СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ
Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно
Скидки до 50 % на комплекты
только до
Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой
Организационный момент
Проверка знаний
Объяснение материала
Закрепление изученного
Итоги урока
Մշակույթն ու գիտությունը
Հայ մշակույթի ամենամեծ նվաճումներից մեկը գրերի գյուտն է (405 թվական), որով իր և ողջ հայության համար փառքի ուղի կերտեց ազգի երևելի այրերից մեկը՝ լուսավորիչ Մեսրոպ Մաշտոցը: Մշակութային հզոր ձեռքբերում լինելուց զատ (հայերենի յուրաքանչյուր հնչյունին համապատասխանում է մեկ գրանիշ)` այս գյուտը համահունչ էր նաև ժամանակի հասարակական ու քաղաքական պահանջներին: Այբուբենի ստեղծումը նպաստեց հայ ժողովրդի և նրա մշակույթի պահպանմանը, Հայաստանում քրիստոնեության տարածմանն ու արմատավորմանը, հայերենով ինքնատիպ գրականության ստեղծմանը:
Մեզ հասած հայագիր աշխատությունների շարքում նշանավոր են հատկապես հայոց պատմահայր Մովսես Խորենացու, Փավստոս Բուզանդի, Ղազար Փարպեցու, Եղիշեի (5-րդ դար), Սեբեոսի (7-րդ դար), Ղևոնդի (8-րդ դար), Թովմա Արծրունու (10-րդ դար) և շատ այլ պատմիչների երկերը:
5-8-րդ դարերի հայ միջնադարյան գիտական գրականության կարևոր բաժիններից էր իմաստասիրությունը (փիլիսոփայություն): Մայրենի լեզվով ստեղծվում են իմաստասիրական նշանավոր աշխատություններ, թարգմանվում են հույն անվանի փիլիսոփաների (այդ թվում՝ Պլատոնի, Արիստոտելի) ստեղծագործություններից: Վաղմիջնադարյան հայերեն շատ թարգմանություններ արժեքավոր են անհետացած հունարեն բնագրերի իրողությամբ, քանզի հայտնի են միայն հայերենի շնորհիվ:
Հայ մտածողների, հատկապես Եզնիկ Կողբացու և Դավիթ Անհաղթի (5¬¬րդ դար) տեսություններն այսօր էլ հետաքրքրության կենտրոնում են. դրանք վերաբերում են տիեզերքի և շրջապատող բնության երևույթների քննությանը: Իսկ 7-րդ դարի հայ ականավոր գիտնական Անանիա Շիրակացին, որն զբաղվել է մաթեմատիկայով, տիեզերագիտությամբ, աշխարհագրությամբ, բնափիլիսոփայությամբ, տոմարագիտությամբ, խորությամբ ու հանգամանորեն, ինչպես Արիստոտելը և Պտղոմեոսը, բացատրել է երկրի գնդաձևության մասին իր տեսությունը, Արեգակի ու Լուսնի խավարումները և աստղագիտական այլ երևույթներ: Նրա ՙԱշխարհացոյց՚ աշխատությունը ներկայացնում է ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ երկրագնդի աշխարհագրությունը՝ ժամանակի պատկերացմամբ:
Հիշյալ պատմաշրջանում աննախադեպ ծավալներով զարգացան շինարարական արվեստն ու ճարտարապետությունը: Կառուցվեցին պալատներ, տաճարներ, քարավանատներ, իջևաններ, դամբարաններ, որոնց մի մասը կանգուն է նաև մեր օրերում: Դրանցից են Էջմիածնի Մայր տաճարը (301-303թթ.), Երերույքի եկեղեցին (5-րդ դար), Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե տաճարը (7-րդ դար), Դվինի կաթողիկոսարանի պալատը (6-7-րդ դարեր), Ամբերդի ամրոցը (7-րդ դար) և այլն:
Միջնադարյան հայ ճարտարապետության գլուխգործոցը Զվարթնոց տաճարն է (7-րդ դար)՝ եռահարկ, քանդակակերպ, կառուցողական-տարածական ինքնօրինակությամբ աչքի ընկած եզակի մի շինություն, որի մասնակի վերականգնումը Լինսի հիմնադրամի ծրագրերից մեկն է:
Հայ միջնադարյան մշակույթի ինքնատիպ դրսևորումներից են որմնանկարչությունն ու մանրանկարչությունը՝ առաջինը եկեղեցիների ու կառույցների պատերը, երկրորդը՝ ձեռագիր մատյանները նկարազարդելու արվեստը: Երևանի՝ կրկնակը չունեցող հին ձեռագրերի ինստիտուտում՝ Մատենադարանում, ինչպես նաև աշխարհի շատ թանգարաններում պահպանվում են հայ մանրանկարիչներ (ծաղկողներ) Մանասեի, Մարգարե Ծաղկողի, Թորոս Ռոսլինի, Սարգիս Պիծակի, Սիմեոնի և ուրիշների նկարազարդած բազմաթիվ ձեռագրերը (Աստվածաշունչ, եկեղեցական, հեղինակային գրականություն, թարգմանություններ և այլն): Աստվածաշունչն ու ձեռագրերը հաճախ ծաղկված էին նախշազարդ պատկերներով, որոնք արտացոլում էին հայրենի երկիրն իր կենդանական ու բուսական աշխարհով, ժողովրդի սովորույթները, ծեսերը և այլն:
Բուռն վերելքով աչքի է ընկնում հայ հոգևոր երաժշտական մշակույթը` ստեղծվում են մեծաթիվ բարձրարվեստ ստեղծագործություններ, որոնք գրի են առնվում խազերով՝ հայկական հին նոտաներով: Անկանգ ընթացքն է շարունակում նաև աշխարհիկ երաժշտության փթթումը:
Հայ Արշակունյաց թագավորության վերացումից (428թ.) հետո Հայաստանի արևելյան մասը Իրանական պետության կազմում կառավարում էին մարզպանները՝ պահպանելով երկրի ներքին ինքնավարությունը (428-630թթ.):
Բագրտունյաց շրջան
Հայաստանի քաղաքական կարգավիճակի վրա էական ազդեցություն ունեցավ արաբների կողմից Իրանի և Բյուզանդիայի արևելյան նահանգների գրավումը: Այս շրջանում Հայաստանի մշակույթը սկսեց ծաղկել, սոցիալ-տնտեսական վիճակն ակնհատորեն բարելավվեց: Սկզբնավորվեց և մեծ թափ ստացավ ամրոցաշինությունը: Ընդունելով արաբների գերիշխանությունը՝ Հայաստանը համառ պայքարում ոչ միայն կարողացավ պահպանել սոցիալ-տնտեսական ու ազգային-մշակութային ինքնատիպությունը, այլև Բագրատունյաց տոհմի գլխավորությամբ վերականգնել պետական-քաղաքական անկախությունը:
Հայաստանի թագավորական գահին հաստատված Բագրատունյաց հարստությունը գոյատևեց ավելի քան մեկուկես դար (885-1045թ.):
Մշակույթն ու գիտությունը
Այդ ժամանակաշրջանի հայոց հասարակական, տնտեսական ու մշակութային զարգացման բարձր մակարդակի մասին են վկայում Անիի ու Աղթամարի ճարտարապետական հուշարձանները, Գրիգոր Նարեկացու (10-րդ դար) ՙՄատյան ողբերգության՚ պոեմը, հայ պատմագիտության բազում նվաճումներ (հեղինակությամբ Հովհաննես Դրասխանակերտցու, Ստեփանոս Տարոնցի Ասողիկի, Մատթեոս Ուռհայեցու, Արիստակես Լաստիվերցու և այլոց):
12-13-րդ դարերը բյուզանդական նվաճողական քաղաքականության և սելջուկյան արշավանքների դեմ մղած ծանր պայքարի կորստաբեր շրջան էին, սակայն Զաքարյան իշխանների գերակայության պայմաններում Հայաստանում վերսկսվեց տնտեսական ու քաղաքական վերելքը, որը նպաստավոր եղավ նաև մշակույթի համար: Այդ ժամանակաշրջանը հայոց մշակույթի պատմության մեջ հայտնի է ՙԱրծաթի դար՚ անունով՝ որպես ոսկեդարյան շրջանում (V դար) ստեղծված մշակութային արժեքների բնականոն շարունակություն (հայտնի անուններ են Մխիթար Գոշը, Կիրակոս Գանձակեցին, Վարդան Արևելցին):
11-րդ դարում Հայաստանի արևմտյան մասում հռչակված հայկական մի շարք նոր իշխանություններից Ռուբինյաններին հաջողվեց ամրապնդել իրենց տիրապետությունը և Կիլիկիայում վերականգնել հայոց պետականությունը (1080-1375 թթ.): Կիլիկյան Հայաստանը տնտեսական ու քաղաքական սերտ կապերի մեջ էր ինչպես արևելյան, այնպես էլ խաչակրաց ու Եվրոպական պետությունների հետ:
10-14-րդ դարերում, թեպետ տարանջատ, Հայաստանի պատմական տարածքում գոյություն ունեին մի քանի հայկական թագավորություններ (Վասպուրական/Վանի, Կարսի, Սյունիքի, Տաշիր-Ձորագետի/Լոռու) և իշխանություններ (Օրբելյաններ, Վահրամյաններ, Հասան-Ջալալյաններ):
Այս ժամանակաշրջանում մշակույթի զարգացման համար առկա էին նպաստավոր պայմաններ: Նոր փուլ էր սկսվում պատմագրության, փիլիսոփայության, աստղագիտության, աստվածաբանության, գրականության, իրավագիտության, մանրանկարչության, ճարտարապետության և այլ ոլորտներում:
Գործում էր կրթական երկաստիճան համակարգ: Տարրական դպրոցներում, որոնք հիմնականում կից էին եկեղեցիներին ու վանքերին, ուսուցումը տևում էր 3-4 տարի. դասավանդվում էին ընդհանուր գրագիտություն ապահովող առարկաներ: Հիմնվեցին բարձրագույն դպրոցներ, որոնցից առավել հայտնիներն էին Սանահինի ու Հաղպատի (10-11դդ.), Անիի (11-13դդ.), Գլաձորի (13-14-րդ դդ.), Տաթևի (14-15-րդ դդ.) համալսարանները: Այս կրթարաններն ուսուցանում էին բնական ու հասարակագիտական առարկաներ, օտար լեզուներ, ապահովում բազմակողմանի կրթություն:
10-րդ դարից սկսած՝ հայ գրականության մեջ հիմնավորվում է աշխարհիկ ուղղվածությունը: Նրա սկզբնավորողն ու հիմնադիրը եղավ Գրիգոր Նարեկացին, որի տաղերն ու հատկապես ՙՄատյան ողբերգության՚ պոեմը թարգմանվել են աշխարհի բազմաթիվ լեզուներով:
Դեռևս 8-րդ դարում նշանավոր գործիչ Հովհան Օձնեցին ի մի էր բերել հայոց եկեղեցու ստեղծած օրենքները և կազմել ՙԿանոնագիրք Հայոցը՚՝ հայկական ազգային-եկեղեցական օրենսդրության ժողովածուն:
12-րդ դարում հայ իրականության մեջ առաջինը Մխիթար Գոշը ստեղծում է պատմաիրավագիտական հազվագյուտ մի հուշարձան՝ ՙԴատաստանագիրքը՚« որը երկրի կյանքի բոլոր բնագավառները՝ պետական, քաղաքական, քրեական իրավունքի, գույքային« հողային, հասարակական-դասային հարաբերություններն ամփոփող օրենսգիրք է:
Աննախադեպ բարձունք են նվաճում բնական գիտությունները՝ մաթեմատիկան, քիմիան, աստղաբաշխությունը, աշխարհագրությունը:
Հիշատակության արժանի են հատկապես Մխիթար Հերացու (12-րդ դար) բժշկական աշխատությունները: Մեզ հասած ՙՋերմանց մխիթարություն՚ գրքում նա մատչելիորեն շարադրել է ջերմող հիվանդների ախտորոշման և բուժման գիտական եղանակները: Այս ոլորտում նշանակալի երևույթներ են նաև ՙբժշկապետ՚ պատվանունին արժանացած Ամիրդովլաթ Ամասիացու (15-րդ դար) աշխատությունները՝ մոտ 200 հիվանդության և դրանց բուժման միջոցների մանրամասն նկարագրությամբ:
Նշյալ ժամանակաշրջանը հարուստ է նաև ճարտարապետական գլուխգործոցներով՝ Աղթամարի, Անիի և այլ հուշարձաններ:
Հայ մանրանկարչության վերընթացը զուգորդվում է որմնանկարչության կատարելագործմանը. արվեստի մի ճյուղ, որի ստեղծագործություններն արարվում են շենքերի, հատկապես եկեղեցիների պատերին: Հայ վարպետներն աշխատանքի ընթացքում օգտագործել են այնպիսի հազվագյուտ ներկեր, որոնք դարերի ընթացքում չեն դժգունել:
9-14-րդ դարերում զարգացել է նաև հայ թատրոնը. հարգի են եղել հատկապես կատակերգական ներկայացումները:
Առաջընթացն ակնառու էր կիրառական արվեստում. մանավանդ մեծ հաջողություններ են արձանագրվել փայտի փորագրության ոլորտում: Փայտի վրա փորագրված ճարտարապետական գլուխգործոցներից ուշադրության են արժանի եկեղեցիների դռները՝ զարդարված հիասքանչ քանդակներով: Ոսկյա և արծաթե առարկաները ևս շատ հայտնի էին, բայց առավել աչքի էր ընկնում հայկական գորգագործությունը:
Արվեստով էին պատրաստվում նույնիսկ եկեղեցական հագուստներն ու վարագույրերները. դրանց վրա պատկերվում էին սրբապատկերներ, աստվածաշնչյան դրվագներ:
Միջնադարի հայ մշակույթն առանձնահատուկ տեղ է զբաղեցնում համաշխարհային քաղաքակրթության մեջ, քանզի յուրօրինակ է և հետաքրքիր: Նաև կենսունակ է, որովհետև երբ 14-րդ դարից հետո քաղաքական անբարենպաստ իրադարձությունների հետևանքով հայերը կորցրին կենտրոնացված պետականությունը և մասամբ արտագաղթեցին այլ երկրներ, հայկական մշակույթը շարունակեց զարգանալ նաև աշխարհասփյուռ գաղթօջախներում: