СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Մահաթմա գանդի

Нажмите, чтобы узнать подробности

Մանկություն

Մոհանդաս Կարամչանդ Գանդին ծնվել է 1869 թվականին, Հնդկաստանում: Ընտանիքն ուներ 4 երեխա: Գանդին վաղ հասակում շատ ամաչկոտ է եղել և խուսափել է իր հասակակիցների հետ շփումից: Նրա միակ ընկերները եղել են գրքերը և դասերը: Նա սովորություն էր դարձրել անմիջապես դասից առաջ գնալ դպրոց և դասերն ավարտվելու պես լքել այն: Նա տանել չէր կարողանում ինչ-որ մեկի հետ շփվելը, որպեսզի չդառնա նրանց կողմից ծաղրի առարկա: Այդ պատճառով էլ արագորեն վազում էր տուն:

Մի պատմություն է պատմում Գանդին կապված իր միջնակարգ դպրոցի ուսումնական առաջին տարվա հետ: Երբ տեսուչը եկել է դպրոց՝ ստուգումներ անցկացնելու, թելադրել է 5 բառ, որոնցից մեկի ուղղագրությունը Գանդին չի իմացել: Այդ ժամանակ նրա ուսուցչուհին հասկացրել է, որ կարող է արտագրել իր կողքին նստած աշակերտից: Բայց Գանդին չի լսել ուսուցչուհուն և արդար կերպով սխալ գրելով այդ բառը՝ հանձնել է գրավորը: Նույնիսկ այս դեպքում նա իր ուսուցչուհուն միշտ հարգանքով է մոտեցել՝ չնայած այդ սխալին: Գանդին կարծում էր, որ պետք է ոչ թե քննադատել, այլ հարգել մեծերի կարծիքը:

Գանդին մտաբերում է, որ դպրոցական տարիներին չի սիրել կարդալ գրքեր և տնային հանձնարարություններն էլ մեծ անհետաքրքրությամբ է արել: Առաջին անգամ մեծ սիրով կարդացած գիրքը դա իր հոր գրապահարանի պիեսներից մեկն է եղել:

Միջնակարգ դպրոց

Ինչպես Գանդին է ասել՝ միջնակարգ դպրոցում նրան հիմարիկ չէին համարում: Յուրաքանչյուր տարի ծնողները ստանում էին նրա հաջողությունների և առաջընթացների մասին հավաստագրերը: Գանդին չուներ վատ գնահատականներ: Գանդին ասում է, որ սովորաբար զարմանում էր, երբ կրթաթոշակներ էր ստանում: Միևնույն ժամանակ նա չափազանց ինքնասեր էր: Նույնիսկ փոքրիկ նկատողությունը կարող էր արցունքներ առաջացնել: Գանդիի համար անտանելի էր նկատողություն ստանալը, նույնիսկ եթե ինքն արժանի էր դրան: Հիշում է, երբ մի անգամ նրան ենթարկել են մարմնական պատժի: Նա ազդվել էր ոչ այնքան ֆիզիկական ցավից, ինչքան որ պատիժը վիրավորել էր նրա արժանապատվությունը:

Անձնական կյանք

Գանդիի հայրը, զգալով իր մահվան մոտենալը, որոշում է Գանդիին ամուսնացնել: Հնդկական ավանդույթի համաձայն նա արդեն ընտրել էր իր տղայի համար կին: Գանդին 13 տարեկան էր, նրա կինը՝ նույնպես: Կնոջ անունն էր Կաստուրբայ: Բարեբախտաբար երիտասարդ նորապսակները սիրեցին միմյանց: Տարիներ հետո էլ նրանք մեծ սեր էին տածում միմյանց հանդեպ: Մահաթման ու Կաստուրբայը միասին ապրեցին շուրջ 62 տարի: Եվ Կաստուրբայը միշտ Գանդիի իսկական ընկերն էր և հավատարիմ օգնականը:

Հետագայում, երբ իր ժամանակի մեծ մասը Գանդին նվիրում էր իր գործունեությանը, ընտանիքը մնում էր առանց ամուսին և առանց հայր: Կաստուրբայը մեծացնում էր իր 4 որդիներին: Գանդին կլանված էր անարդարության դեմ պայքարի մեջ, իսկ իր աղքատ ընտանիքը հազիվ էր ծայրը ծայրին հասցնում: Կաստուրբայը, իհարկե, մտահոգված էր, սակայն նա ամուսնուն չէր քննադատում: Դաստիարակված լինելով հնդկական հնագույն ավանդույթներով՝ նա կարողանում էր ընդունել կյանքը այնպես, ինչպես կա: Նաև շատ լավ հասկանում էր, որ դա իր ամուսնու նպատակների իրագործման ուղին է: Նրանք ապրում էին փոքրիկ ու խղճուկ խրճիթում: Սնվում էին համեստ և բուսակման ծագման ուտելիքներով:

Մի անգամ, երբ զրուցելու նպատակով Գանդիին հյուր են եկել բրիտանացի խորհրդարանականները, նրանք ստիպված են եղել նստել գետնին, որովհետև Գանդին նույնիսկ բարձերը համարում էր շքեղություն:

Գանդին պայքարում էր ոչ միայն գաղութարարների դեմ, այլև կաստաների, ինչի պատճառով նա մի խումբ թշնամիներ ունեցավ: Գանդին պաշտպանում էր սոցիալական ամենացածր մակարդակին պատկանող մարդկանց: Մի որբ աղջնակի այդ ցածր մակարդակից որդեգրելով՝ ցանկացել է շեշտադրել իր պայքարը ընդդեմ սեփական երկրում այդպիսի խմբերի բաժանման: Նա կարծում էր, որ մարդ իրավունք չունի պահանջել մյուսներից այն, ինչն ինքը չի անում: Սկզբում Կաստուրբայը զարմացել է Գանդիի այդ արարքի վրա, բայց հետո մեծ սիրով ընդունել այդ աղջնակին:

Կաստուրբայը փորձում էր միշտ լինել ամուսնու կողքին: Նա չէր մտածում քննարկել նրա արարքները, նա ուղղակի Գանդիի կողքին էր: Նրանց հարգալից վերաբերմունքը միմյանց նկատմամբ չէր փոխվել այդ 62 տարիների ընթացքում: Այդքան ժամանակ Կաստուրբայը չի լսել ոչ մի կոպիտ խոսք Գանդիի կողմից:

Սակայն Գանդիի և Կաստուրբայի ոչ բոլոր երեխաներն են արդարացրել ծնողների հույսերը: Օրինակ՝ ավագ որդին ընդունել էր իսլամը, բայց ամբողջովին հակառակ իր հավատքին՝ նա սկսել էր զբաղվել հարբեցողությամբ: Միևնույն ժամանակ մյուս որդին կիսում էր հոր գաղափարները և մասնակցում նրա հետ անհնազանդության գործողություններին: Երեխաներից ոմանք էլ լքում էին խրճիթը՝ չհարմարվելով այդ պայմաններին, սակայն Գանդին ընդհանրապես չէր խոչընդոտում նրանց, նա ոչ ոքին չէր պարտադրում իր համոզմունքները: Կաստուրբայը միշտ իր ամուսնու կողմնակիցն էր: Նա գրել էր որդիներից մեկին, որը լքել էր հայրական տունը, որ իր հայրը երբեք չի գանգատվել և բողոքել, բայց ինքը գիտի, թե նա ինչքան է տանջվում զավակների այդ տեսակ արարքների համար:

40-ական թվականների կեսերին, երբ Գանդիին ազատազրկում են, նա հիվանդանում է: Այդ մասին նա ոչինչ չի ասում կնոջը: Կաստուրբայը, զգալով այդ ամենը, պահանջում է իրեն ևս ազատազրկել, որպեսզի նա կարողանա հոգ տանել իր ամուսնու մասին: Այսպիսով դաժան գաղութարարաները նրան ևս ձերբակալում են, և նա ապրում է իր ամուսնու կողքին: Խնամելով վատառողջ ամուսնուն՝ Կաստուրբայը, որն արդեն 70 անց էր, ծանր հիվանդացել է: Կաստուրբայը հաճախակի սրտային նոպաներ էր ունենում և որոշ ժամանակ անց մահանում է Գանդիի աչքերի առաջ: Ամուսնու այդպիսի նվիրվածությունը ցնցել էր ողջ աշխարհը: Ողջ Հնդկաստանում սգո երթեր էին կազմակերպվում: Իսկ Գանդին այդ տխուր օրերին լուռ նստած էր մահվան մահճում գտնվող անսահման սիրելի կնոջ կողքին: Նա հրաժեշտ տվեց կնոջը, ներողություն խնդրեց այդպիսի ծանր և դժվար կյանքի համար:

Ամեն տարի՝ փետրվարի 22-ին, ի հիշատակ Կաստուրբայի, ողջ Հնդկաստանում նշում են Մայրերի օրը:

Գործունեություն

Գանդիի ընտանիքը բավական ապահովված էր, որպեսզի թույլ տար երեխաներին ստանալ լավ կրթություն և Մոհանդասը 19 տարեկանում ուղևորվում է Լոնդոն՝ իրավաբանություն ուսումնասիրելու նպատակով: 3 տարի սովորելով Լոնդոնում՝ ստանում է իրավաբանի դիպլոմը և վերադառնում Հնդկաստան:

Որպեսզի հասկանա, թե ինչպես կարող է օգնել իր ժողովրդին, երիտասարդ իրավաբանը սկսել է ուսումնասիրել Հնդկաստանը: Նա սկսում է գնացքով ճանապարհորդել երկրի տարբեր ուղղություններով: Կեղտոտ վագոնները, աղքատությունը, նյարդային ուղևորները ցուցադրում էին Հնդկաստանի ընդհանուր վիճակը և Գանդիի մոտ հուսահատություն առաջացնում:

Իրավաբանական պրակտիկան չի հաջողվել, և Գանդին որոշել է կտրուկ փոխել իր կյանքը: Շնորհիվ հոր ունեցած կապերի՝ նա իրավական խորհրդատուի աշխատանք է ստացել հնդկական առևտրական կազմակերպության Հարավային Աֆրիկայի գրասենյակում: 1893 թվականին Մոհանդասը մեկամյա պայմանագիր է ստորագրում և ուղևորվում այնտեղ: Այդ ժամանակ Հարավային Աֆրիկան ղեկավարում էին բրիտանացիները:

Առաջին իսկ օրերից նա բախվել է ռասիզմի դրսևորումներին: Գանդիին ուժով դուրս են հանել առաջին կարգի վագոնից, թույլ չեն տվել նստել այն կառքը, որով սպիտակամորթներն էին ճամփորդում: Ոստիկանները մայթերից դեպի երթևեկելի մաս էին հրում նրան, քանի որ դրանք միայն սպիտակամորթների համար էին: Գանդին հասկացել է, որ այդ երկրում նվաստացումներն ու հալածանքները բոլոր հնդիկների ճակատագիրն էին՝ անկախ նրանց կրթությունից ու կարգավիճակից: Հենց այդտեղ էլ նա որոշել է «փորձել արմատախիլ անել այդ հիվանդությունը, որքան հնարավոր կլինի», և հանուն դրա զրկանքներ կրել: Նա վարքագծի անձնական սկզբունքներ է մշակել ռասիզմի դրսևորումներին բախվելիս՝ որոշելով ամեն անգամ հարգալից, բայց անդրդվելի դիմադրություն ցուցաբերել ու երբեք հատուցում չպահանջել անձամբ իրեն վերաբերող վիրավորանքների համար: Այստեղ էր, որ Գանդին գիտակցել է, թե որքան անելանելի է Հարավային Աֆրիկայում հնդիկների վիճակը: Գանդիին տաջում էր հետևյալ հարցը. ինչպես պաշտպանել քաղաքացիների իրավունքները՝ խուսափելով զոհերից և բռնությունից: Անսպասելիորեն նա գտել է պատասխանը: Ինչ-որ կերպ նրա մոտ է հայտնվում Լև Տոլստոյի գիրքը՝ «Աստվածային թագավորությունը ձեր ներսում», որը փոխում է նրա ողջ աշխարհընկալումը: Գանդին պատմում է, որ նա ցնցված է եղել Տոլստոյի գրքով և նրա աչքին չէին երևում մյուս գրողների գրքերը: Նա հիացած էր Տոլստոյի անկախ մտքով, ընդհանուր բարոյականությամբ և անկեղծությամբ:

1943 թվականի փետրվարի 21-ին ամբողջ Հնդկաստանում կատարվել է զանգվածային աղոթք` անգլիական բանտում հացադուլ հայտարարած Մահաթմա Գանդիի առողջության համար[20]:

Նա մշակում է նոր սկզբունքներ քաղաքացիների պահվածքի համար, որը կոչում է Սատյագրահա (Սատ նշանակում է ճշտություն, Ագրահա՝ ամրություն): Սկզբունքներ, որոնք հիմնված էին արիության, արդարության և բռնության բացակայության վրա: Սատյագրահայի հիմնական գաղափարը կայանում է բռնությունից հրաժարվելով ազդել թշնամու խելամտության և խղճի վրա՝ պատրաստակամությամբ դիմանալով ցավին և տանջանքներին: Սատյագրահայի նպատակն է վերափոխելու մրցակցին, որպես դաշնակից և ընկեր: Համարվում է, որ խղճին դիմելն ավելի արդյունավետ է, քան սպառնալիքները և բռնությունը: Ըստ Գանդիի տեսության՝ վաղ թե ուշ բռնությունը հանգեցնում է ավելի ուժգին բռնության, իսկ բռնության բացակայությունը կոտրում է չարությունը և հնարավոր է դարձնում թշնամուն վերափոխել գաղափարակցի: Գանդին Սատյագրահան դիտում է ոչ թե որպես թույլերի զենք, այլ ընդհակառակը, որպես ուժեղ ոգու տեր մարդկանց զենք: Նոր Սատյագրահայի խորհրդանիշ է դառնում հնդկական ճախարակը: Մահաթմա Գանդիի կոչով ամբողջ ազգը գնում է ինքնաբավարարման և հրաժարվում է բրիտանական ապրանքներ գնելուց, այդ թվում նաև թանկարժեք կտորներից: Մահաթման ինքն է նստում ճախարակի առջև և կարում սեփական հագուստը: Այդ կերպ հնդկացիները ոչ թե խախտում են օրենքը, այլ ուղղակի չեն համագործակցում կառավարության հետ: Նրանք գնում են միմիայն հնդկական ապրանքներ, չնայած այն բանի որ դրանք ավելի վատ որակի են: Եվ վառում են անգլիական կտորները, որոնք նրանք առաջ գնում էին: Ողջ ազգի համար դա հոգևոր բեկում էր, ներքին բացահայտում: Դուրս էր գալիս, որ իրենց տնտեսական և քաղաքական կախվածությունը Անգլիայից վերածվում էր գաղութարարների հետ համագործակցության:

Սկզբում բրիտանացիները Գանդիին ծաղրում են, բայց շուտով սկսում են ցնցվել, քանի որ անգլիացիներին ոչ-ոք չէր նկատում, իրենց ավանդույթները չէին հարգվում, և նրանց առևտրական կազմակերպությունները հսկայական կորուստներ էին կրում: Ամեն ինչ բերում է նրան, որ հնդկացիները նույնիսկ չեն նկատում Ուելսիարքայազնին, որը Հնդկաստան էր եկել: Փողոցները դափ-դատարկ են լինում, երբ այնտեղ է հայտնվում բարձրաստիճան հյուրը:

Գանդին պայքար է սկսում իր համաերկրացիների իրավունքները պաշտպանելու համար և ընտանիքի հետ միասին Հարավային Աֆրիկայում է անցկացնում 21 տարի, մինչև չի հասնում հաջողության: 1915 թվականին Գանդին վերադառնում է Հնդկաստան, որտեղ գլխավորում է Հնդկաստանի անկախության պայքարը Բրիտանիայի դեմ:

Ազգային-ազատագրական շարժում Հնդկաստանում

Ազատագրական շարժման առաջին քայլերը տեղի են ունեցել Բենգալիայում: Սկզբում հնդիկները պայքարում էին ռազմական ուժերի միջոցով, ապա պայքարը տեղափոխվել է քաղաքական դաշտ: Շարժման վերջին փուլում՝ 1920-ականներից սկսած, Հնդկաստանի Ազգային կոնգրեսը պայքարի հիմք է ընդունել Գանդիի մեթոդը՝ բռնության բացակայության քաղաքականությունը:

1919 թվականին Գանդին առաջին անգամ կոչ է անում քաղաքացիներին խաղաղ բողոքի ակցիայի՝ գործադուլի և անհնազանդության: Միլիոնավոր հնդիկներ այդ օրը աշխատանքի դուրս չեն գալիս: Նրանք քայլում էին փողոցներով՝ վանկարկելով անկախության և ազատության կոչեր: Ցավոք, ոչ բոլորն են կարողացել պահպանել խաղաղությունը և մի պահ ամբոխը ագրեսիվացել և հունից դուրս է եկել՝ բախվելով ոստիկաններին: Գանդիին ձերբակալել են որպես կազմակերպիչ և ազատազրկել 6 տարով: Նա կարծում էր, որ եթե ազատազրկման համար հիմք կա, ապա բանտում նստելը ազնիվ է:

6 տարի հետո Մահաթման վերադառնում է իր սովորական կյանքին: Քննադատները ուշադրություն չէին դարձնում մեծ փիլիսոփայի վրա: Նրանք կարծում էին, որ Գանդին բանտարկվելով կոտրվել է և նրա քաղաքական գործունեությունը ավատրվել է: Սակայն հենց մտավորականի խոսքերով՝ բանտը նրան հնարավորություն է տվել վերանայել իր գաղափարները և գտնել թույլ կողմերը:

Բրիտանացիների դաժանությունը և տեղական կառավարիչների անգործությունը ստիպել է մարդկանց ուշադիր լսել Գանդիին՝ որը գերում էր բոլորին իր խարիզմայով: Քիչ հետո Մահաթման մեծ հեղինակություն է ձեռք բերել:

Մահաթմա Գանդին 1947 թվականին անկախացրել է իր երկիրը բրիտանական կառավարությունից: Երկիրը բաժանվել է երկու մասի՝ Հնդկաստանի և Պակիստանի: Ծագել են զինված ընդհարումներ մուսուլմանների և հինդուիզմի դավանողների միջև: Հակամարտությունը դադարեցնելու նպատակով Գանդին հացադուլ է հայտարարել: Նման կտրուկ գործողությունը ազդել է մարդկանց վրա և արյունահեղությունը դադարել է:

Գանդին ընդհատում է հացադուլը: Դրանից ևս 12 օր անց տարբեր կրոնների ու հավատների հանդուրժողականության հարցերում Գանդիի հակառակորդը երեք կրակոց է արձակում Մահաթմայի որովայնին և կրծքավանդակին: Գրեթե ուշագնաց Գանդին՝ շրջապատված զարմուհիներով, շարժումներով դժվարությամբ ցույց է տալիս, որ ներում է մարդասպանին: Մահաթմա Գանդին մահանում է ժպիտը երեսին:

Մադելին Սլեյդ

Մադելին Սլեյդը Բրիտանիայի ադմիրալի դուստրն էր, որը լքել էր Բրիտանիայի իր տունը և եկել էր ապրելու և աշխատելու Գանդիի հետ: Մադելինը նվիրաբերել էր իր կյանքը հանուն մարդկության զարգացմանը և Գանդիի սկզբունքների առաջխաղացմանը: Նա պատահականորեն լսել էր Գանդիի նոր գրքի մասին, որը նա դեռ չէր կարդացել: Մադելինը Մահաթմային նամակ է գրում, թե ցանկանում է դառնալ Գանդիի հետևորդն ու աշակերտը: Վերջինս հրավիրում է Մադելինին՝ զգուշացնելով իրենց խրճիթների ճգնավոր կյանքի մասին: Հաջորդ 34 տարիներին Մադելինը իր տունը դարձրել է Հնդկաստանը: Գանդին նրան անվանում էր Միրաբեն: Միրաբենի Հնդկաստանում գտնվելու ժամանակը համընկնում է Գանդիի ազատության համար պայքարի գագաթնակետի հետ: Նա ընկերակցում էր Գանդիին տարատեսակ հանդիպումների և կոնֆերանսների ժամանակ:

Գաղափարներ

Եթե որպես հոգևոր առաջնորդ ու ազգային-ազատագրական շարժման փաստացի ղեկավար իր ճանապարհի սկզբին Գանդին հնարավոր էր համարում պաշտպանել հնդիկների կյանքը, արժանապատվությունն ու իրավունքները և ինքնակառավարման հասնել Բրիտանական կայսրության շրջանակում, ապա պայքարի ընթացքում նա համոզվել է, որ երկիրը կարող է ազատ զարգանալ ու լուծել իր բոլոր հասարակական խնդիրները միայն եթե անգլիացիները հեռանան Հնդկաստանից ու երկիրն անկախանա: Անգլիայի տիրապետության դեմ արդար պայքարի համոզմունքը Գանդիին ժողովրդին պայքարի բարձրացնելու անսպառ ուժ էր տալիս, իսկ քաղաքական հակառակորդները գնալով համոզվում էին նրա աճող ազդեցության մեջ:

Բուն Հնդկաստանում և դրա սահմաններից դուրս Գանդիի կյանքի օրոք նրա ուսմունքն ու ղեկավարած շարժումը «գանդիզմ» էին կոչում. դա սոցիալ-քաղաքական և կրոնափիլիսոփայական ուսմունք է, որը դարձել է հնդիկների ազգային-ազատագրական շարժման գաղափարախոսությունը: Բայց ինքը՝ Գանդին դեմ էր այդ տերմինին: Ըստ նրա, բոլոր «իզմերը»՝ անարխիզմ, սոցիալիզմ, կոմունիզմ, աղանդավորական բնույթի էին: Նա պնդում էր, որ «չկա այդպիսի առարկա, ինչպիսին գանդիզմն է», քանի որ չէր ուզում իրենից հետո որևէ աղանդ թողնել:

Կրոն

Կրոնի տակ Գանդին հասկանում է այն հիմնական կրոնը, որը մեզ տանում է դեպի Արարիչը: Կրոնի տակ պետք չի հասկանալ աղանդավորություն, այլ կրոնը դա մարդկային բնությունը փոխողն է՝ անքակտելիորեն կապը մարդու և ճշմարտության: Գանդին կարծում էր, որ ոչ-ոք ի զորու չէ ապրել առանց հավատքի, նույնիսկ այն մարդը ով ժխտում է հավատքը: Մարդը չի կարող լինել խաբեբա և դաժան և միևնույն ժամանակ հավատալ Աստծուն: Նա կարծում էր, որ բոլոր կրոնները գալիս են մեկ Աստծուց: Կրոնները դրանք տարբեր տեսակներ են միևնույն նպատակի տանող ճանապարհի: Ինչքան անհատ կա, այդքան էլ կրոն գոյություն ունի: Մենք բոլորս պետք է գիտակցենք մեր սեփական կրոնի թերությունները և փորձենք դրանք շտկել: Գանդին կարծում էր, որ հավատքը ներթափանցում է այն հատվածը, որտեղ բանականությունն անզոր է: Գանդին ասում էր, որ կյանքը, առանց ստի, ամենալավն է բոլոր գրքերից: Բոլոր կրոնները ճշմարիտ են, բոլոր կրոնները կարող են խճճվել, բոլոր կրոնները նրա համար թանկ են, համարյա թե այնպես, ինչպես իր հինդուիզմը, քանի որ ողջ մարդկությունը պետք է թանկ լինի նրան, ինչպես իր բարեկամները: Գանդին վստահ էր, որ Աստված գոյություն ունի, եթե նա չկա, ուրեմն մենք էլ չկանք: Նույնիսկ կենցաղում մարդիկ գլխի չեն ընկնում, թե ով և ինչ մեթոդներով է ղեկավարում իրենց կյանքը: Բայց նրանք վստահ են իրենց գլխավերևում ինչ-որ ուժի գոյության վրա: Գանդիի համար Աստված ճշմարտություն և սեր է: Աստված է բարոյականությունը և անվախությունը, լույսի և կյանքի աղբյուրը, մաքրամաքուր էությունը: Որտեղ սերն է, այնտեղ էլ Աստված է: Բռնության բացակայությունը վերին մակարդակն է: Իսկ հավատքը անօգնականներին օգնելը և ծառայելն է: Թույլը երբեք չի ներում, ներելը զորեղինն է: Գանդիի նպատակն է ողջ աշխարհի հետ ապրել ընկերության մեջ: Նա կարողանում է համատեղել խորին սերը և չարության մերժումը:

Առողջության բանալին ըստ Գանդիի

Գանդին կարծում էր, որ առողջ մարմինը ազատություն և թեթևություն է: Առողջ կարելի է համարել այն մարդուն, որը չի տառապում ոչ մի հիվանդությամբ, իր առօրեական գործունեության ժամանակ հոգնածություն չի զգում: Պետք է լավ ճանաչել մարդկային մարմինը, որպեսզի կարողանալ ապահովել առողջությունը: Մարդկային մարմինը մի մեխանիզմ է, որի յուրաքանչյուր տարր պետք է համագործակցի մյուսների հետ:

Ամեն ինչ աշխարհում կարող ենք օգտագործել ուղղված և՛ բարուն, և՛ չարին: Այդպիսին է նաև մարդկային մարմինը: Երբ ենթարկվում ենք սեփական եսասիրությանը կամ մերձավորին վնաս հասցնելու ուղղվածությանը, այդ ժամանակ մեր մարմինն ուղղված է դեպի չարը, իսկ երբ մենք ապրում ենք ուրիշներին լավություն անելով և աշխարհին ծառայելով, այդժամ մեր մարմինն ուղղված է դեպի բարին, վսեմը և գեղեցիկը:

Գանդին կարևորում է մի շարք անհրաժեշտ բաներ, առանց որի մարդ չի կարող առողջ լինել.

Առաջինը օդն է, առանց որի մարդկությունը չէր կարողանա ապրել երկրագնդի վրա: Գանդին կարծում է, որ պետք է ճիշտ շնչել, այսինքն քթով և սխալ է բերանով շնչելը: Քթում գոյություն ունի ֆիլտրացիոն համակարգ, որի շնորհիվ թոքերում հայտնված օդը լինում է մաքուր և օգտակար: Պետք է խուսափել գերբնակեցված տեղանքներից և ապրել լուսավոր և լավ օդափոխություն ունեցող տանը:

Երկրորդը ջուրն է, առանց որի մարդ կարող է ապրել ընդամենը մի քանի ժամ: Գանդին ասում է, որ պետք չէ ուրիշների տված կամ անհայտ աղբյուրից ջուրը խմել, քանի որ նրա սովորական տեսքը և համը դեռևս մաքրության երաշխիք չէ, այն կարող է լինել իսկական թույն:

Սննդային խորհուրդներ

Գանդին, կողմ լինելով բուսակերությանը, շատ անհրաժեշտ է համարում կաթի օգտագործումը մեր առօրյա սննդում, քանի որ այն կենդանական սպիտակուցների աղբյուր է: Առողջությունը և առույգությունը ապահովելու համար պետք է սննդի մեջ ներառել կաթ, կարագ, կաթնաշոռ և այլ կաթնային մթերքներ: Գանդին կարևորում է հացահատիկների և լոբազգիների սննդարարությունը մարդու օրգանիզմի համար: Ցորեն և բրինձ պետք է օգտագործել՝ ապահովելու օրգանիզմի օսլան: Իսկ լոբին, սիսեռը և ոլոռը ապահովում են օրգանիզմի սպիտակուցները: Բացի այդ Գանդին նշում է, որ սնունդը պետք է լավ ծամել, քանի որ դա է հեշտ մարսողության պայմանը: Նաև էական նշանակություն ունեն սեզոնային մրգերը, որոնք պետք է հաճախակի օգտագործել:

Գանդին դեմ է թեյի, սուրճի և կակաոյի գործածությանը: Նա կարծում է, որ դրանք դժվարացնում են մարսողությունը և բերում են ստամոքսի խանգարման: Նա իր սեփական փորձից ասում է, որ վատ է եղել ինքնազգացողությունը, այն ժամանակ, երբ ինքն օգտագործում էր դրանցից քիչ քանակությամբ:

Գանդին դեմ է նաև ալկոհոլային խմիչքներին, քանի որ նրանց ազդեցության տակ մարդը չի կարող օգտակար և խելամիտ քայլեր անել: Եվ սովորաբար դրանց պատճառով մոռանում է սեփական արժանապատվության մասին:

Գանդին և Թեոսոֆիան

Հիմնական հոդված՝ Թեոսոֆիա

Գանդին եղբայրության և համբերատարության կողմնակիցն էր, նա համակրում էր Թեոսոֆիան, սակայն իրեն անդամ չէր համարում: Գանդին կարծում էր, որ Թեոսոֆիայի հիմնադիր Բլավատսկայան մեծ ներդրում և ազդեցություն է ունեցել մարդկության շրջանում: Բայց Գանդին չէր ցանկացել միանալ նրանց միությանը, որովհետև չէր ընդունում գաղտնագիտությունը: Գանդին ասում էր, որ Թեոսոֆիան հնարավորություն է ընձեռում բացահայտել Հնդկաստանի զորեղությունը: Այն թույլ է տալիս գիտակցել, որ յուրաքանչյուր զգացմունքի ետևում ընկած է ինքնակատարելագործման ձգտումը:

Բհագավատ գիտա

Այն հանդիսանում է հինդուիզմի հիմնական փիլիսոփայությունը: Այս գիրքը օգնում է բացահայտել, թե ինչպես պետք է մարդ ինքնակատարելագործվի և ձեռք բերի իդեալական բանականություն: Այն գլխավոր գիրքն է, որով առաջնորդվում էր Մահաթմա Գանդին իր կյանքում և ղեկավարման ժամակաշրջանում: Այս գիրքը Գանդին համարում էր իր հոգևոր բառարանը: 1929 թվականին՝ բանտում եղած ժամանակ,երբ նրան պատել է կասկածանքները և հաջորդել են հիասթափությունները և անգամ, երբ հույսի նշույլ նա չի նկատել հորիզոնում, նա դիմել է այս գրքին և կարողացել մի փոքր բան կարդալով խաղաղվել:

Կերպար

Գանդին կշռում էր ընդամենը 45 կիլոգրամ, նա չուներ կարողություն: Նրա միակ հագուստը կոպիտ քաթանից սպիտակ կտորն էր, որը նա փաթաթում էր իր մարմնի շուրջը: Իսկ ոտքերին ինքնաշեն սանդալներ էին, սակայն հաճախ նա ոչ մի ոտնաման չէր կրում: Ձեռքին էլ փայտե գավազան էր:

Категория: История
07.05.2020 13:28


© 2020, Srapyan Avetik Benik 187

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!