տերյանը, չկարողանալով Թիֆլիսում մնալ մինչև գրքի լույս տեսնելը, ստիպված է եղել մայիսի կեսերին մեկնել Գանձա։ Ճանապարհին նա Ալեքսանդրապոլում մի քանի օրով հյուրընկալվել է Իսահակյանին. այդ օրերին նա ծանոթացել է Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմին, և նրա խորհրդով Իսահակյանը որոշակի փոփոխություն է կատարել պոեմում։
ԿԱՆԱՅՔ ՏԵՐՅԱՆԻ ԿՅԱՆՔՈՒՄ
Նրանք երեքն էին՝ երեք տարբեր կանայք, որոնցից ամեն մեկը այս կյանքն ընկալում էր յուրովի, այս կյանքից ուզում էր մյուսից տարբեր բան և, վերջապես, որոնց նա սիրում էր յուրահատուկ ձևով:
Այդ երեք կանացից ամեն մեկի մեջ Տերյանը փնտրում էր հուսահատությունից, մենակությունից, անզորությունից իրեն դուրս բերող մեկին: Կանայք էին կարծես նրա նեցուկը, ոչ թե հակառակը:
Մոսկվա. 17 համարի տրամվայ: Տերյանի հայացքը սառել էր պատուհանի մոտ մեջքով կանգնած աղջկան: Տերյանը այնքան մոտեցավ աղջկան, որ տրամվայի ամեն մի ցնցումից նրա հյուսքերը դիպչում էին երիտասարդի դեմքին, և նա շոշափելիորեն զգում էր վարսերի բույրն ու փափկությունը:
«Հաջորդ կանգառը՝ Հայկական եկեղեցի»,_ լսվեց տոմսավաճառի անկիրք ձայնը: Նրանք երկուսով մտան եկեղեցու բակ: Շուտով պարզվեց, որ աղջիկը հայուհի է, անունը Անթառամ է և գործարանատեր Մնացական Միսկարյանի ավագ դուստրն է, որը Ցարիցինից Մոսկվա էր եկել եղբորն այցելելու: Պարզվեց նաև, որ եղբայրը Տերյանի ուսանողական ընկերն է: Նրանց մեջ անմիջապես ինչ-որ անորսալի, նոր բռնկվող հրդեհի առաջին տարտամ կրակն էր ծնվում: Բայց Անթառամը ընդամենը մի քանի օրով էր Մոսկվա եկել:
«Հենց ուզում էի Անտյային առաջարկություն անել, մեկնեց»,_ գրում է Տերյանը: Անտյա, Անտենկա, սրանից հետո պոետը միայն այսպիսի փաղաքուշ անուններով կկոչի իր Անթառամին: Սկսվում է նամակագրությունը:
Անթառամ Միսկարյան
1908. 17. 09
Անթառամ. «Դուք ինձ վրա լավ տպավորություն եք գործել: Երևի սխալ եմ անում անկեղծանալով»:
Տերյան. «Տարօրինակ է. մի՞թե մարդու ամենաթանկ սեփականությունը անկեղծությունը չէ: Կարծում եմ՝ մարդու անկեղծությունը կարող է բավարար հիմք լինել նրան սիրելու և գնահատելու համար: Երեկ ես քնեցի տրտմության և դժգոհության զգացումով: Արթնացա՝ կարդալու համար Ձեր նամակը և զվարթագին դիմավորեցի օրը»:
Անթառամ. «Վահան, ո՞րն է Ձեր վատ տրամադրության պատճառը»:
Տեևյան. «Միշտ դժվար է որոշել տրամադրության պատճառը: Բայց դառնությունները մեծ մասամբ առաջանում են այն անհամապատասխանությունից, որ գոյություն ունի իմ հակումների և իմ կյանքի հանգամանքների միջև»:
1909. 7. 03
Տերյան. «Ես գրեթե համոզված եմ, որ կսիրեմ Ձեզ այս բառի լավագույն իմաստով, ես հիմա սովորել եմ շատ բարձր գնահատել մարդկային սերը, սերը մարդու նկատմամբ, այլ ոչ թե սեռի, նույնիսկ պատրաստ եմ ավելի բարձր դասել սեռական սիրուց, որը հազվադեպ է գեղեցիկ ու խորունկ լինում»:
Այս նամակից ընդամենը երկու ամիս անց՝ մայիսի 12-ի նամակում, կհայտնվի մի նոր հետադարձ հասցե՝ Մոսկվա, Տրյոխպրուդնի նրբանցք, բն. 19՝ Սուսաննա Պախալովային:
Սուսաննա Պախալովա. այս կինը դարձավ Տերյանի ճակատագիրը: Այս կինը փոխեց Տերյանի կյանքը կտրուկ և անդառնալիորեն: Եվ ոչ միայն Տերյանի: Անգամ պոետի մահից հետո Սուսաննա Պախալովայի ներկայությունը թոքախտի տեսքով մնաց Վահանի ընտանիքի պատմության մեջ:
Սուսաննան հրաշալի էր տիրապետում կանացի հնարքներին և Անթառամի հակապատկերն էր: Այնպիսի հմտությամբ սողոսկեց Տերյանի ու Անթառամի հարաբերությունների մեջ, որ մարդկային սերը սեռային սիրուց գերադասող տղամարդն անգամ դա չնկատեց: Սուսաննան Ստավրոպոլի հայերից էր և ամեն ինչ արեց Վահանի հետ ամուսնանալու համար: Անգամ ստեց, թե երեխայի է սպասում: Եվ Տերյանը չկարողացավ նրան մերժել: Ստիպված եղավ ամուսնանալ: Դա 1911թ. փետրվարն էր: Նրանց առաջին զավակը ծնվեց հինգ տարի անց: Իսկ ամուսնությունից մի քանի օր անց Վահանը Անթառամին գրեց. «Մի բարկացեք, սիրելի Անտենկա, որ երկար ժամանակ Ձեզ չէի գրում: Բանն այն է, որ ես ամուսնացել եմ: Բայց Ձեզ տեսնելու ցանկությունս հիմա պակաս չէ: Հավատացնում եմ, որ շատ կուզենայի ձեզ տեսնել»:
Անթառամ Միսկարյանը գործեց Տերյանի զենքով. «Ես նույնպես ամուսնանում եմ: Արդեն քանի տարի է՝ Վլադիմիր Մորոզովը սիրահետում է ինձ: Ես նրան անվերջ մերժել եմ, իսկ հիմա տալիս եմ համաձայնությունս»:
Այս վճռորոշ նամակներից հետո նրանց հեռակա կապը չընդհատվեց, հակառակը, նամակագրությունը դարձավ ավելի զգացական, սիրային, կրքոտ: Տերյանը հասկացավ, որ Սուսաննան չէր կարող թռիչք տալ իրեն, և որ Անթառամի կարիքը խեղդում էր: Միաժամանակ երկու կին ներկա էին Տերյանի կյանքում: Նրանք չէին խանգարում պոետին, այլ, կարծես, լրացնում էին մեկը մյուսին: Նա ներդաշնակություն էր փնտրում: Իր կողքին ունենալով կին-կիրք՝ Սուսաննային՝ նա հոգեկան խաղաղության կարիք ուներ: Դրա համար էլ չկարողացավ թողնել Անտենկային: Թեկուզ միայն նամակագրությունը նրա կյանքը լցնում էր անասելի հմայքով և ջերմությամբ: Անթառամի հետ ունեցած նամակագրության մասին Սուսաննա Պախալովան տեղյակ էր: Անգամ հաճախ ստիպում էր ամուսնուն բացել փակված ծրարները և ավելացնել իր բարևները Անթառամին: Խորամանկ և խելացի կին: Բայց տիկին Պախալովա-Տերյանը հիվանդացավ, և ինտրիգը շարունակելու համար նրա ուժերն այլևս չէին բավականացնում: Հետո 1916-ին առաջին երեխայի մահը մոռացնել տվեց ամեն բան: 1918-ին Սուսաննան երկրորդ երեխան ունեցավ:
: Շուտով նա ամուսնուն մենակ թողեց Մոսկվայում և մեկնեց Ստավրոպոլ: 1918-ին Տերյանը ծրագրում է Ստավրոպոլ գնալ, բայց քաղաքական իրադրության պատճառով ծրագիրը խափանվում է: Սուսաննային է առաջարկում Մոսկվա անցնել, բայց Սուսաննան մերժում է: Սուսաննան հոգնել էր, հիվանդ էր: Լյասկայի մահը վերջնականապես տապալել էր նրան: Տերյանը մնաց մենակ, մենակ ու մոլորված: Իր կյանքում ամեն ինչ խառնվել էր իրար՝ թոքախտը, քաղաքականությունը, ուրիշի հետ ամուսնացած Անթառամի կարոտը, փոքրիկների մահը, բանաստեղծությունները, հացի խնդիրը, Սուսաննան… Նա կրկին կհայտնվի, երբ իրենից թոքախտով վարակված Տերյանը մահանա, որպեսզի փորձի օգտվել նրա հռչակի դափնիներից իրեն հատուկ ոճով՝ անտեսելով Տերյանի երկրորդ կնոջ՝ Անահիտ Շահիջանյանի և նրա դստեր՝ Նվարդի գոյությունը: Անահիտ Շահիջանյան. Դերբենդի և Թիֆլիսի օրիորդաց գիմնազիաներն ավարտած, Մոսկվայի կոնսերվատորիայում ուսանած այս կինը նույնպես տարված էր հեղափոխությամբ: Ազգությունների հարցով ժողովրդական կոմիսարիատը այն դարբնոցն էր, որտեղ կոփվել էին նրա քաղաքական հայացքները, նաև որտեղ նա ծանոթացել էր ապագա ամուսնու՝ Վահան Տերյանի հետ, ով մենակ էր, լքված, հուսահատ և տկար:
Կան կանայք, ովքեր այս կյանքում կարծես փնտրում են հե՛նց հուսահատ, օգնության կարիք ունեցող տղամարդկանց: Այդ կանայք ծնված են անձնազոհության համար: Անահիտ Շահիջանյանը այդ կանանցից էր: Իմանալով, որ աղջիկը պատրաստվում է ամուսնանալ թոքախտով հիվանդ, աղքատ բանաստեղծի հետ՝ Անահիտի մայրը Դերբենդից գրում է նրան. «Երիտասարդ կյանքդ մի՛ կործանիր, թո՛ղ այդ էգոիստին. իմանալով, որ հիվանդ է՝ ի՞նչ խղճով է ուզում ամուսնանալ քեզ հետ, հեռացիր այդ եսասեր մարդուց»:
… Տերյանը մահանում էր: Օրենբուրգ. ցուրտ, ձմեռ, անփողություն, անհուսություն, դեղորայքի պակաս, մյուս կողմից էլ Անահիտ Շահիջանյանի զոհաբերության աստիճան նվիրվածությունը: Սուսաննա՜… Տերյանի տկար, անուժ շուրթերից մի կերպ դուրս պրծնող այս անունը փշրում էր հիվանդասենյակի մահագույժ լռությունը և տակնուվրա անում Անահիտի հոգին: Բայց նա շարունակում էր խնամել ամուսնուն: Երեք կին և մեկ մեռնող տղամարդ:
«Ինձ անվերջ կամֆորա սրսկեք, գոնե մեկ շաբաթով կյանքս երկարի»: Սա Տերյանի վերջին ցանկությունն էր: Բայց նա ապրեց ընդամենը երկու ժամ և ավանդեց հոգին: Հունվարի 7-ն էր:
Պոետի մահից երեք ամիս անց՝ 1920թ. ապրիլին, Անահիտ Շահիջանյանը դուստր ունեցավ և կոչեց իր ամուսնու վաղանցիկ սերերից մեկի՝ Հովհ. Թումանյանի դստեր՝ Նվարդի անունով:
Անթառամ Միսկարյան՝ Տերյանի քնքուշ սերը. բաժանվեց Մորոզովից, միակ որդուն կորցրեց 2-րդ աշխարհամարտում, պատերազմից հետո պարգևատրվեց, մահացավ 1969թ. միայնության մեջ:
Սուսաննա Պախալովա՝ Տերյանի ճակատագրական սերը: Երկրորդ անգամ ամուսնացավ Տերյանի մտերիմ ընկերոջ՝ Ալ. Մյասնիկյանի հետ: Վերջինիս մահից հետո ջերմ հարաբերություններ հաստատեց Օրջոնիկիձեի և Կիրովի հետ: Մահացավ 1937 կամ 38-ին:
Անահիտ Շահիջանյան՝ Տերյանի ամոքիչ սերը: Պոետի մահից հետո ամուսնացավ հոգատար, իրեն շատ սիրող Եզիազարյանի հետ: Այս մարդը ջանք և նյութական միջոց չխնայեց Տերյանի դստերը թոքախտից փրկելու համար: Նրանք որդի ունեցան: Անահիտ Շահիջանյանը մահացավ 1950-ին:
Տերյանի առաջին ժողովածուի մասին հետագայում գովասանքի խոսքեր են ասել նաև Հովհաննես Թումանյանը, Ավետիք Իսահակյանը, գրականագետներ Ց. Խանզադյանն ու Ն. Աղբալյանը, Ա. Տերտերյանը, Մ. Մանուչարյանը, սակայն եղել են նաև քննադատական և խիստ բացասական կարծիքներ, օրինակ՝ Տերյանին մեղադրել են միայն խիստ անձնական երկեր գրելու և հասարակության տրամադրությունները չարտահայտող (Հ. Սոլովյան, Դ. Անանուն, Ավ. Տեր-Հարությունյա)։
1909 թվականին մայիսին Տերյանի տունը կրկին խուզարկել են և տարել նրա թղթերն ու նամակները։ Նույն թվականի վերջին Տերյանը եղբոր՝ Արամ Տեր-Գրիգորյանի հրավերով մեկնել է Պետերբուրգ և այնտեղ մնացել մինչև հաջորդ տարվա հունվարի սկիզբը։
1910 թվականին Տերյանը, շարունակելով սովորել Մոսկվայի համալսարանում, ավելի շատ զբաղվել է գրական-հասարակական և հրատարակչական գործունեությամբ. նա փորձել է կազմակերպել «Հայ գրականությունը սիրողների ընկերությունը», որի գլխավոր նպատակը պետք է լիներ ռուս գրականության թարգմանությունը։ Նույն թվականին նա ընկերների (Կ. Կուսիկյան, Ալ. Ծատուրյան, Ց. Խանզադյան, Կ. Միքայելյան օգնությամբ հրատարակել է «Գարուն» ալմանախի առաջին գիրքը։
Ապրիլին նա ելույթ է ունեցել Ալ. Ծատուրյանի գրական գործունեության 25-ամյակին նվիրված երեկոյի ժամանակ՝ ներկայացնելով «Ալեքսանդր Ծատուրյանի կյանքը և գործը» ռեֆերատը, իսկ մայիսին նա մեկնել է Կովկաս և ամռան ամիսներն անցկացրել Թիֆլիսում, Ախալքալաքում և Գանձայում։ Նա սկսել է թարգմանել Օսկար Ուայլդի «Սալոմեն» ֆրանսերեն բնագրից, իսկ աշնանը Մոսկվա վերադառնալուց հետո՝ սկսել է մտածել իր «Բանաստեղծությունների» առաջին հատորի տպագրության մասին, ինչին խանգարել է նրա նյութական սուղ վիճակը։ Տերյանը մասնակցել է Լև Տոլստոյի թաղմանը՝ դա համարելով «ուխտագնացություն» և «սրբազան պարտականություն» ու դժգոհել կազմակերպման մակարդակից. «Տոլստոյի թաղմանը չէր մասնակցում ամբողջ Ռուսաստանն իսկ, մինչդեռ պետք է մասնակցեր ամբողջ աշխարհը»։ Այդ «պատմական իրողության» վերաբերյալ նա գրել է «Լև Տոլստոյի թաղումը» և «Յասնայա Պոլյանայում» հոդվածները։
1911 թվականի վերջին Տերյանն ու Պ. Մակինցյանը կազմակերպել են «Պանթեոն» հրատարակչությունը, որի նպատակն էր տպագրել եվրոպական և ռուս գրողների երկերի թարգմանություններ։ Միևնույն ժամանակ Տերյանն իր հոդվածներում քննադատել է հայերեն թարգմանվելիք երկերի ընտրությունը Կովկասյան հայոց հրատարակչական ընկերության կողմից։
1911 թվականի փետրվարին Վահան Տերյանն ամուսնացել է Սուսաննա Պախալովայի (1887-1936) հետ։ Վերջինս եղել է Նոր Նախիջևանից, գիմնազիան ավարտել է Ստավրոպոլում։ Տերյանը նրա հետ ծանոթացել էր 1908 թվականին։
Ուսանող լինելով՝ Տերյանը չի կարողացել աշխատել, ինչի պատճառով շարունակել է ապրել նյութական սուղ պայմաններում՝ չկարողանալով անգամ վճարել ուսման վարձը. «Չունևորությունը հոգիս հանեց և սիրտս մաշեց»։
1912 թվականին «Պանթեոն» հրատարակչությամբ լույս է տեսել Վահան Տերյանի «Բանաստեղծությունների» առաջին գիրքը, որում ընդգրկվել են նախորդ տարիներին տարբեր պարբերականներում տպագրված բանաստեղծություններ, «Մթնշաղի անուրջներ» ժողովածուի մի մասը (հանել է գրքին ոչ հարմար էջերը), ինչպես նաև դեռևս չտպագրված ստեղծագործություններ։ Ավետիք Իսահակյանը, որը 1911 թվականին փախել էր Թուրքիա, այնտեղ ստացել է Տերյանի գիրքը մի նամակի հետ, որում հեղինակը խնդրել է նշել իր հավանած բանաստեղծությունները։ Իսահակյանը գրել է.
«Անմիջապես պատասխանեցի, և որքան հիշում եմ, այդ նամակի մեջ գրեցի թե՝ «Հիմա, սիրելի Վահան, քո հազարն է» (քո շրջանը, ժամանակը»:
1912 թվականին Վահան Տերյանը, ավարտելով Մոսկվայի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետի դասընթացը, ցանկացել է հետագայում սովորել իրավաբանական ֆակուլտետում, որպեսզի ապագայում կարողանա ապրուստի միջոցներ վաստակել (իրավաբաններ են եղել Տերյանի ընկերներից Ց. Խանզադյանը և Ն. Վիրաբյանը), սակայն շուտով հրաժարվել է այդ մտքից։ Այդ տարվա ամառը նա անցկացրել է Ստավրոպոլում՝ կնոջ ծնողների մոտ։
1912 թվականի վերջերին Տերյանը դիմել է պոեմի ժանրին՝ նախաձեռնելով գրել երեք պոեմներ («Հուշեր Լազարյան ճեմարանի», «Դոն Ժուան», Վանի պաշտպանությանը նվիրված պոեմ), որոնցից ամենից «շոշափելի հետքեր» (Մակինցյանի խոսքն է) են մնացել «Հուշեր Լազարյան ճեմարանի» պոեմից, որը հավանաբար ոգնչվել է Ալեքսանդր Պուշկինի «Եվգենի Օնեգին» պոեմից և մնացել է անավարտ։
1913 թվականին Տերյանը պատրաստվել է պետական քննություններին և հանձնել ռուս գրականության քննությունը, սակայն նրան հայտնել են, որ նա պետք է հանձնի ևս երեք քննությունից (դրանից առաջ ասել էին, որ նա կարող է չհանձնել այդ քննությունները), և Տերյանը որոշել է այդ քննությունները հանձնել հետագայում.
Հոգիս ծայրեծայր լիքն է պոեզիայով, և այլևս չեմ կարող և, որ գլխավորն է, չեմ ուզում ինքս ինձ զսպել զանազան «հնչյունաբանությունների», «քերականությունների» և այլ անմիտ բաների համար։ Պետք է գրել քանի գրվում է, քանի հոգում պոեզիայի կրակ կա, քանի վերջնականապես չենք կոշտացել կենսական գռեհիկ հոգսերից ու նողկալիությունից։ Ազատություն եմ ուզում տալ հոգուս և խոյանքներիս, որոնք այնքան երկար ժամանակ «հալածված ու ճնշված» են եղել իմ կողմից։
Տերանը ծրագրել է ստանալ միայն ավարտական տեղեկանք, որով հույս ուներ աշխատանքի ընդունվել։ Սակայն դա նրան չի հաջողվել, և նա ստիպված է լինում պատրաստվել պետական քննություններին։ Միևնույն ժամանակ նա հույս ուներ աշխատանքի տեղավորվել Լազարյան ճեմարանում («Կոստանյանը այսպես ասաց. «Ձեզ համար ես միշտ տեղ կգտնեմ ճեմարանում»։
Շուտով ստացվել է Սուսաննայի հիվանդության լուրը, և Տերյանը մեկնումէ Ստավրոպոլ. պարզվել է, որ Սուսաննայի «թոքերի վերևի մասը վնասված է»։ Տերյանը Ստավրոպոլում նույնպես հիվանդացել է և այնտեղ մնացել մեկ ամիս։
Պետերբուրգի համալսարանում։ Գրական-հրատարակչական գործունեություն
1913 թվականի սեպտեմբերին Տերյանը մեկնել է Պետերբուրգ, որտեղ Կ. Կոստանյանի «հանձնարարական» նամակով գնացել է Նիկողայոս Մառի մոտ։ Վերջինս Տերյանին համոզել է ընդունվել Պետերբուրգի համալսարանի արևելյան լեզուների ֆակուլտետ[Ն 14][132]։
Հայ գրողների ընկերության նոյեմբերի 28-ի հերթական երեկույթը նվիրվել է Վահան Տերյանին, որտեղ նրան քննադատող Վ. Ահարոնյանին պատասխանել է ընկերության նախագահ Հովհաննես Թումանյանը.
«Հայտնեց նաև մի շատ տարածված կարծիք, թե Տերյանը զուրկ է տեղայնությունից և հարազատ չի մեզ։ Ինձ թվում է, որ էդ կարծիքը սխալ է։ Չմտնելով քննության մեջ, թե ինչ է հարազատությունը և ինչ նշաններով է արտահայտվում, ես գտնում եմ, որ նրա թախիծն ու երազները, մշուշն ու աղջամուղջը խորթ չեն մեր երկրին ու մեր հոգուն։ Ես եղել եմ էն երկնքին մոտիկ լեռնադաշտում, ուր ծնվել է Տերյանը, և կարծես թե նա լիքն է էն մշուշային թախիծով ու քնքուշ երազներով, որ բնորոշում են մեր տաղանդավոր բանաստեղծի քնարը։ Վերջապես թախիծն ու երազը խորթ չեն հայի հոգուն, և մենք շատ երազկոտ ժողովուրդ ենք»։
1914 թվականին Տերյանն ընդունվել է Հայ գրողների ընկերության անդամ։
Չկարողանալով ժամանակին մուծել ուսման վարձը (եղբոր՝ «իսկական զինվորական ծառայության զորակոչվելու հետևանքով»՝ Տերյանը 1914 թվականի հոկտեմբերին հեռացվել է համալսարանից, սակայն դիմումով խնդրել է հետ ընդունել իրեն՝ խոստանալով վճարել վարձը։ Նա ստիպված է եղել հոնորարի համար աշխատակցել «Մշակ» թերթին, սակայն նամակներից մեկում նշել է, թե «իմ խղճի կամ համոզումների հակառակ չեմ գնա երբեք և ոչ նկատումով (որքան և ստիպողական լինեն պայմանները) չեմ գրի երբեք և ոչ մի խոսք»։
1914 թվականի ապրիլի 30-ին Տերյանը Թիֆլիսում հանդես է եկել «Հայ գրականության գալիք օրը» զեկուցումով, իսկ նույն թվականի վերջին հրապարակել է «Հոգևոր Հայաստան» հոդվածը։ Այդ տարի նա գրել է «Անզարդ իմ օրվան, անտուն իմ կյանքին», «Նույնն է հասցեդ հնամյա» («Գնչու» վերնագրով), «Մենք բոլորս-բոլորս», «Մանուկ ենք մենք – երկու խեղճ», «Եթե սեր չըկա – ի՞նչի համար» բանաստեղծությունները։
Տերյանը 1914 թվականին մեկ ամիս անցկացրել է հիվանդանոցում (երիկամների հիվանդության պատճառով), ապրիլին վախճանվել է նրա հայրը՝ Տեր Սուքիասը[137]։
1914 թվականին Տերյանն ու Սուսաննան եղել են Գանձայում և Պետերբուրգ վերադառնալուց առաջ եղել Մեծ Ղարաքիլիսայում՝ հյուրընկալվելով Խանզադյաններին։ Վերա Խանզադյանը պատմել է, որ Տերյանին փողոցում ճանաչել են ու ծաղիկներ նվիրել, իսկ ամառային ակումբում կազմակերպված երեկոն, որի ընթացքում Տերյանն արտասանել է իր բանաստեղծությունները, ավարտվել է երիտասարդների «ջերմ օվացիայով»[138]։
Ն. Թումանյանին ուղղված նամակում (1914 թվականի վերջին) Տերյանը պատմել է «Երկիր Նաիրի» շարքի հղացման մասին. «Չկարծեք, թե այժմ են միայն զբաղեցնում ինձ այդ մտորումները, ավա՜ղ, շատ վաղուց։
Եվ չեմ ազատվի դրանցից երևի մինչև վերջը – ինչպե՞ս ազատվես ինքդ քեզնից... Դուք երևակայել չեք կարող, թե ինչպես է անցնում իմ կյանքը. ոչ թե անցնում է, այլ այրվում մի ներքին դառն կրակով, և ես անզոր եմ այդ կրակի դեմ և անօգնական։ Եվ ես երբեմն մտածում եմ, որ դա ունի իր խորին ու վսեմ իմաստը։ Չէ՞ որ այդպես, իմ հոգու նման, այրվում է և իմ երկիրը, «Իմ Նաիրին» – գուցե դրա համար է այրվում և իմ հոգին, որովհետև իմ հոգու մեջ «նաիրյան չքնաղ հոգին է» այրվում։ Եվ ես սկսում եմ զգալ ինձ կոչված, մեկը նրանցից, որոնց վիճակվել է «նաիրյան» հոգու բարձր տառապանքը կրել իրենց հոգու մեջ»։
«Մշակ» թերթի 1915 թվականի հունվարի 1-ի համարում «Երկիր Նաիրի» խորագրով տպագրվել են Տերյանի երեք բանաստեղծություններ՝ «Մի՞թե վերջին պոետն եմ ես», «Այնպես անխինդ են և նըման լացին», «Ինչպես չըսիրեմ, երկիր իմ կիզված» բանաստեղծությունները հետևյալ ծանոթագրությամբ. «Նաիրի» պետք է հասկանալ ոչ թե պատմական, այլ իդեական իմաստով»։
1915 թվականին Մաքսիմ Գորկին ձեռնարկել է «Сборник армянской литературы» ժողովածուի հրատարակությունը և որպես օգնական ընտրել է Վահան Տերյանին, որին հանձնարարվել է նյութերի ընտրությունն ու թարգմանիչներ գտնելու գործը, ինչպես նաև նա Գորկուն օգնել է թարգմանել Սունդուկյանի «Պեպոն»։
1916 թվականի հունվարի 18-ին Վալերի Բրյուսովը Երևանում կարդացած զեկույցի ժամանակ ներկայացրել է նաև Բեմում գտնվող Տերյանին, որի ստեղծագործություններից ընդգրկել է իր հրատարակած «Поэзия Армении» ժողովածուում։
1916 թվականին Տերյանը գնացել է Էջմիածին՝ Պ. Մակինցյանի մոտ, որտեղ ծանոթացել է Մարգո Շահխաթունու հետ. վերջինիս են նվիրված Տերյանի «Ափսոս չէ՞, Մարգո, այս երեկոն», «Տեսնո՞ւմ ես, որքան, որքան արագ» (սկզբում ունեցել է «Սոնետ» վերնագիրը և սկսվել է «Տեսնո՞ւմ ես, Մարգո, ինչպես արագ» տողով) բանաստեղծությունները։
Նույն թվականին նա եղել է Երևանի որբանոցում, որտեղ հանդիպել է Վանից գաղթած որբերի հետ (ըստ որոշ տվյալների՝ նա ցանկացելէ գրել պոեմ Վանի հերոսական պաշտպանության մասին, սակայն չի ստացվել։ Նա գրել է «Երկիր Նաիրի» շարքի որոշ բանաստեղծություններ, շարունակել է «Ընձենավորի» թարգմանությունը, ավարտել «Сборник армянской литературы» գրքի հետ կապված աշխատանքները[
1916 թվականի գարնանը Տերյանը հիվանդացել է. բժիշկը խորհուրդ է տվել մեկնել հանգստանալու և բուժվելու, սակայն ֆինանսական վիճակը Տերյանին թույլ չի տվել կատարել բժշկի խորհուրդը, և նրա վիճակը գնալով ավելի է վատացել։ Մայիսին Սուսաննան դուստր է ունեցել, որը շուտով մահացել է։ Տարվա վերջին Տերյանի մոտ ախտորոշվել է տուբերկուլոզ, և բժիշկը նրան ասել է, որ հեռանա Պետերբուրգից։ Տերյանը, չկարողանալով մեկնել Սուխում (ինչպես խորհուրդ էր տվել բժիշկը), մեկնել է Կովկաս։
1916 թվականի դեկտեմբերի 30-ին Հ. Սուրխաթյանը, Հայ գրողների ընկերության մեջ կարդալով «Ռուսահայ նորագույն բանաստեղծությունը» թեմայով զեկուցումը, դրանում բարձր է գնահատել Տերյանի դերը, նրան համարել բամզաթիվ հետևորդներ ունեցող և ուրույն դպրոցի հիմնադիր, ապա եզրակացրել է. «այսպիսով նորագույն բանաստեղծության մեջ որոշ և աչքի ընկնող դեմքը առայժմ Վահան Տերյանն է։
Սկսնակների մեծ մասը գնում է նրա ետևից»։ Դրան ի պատասխան հանդես է եկել քննադատ Մ. Մատենճյանը «Հայոց նոր բանաստեղծության երկու ականավոր ներկայացուցիչները՝ Սիամանթո և Վ. Տերյան» հակազեկույցով, որին ներկա է եղել նաև Տերյանը, որի վրա այն «թույլ տպավորություն էր թողել»։
1916 թվականին սկսել են նկատվել Վահանի կրծքում բուն դրած թոքախտի նշանները։ Նա բժշկվելու համար մեկնել է Կովկաս, բայց Փետրվարյան հեղափոխությունը նրան դրդել է թողնել բուժումը և գնալ Պետերբուրգ։ Խորհրդային իշխանության հաստատման առաջին իսկ օրերից դարձել է Ստալինի մոտիկ աշխատակիցը[148]։
1917 թվականի հոկտեմբերին Տերյանը ակտիվորեն մասնակցել է բոլշևիկյան հեղափոխությանը և այն հաջորդած քաղաքացիական պատերազմին։ Լենինի ստորագրությամբ մանդատով մասնակցում է Բրեստի խաղաղ պայմանագրի ստորագրմանը։ 1919 թվականին Տերյանը, լինելով Համառուսական Կենտրոնական Գործկոմի անդամ, առաջադրանք է ստանում մեկնել Թուրքեստան (այժմյան միջինասիական հանրապետություններ), սակայն ծանր հիվանդության պատճառով ստիպված է լինում մնալ Օրենբուրգում, ուր և վախճանվում է 1920 թվականի հունվարի 7-ին՝ ընդամենը 35 տարեկան հասակում։
Ստեղծագործական լեզվի զարգացման փուլեր
Վահան Տերյանի ստեղծագործական կյանքը, ըստ լեզվի զարգացման, կարելի է բաժանել չորս փուլերի:
1.Առաջին փուլ-Առաջին փուլն իր մեջ ընդգրկում է բանաստեղծի գրական գործունեության սկզբնական շրջանը մինչև 1908 թվականը՝ Մթնշաղի անուրջներ ժողովածուի հրատարակությունը։ Հիմք ընդունելով բանաստեղծի ընկերոջ՝ Պողոս Մակինցյանի կատարած թվագրումները՝ կարելի է համոզված պնդել, որ դեռևս 1903-1904 թվականներին արդեն գոյություն են ունեցել զուտ տերյանական խոսքով գրված բանաստեղծություններ՝ «Հրաժեշտ», «Էլեգիա», «Անծանոթ աղջկան» և այլն։ Ստեղծագործական վաղ շրջանում Տերյանի խոսքարվեստն անմիջականորեն կրում էր նաև լեզվի զարգացման նախորդ շրջանի ազդեցությունը։
2.Երկրորդ փուլ-Տերյանի լեզվի զարգացման երկրորդ փուլը (1909-1912 թվականներ) բանաստեղծի արվեստի գեղարվեստական հասունացման կարևորագույն շրջանն էր, որի լավագույն վկայությունը «Բանաստեղծությունների» առաջին հատորն էր՝ հրատարակված 1912 թվականին։ Վերջինս, բացի «Մթնշաղի անուրջներ» ժողովածուի վերամշակված ու լրացված տարբերակից, ընդգրկում էր նաև Գիշեր և հուշեր, Ոսկի հեքիաթ և «Վերադարձ» բանաստեղծական շարքերը։ Մանրակրկիտ վերամշակման ենթարկելով տարիներ առաջ գրված բանաստեղծությունները՝ Տերյանն իր չափածոյի լեզուն զտեց նախորդ շրջանի լեզվական վերապրուկներից։
3.Երրորդ փուլ-1910-ական թվականների տերյանական պոեզիայի նոր աստիճանը դրսևորվեց նաև բանաստեղծի լեզվի զարգացման երրորդ փուլում։ 1913 թվականից սկսվեց բանաստեղծի կյանքի ու ստեղծագործական գործունեության հաջորդ՝ պետերբուրգյան շրջանը։ Թեմատիկ, ժանրային, տաղաչափական ու լեզվաոճական նոր հնարավորությունների արդյունք էին «Կատվի դրախտ», «Երկիր Նաիրի», «Ոսկե շղթա» շարքերում զետեղված բազմաթիվ ստեղծագործություններ։
4.Չորրորդ փուլ-Լեզվական որոնումներով ուշագրավ է նաև Տերյանի ստեղծագործական ուղու վերջին՝ հետհոկտեմբերյան փուլը (1918-1919 թվականներ)։ Բանաստեղծը հեղափոխական շրջանի տրամադրություններն արտացոլող տողերով, հրապարակախոսական մի շարք հոդվածներով տվեց իր անցած ուղու յուրօրինակ գնահատականը։
Բանաստեղծական շարքեր
Վահան Տերյանն իր բանաստեղծությունների[150] մեծ մասը համախմբել է առանձին շարքերի մեջ («Մթնշաղի անուրջներ», «Գիշեր և հուշեր», «Ոսկի հեքիաթ», «Երկիր Նաիրի» և այլն)։ Արևելահայ բանաստեղծության մեջ Տերյանն առաջինն էր, որ դասական մակարդակի է հասցրել շարքերով գրելու սկզբունքը։ Տերյանը մտածում և ստեղծագործում էր ոչ միայն առանձին բանաստեղծությունների, այլև շարքերի միջոցով։ Շարքի մեջ մտնող յուրաքանչյուր բանաստեղծություն ներքին կապ ունի քնարական շարքի ընդհանուր մոտիվների ու տրամադրությունների հետ և դրանով իսկ ամբողջացում է շարքի մեջ ներկայացվող հիմնական գիծը։ Իր հերթին շարքի մեջ մտնող յուրաքանչյուր բանաստեղծություն նրանից դուրս կարող է ընկալվել որպես առանձին ստեղծագործություն։ Այդպիսին են նաև Տերյանի բանաստեղծությունները։
«Մթնշաղի անուրջներ»
1908 թվականի հուլիսին լույս է տեսել Վահան Տերյանի բանաստեղծությունների առաջին ժողովածուն՝ «Մթնշաղի անուրջները» (այդ ժամանակ Տերյանը գտնվել է Գանձայում և գրքի օրինակներն ստացել է օգոստոսին)։ Առաջին գրախոսականը, որը գրել է Նիկոլ Աղբալյանը. նա «մի համակրական հոդված է հրատարակում Թիֆլիսի «Զանգակ» թերթում, նրա երևումը ջերմապես ողջունելով»:Չնայած Տերյանը դրանից առաջ պարբերական մամուլում պարբերաբար հրատարակել է իր բանաստեղծությունները և նրա անունն արդեն հայտնի է եղել, սակայն այդ ժողովածուի շնորհիվ նա արժանացել է առանձնահատուկ հռչակի և դարձել է իր ժամանակի արևելահայ ամենասիրված գրողներից մեկը։
«Վահան Տերյանը այն բախտավոր հեղինակներից էր, որոնք մի առավոտ զարթնում են հայտնի դարձած, և դա ոչ թե պատահականության բերումով, այլ շնորհիվ իրենց մեծ տաղանդի։ Նրա առաջին իսկ գիրքը՝ ութսուն էջանոց փոքրադիր «Մթնշաղի անուրջները», հռչակեց նրան որպես բանաստեղծ և պատվավոր տեղ ապահովեց հայկական Պառնասում։ Կան գրողներ, որ աշխատում են տասը և ավելի տարիներ, հրատարակում են մի քանի գրքեր և, այնուամենայնիվ, դեռ կոչվում են սկսնակ կամ, զիջողաբար, երիտասարդ գրող։ Դրանք այն մարդիկ են, որ իրենց սևագրություններն անում են հասարակության առաջ՝ հրատարակություններով։ Բոլորովին այլ էր Վահան Տերյանը. նրա հրապարակ իջավ միանգամից որպես վարպետ. այդ գրքից հետո նրան չէին ասում «սկսնակ» կամ զիջողաբար «երիտասարդ գրող», այլ ուղղակի բանաստեղծ, որովհետև նա, իրոք, բանաստեղծ էր «կամոքն Աստծու»։
«Մթնշաղի անուրջները» ավելի ջերմ ընդունելիություն գտավ երիտասարդության կողմից, մի կարճ միջոցում Տերյանն ունեցավ հետևորդների մի ամբողջ բազմություն։ Իսկ երկրպագուների թիվ չկար։ Պահ մի մոռացվեցին մեր անվանի բանաստեղծները, ամենուրեք՝ երեկույթներում, ընտանիքներում, ընկերական շրջաններում արտասանում էին Տերյանի սոնետներն ու էլեգիաները։ Սկսվել էր պարզապես Տերյանական շրջան, Տերյանի էպոխա։ Օդը լիքն էր Տերյանով. երիտասարդության խոսակցության նյութն ամեն տեղ նրա բանաստեղծություններն էին, իսկ ընկերների ու սիրահարների սրտագին նվերը միմյանց՝ «Մթնշաղի անուրջները»:
Ոսկե շղթա
«Ոսկե շղթա», Վահան Տերյանի բանաստեղծական շարքը։
Շարքի մեջ մտնող բանաստեղծությունները գրված են 10-ական թվականներին, գերազանցապես Վ. Տերյանի կյանքի և գործունեության պետերբուրգյան շրջանում (1913-1917թթ.): Բանաստեղծի կենդանության ժամանակ պարբերական մամուլում և գրական ժողովածուներում տպագրվել են այս շարքում ներկայացված 71 բանաստեղծություններից 26-ը։ Մնացած 45-ը տպագրվել են ետմահու, մեծ մասամբ՝ Վ. Տերյանի «Երկերի ժողովածուի» 3-րդ հատորում (1923)։
«Ոսկե շղթա» շարքը կազմել է ոչ թե ինքը՝ բանաստեղծը, այլ հիշյալ ժողովածուի խմբագիր Պ. Մակինցյանը, որն այդ մասին գրել է. «Այս վերնագիրը («Ոսկե շղթա») պոետի թղթերում գոյություն չունի։ Սակայն իր զրույցներում նա հաճախ հիշատակում էր հենց այդ վերնագիրը։ Անգամ մտադիր էր իր նոր գրքի շապիկը նկարազարդել փշերով հյուսված ոսկե շղթայով։ Նկատի առնելով, որ այս խորագրի տակ ամփոփված բանաստեղծությունները պոետի «ոսկեշղթա հուշերը, գիշերն ու փշերն» են, մենք հնարավոր համարեցինք միացնել նրանց «Ոսկե շղթա» խորագրի տակ»։
Նույն կազմով (ընդամենը 68 բանաստեղծություն) շարքը արտատպվել է նաև «Բանաստեղծությունների լիակատար ժողովածուի» (1940) և այլ հրատարակությունների մեջ։ Սակայն Տերյանի երկերի վերջին երկու ժողովածուների (եռահատոր և քառահատոր) առաջին հատորներում (1960, 1972), Պ. Մակինցյանի կազմած ծավալուն շարքի փոխարեն, «Ոսկե շղթա» խորագրի տակ տպագրվեցին միայն այն 21 բանաստեղծությունները, որոնք հեղինակն արտագրել է առանձին տետրում՝ «Հատ. II բ» պայմանական վերնագրով:
Երկիր Նաիրի
«Երկիր Նաիրի», շարքը Վահան Տերյանը գրել է 1913-1916 թվականներին։ Այս շարքի գործերի մեծ մասը տպագրվել է մամուլում։ Այս շարքում նկարագրվում են բանաստեղծի հայրենասիրական ապրումները։ Շարքը կոչել է «Երկիր Նաիրի» ի պատիվ Հայաստանի հնագույն անվանումներից մեկի։ Վահան Տերյանը եղել է ճշմարիտ հայրենասեր։ 1910-ական թվականներին՝ Առաջին աշխարհամարտի սկզբին, 1915 թվականին, երբ Թուրքիան Հայաստանում իրականացրեց Մեծ եղեռնը, Տերյանը կանգնեց իր ժողովրդի կողքին և գրեց նրանց ցավի ու ապրումների մասին։ «Օ՜, հայրենիք դառն ու անուշ»,- ասում է նա խոնարհվելով իր ժողովրդի սրբազան հիշատակի առջև։ Տերյանը հավատում էր Հայաստանի հարությանը և այդ պատճառով էլ օգտագործել է եգիպտական բուրգերի և Փյունիկի խորհրդանիշները. բուրգերն անգամ փոշի կդառնան, իսկ Փյունիկը կհառնի։ Իսկ նրա հույսերի բարձրագույն խորհրդանշանը Արարատ լեռն է, որը հավատ է ներշնչում։ Հենց այս շարքում է, որ միավորվում են բանաստեղծի ճակատագիրը և երկրի բախտը։
Շարքն ունի բնաբան՝ «Սիրում եմ հայրենիքս, բայց արտասովո՜ր սիրով...», որը Միխայիլ Լերմոնտովի «Հայրենիք» բանաստեղծության առաջին տողն է։
Ֆիլմագրություն
.Վահան Տերյան - 100, (1985) վավերագրական ֆիլմը նվիրված է բանաստեղծի ծննդյան 100-ամյակին (ռեժիսոր՝ Լևոն Մկրտչյան), տեքստը կարդում է Սոս Սարգսյանը։
.Վերջին ուղևորությունը - Նկարահանվել է 2012 թվականին։ Այն խաղարկային-վավերագրական ֆիլմ է Վահան Տերյանի և նրա կնոջ՝ Անահիտ Շահիջանյանի, նրանց համատեղ կյանքի վերջին օրերի մասին։ Բանաստեղծի խոհերն ու զրույցները, որ գրվել են 100 տարի առաջ, թվում է՝ հենց այսօրվա մասին են։ Ֆիլմի համահեղինակներն են Հրայր Թամրազյանը և Գայանե Դանիելյանը։ Ազատություն ռադիոկայանի թողարկած այս ֆիլմում՝ Վահան Տերյանի դերում նկարահանվել է Արտաշես Մխիթարյանը, իսկ Տերյանի կնոջ դերում՝ Նարինե Գրիգորյանը։ Ֆիլմի ռեժիսորն է Հրայր Թամրազյանը, օպերատորը՝ Լևոն Գրիգորյանը։ Մոնտաժի հեղինակն է Հայկ Գրիգորյանը։ Ֆիլմը տեղադրված է YouTube ինտերնետային կայքում« Վահան Տերյան. Սիրո բանաստեղծ» անվան տակ
. Տերյանն «իր, Պ. Մակինցյանի ու Ց. Խանզադյանի «միությունը» կոչել է երրորդություն (նաև «սրբազան երրորդություն») և հաճախ կրկնել, որ իր գոյությունը չի պատկերացնում այդ երրորդությունից անջատ. «Եվ թող օրհնված լինի մեր ընկերությունը, որովհետև իմ կյանքի բարձրագույն խոհերի րոպեին ես ձեզ հետ եմ եղել և ամենածանր հոգեկան րոպեներին, կասկածի ու վարանումի, տանջանքի ու մենակության ժամերին, օրերին, տարիներին ամենախոր ու պայծառ մխիթարություն ստացել եմ ձեզանից ու ձեր շրջանում»։
.Վահան Տերյանն սկսել է պարապել հայ-թուրքական բախումների պատճառով Բաքվից Մոսկվա տեղափոխված խոշոր նավթարդյունաբերող Յարամիշյանների որդուն, որն ընդունվել էր Լազարյան ճեմարանի չորրորդ այն պայմանով, որ պարապի ու գարնանը հանձնի հայերենի քննությունը։ Դրա համար նա ստացել է սենյակ և 15 ռուբլի։
.Վահան Տերյանն ու Ալեքսանդր Մյասնիկյանը եղել են մտերիմ ընկերներ 1904 թվականից, երբ Ալեքսանդր Մյանսիկյանը, ավարտելով Նոր Նախիջևանի հայկական սեմինարիան ընդունվել է Լազարյան ճեմարան։ 1906 թվականին Մյասնիկյանը, որն ընդունվել էր ՌՍԴԲԿ շարքերը, արտաքսվել է Մոսկվայից և պրոպագանդիստական գործունեություն է ծավալել Բաքվում
.Նամակներից մեկում Տերյանը գրել է. «Բոլորովին քայքայվել է առողջությունս և բոլորովին հալ չի մնացել վրաս։ Հավանական է, որ առժամանակ թողնեմ պարապմունքներս մի տարով և գնամ մի կողմ հանգստանալու և առողջանալու։ Բժիշկը դեռ գարնանն ասաց, որ անհրաժեշտ է այստեղից հեռանալ և լուրջ բժշկվել. ես գլուխ չդրի, այժմ օրավուր զգում եմ, որ բանս վատ է և չեմ կարողանում երկար դիմանալ։ Բժշկի ասելով у меня катар легких - չգիտեմ որքան լուրջ բան է, բայց շատ վատ եմ զգում ինձ, մանավանդ վերջին օրերը։ Նյարդերս որ միանգամայն անտանելի են դարձել
Հետաքրքիր փաստեր Վ. Տերյանի մասին
Անդրադառնալով Ցեղասպանության ազդեցության Տերյանի գործունեության ու ստեղծագործության վրա՝ նրա ծոռն ասաց. — «Շատ քչերին է հայտնի, որ Տերյանը Հայոց ցեղասպանության առաջին վավերագրողներից մեկն է, եթե ոչ առաջինը։ 1915 թվականի վերջին Տերյանը գալիս է Երևան և որոշակի մանդատով, Ստեփան Մամիկոնյանի՝ Մոսկվայի հայկական կոմիտեի ղեկավարի մանդատով, քանի որ ինքը Մամիկոնյանի քարտուղարն էր այդ ժամանակ, սա էլ տերյանագիտությանը հայտնի փաստ չէ, քանի որ Մոսկվայի հայկական կոմիտեն նաև ֆինանսավորում էր որբանոցները, ինքը, որպես հովանավորի կողմից ներկայացուցիչ, եկել էր Երևան և արտասովոր մտահղացում ուներ։ Երեխաներին զուգահեռաբար տալիս է հանձնարարություն՝ պատմել Ցեղասպանության մասին, և երեխաները նկարագրում են Ցեղասպանությունը։ Ե՛վ այցն է գաղտնի պահվել, և՛ այս աշխատանքն է գաղտնի եղել՝ հիմնականում քաղաքական պատճառով։ Այդպիսի բան աշխարհում չկար, որ մի խումբ երեխաներ պատմեն մասսայական բռնության մասին։ Մեր գրականության մեջ շատ տարածված տեսակետ է, որ Ցեղասպանությունը ստիպում է խոսել, այնինչ իրականում աղետը ստիպում է լռել։
***
Ա. Իսահակյանի հուշերից…
1906 թվին, հունվարին, Վահանին և իր դասընկերոջը հանդիպեցի Թիֆլիսում: Հեղափոխական հուզումնալից իրադարձությունների հետևանքով ժամանակավորապես գոցված էր Լազարյան ճեմարանը, ուստի նրանք վերադարձել էին Կովկաս: Նրանք ուզում էին հեղափոխական աշխատանք, պրոպագանդ տանել ժողովրդի մեջ: Ընդառաջելով նրանց փափագին, որոշեցի նրանց հետս տանել Ալեքսանդրապոլ (Լենինական) և ուղարկել Շիրակի գյուղերը, որպեսզի ժողովրդին բացատրեն Ռուսաստանում տեղի ունեցող անցքերը:
Այսօրվա պես հիշում եմ. – Վահանն ու դասընկերը՝ ահագին, սև ծոպավոր փափախները գլխներին՝ ոգևորված վագոն նստեցին:
Ալեքպոլում հաճախ լինում էին նրանք ինձ մոտ, ես էլ նրանց մոտ, հյուրանոցում: Մինչև ուշ գիշեր զրույց էինք անում, բայց ոչինչ չեմ հիշում հիմա այդ զրույցներից: Միայն երկու դեպք եմ վերհիշում:
Մի երեկո Վահանի ընկերը ինձ ասաց, թե Վահանը բանաստեղծություններ է գրում: Վահանը դողդոջ ձայնով կարդաց մի քանի հատ: Բնավ չհավանեցի, դժգույն բաներ էին, մեծ մասով իմ ոտանավորների, Թումանյանի և ուրիշների նմանություններ:
Բանաստեղծական տրամադրությամբ լցված մի երիտասարդ, լավագույն կերպով պատրաստված, տեղյակ հին ու նոր գրականության… և այսպիսի թույլ բաներ: Շատ հիասթափվեցի: Վահանը դեռ իրեն չէր գտել. Հրաշքը դեռ տեղի չէր ունեցել:
Երկրորդ վերհուշս այս է:
Նրանք գյուղերը շրջելիս, եղբորս մոտ հյուր էին եղել Ղազարապատ գյուղում. այնտեղից էլ ձմեռ օրով գնացել էին Անի:
-Անսահման գեղեցիկ է Անին,- ասում է Վահանը: Եվ իրոք, Անին իր ճարտարապետական հուշարձաններով ազդել էր նրա մտքի և երևակայության վրա:
——–
1908 թվին, ամռանը Թիֆլիսում պատահեցի Վահանին: Պիտի հրատարակեր իր բանաստեղծությունների առաջին գրքույկը՝ «Մթնշաղի անուրջները»: Տպելուց առաջ Հ. Թումանյանի մոտ կարդացել էր ձեռագիրը, ուզեց ինձ մոտ էլ կարդալ՝ «անկեղծ կարծիքս» իմանալու համար: Հյուրանոցիս սենյակում ենք: Հուզված կարդում է ոտանավորները, մեկը մյուսի ետևից. քանի առաջանում է ընթերցումը, ավելի է հուզվում. ես սրտով և ուշով հետևում եմ ընթերցումին: Տետրակը չավարտած՝ ես անհամբերությունից մղված՝ գոչեցի. «Կեցցե՛ս, Վանիկ ջան, հրաշալի բաներ են, բյուրեղացած զգացումներ՝ անթերի ձևերի մեջ: Իսկական քնարերգությունը սա է- մաքուր լիրիկա»: Զարմացա, որ նախորդ ոտանավորներից այստեղ չկար:
Վահանի ներհուն աչքերը փայլատակեցին ուրախությամբ: -«Հ.Թումանյանն էլ շատ հավանեց: Երկուսիդ կարծիքը բացարձակ արժեք ունի ինձ համար: Այլևս քննադատությունից վախ չունեմ»:
Երեկոյան եղա Հ.Թումանյանի մոտ և հիացմունքս հայտնեցի Վահանի բանաստեղծությունների նկատմամբ:
-Հա է՜, շատ դրուստ ես ասում: Շատ գեղեցիկ են և գրեթե մեր լիրիկայի մեջ բոլորովին նոր բաներ: Պատկերները թեև թույլ են և քիչ, բայց լեզուն՝ մաքուր զտված և արծաթե զանգի պես՝ հնչուն: Իմ ազդեցությունը բնավ չտեսա այնտեղ, բայց քո և Դերենիկի տրամադրությունների արձագանքը կարծես կա, մանավանդ՝ քո: Դու ի՞նչ ես կարծում, համենայն դեպս՝ մեր վերնատան մեջ պատվավոր տեղ ունի…
Երկու տարվա ընթացքում հրաշքը կատարվել էր, Վահանը գտել էր իրեն և արվեստի գաղտնիքը: Վահանի երևումով մեր քնարերգության մեջ մի նոր էջ բացվեց:
Վահանը հաճախ գրում էր ինձ Մոսկվայից: Հայտնում էր իր ծրագրերի, իր գրածների և գրելիքների մասին:
1909 թվին, ամռանը, Ախալքալաք գնալիս Վահանը կանգ առավ Ալեքպոլում, մի քանի օր ինձ մոտ հյուր մնալով՝ կարդաց իր նոր գրած «Ոսկի հեքիաթ» ցիկլից: Ես էլ գրել էի «Աբու-Լալա Մահարին», ցույց տվի նրան, հավանեց և մի քանի նկատողություններ արավ: Նրա խորհրդով նախերգանքի մեջ, -Մահարու հակիրճ կենսագրականում, -փոփոխություն մտցրի, որ մինչև այսօր էլ չգիտեմ լավ արեցի, թե վատ:
Ավելորդ չեմ համարում մեջ բերել այդ: Գրել էի այսպես.
«…Եվ մի գիշեր, երբ շատ լքված էր նա և սրտաբեկ, դուրս հանեց երևակայության միջից քաջագնաց ուղտերի մի քարավան՝ ընտիր սարքով, և մինչ Բաղդադը քուն էր մտել Տիգրիսի նոճիածածկ ափերի վրա – գաղտնի հեռացավ քաղաքից…»:
Վահանը գտավ, որ սա շատ անիրական կթվա, շատ անհամոզիչ: Եվ, ուրեմն, իբրև թե ավելի համոզիչ կլինի, եթե Մահարին իրական քարավան ունենա:
Այս տեսակցությունը, դժբախտաբար, վերջինը եղավ. էլ չտեսանք իրար. Ո՞վ կարող էր երևակայել, թե այս հազվագյուտ տաղանդն իր ստեղծագործական փթթումի պահին պիտի թողնի մեզ…այսպես վաղաժամ:
Մեծերը Վահան Տերյանի մասին
«Նա մի նոր գույնով, մի նոր ձայնով երգեց և՜սերը, և՜հայրենիքը, և՜բնությունը: Նա թարմացրեց հայ պոեզիայի և՜նյութը, և՜լեզուն …. Նրա բանաստեղծություններից անվիճելի մի քանակ կմնան որպես հավերժական արժեքներ բոլոր ժամանակների համար, որպես մարդկային բյուրեղացած զգացմունքներ ու անխառն գեղեցկություններ»:
Ավետիք Իսահակյան
«Նա հայ պոեզիան հարստացրեց արևմտա եվրոպական և ռուսական պոեզիայի վերջին նվաճումներով, իր ստեղծագործություններում արծարծեց թեմաներ, որոնք խորթ էին հայ բանաստեղծներին, նոր ռիթ մեր մտցրեց հայկական տաղաչափության մեջ, բացառիկ խստությամբ մոտեցավ բանաստեղծական արվեստին»:
Վալերի Բրյուսով
«…Եվ նորից կզգանք, որ
Մեր սրտին դու մո՛տես
Մորմոքող հրի պես մեր
Հիվանդ արյան,
Որ լուսե երգին քո մեր
Հոգին կարոտ է,
Օ՛, հեռու ընկեր իմ, օ՛,
Վահան Տերյան…»:
Եղիշե Չարենց
«Տերյանը …. ազնիվ մետաղի պես փայլ տվեց մեր «արքայական» լեզվին, հարստացրեց մեր ազգային քնարերգությունը նոր մոտիվներով ու տաղաչափական ձևերով, նույնիսկ դուռ բացեց նոր հանգի համար…»:
Հանդիպել է քեզ պատմության շեմին, ուղեկցել ամբողջ երիտասարդությունդ և այնուհետև դարձել մշտական բարեկամդ: Նրան ծանոթանալուց է սկսվել գիտակցական կյանքդ, որի թարգմանիչն է դարձել, երբ`ինքդ տակավին եղելես «անլեզու». Սերդես խոստովանել` նրա լեզվով, կարոտդ թեթևացրել նրա բառերով, թախծել ես` նա՛ քեզհետ, երջանկություն դու բերկրանքդ է խոսել նրա բերանով: Նրա մտքերն ու խոհերը, ապրումներն ու հույզերը գիտես անգիր:
Պարույր Սևակ