Կենդանիների հատկանիշները և բազմազանությունը
Կենդանիներն ունեն կարևոր և ընդհանրական առանձնահատկություններ, որոնց շնորհիվ կազմում են առանձին թագավորություն: Այդ առանձնահատկությունների միջոցով կենդանիները տարբերվում են այլ կենդանի օրգանիզմներից, օրինակ՝ բույսերից և սնկերից:

Կենդանիները՝
- սնվում են պատրաստի օրգանական նյութերով՝ հետերոտրոֆ են,
- ակտիվ տեղաշարժվում են,
- անդադար չեն աճում ողջ կյանքի ընթացքում,
- ունեն միջավայրից ազդակներ ստանալու և պատասխանելու հատկություն:
Տվյալ առանձնահատկությունները միաբջիջներից մինչև մարդ պայմանավորում են կենդանիներին բնորոշ հատկանիշները:

Կենդանիները հետերոտրոֆ են, ուստի չեն կատարում ֆոտոսինթեզ և չունեն պլաստիդներ:
Հետևաբար բույսերին բնորոշ քլորոֆիլի կանաչ գույնը բացակայում է կենդանիների մոտ:
Կենդանիների մոտ առաջնային դրսևորում են ստանում սննդառության ձևերի դրսևորումները. ըստ սննդառության՝
1.գիշատիչներ
|
2.սապրոֆիտներ
|
3.մակաբույծներ
|
կամ ըստ սննդի տեսակի՝
1.բուսակերներ
|
2.կենդանակերներ
|
3.ամենակերներ
|
Ուշադրություն
Քանի որ կենդանիները հետերոտրոֆ են, հետևաբար ստիպված են որոնել, գտնել և պայքարել սննդի համար:
Արդյունքում այդ ամենը իրականացնելու համար կենդանիները ի վերջո սկսում են շատ ակտիվ տեղաշարժվել:
Ըստ տեղարժման ձևի և բնակության միջավայրի՝ կենդանիներին դասակարգում ենք՝
- լողացողների՝ ձկներ, կետեր, դելֆիններ,
- սուզվողների՝ պինգվիններ /ջրային միջավայր/,
- թռչկոտողների՝ կենգուրուներ,
- վազողների՝ ընձառյուծներ, ձիեր, զեբրեր, հովազներ,
- սողացողների՝ օձեր, որդեր, թրթուրներ, խխունջներ,
- գետնափորների՝ խլուրդներ /ցամաքային միջավայր/,
- թռչողների՝ թռչուններ, չղջիկներ ու միջատներ /օդացամաքային միջավայր/:

Ակտիվ տեղաշարժումը հանգեցնում է նրան, որ կենդանիների մոտ զարգանում են տեղաշարժումը ապահովող օրգաններ և օրգան - համակարգեր:
Սննդի որոնումը իրենից ներկայացնում է նաև էներգիայի մեծ չափաբաժնի ծախս և նյութափոխանակության բնույթի փոփոխություն ու օրգան - համակարգերի գործառնական վերափոխում:
Այսպես.
- Կենդանիները դառնում են ֆոտոսինթեզի թթվածնի ակտիվ սպառողներ, որի ազդեցությամբ սնունդը քայքայվելով` վերածվում է էներգիայի: Անջատված էներգիան ուղղվում է ոչ թե անընդհատ ու ցկյանս աճին, այլ ապահովում է կենդանիների ամենօրյա ակտիվ տեղաշարժը: Այդ պատճառով կենդանիները ակտիվ աճում են միայն սահմանափակ ժամանակահատվածում:

- Փոխվում է ջրի նշանակությունն օրգանիզմում: Ջուրը, որը այլևս չի մասնակցում օրգանական նյութերի սինթեզին, հանդիսանում է ներքին կայուն միջավայր: Այդ միջավայրում են ընթանում կենսաապահովման բոլոր գործընթացները: Արդյունքում ջուրը վերածվում է կենդանիների գոյության կարևորագույն գործոնի:

Առանց ջրի կենդանիների օրգանիզմներում դադարում են նյութափոխանակության գործընթացները, որը անխուսափելիորեն հանգեցնում է ոչնչացման:
Նյութափոխանակության փոփոխությունը և անցումը ջրային հիմքով կենսագործունեության, ինչպես նաև պատրաստի սննդի որոնումն ու կլանումը հանգեցնում են զուտ կենդանիներին բնորոշ օրգան - համակարգերի կազմավորման՝
1. արյունատար,
2. արտաթորության,
3. մարսողության,
4. փոխադրման և հենաշարժիչ,
5. գրգռական կամ նյարդային:

Ցանկացած առարկայի, այդ թվում նաև սննդի որոնումը ենթադրում է ակտիվ փոխազդեցություն շրջակա միջավայրի հետ: Ի տարբերություն բույսերի, որոնք պասիվ հարմարվում էին միջավայրի փոփոխվող իրականությանը, կենդանիները ընդունակ են ազդակներ ստանալ միջավայրից, վերլուծել դրանք և դրան համարժեք կազմակերպել սեփական վարքը:
Վարքը կենդանիների կենսագործունեության բարձրագույն ձևն է, որը նպատակաուղղված է սեփական գոյության ապահովմանը:
Այսպիսով, մենք դիտարկեցինք, թե ինչ կենսաբանական փոփոխությունների է հանգեցրել ավտոտրոֆ սննդառությունից անցումը հետերոտրոֆ սննդառության, և ինչպես է այդ անցումը նպաստել կյանքի առաջընթացի զարգացմանը:
Կենդանիների դասակարգման աստիճանակարգը մեզ հուշում է, որ կյանքի զարգացման ճանապարհին, այն նպատակաուղղված և պարբերաբար ընթացել է հետևյալ 4 հիմնական ուղիներով.
I. արժեք ͢ պարզ ͢ բարդ ͢ բարդագույն
II. որակ ͢ միավոր ͢ մասնակի ͢ ամբողջակի
III. երևույթ ͢ պատահականություն ͢ օրինաչափություն ͢ կանոնակարգություն
IV. քանակ ͢ խմբավորում ͢ համախումբ ͢ համակարգ
Արդյունքում որոշակի որակական երևույթը մարմնավորվում է արժեք ներկայացնող նյութական քանակության մեջ, որն էլ վերափոխվում է բարդագույն կանոնակարգված ամբողջական համակարգի:
Այդ վերափոխումն էլ ներկայանում է որպես երկրագնդի վրա կյանքի զարգացման պատմական ճանապարհ:
Տվյալ պատմական ճանապարհը անցել են նաև կենդանիները, որոնց դասակարգման աստիճանակարգի պարագայում այն հատկապես ակնառու է: