Հայաստանը երկրագնդի այն սակավաթիվ անկյուններից է, որտեղ առատ են նաև մշակաբույսերի վայրի ազգակիցները՝ ցորենը, աշորան, գարին, վարսակը, ոլոռը, ճակնդեղը, զանազան հատապտուղներ, կորիզավոր, ունդավոր, կերային, բանջարանոցային բուսատեսակներ և այլն։ Միայն վայրի զուտ տեղական տանձենիների քանակը Հայաստանում 18 է, մոշենիներինը՝ 13, սոխերինը՝ 20, և այլն։
Հացահատիկային բույսերի ազգակիցներ
Ըստ Ն. Վավիլովի սխեմայի (1931)՝ Հայաստանն իրավամբ համարվում է հասկավոր հացաբույսերի առաջացման բնօրրաններից մեկը Առաջավոր Ասիայում։ Այդ բույսերից շատերի նախորդները կամ մոտ ձևերը մասնակցել են մշակաբույսերի առաջացմանը, մյուսները ծագումնաբանական տեսակետից մոտ են կանգնած նրանց և կարող են օգտագործվել (կամ օգտագործվում են) նոր, ընտրասերումնային, հիվանդությունների ու վնասատուների նկատմամբ դիմացկուն, բարձր բերքատու և երաշտաու ցրտադիմացկուն սորտեր ստանալու համար։
ՀՀ-ում պահպանվել են նաև անցյալ երկրաբանական ժամանակաշրջանների բազմաթիվ բույսերի մնացորդներ՝ բրածո բույսեր։ Դրանք օգտագործվում են ապարների հասակի որոշման, նստվածքակուտակման պայմանների բացահայտման, ցամաքային ու ծովային հասակակից ապարների համադրման, հնակլիմայի վերականգնման նպատակով։