Դասընթացի համառոտ նկարագրություն
Դասընթացի թիրախային խումբ` սովորողներ
Դասընթացի կառուցվածքը.
Թեմա 1 Դերբայան դարձված
Իմանալ ինչ է դերբայական դարձվածը
Կարողանալ տարբերել տրոհվող և չտրոհվող դերբայական դարձվածները` կիրառելով գրավոր խոսքում
Դերբայը իր լրացումներով կոչվում է դերբայական դարձված,որի գերադաս անդամը դերբայն է:
Փորագրված նախշը շատ գեղեցիկ էր:
Քարին փորագրված նախշը շատ գեղեցիկ էր:
Դերբայների լրացումները կոչվում են կողմնակի:
Հուշարձանի քարին փորագրված նախշը շատ գեղեցիկ էր:
Հուշարձանի քարին փորագրվածը դերբայական դարձված է,որը կատարում է որոշչի շարահյուսական պաշտոն:
Այդ որոշչի իմաստը հնարավոր է արտահայտել ոչ միայն դերբայական դարձվածով,այլև որոշիչ ստորադաս նախադասությամբ:
Նախշը, որը փորագրված էր հուշարձանի քարին,շատ գեղեցիկ էր:
Հետևաբար հուշարձանի քարին փորագրված դերբայական դարձվածը և որը փորագրված էր հուշարձանի քարին ստորադաս նախադասությունը շարահյուսական հոմանիշներ են:
Դերբայական դարձվածի կետադրությունը
Դերբայական դարձվածը լինում է տրոհվող և չտրոհվող: Չեն տրոհվում համակատար և ենթակայական դերբայներով կազմված դերբայական դարձվածները (եթե բացահայտիչ չեն): Հիմնականում տրոհվում են անորոշ դերբայի գործիական և տրական հոլովով, ինչպես նաև հարակատար դերբայով (եթե նախադաս որոշիչ չէ) կազմված դերբայական դարձվածները:Տրոհվող դերբայական դարձվածները նախադասության մեջ նախադաս կամ վերջադաս լինելիս տրոհվում են բութով, իսկ միջադաս դիրքում ստորակետերով:
Օրինակ` Հևիհև հետևելով Լիլիթին`Ադամը հասավ ոսկեվառ լճակին:
Ադամը,հևիհև հետևելով Լիլիթին,հասավ ոսկեվառ լճակին:
Ադամը հասավ ոսկեվառ լճակին`հևիհև հետևելով Լիլիթին:
Լուսաշող աչքերը խոնարհած` Լիլիթը կանգնել էր Աստծու առաջ:
Լիլիթը,լուսաշող աչքերը խոնարհած,կանգնել էր Աստծու առաջ:
Լիլիթը կանգնել էր Աստծու առաջ`լուսաշող աչքերը խոնարհած :
Բարդ նախադասության կազմում դերբայական դարձվածի դիրքը որոշելու համար հաշվի է առնվում նրա տեղը տվյալ բաղադրիչ նախադասության մեջ, օրինակ` Ափին կանգնած մարդիկ աղաղակում էին`ձեռքերով դեպի աջ ցույց տալով, և եռանդագին շարժումներ անում:Այս նախադասության մեջ ձեռքերով դեպի աջ ցույց տալով դերբայական դարձվածը հետադաս է և տրոհվել է բութով, որովհետև գտնվում է առաջին բաղադրիչ նախադասության վերջում: Տրոհվող դարձվածից հետո դրվում է ստորակետ, եթե նույնիսկ ենթական չի փոխվում:
Դերբայական դարձվածը չի տրոհվում մի շարք դեպքերում:
ա) Եթե նախադաս որոշիչ է,
օր.`Պարտեզում աճած ծաղիկները շատ գեղեցիկ էին:
բ) Եթե գտնվում է դիմավոր բայ + անորոշ դերբայ կամ ստորոգելի + հանգույց + անորոշ դերբայ կառույցների բաղադրիչների միջև,
օր.`Տղան սկսեց տարբեր ստեր հորինելով ներկայացնել դեպքը:
Աշակերտը մտադիր էր զանազան պատրվակներ հորինելով
ազատվել պատժից:
գ) Եթե գտնվում է հարկադրական եղանակի բայաձևերի միջև,
օր.`Պիտի քրտնաջան աշխատելով հասնի մեծ բարձունքների:
դ) Եթե դարձվածին անմիջապես հաջորդում է օժանդակ բայ կամ էլ շաղկապը,
օր.`Նա այդ ամենը առավոտից մինչև երեկո աշխատելով է ստեղծել:
Նա տարբեր աշխատանքներ կատարելով էլ կարղացավ մի քանի արհեստ սովորել:
ե) Եթե դարձվածի գերադաս անդամ դերբայը գործածված է գոյականաբար,
օր.`Մոտեցավ առաջին շարքում նստածին :
զ) Եթե դերբայական դարձվածին նախորդում կամ հաջորդում են սաստկական կամ սահմանափակման վերաբերականներ:
օր.`Գործը հենց նրա օգնելով գլուխ եկավ:
Նա ամբողջ օրն աշխատելով անգամ չէր հասցնի ավարտել աշխատանքը:
Բարդ նախադասության բաղադրիչները կապող շաղկապին հաջորդող
դերբայական դարձվածը կարող է տրոհվել և՛բութով,և՛ստորակետներով,քանի
որ շաղկապը ո ՛չ դարձվածի անդամ է,ո ՛չ նախադասության,
օր.`Անձրևը սաստկանում էր,և,գյուղ հասնելով,մենք գիշերեցինք այնտեղ:
Անձրևը սաստկանում էր,և գյուղ հասնելով`մենք գիշերեցինք այնտեղ: