Բովանդակություն
Հեքիաթը և երեխայի երևակայությունը
Հեքիաթն իբրև «դեղամիջոց»
Ի՞նչ է հեքիաթաթերապիան
Անավարտ հեքիաթներ
Շտկողական, թերապևտիկ նշանակությամբ հեքիաթներ
Օգտագործված գրականության ցանկ
Ռեֆերատ
Թեմա՝ հեքիաթաթերապիա
Հեքիաթը և երեխայի երևակայությունը
Հեքիաթը, պատկերավոր ասած, մանկան խոսքի
ու մտքի կրակը բորբոքող թարմ քամի է…
Վ. Ա. Սուխոմլինսկի
Մարդկության պատմության ընթացքում, շփման, հաղորդակցման ամենահեշտ ձևերից մեկը պատմություններ պատմելն է եղել: Մինչև այսօր էլ այն մնում է, հատկապես երեխաների հետ, շփվելու ամենաարդյունավետ ձևերից մեկը: Անգլիացի հոգեբան և հոգեթերապևտ Դ. Բրեթը նշում է. «Մենք՝ մեծահասականերս պետք է հիշենք՝ եթե ուզում ենք երեխային սովորեցնել ինչ-որ բան այնպես անել, որ այն լինի հասկանալի, դյուրամարս և ճանաչելի: Եթե ուզում ենք, ինչ-որ բան բացատրել ֆրանսիացուն, պետք է խոսենք ֆրանսերեն: Երեխայի հետ էլ շփվելիս պետք է խոսել այն լեզվով, որն իրենց հասկանալի է, որին ավելի լավ են արձանգանքում, այսինքն՝ ֆանտազիայի և մանկական երևակայության լեզվով»: Հանրաճանաչ հոգեբանի խոսքերը վերաբերում են հեքիաթին, որը միշտ էլ եղել է ամենաարդյունավետ ձևը, միջոցը երեխայի հետ շփման ընթացքում: Հեքիաթները փոխանցվել են սերնդե սերունդ, դարերից դարեր և արտացոլում են տվյալ հեքիաթը ստեղծող ժողովրդի մշակույթը, կենցաղը:
Հեքիաթներում բարձրացվում է մանուկների մոտ առաջացած հակասական իրողությունները: Հեքիաթներն ունեն բացառիկ հատկանիշ, որն օգնում է երեխային հաղթահարել տագնապային, կոնֆլիկտային այն իրավիճակները, որոնց հանդիպում են գրեթե բոլոր երեխաները: Նրանք, լսելով հեքիաթ կամ ինչ-որ պատմություն, աշխատում են օգտվել հերոսների օրինակից ու հաղթահարում են վախը, կոնֆլիկտը, խնդիրը, որի մասին չեն էլ գիտակցում կամ չեն էլ կարողանում արտահայտվել: Երեխան միշտ կանգնում է այնպիսի խնդիրների առաջ, որոնցից մեծահասակների աշխարհում չկան: Հեքիաթը հույս է արթնացնում երեխայի մեջ օգնում է գիտակցել, որ միայնակ չի պրոբլեմի առաջ: Մեծահասակներս, երբեմն, ցանակնում ենք օրինակ բերել մեր կյանքից ու չենք կարողանում գտնել հարմար բառեր, որպեսզի ցույց տանք, որ կանգնած ենք իրենց կողքին: Այստեղ ելքը դառնում է միայն մեկը, այն որ ինքներս էլ երեխայի նման սուզվենք կախարդանքի, երևակայության, ֆանտազիայի աշխարհ, քանզի երեխան այս աշխարհում իրեն զգում է այնպես, ինչպես ձուկը՝ ջրում: Շրջապատող աշխարհի վերլուծությունը մանուկը կատարում է իր համար շատ հարմար ձևով՝ մտնելով երևակայական աշխարհ, որտեղ միշտ չարը պատժվում է, բարին՝ հաղթում: Մեզ համար ամենասովորական թվացող հեքիաթը կարող է մեծ դեր խաղալ երեխայի կյանքում, որովհետև դրանք դարերի ընթացքում մշակված թանկարժեք ինֆորմացիաներ են, որովհետև մշակվել են «ամենաճիշտ դաստիարակի, մանկավարժի»՝ ժողովրդի ու ժամանակի կողմից: Եվ պատահական չէ, որ գրականության մեջ մանկական ստեղծագործությունների ստեղծմանն անդրադառնում են հիմնականում մեծերը, այդքան էլ հեշտ չէ երեխայի համար «գրել», որովհետև մի բառով կարող ես ազդել (լավ կամ վատ ձևով) «փոքրիկ» ներաշխարհի վրա:
Ի՞նչ է հեքիաթաթերապիան
Հեքիաթաթերապիան պրակտիկ հոգեբանության ուղղություններից մեկն է: Սա հեքիաթ պատմելու կամ կարդալու սովորական գործընթաց չէ: Հեքիաթաթերապիայի ընթացքում պատմվող հեքիաթը ունենում է շտկողական նպատակ: Հեքիաթաթերապիայի կողմից ընտրված հեքիաթները հիմնականում ունենում են թերապևտիկ ուղղվածություն՝ այս կամ այն խնդիրը լուծելու (ագրեսիա, վախ, կոնֆլիկտ և այլն), վերացնելու:
Հեքիաթաթերապիայի դերը մեծ է նրանով, որ.
Երեխայի մոտ այնպիսի զգացողություն է առաջանում, որ մենք իրեն հասկանում ենք և «կանգնած» չենք հեռվում, այլ պատրաստ ենք օգնելու իրեն:
Հեքիաթաթերապիայի ժամանակ երեխայի մոտ ձևավորվում է ինքնաօգնության մեխանիզմ, այսինքն իրականանում է հեքիաթաթերապիայի հիմնական գաղափարը, այն է՝ ռեսուրսներ գտիր ինքդ քո մեջ:
Երեխայի մեջ սերմանում ենք դժվար իրադրություններում ելքային տարբերակները գտնելու կարողություն՝ հեքիաթների նման բարի ավարտով:
Հեքիաթաթերապիայի կարևոր ֆունկցիաներից է նաև շփման հարցում ծագած հակասություների վերացումը:
Հեքիթաթերապիայի կարևոր դերերից մեկն էլ նրա «էներգահաղորդիչ» լինելն է, այսինքն՝ «յուրաքանչյուր հեքիաթ իր մեջ կրում է մարդու ներաշխարհում կատարվող բոլոր պրոցեսների զարգացումը» (Киселева М. В. Арм-терапия в работе с детми, 2006):
Այն հանրամատչելի է, այսինքն նույնիսկ տնտեսուհի-մայրիկը՝ խելամիտ ձևով ընտրված հեքիաթի միջոցով, կարող է օգնել իր երեխային:
Այն արդյունավետ է: Այդ արդյունավետությունը կայանում է նրանում, որ հեքիաթն ունի լավ վերջաբան, որը երեխայի մեջ առաջացնում է հոգեբանական պաշտպանվածության զգացողություն:
Հեքիաթն իբրև «դեղամիջոց»
Ինչպես գիտենք, ագրեսիվ վարք են ցուցաբերում այն երեխաները, որոնք սեփական անձը ցածր են գնահատում ու ագրեսիվությունը միայն միջոց է դառնում, որ հակառակը ապացուցեն:
Վախերը և տագնապային պահերը կարող են առաջանալ յուրաքանչյուր երեխայի մոտ: Եվ այստեղ այդքան էլ կարևոր չէ, թե ինչպես է վախենում: Եթե երեխան վախենում է, և այդ վախերը օգտագործում է ինքնազարգացման համար, ապա՝ ամեն ինչ կարգին է: Եթե վախը «արգելակում է» նրա զարգացումը և գրավում է երեխայի ողջ ուշադրությունը, ապա նրան պետք է օգնել:
Յուրաքանչյուր տարիք երեխայի համար բերում է նոր դժվարություներ. նախադպրոցական տարիքում երեխան վախենում է «մենակությունից» և հարց է ծագում, թե ինչ է անելու առանց մայրիկի: Հետո գնում է դպրոց և մեծ թափով երեխայի գլխին են թափվում բազմաթիվ խնդիրներ՝ կապված ուսման ռեժիմի և այլնի հետ: Դեռահասն էլ ցանկանում է կայանալ որպես ինքնուրույն անձնավորություն:
Այս բոլորը կապված են տարիքային առանձնահատկությունների հետ: Այս ճգնաժամային իրավիճակներում առաջացած հակասությունների կոնֆլիկտների շտկման հարցում ծնողին, մանկավարժին, հոգեբանին կարող է օգնության գալ հեքիաթը՝ իբրև «դեղամիջոց», որն անվնաս է և արդյունավետ: Շատ կարևոր է հեքիաթներն ընտրել երեխայի տարիքին համապատասխան:
Ինչպե՞ս պատմել հեքիաթը
Շատ հաճելի է հեքիաթը լսել, բայց ավելի հաճելի է այն պատմելը: Շատ ծնողներ, դաստիարակներ, մանկավարժներ երեխաների համար հեքիաթներ են կարդում կամ պատմում, բայց որպես հեքիաթաթերապիայի ձև՝ այն պատմելը պետք է ունենա իր յուրահատուկ ձևը:
Հեքիաթը պատմվում է խմբի կամ մեկ մարդու համար III դեմքով (պատմում է մեծահասակը): Այս դեպքում շատ կարևոր են դերասանական կարողություները: Պատմելու ընթացքում կարևոր է, երեխան զգա, որ այն տպավորիչ է, ինչպես ֆիլմը, մուլտֆիլմը: Թերևս յուրաքանչյուր հեքիաթ պատմող մարդ պատմում է գիտակցաբար շեշտադրումը դնելով այն տեղում, որը համապատասխանում է խնդրի հետ: Սա շտկողական նպատակ ունի և պատմողը անպայման պետք է նախապես ծանոթ լինի պատմվելիք նյութի հետ ու ընտրի «խնդրին» համապատասխան հեքիաթ: Կարելի է սկսել այսպես. «Սիրելի՛ երեխաներ…» կամ «Հեքիաթային հերոսներ, այսօր մենք ընկել են կախարդական աշխարհ…»: Կարելի է պատմել նաև I դեմքով, այս դեպքում պատմողը ներկայանում է ինչպես ականատես և կարող է նկարագրել իր զգացմունքները, որոնք իբր առաջացել են այս կամ այն հեքիաթային իրավիճակում: Երեխաները կարող են լսել՝ նստած, շրջանաձև (ցանկալի է հանգիստ երաժշտութան ներքո):
Հեքիաթը պատմում է խումբը, այս դեպքում հեքիաթը պատմում է, ոչ թե մեկը, այլ՝ խումբը: Առաջարկվում է պատմել այն հեքիաթը, որը ծանոթ է խմբի բոլոր անդամներին: Յուրաքանչյուր մասնակից հերթով պատմում է հեքիաթից մի հատված (սա շատ հարմար է 6-7 երեխաների խմբում): Երեխան ազատ կարող է պատմել հեքիաթի որ մասը, որ կցանկանա: Ցանկալի է, որ հեքիաթը սկսի պատմել ակտիվ մասնակից, իսկ՝ մնացածը՝ կշարունակեն: Հնարավոր է նաև, որ ինչ-որ հայտնի հեքիաթ սկսեն պատմել և հոգեբանը (մասնագետը) ցուցումով հաջորդ մասնակիցը նոր հատված հորինի:
Հեքիաթը հորինում են խմբով: Լինում է, չի լինում… սկսում է մեկը, իսկ մյուսը՝ շարունակում է, հաջորդը չի կրկնում՝ նոր շարունակություն է հորինում, անպայման հեքիաթը պետք է ունենա վերջաբան:
Հեքիաթի հորինում նկարի միջոցով: Հոգեբանը ցույց է տալիս հեքիաթների հերոսներ նկարներ և երեխան կամ երեխաները սկսում են հեքիաթ հորինել՝ այդ նկարների շուրջ: Սա օգնում է, որ երեխաների մոտ զարգանա երևակայությունը, հիշողությունը, ուշադրությունը, ինչպես նաև զարգացնում է խոսքը ու լսելու ունակությունը:
Հեքիաթը վերարտադրում են նկարի միջոցով: Այս դեպքում հեքիաթը պատմելուց հետո երեխաները փորձում են «նկարել» տվյալ հեքիաթը միասին: Յուրաքանչյուրը նկարում է իր կողմից պատմած հեքիաթային աշխարհից մի կտոր: Այն օգնում է, որ խումբը կարողանա հեշտ համագործակցել:
Ինչպե՞ս օգնել երեխային հեքիաթ հորինել կամ զբաղվել հեքիթաթերապիայով
Երևի, յուրաքանչյուրս մեր կյանքում մեկ անգամ հորինել ենք հեքիաթ, առակ, կատակ կամ էլի ինչ-որ պատմություն: Հեքիաթ, պատմություն հորինելը ինքնստինքյան հոգեթերապևտիկ զբաղմունք է: Հաճախ երեխայի ֆանտազիան, վառ երևակայությունը օգնում է, որ նա ինքնաթերապիայով զբաղվի (իհարկե առանց գիտակցելու): Հորինված հեքիաթը, պատմությունը հաճախ արտացոլում է հոգու ներքին իրավիճակը:
Ինչպե՞ս օգնել երեխային. օրինակ երեխային առաջարկում ենք 10 բառ (գոյականներ)՝ տիեզերք, սիրտ, աթոռ, երգ, լամպ, զինվոր, թագավոր, հրահանգ, գիրք, նկարիչ (քարտերի միջոցով) և տալիս ենք 5 րոպե ժամանակ, որպեսզի մտքում հորինի պատմություն՝ օգտագործելով այդ բառերը: Սա նպաստում է և՛ մտածողության զարգացմանը, և՛ ներքին հակասությունների վերացմանը:
Անավարտ հեքիաթներ
Մեծ չափի ինֆորմացիա կարող ենք ստանալ երեխայի մասին՝ դիտելով նրա խաղը կամ նրա ընտրած շփման «ձևը»: Շատ ժամանակ մասնագետին չի հետաքրքրում, թե ինչու երեխան ագրեսիվ վարք ցուցաբերեց կամ ինչու է մեկուսացած և այլն: Փորձենք այս հարցը տալ երեխային. նա չի պատասխանի, բայց հենց որ հեքիաթի «լեզվով» խոսենք, կարող ենք նույնիսկ թափանցել նրա հոգու խորքը: Անավարտ հեքիաթի մեթոդը հեքիաթաթերապիայի ձևերից մեկն է, երբ պատմում ենք հեքիաթից մի հատված և երեխան շարունակում է կամ ավարտում է այն: Սա ոչ միայն ստեղծագործական պրոցես է, այլև երեխայի զգացական աշխարհի վերարտադրում, որը նա չի կարող ուղղակի ձևով արտահայտել: Այս մեթոդը կիրառելիս երեխան չպետք է զգա, հասկանա, որ իրեն «հետազոտության» են ենթարկում: Կարևոր է նաև, որ մասնագետը զերծ մնա երեխայի ընտրած շարունակությունը, պատասխանը մեկնաբանելուց: Ուշադրություն պետք է դարձնել, թե ինչպես է երեխան պատմում հեքիաթը. պատասխանում է արագ՝ իջեցնելով ձայնը, ցույց է տալիս հուզմունք կամ հրաժարվում է պատասխանից, ինչպես նաև ուշադիր պետք է լինեք (նաև գրի առնեք) նրա ընտրած վերջաբանի վրա:
Ստորև ներկայացնում եմ մի քանի անավարտ հեքիաթներ, որոնց միջոցով կարելի է բացատրել խնդիրը կամ վերացնել դրանք: Հեքիաթները ընտրված են ռուս հեքիաթաթերպևտ Ե.Վ. Չեխի («Ես այսօր բարկացած եմ, ինձ համար հեքիաթ պատմիր» Чех. Е. В. '' Я сегодня злюсь. Расскажи мне сказку'', 2009г.) գրքից:
Այգեպանը և թուփը
Այգեպանը մի փոքրիկ թուփ էր տնկել իր այգում: Նա շատ էր սիրում թփին. ամեն օր ջրում էր նրան, խնամում: Հաճախակի կտրում էր նրա ավել ճյուղերը, որ թուփը գեղեցիկ ապրի, բայց թփից նորանոր ճյուղեր էին աճում, որոնք անհնազանդորեն թեքվում էին այս ու այն կողմ:
-Լավ չէ այսպես,- ասում էր այգեպանը և նորից կտրտում թփի ավել մասերը:
Եվ ահա մի գեղեցիկ օր…
Այս հեքիաթի շարունակությունը մեզ թույլ է տալիս իմանալ, թե երեխան ճնշում է ստանում ինչ-որ մեկի կողմից: Դա կարող է արտահայտվել այսպես, եթե «թուփը» ինչ-որ հարցում սկսի ըմբոստանալ:
Ծանր ժամանակներ
Անտառում ապրում էր նապաստակների ընտանիքը՝ հայրը, մայրը և որդին (դուստրը): Մի անգամ հայր նապաստակն ասում է մայր նապաստակին.
-Գիտես սիրելի՛ս, մեզ համար շատ ծանր ժամանակներ են: Ես երկար մտածեցի, թե ինչպես ենք այսուհետև ապրելու: Արի այսպես անենք… Այստեղ առաջարկվում է այս հարցը. «Ի՞նչ եք կարծում, ի՞նչ ասաց հայր նապաստակը»: Այս փոքրիկ հատվածը մեզ թույլ կտա հասկանալ, թե ինչպե՞ս է զգում երեխան իրենց տանը: Օրինակ, մեզ պետք է անհանգստացի «Արի փոքրիկ նապաստակներից հրաժարվենք» պատասխանը: Դա կարող է նշանակել, որ երեխան իրեն անպետք է զգում:
Ագռավը
Մի թագավորությունում ապրում էին թագավորն ու թագուհին: Նրանք ունեին մի որդի (դուստր): Ապրում էին հանգիստ, խաղաղ կյանքով, սակայն մի օր էլ թագավորությունում սկսեց երևալ Սև Ագռավը: Նա տեսնելով արքայազնին (արքայադստերը)՝ բռնեց նրան ու տարավ իր թագավորություն: Արքայազնը (արքայադուստրը) սկսեց խնդրել նրան.
- Խնդրում եմ, ինձ թող՝ ես գնամ տուն:
Ագռավն ասաց.
-Ես կթողնեմ քեզ, եթե դու երեք լավ հատկանիշ ասես քո մասին, եթե դրանք ճիշտ լինեն, և ես քեզ հավատամ, դու տուն կգնաս:
Ի՞նչ եք կարծում արքայազնը (արքայադուստրը) ի՞նչ հատկանիշներ թվեց: Այս հարցի պատասխանի միջոցով մենք կարող ենք պատկերացում կազմել երեխայի ինքնագնահատականի մասին:
Շնիկը և կաչաղակը
Լինում է չի լինում, մի շնիկ է լինում: Մի անգամ նա դուրս է գալիս զբոսանքի և տեսնում է այգու անկյունում նստած կաչաղակին, որը ձայն չէր հանում և ոչ էլ փորձում էր թռչել:
-Ինչու՞ ես հանգիստ նստել, չես թռչում, ձայն չես հանում:
Հարց. Ի՞նչ եք կարծում, ինչ պատասխանեց կաչաղակը: Այս հարցի պատասխանի միջոցով մենք կարող ենք պարզել արդյոք երեխան գտնվում է սթրեսային վիճակում, թե՝ ոչ:
Շտկողական, թերապևտիկ նշանակությամբ հեքիաթեր
Իմանալով, թե ինչպես է հեքիաթը իր մոգական ուժով ազդում երեխայի ներաշխարհի, վարքի վրա, կարող ենք մեծ չափով օգնել երեխային: Եթե նա ունի սիրելի հեքիաթ, որն անընդհատ ուզում է, որ պատմես, նշանակում է, որ այդ հեքիաթը շոշափում է այն հարցերը, որոնք հուզում են երեխային: Հոգեբանների հետազոտությունները ցույց են տալի, որ երեխայի կողմից սիրված հեքիաթներում «ծրագրավորված» է երեխայի կյանքը: Որպես կանոն դրանց մեջ ցուցադրվում են այնպիսի վարքային ձևեր ու իրավիճակներ, որոնք զգում է երեխան և ապրում է դրանցով: Հեքիաթի գլխավոր հերոսը դառնում է երեխայի սիրելին: Ավելին, երեխան դառնում է հեքիաթի հերոս, մասնակից ու կապում է «հեքիաթայինը իրական կյանքի հետ»: Տ. Դ Զինկևիչ- Եվստեգնեևան իր «Հեքիաթաթերապիայի հիմունքներ» (Т. Д. Зинкевич- Евстигнеева ''Основы сказкатерапии'') գրքում նշում է, որ շտկողական հեքիաթները ստեղծվում են որպես երեխայի վարքի վրա ազդող «նուրբ» ձևեր: Ստորև ներկայացնում եմ Օ.Վ.Խուխլաևայի գրքից շտկողական հեքիաթներ:
Հեքիաթ ալարկոտ աստղի մասին
Նպատակը: Ձևավորել նպատակասլացություն և վստահություն սեփական ուժերի վրա:
Հեռու-հեռավոր, մուգ մանուշակագույն երկնքում, ապրում էին երկու աստղիկ ընկերուհիներ: Նրանք ապրում էին շատ մոտիկ համաստեղություններում: Նրանցից մեկը՝ Աստրան, շատ էր ջանում, որ փայլի ու շատ լուսավորի երկինքը, իսկ՝ մյուսը՝ Էլիան, որի մասին էլ ուզում եմ պատմել, նա լրիվ ուրիշ էր, ընդհանրապես չէր ուզում լուսավորել, շատ փոքր էր և խամրած, քնում էր ոչ միայն ցերեկը, այլև՝ գիշերները:
-Ինչու՞ ջանքեր թափեմ, -ասում էր Էլիան.- բոլոր աստղերն էլ միանման են և առանց այն էլ շատ-շատ են: Իմ փոխարեն թող ուրիշները լուսավորեն երկինքը, ինձնից մեկ է օգուտ չկա, գնամ քնելու,- ասաց Էլիան և գնաց քնելու:
Հանկարծ նրան զարթնեցրեց ուժեղ քամին: Աչքերը բացեց ու տեսավ կուրացնող փայլ: Էլիան նստեց ամպի վրա, ոտքերը կախ գցեց ու սկսեց նայել այդ լույսին- դա արբանյակ էր- մեծ ու պսպղուն: Նա շատ մեծ էր ու գեղեցիկ: Էլիա աստղիկը սկսեց ոգևորվել.
Ա՜խ, ինչ գեղեցիկ է, ես գիտեմ՝ դու շուտ ես մարում, քո փայլը ընդմիշտ (հարատև) չէ, բայց ես ամեն ինչ կտայի, որ գոնե կարճ ժամանակով դառնայի քո նման պայծառ:
Արբանյակը կանգ առավ և ասաց.
Սիրե՛լի Էլիա, տիեզերքում յուրաքանչյուրս էլ ունենք մեր դերը, ես կարճ կյանք ունեմ, բայց պետք է հասցնեմ իմ ողջ փայլն ու լուսավորությունը տալ երկնքին: Դու ժամանակ մի կորցրու, թե չէ ամբողջ կյանքդ քնած կանցկացնես: Ալարկոտություն մի արա՛, քնել կարող ես նաև ցերեկը, որպեսզի գիշերն աշխատես: Դու աստղ ես և պարտավոր ես գիշերը լուսավորել երկինքը:
Այս զրույցից հետո Էլիա-աստղը սկսեց մտածել. «Ինչու՞ ամբողջ կյանքս անցկացնեմ քնած ու հոգնած, ես գիտեմ՝ ինչ կանեմ»: Այդ ժամանակ առավոտը բացվում էր, և բոլոր աստղերը պատրաստվում էին քնելու: էլիան էլ քնեց, որպեսզի այս գիշեր պայծառանա և լավ լուսավորի: Ահա եկավ գիշերը, արթնացավ մեր աստղիկը և սկսեց փայլեցնել իր սուր ծայրերը, որպեսզի լավ փայլի: Նրա ընկերուհիները սկզբում չճանաչեցին, բոլորին խամրեցրեց իր շքեղ տեսքով: Մայր Լուսինն ու հայր Ամիսը հպարտացան նրանով: Հեռու հեռավոր Երկիր մոլորակի վրա գեղեցիկ աստղազարդ գիշեր էր իջել: Աստղերն արդեն դուրս էին եկել:
Արմենն ու Արան տուն էին վերադառնում աշխատանքից: Հանկարծ Արմենը նայեց երկնքին և ասաց.
-Արա՛, տեսնում ես այն մեծ աստղը, դա իմ աստղն է,- տեսնում ես ոնց է փայլում: Աստղիկ Էլիան Աստրայի հետ նայում էին վերևից, լսեցին նրան և ավելի ուժեղ սկսեցին փայլել: Էլիան հիմա հաստատ գիտի, եթե շատ ես ուզում և ջանում, չես ալարում, ապա ամեն ինչի հասնում ես:
Հարցեր.
Ինչու՞ սկզբում աստղիկ-Էլիան չէր ուզում լուսավորել:
Ի՞նչ եք հասկանում ասելով՝ «յուրաքանչյուրն իր դերն ունի և նշանակությունը» արտահայտությունը:
Ի՞նչ է մեզ սովորեցնում այս հեքիաթը:
Մատիտների ընտանիքը
Նպատակը: Բարդ հարաբերությունների շտկում ծնողների հետ: Կոնֆլիկտների վերացում:
Կար-չկար մատիտների մի ընտանիք կար: Մի անգամ մայրիկը ճաշ էր պատրաստում, իսկ հայրիկն ու որդին զբաղվում էին իրենց գործերով: Փոքրիկ մատիտը շատ խորամանկորեն տնից դուրս եկավ, առանց զգուշացնելու, թեև մայրիկը թույլ չէր տվել տնից դուրս գալ: Հայրիկը հանկարծ տեսավ, որ փոքրիկ մատիտը չկա և դուրս եկավ նրան փնտրելու: Հայրիկը փնտրեց, փնտրեց ու չգտավ: Մայրիկն էլ հանկարծ մտավ սենյակ և տեսավ, որ չկա ոչ՛ հայրիկը, ոչ՛ որդին: Հայրիկը ման գալով հասավ մինչև անտառ և գտավ որդուն: Շատ բարկացան, բայց և ասացին. «Մենք շատ վախեցանք, մենք քեզ շատ ենք սիրում, չի կարելի առանց զգուշացնելու դուրս գալ տնից, դա շատ վտանգավոր է: Փոքրիկ մատիտը իրեն լավ զգաց, երբ տեսավ, որ իր մասին մտածում են հայրն ու մայրը»:
Հարցեր.
Ինչու՞ մատիտը գնաց տնից:
Երբ գտան մատիտին, ինչու՞ բարկացան նրա վրա:
Արդյո՞ք մատիտը նորից կփախչի տնից:
Մի ագամ անտառում
Նպատակը: Տագնապայնության շտկում, ինքնագնահատականի բարձրացում:
Մի գեղեցիկ անտառում ապրում էր փոքրիկ նապաստակը: Աշխարհում ամենաշատը ուզում էր, որ լինի ուժեղ, համարձակ և ինչ-որ բան անի շրջապատի համար: Բայց ոչինչ իր մոտ չէր ստացվում: Նա միշտ վախենում էր և նրան անտառում անվանում էին «Վախկոտ նապաստակ»: Նա շատ էր տխրում այդ անվան համար և հաճախ լացում էր, երբ որ միայնակ էր մնում: Նապաստակը մի ընկեր ուներ, որի անունը Կուղբ էր: Եվ ահա մի օր նրանք գնացին գետի մոտ խաղալու: Նրանք վազվզում էին փայտե կամրջի վրայով, և հանկարծ մի փայտ պոկվեց և Կուղբը ընկավ գետը: Նա չէր կարողանում լողալ և սկսեց օգնություն կանչել: Նապաստակը կարողանում էր լողալ, բայց շատ էր վախենում մտնել ջուրը: Եվ գետի ափով վազում էր ու գոռգոռում՝ հույս ունենալով, որ իր ձայնը մեկը կլսի և կօգնի: Բայց նապաստակը հասկացավ, որ իրեն ոչ ոք չի լսի և միայն ինքը կարող է օգնել ընկերոջը և թռավ ջուրը: Նա մտքում իրեն համոզում էր. «Ես ոչնչից չեմ վախենում, ես կարողանում եմ լողալ, հիմա կօգնեմ Կուղբին»: Եվ Կուղբը փրկվեց: Հենց որ վերադարձան տուն, անտառում պատմեցին ինչ որ պատահել էր, թե ինչպես էր նապաստակը փրկել Կուղբին: Գազանները սկզբում չհավատացին, բայց հետո հպարտացան նապաստակով և մեծ խնջույք կազմակերպեցին: Նապաստակը մինչև հիմա շատ երջանիկ ապրում է և ամբողջ կյանքում կհիշի, որ պետք է «Հավատաս քո ուժերին, և հույսդ դնես միայն քեզ վրա»:
Հարցեր.
Նապաստակը ինչպիսի՞ն էր:
Ինչու՞ էր վախենում նա:
Ինչպե՞ս օգնեց կուղբին:
Ինչպե՞ս նապաստակը համարձակություն ձեռք բերեց:
Փոքրիկ արջուկը
Նպատակը: Տարեկիցների հետ շփման խանգարումների շտկում, ագրեսիվության բարձր մակարդակի շտկում:
Դա պատահեց մի մանկապարտեզում, ուր հաճախում էին անտառային տարբեր գազանիկներ: Ամեն առավոտ փոքրիկ գազանիկների ծնողները նրանց տանում էին անտառային մանկապարտեզ: Մանկապարտեզի մոտ ապրում էր արջերի ընտանիքը: Նրանք մի փոքրիկ ունեին՝ Արջուկ անունով: Նա բոլորի հետ կռվում էր և մտածում էր. «Բոլորն ուզում են նեղացնել ինձ, ես պետք է պաշտպանվեմ և կխփեմ բոլոր գազանիկներին»:
Նրա հետ ոչ ոք չէր խաղում, մի օր էլ նա շատ տխուր մոտեցավ մանկապարտեզին:
-Տեսե՛ք, փոքրիկ Արջուկն է գալիս, - գոռաց Սկյուռիկը:
-Տեսե՛ք, նա բռունցքները սեղմել է, որ մեզ խփի,- գոռաց Նապաստակը:
-Մենք ուզում ենք քո հետ ընկերանալ, իսկ դու ուզու՞մ ես մեզ խփել,- ասաց Նապաստակը:
Բոլոր գազանները վազեցին Արջուկի մոտ, իսկ նա տեսնելով գազանիկներին, մտածեց, թե ուզում են իրեն խփել, ավելի կատաղեց և բռունցքները սեղմած սպասում էր:
-Մենք քո հետ ընկերություն չենք անի,- գոռացին գազանիկները և գնացին՝ թողնելով Արջուկին միայնակ:
Արջուկը սկսեց մտածել, թե ինչու փախան, հանկարծ զգաց, որ բռունցքները դեռ սեղմված են և հասկացավ, թե գազաններն ինչու փախան:
Հաջորդ օրը Արջուկը եկավ մանկապարտեզ, և ձեռքերը հանգիստ քայլում էր: Գազանիկները այդ տեսան և նրան կանչեցին խաղալու: Նրանք շատ ուրախ էին, Արջուկն էլ էր ուրախ: Արդեն շատ ընկերներ ձեռք բերեց, որովհետև չէր ուզում ոչ մեկի ծեծի:
Հարցեր.
