СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ
Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно
Скидки до 50 % на комплекты
только до
Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой
Организационный момент
Проверка знаний
Объяснение материала
Закрепление изученного
Итоги урока
Հայոց լեզուն հազարագանձ…
Մեր լեզուն մեր խիղճն է դա,
Սուրբ հացը մեր սեղանի,
Մեր հոգու կանչն է արդար
Ու համը մեր բերանի…
Յուրաքանչյուր հայիս գոյությունն ու ինքնությունը սկսվում է լեզվից, ու մեր ականջին հնչած առաջին մեղեդիների հետ ծնվում է հայոց լեզուն հազարագանձ, մեր ոսկեղենիկը, որում միտքն անսահման ազատ է, ու հոգին՝ անեզր: Այդ անսահմանի ու անեզրի մեջ էլ ապրում է հայի ոգին:
Վսեմ են հայի ոգին, էությունն ու նվիրվածությունը, և հայ լեզուն մշտանորոգ ու կանգուն պահելը ավելի է վսեմացնում նրա ինքնությունը, մաքրում խիղճը:
Իսկ մեր խիղճը մեր լեզուն է, մեր մաքրությունն ամենից առաջ: Եվ սրբությունը: Քիչ սրբություններ չունի մարդ արարածը, բայց սրբության սրբոցը նա դարձրել է մայրենին, դարձրել է ոչ միայն հացը իր սեղանի, այլև այն նշխարը, որ զորացնում է, պարգևում աստվածայինը, ու գոյատևել, երբեմն, ավելի շատ լեզվով, քան հանապազօրյա հացով:
Մարմնական ուժի դեմ՝ հոգու զորություն, ահռելի բազկի դեմ՝ հուժկու կամք, համընդհանրության դեմ՝ վառ ինքնություն, ու ծնվեց արդար կանչը՝ «ճանաչել զիմաստութիւն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ…»: Ու հազարագանձը դարձավ աստծո հետ խոսելու, աղոթքի լեզու, դարձավ երաժշտություն, պերճություն, ուժ, ճկունություն ու… համը մեր բերանի:
Մեր լեզուն ծուխն է մեր տան,
Մեր կշիռն աշխարհի մեջ,
Նա աղն է մեր ինքնության,
Էության խորհուրդը մեր…
Դարերի խորքից սկիզբ առած ու հավերժության ձգտող լեզուն օջախի ծուխն է ամբողջ աշխարհով սփռված հայության համար, այն ջերմ օջախի, որ իմաստավորում է կարոտը, ապրեցնում հեռվում: Եվ չնայած այդ սփռվածությանը՝ մեկն է հայի հոգին, նրա ազգային կերպարանքը, նրա մշակույթը: Իսկ հայրենիքը նախևառաջ լեզուն է՝ ինքնարտահայտող ու չփոխակերպվող: Ժամանակի քաոսում ինքնաճանաչումը, հույսն ու հավատն էին շարունակության երաշխիքը, որ եղավ շնորհիվ Մաշտոցի:
«Լինե՞լ, թե չլինել» հարցին միանշանակ «Լինե́լ» ասելով՝ Մաշտոցն անասելի երկբայությունը դարձրեց հաստատակամություն ու դարձավ աղը մեր ինքնության: Ունեցանք մեծ հավատ, հզոր մշակույթ, որ հային հայ պահեցին աշխարհում, տվեցին ուժ ու իրավունք նոր քաղաքակրթությունների ու ինքնդրսևորման պայքարում՝ մեր տեղը հաստատելով արևի տակ:
Մեր լեզուն արյունն է մեր,
Արյունից ավելի թանկ,
Մեր բուրմունքն ու գույնն է մեր,
Մեր լեզուն մենք ենք, որ կանք…,
Իր ազատության համար պայքարող ժողովուրդը, լեզուն անառիկ պահելով, այն զորեղ բանալին է ձեռք բերում, որ դեպի բաղձալի ազատությունն է տանում: Մեր լինելիության հիմքը, մեր հաղթանակների ու հզոր կամքի գաղտնիքն էլ մեր հազարագանձն ու ոսկեղենիկն է, որը մեծագույն հարստություն կարող է համարվել ամեն մի ազգի համար: Ինչպէս եկեղեցու շէնքն է պատմական հուշարձանից վերածվում կենդանի ու ապրող տաճարի, երբ մենք այն լցնում ենք աղոթքով ու շարականով, այնպէս էլ լեզուն է ապրում, երբ շունչ ու հոգի ենք տալիս նրան մեր խոսքում, մտքերում ու մեր գործերում: Երբ Նարեկացու «Մատյանն» է գրվել հայերեն, թվում է, թե եկեղեցիների զանգերը հայերեն են ղողանջում:
Նա պիտի մեր առաջին
Ու վերջին սերը լինի,
Ի՞նչ ունենք էլ աշխարհում,
Որ այսքան մերը լինի…
Մենք հայ ենք, ադամանդի պես խտացված` մեր հայրենիքը, հայոց լեզուն, ու որքան անաղարտ է մեր լեզուն այնքան լուսավոր կլինի երկիրը: Այդ լույսի համար շարունակական է մեր պայքարը, պայքար, որ մարդ արարածը սկսել է հենց իր լինելիության սկզբից: Այդ պայքարից ծնվում են ստեղծարար ուժն ու մեծ ազատությունը, որով հնարավոր է նվաճել աննվաճելին: Ու քանի դեռ հայ մանուկի շուրթերից հնչում է հայերեն այբ-բեն-գիմ-ը, մի ողջ ժողովրդի սկիզբն ու շարունակությունը կդառնան հավերժ ընթացք:
© 2020, Бархударян Анаит Ваничкаевна 306