Ինչու՞ չէին խաղում Արջուկի հետ:
Ինչու՞ էր Արջուկը բռունցքները սեղմում:
Ինչպե՞ս փոխվեց Արջուկը:
Դու ինչպե՞ս կվարվեիր, եթե Արջուկի տեղը լինեիր:
Ոզնու դպրոցը
Նպատակը: Օգնում է երեխային հեշտ հարմարվել դպրոցական կյանքին և ռեժիմին:
Լինում է, չի լինում, մի ոզնի է լիում՝ կլորիկ, մոխրագույն, սուր քթիկով և սև, կլորիկ աչքերով: Ոզնու մեջքին կային ասեղի նման սուր փշեր, բայց նա շատ բարի էր ու բարեհամբյուր: Ոզնին ապրում էր դպրոցում: Այդ դպրոցը սովորական էր, որտեղ կային շատ երեխաներ: Ոզնին չէր հիշում, թե ինչպես է եկել դպրոց, հնարավոր էր, որ հենց դպրոցում էլ ծնվել էր: Ինչքան հիշում էր իրեն լսել է դպրոցի զանգը, երեխաները նրան կարկանդակներ էին հյուրասիրել: Շատ էր դուր գալիս ոզնուն դպրոցը. սիրով գրում էր, կարդում, նոր առարկաներ էր սովորում, նկարում էր: Ոզնին հասկանում էր, որ դա մարդկանց համար էր, իսկ ինքը կենդանի է: Եվ երազում էր… որ հենց մեծանա, դառնա ուսուցիչ և կարող է իր անտառային ընկերներին սովորեցնել տառեր, թվեր, այն բոլորը, որ ինքը սովորել էր դպրոցում:
Եվ գիտեք, թե ինչ պատահեց, ոզնին մեծացավ և իր երազանքն իրականացավ: Անտառի բնակիչները կառուցեցին անտառային դպրոց: Իսկական դպրոց էր՝ նապաստակների, աղվեսների, մկների, արջերի և այլ կենդանիների համար: Մեծ դասասենյակում կախված էր գրատախտակը-դրված էին աթոռներ և սեղաններ: Ոզնին ուներ բազմաթիվ գրքեր, որոնցով տառեր ու թվեր էին սովորում կենդանիները: Մի օր էլ բուն դպրոց էր բերել մի մեծ զանգ:
-Ինչու՞ ես այդ բերել դպրոց,- հարցրեց պահակ Ճագարը, դպրոցում չեն խաղում, այլ սովորում են:
-Ինձ Ոզնի ուսուցիչն է խնդրել, որ բերեմ:
-Բայց դա ինչի՞ համար է:
-Հենց որ կենդանիները զանգի ձայնը լսեն, պետք է դասամիջոց անեն, ասաց Բուն: Այդ պահին ներս մտավ Ոզնին և ասաց.
-Ճիշտ ես ասում, Բու, հենց այդ զանգը խփեց, աշակերտ-կենդանիները պետք է աշակերտների պես նստած լինեն սեղնի մոտ և սպասեն իրենց ուսուցչին: Այդ պահին զանգի ձայնը լսվեց:
Հարցեր.
Ձեզ դուր եկա՞վ անտառային դպրոցը:
Ի՞նչ էին անում Ոզնու դպրոցում կենդանիները:
Իսկ մենք ի՞նչ ենք անում մեր դպրոցում:
Վարդը և երիցուկը
Նպատակը: Անվստահության վերացում, ցածր ինքնագնահատականի բարձրացում:
Փոքրիկ քաղաքում կար մի փոքրիկ այգի, որտեղ աճում էր մի շքեղ կարմիր վարդ: Վարդից հեռու աճում էր մի խեղճ երիցուկ: Նա սովորական երիցուկ էր՝ սպիտակ թերթիկներով և դեղին միջուկով: Երիցուկը մի երազանք ուներ. դառնալ շքեղ, անսովոր ծաղիկ: Երիցուկը հիացմունքով նայում էր հիասքանչ վարդին: Նա անընդհատ խնամվում էր տիրոջ կողմից: Հենց երաշտ էր լինում վարդին ջրում էին, իսկ երբ կարկուտ էր տեղում, նրան ծածկում էին, որ չվնասվի:
-Ի՜նչ լավ է զգում վարդն իրեն, կուզենայի նրա տեղում լինել:
Մի օր էլ մի երեխա էր անցնում երիցուկի կողքով և հիացած ասաց. «Ինչ գեղեցիկ ծաղիկ է»: Երիցուկը իրեն շատ լավ զգաց և հասկացավ, որ յուրաքանչյուր ծաղիկ իր տեղն ունի և դերը:
Հարցեր.
Ինչու՞ էր երիցուկը հիացմունքով նայում վարդին:
Կարելի՞ է այս թեման համեմատել մարդկանց հետ:
Երիցուկը ե՞րբ իրեն լավ զգաց:
Օգտագործված գրականության ցանկ
Т. Д. Зинкевич – Евстегнеева - '' Основы сказкотерапии''.
О. В. Хухлаева – ''Лабиринт души''
Е. В. Чех – ''Я сегодня злюсь, расскажи сказку''
М. А. Панфилова – ''Лесная школа''
Л.Д. Короткова – Сказкотерапия в школе. Методические рекомендации